Նրանք ստեղծում են ստարտափներ
Ստարտափներ

Նրանք ստեղծում են ստարտափներ

Groksmith-ի հիմնադիր Հովհաննես Կուլողլյանը ԵՐԵՎԱՆին պատմել է, թե ինչպես Infected Cinema ռոք խմբի երկու կիթառահարներով հիմնեցին ստարտափներին և թվային բիզնեսներին աջակցող ընկերությունը:

Տեքստը՝   Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝  Groksmith

 

ԵՐԵՎԱՆ #76 | 2022

#ՏՏ #Գործընկեր

Երկու կիթառահարները

Վստահաբար նկատած կլինեք քաղաքի բոլոր հնարավոր գովազդային վահանակների վրա Groksmith ընկերության կիբերպանկ ոճի կերպարներով գովազդը և վրայի հակիրճ գրությունը. «Մենք ստեղծում ենք ստարտափներ»։ 


Ընկերության հիմնադիրներ Հովհաննեսն ու Տիգրանը երկար տարիներ նվագել են Infected Cinema մետալ խմբում։ Հետո միասին աշխատել են մի ընկերությունում, իսկ երբ պահը հասունացավ՝ 2015-ին, այդ նույն կազմով էլ որոշեցին սեփական բիզնեսը հիմնել։ Այն պարտադիր պիտի ծառայեր մարդկանց, այլ ոչ թե պարզապես գումար աշխատելու միջոց լիներ։ Շատ կարճ ժամանակ անց նրանց միացան նաև բենդի մյուս անդամները։ Այսօր ընկերության աշխատակիցների թիվը անցել է 40-ը, իսկ նրանց ռոք խմբի գրեթե ամբողջ կազմն աշխատում է ընկերությունում։ Առհասարակ Groksmith-ում երաժշտությամբ զբաղվող մարդիկ այնքան շատ են, որ գրասենյակում երաժշտական ստուդիա ունեն։ 

 

 

Մտքից մինչև աշխատող բիզնես

Groksmith-ն օգնում է ստարտափներին իրենց կյանքի առաջին փուլերն անցնել առավել արդյունավետ։ «Ստարտափները շատ քիչ ժամանակ և ռեսուրս ունեն իրենց նպատակներին հասնելու համար,- ասում է Հովհաննեսը,- շատ փորձեր անել չեն կարող, թեև որպես այդպիսին փորձարարական բնույթի բիզնես մոդել են. ստեղծում են լուծումներ, որոնք նախկինում հայտնի չեն եղել»։ 


Ստարտափների հետ մտքից մինչև աշխատող ընկերություն ճանապարհը Groksmith-ն անցնում է երեք փուլով։ Առաջինը պրոդուկտի հայտնագործման և մենեջմենթի փուլն է, երկրորդը ծրագրային ապահովման զարգացումն է, այսինքն՝ պրոդուկտի իրագործման ժամանակահատվածը։ Երրորդ փուլը վերաբերում է մարքեթինգին և շուկա ներթափանցելուն։


Groksmith-ը նաև հիմնում է ստարտափներ համագործակցության հիմունքներով, որտեղ ներկայանում է որպես համահիմնադիր։ Այդ դեպքում նաև առաջարկվում է չորրորդ բաղադրիչը՝ ընկերության օպերացիոն կառավարման համակարգի ստեղծումը։ Այն ենթադրում է թիմ հավաքելը, ընկերության ներսում բիզնես գործընթացների կազմակերպումը և այլն։ Այսինքն ընկերություն կառուցելու գործառույթը որպես ներդրում հենց Groksmith-ն է անում։ Այս պահին ընկերության բոլոր հաճախորդներն արտերկրից են՝ Ամերիկայից ու Կանադայից մինչև Անգլիա ու Ավստրալիա։

 

Սեփական պրոդուկտներ

Groksmith-ը նաև ներքին պրոդուկտներ է ստեղծում։ Հիմա աշխատում է դրանցից երկուսի վրա։ Առաջինը՝ Breakeven-ը հենց իրենց պես ՏՏ ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների համար ֆինանսական կառավարման գործիք է։ Հովհաննեսի խոսքով՝ փոքր և միջին բիզնեսների համար նման պրոդուկտ գրեթե չկա շուկայում, ինչ էլ կա՝ բավականին թանկ է։ Խոսքը գնում է տարեկան տասնյակ հազարավոր դոլարների մասին։ «Մենք նման խնդրի բախվեցինք մեր իսկ բիզնեսում և ստեղծեցինք լուծում հենց մեր ընկերության համար, իսկ հետո որոշեցինք ստանալ առանձին պրոդուկտ»։ Մյուս նախագիծը՝ Kickoff-ը, ֆուտբոլային հանդիպումների ընթացքում ֆուտբոլասերների և մեկնաբանների համար նախատեսված բաց թվային հարթակ է, կարելի է ասել Clubhouse՝ հատուկ ֆուտբոլի համար։ Հավելվածի առաջնային թիրախային լսարանն Անգլիան է, որտեղ արդեն իսկ սկսել են աշխատել ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ։

 

Մեծ ՏՏ ընտանիքը և Groktalk-երը

Groksmith-ը մեծապես կարևորում է գլոբալ ՏՏ համայնքի զարգացումը։ Հենց այդ նպատակով էլ պարբերաբար հանդիպումներ է նախաձեռնում։ Այսպես կոչված Groktalk-երը երկու մաս ունեն։ Առաջինում ոլորտի տարբեր մասնագետներ գալիս խոսում են տեխնոլոգիաներին վերաբերող որևէ թեմայով, կիսվում իրենց փորձով ու գիտելիքով, իսկ հաջորդ մասն ազատ շփման համար է։ «ՏՏ համայնքում նեթվորքինգի գաղափարը լավ զարգացած է, բայց որպես կանոն՝ թոփ-մենեջմենթի մակարդակով, մինչդեռ ավելի լայն համայնքը միմյանց հետ այդքան ակտիվ չի շփվում»,- ասում է Հովհաննեսը։ Այդ առումով, այս հանդիպումները պարարտ հող են ստեղծում զարգացման համար, իսկ թեմաները բավականաչափ լայն են, որպեսզի հետաքրքրեն ցանկացած մարդու։ «Խոսնակները միայն Հայաստանից չեն. այս ընթացքում մենք հյուրընկալել ենք առաջատար մասնագետների, ովքեր աշխատել են Facebook-ի, Apple-ի, Microsoft-ի և այլ համաշխարհային ճանաչում ունեցող բրենդերի հետ»։ 

 

Groksmith ընկերության հիմնադիր Հովհաննես Կուլողլյանը
 

Հերթական Groktalk-ը

 

Ռեբրենդինգ 

Երբ Groksmith-ը նոր էր ստեղծվում, բրենդավորման մասին շատ չէին մտածում և մինչև անցյալ տարի որևէ կոմունիկացիա և մարքեթինգային գործընթաց չէին արել։ «Մեզ սկզբում դուր էր գալիս կենտրոնանալ միայն աշխատանքի վրա, չերևալ որևէ տեղ,- ասում է Հովհաննեսը,- բայց ընկերության մեծանալու հետ և համավարակով պայմանավորված բիզնեսի ու շուկայի կտրուկ տատանումներից հետո ակնհայտ դարձավ, որ պետք է հանրային դեմք ունենալ, ներկայանալ հանրությանը մեր ասելիքով»։ 

 


Առհասարակ, Հովհաննեսի խոսքով՝ արտաքին գովազդի վրա ժամանակ ծախսելը շատ կարևոր է հատկապես տեղական ՏՏ ընկերությունների համար, ինքդ քեզ դիրքավորելու, որոշակի միջավայր ստեղծելու համար. «Հաճախ ենք ասում, որ Հայաստանը տեխնոլոգիական զարգացման ճանապարհով է գնում, այդ դեպքում լավ կլիներ, որ բոլոր փողոցներում նման ընկերությունների գովազդներ լինեն, որպեսզի Երևանը նմանվի տեխնոլոգիական մայրաքաղաքի»։

 

Գիտակցումն ու ավանդույթները

Նախորդ անվանումը (Hex Division) թեև շատերի կողմից սիրվել էր, բայց այլևս չէր արտահայտում ընկերությունում տարիների ընթացքում ձևավորված արժեհամակարգը։ Այս անգամ շատ լուրջ մոտեցան բրենդավորման հարցին, մասնավորապես անունը մեծ պատմություն ունի։ Այն կազմված է «գռոկ» և «սմիթ» արմատներից։ Առաջին բառը վերցված է ֆանտաստ գրող Ռոբերտ Հայնլայնի «Stranger in a Strange Land» գրքից և Մարսի բնակիչների լեզվով նշանակում է «խմել», բայց այլաբանորեն կարելի է ընկալել որպես «երևույթի խորը գիտակցում»։ «Սմիթն» էլ անգլերենից թարգմանաբար նշանակում է «դարբին»։ 

 

Ռոբերտ Հայնլայնի «Stranger in a Strange Land» գիրքը, որտեղից ծագել է ընկերության անվանումը 


Հիմնադիրների խոսքով՝ ընկերության անվանման մեջ այդ մասնիկը խորհրդանշում է Հայաստանում դարերով ձևավորված արհեստավորական ավանդույթները, ինչպես նաև գիտության, տեխնոլոգիայի և ինժեներության ոլորտներում մեր ունեցած ավանդույթները։ Այսպիսով ընկերության անվանումը կարելի է ձևակերպել ինչպես «գիտակցված աշխատանք»։

 

Groksmith թիմի մի մասը

 

Արժեքները 

Groksmith-ն իր աշխատանքում երեք կարևոր գաղափար ունի. ուշադրություն ինքդ քո, քեզ շրջապատող մարդկանց և աշխատանքիդ հանդեպ։ Այս երեք բաղադրիչների միավորման արդյունքում է, որ կարողանում ես զարգանալ։ «Աշխատանքի հանդեպ նվիրվածությունը և ամեն քայլի գիտակցումը մաքսիմալ կարևոր է,- ասում է Հովհաննեսը,- այս սկզբունքներին հետևելով է այն դառնում հաճելի, իսկ արածդ գործը՝ որակյալ»։ 

հավելյալ նյութեր