Ոչ 150 դրամին | 2013
SOS Երևան

Ոչ 150 դրամին | 2013

Ինչպես մարդիկ թույլ չտվեցին թանկացնել տրանսպորտի սակագինը։

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի

 

Լուսանկարները՝ Հայկ Բիանջյանի

 

ԵՐԵՎԱՆ #68 | 2021

#SOSԵրևան

ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

2013 թվականի հուլիսի 20-ից մինչև 25-ը Երևան քաղաքում անցկացվեցին բողոքի ցույցեր՝ հիմնականում երիտասարդ ակտիվիստների նախաձեռնությամբ, ընդդեմ Երևանի քաղաքապետարանի այն որոշման, ըստ որի երթուղային տաքսիների ուղեվարձը պետք է թանկանար 50%-ով՝ 100 դրամի փոխարեն դառնալով 150 դրամ։ Դժգոհության պատճառներից մեկն այն էր, որ չնայած ուղեվարձի գնի բարձրացմանը, քաղաքապետարանի որոշման մեջ խոսք չէր գնում փոխադրող կազմակերպությունների պարտավորությունների  մասին. երթուղայինների պարկն այն ժամանակ արդեն անմխիթար վիճակում էր։ 


Ակտիվիստները շրջում էին փողոցներում ու հորդորում մարդկանց վճարել նախկին 100 դրամը, իսկ ավտոմեքենաներ ունեցողները դրան զուգահեռ սկսեցին Free Car (անվճար մեքենա) նախաձեռնությունը, որով կանգառներում սպասող մարդկանց առաջարկում էին անվճար տեղափոխել որևէ ուղղությամբ։ Բողոքի ցույցերի արդյունքում հուլիսի 25-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրեց ուղեվարձի բարձրացման մասին որոշման գործողությունը։

 

 

 


ՎԱՀԱԳՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Ճարտարագետ

Ինչի՞ց սկսվեց 150 դրամի ակցիան

Ես չեմ սիրում ակտիվիստ բնորոշումը՝ որպես մտահոգ քաղաքացի եմ ներգրավվել շարժմանը։ Երկար ժամանակ է անցել ու շատ մանրամասն այժմ չեմ հիշում։ Օրինակ, կոնկրետ ո՞ր օրվանից է սկսվել շարժումը։ Սակայն տպավորվել է, որ անտանելի շոգ էր, հունիս-հուլիսն էր կարծես։ Գործողություններին միացա առաջին իսկ օրվանից։ Դրանք սկսվեցին որոշման հրապարակման օրը։ Մոտ 10-15 հոգի, որոնց մեծ մասն ընկերներս էին, Սիրահարների այգում մշակեցինք գործողությունների պլան, որը սկսվեց ամբողջ քաղաքի կենտրոնական հատվածներում՝ «Վճարում ենք 100 դրամ» գրությունը պատերին ու հատակին թողնելով։ Երբ լույսն արդեն բացվեց ու կանգառներում քաղաքացիների որոշակի ակտիվություն կար, սկսեցինք խոսել նաև նրանց հետ։ Հորդորում էինք պարզապես 100 դրամ վճարել ու անտեսել նոր որոշումը։ Մեծ մասն իհարկե ողջունում էին մեր քայլը։ 


Առաջին օրվա երկրորդ կեսին արդեն ակնհայտ էր, որ քաղաքացիները շատ մեծ արագությամբ միանում էին ակցիային՝ իրենց հետ բերելով նոր, կրեատիվ մտքեր։ Շուտով անհրաժեշտություն առաջացավ ամեն օրվա վերջում քննարկումներ կազմակերպել Մաշտոցի պուրակում, որը պայքարի յուրահատուկ խորհրդանիշ դարձավ։ Մինչև հիմա կարոտում եմ այդ օրերին Երևանի փողոցներում զգացվող էներգիան։ Քաղաքն ասես ժպտում էր մի տեսակ ու օդում հրաշալի, աննկարագրելի լարվածություն կար՝ զարթոնք և իրավագիտակցության։

 

Ես էլ 26 տարեկան երիտասարդ էի ու շարժմանը միանալու շարժառիթս մեկն էր՝ թույլ չտալ ապօրինի որոշման ընդունումը և հասնել սոցիալական արդարության։


Ուզում եմ մի կարևոր նկատառում էլ անել՝ այն ժամանակ բոլոր «գծատերերը» պաշտոնյաներ կամ նրանց բարեկամներն էին, որոնք ստանում էին գերշահույթներ, իսկ նման դեպքում տրանսպորտի գնի բարձրացումն անթույլատրելի հարստահարման դրսևորում էր։ Ընկերներս, ովքեր շարժման ակտիվ մասնակիցներից էին, գրեթե բոլորն ըստ էության խնդիր չունեին ֆիզիկապես վճարելու ավել որոշակի գումար։ Նրանք ունեին աշխատանք և բավական կայացած ու անկախ էին ֆինանսապես։ Մղումն անարդարությունը չհանդուրժելն էր։

 

 

Սադրանքներ, սադրանքներ

Ակցիայից մի քանի շաբաթ անց որոշումը կասեցվում է։ Բայց նոր փուլ է սկսվում։ Ես և ակցիայի մյուս մասնակիցները հարցի որոշման կասեցման դեմ շուրջօրյա նստացույց սկսեցինք։ Մենք պահանջում էինք կասեցման չեղարկում և ապօրինի այս որոշման կայացման հետևում կանգնած պաշտոնյաների պաշտոնանկություն։ 97 օր շարունակ քաղաքապետարանի դիմաց էինք հավաքվում և ներկայանում նույն պահանջով։ 

 

Սադրանքներ միանշանակ եղել են։ Երբ բողոքի ակցիա էինք իրականացնում կանգառներում, չգիտես որտեղից հայտնվում էին կերած-խմած կերպարներ, ովքեր երիտասարդ ցուցարարների, մարդկանց 100 դրամ վճարել հորդորող տղաների ու աղջիկների հետ վեճեր էին հրահրում, ակտիվիստներին վիրավորում ու կոպտելու փորձեր անում։ Այս խմբերը փորձում էին ներկայացնել այնպես, կարծես մեր պայքարը վարորդների դեմ էր և այլն։ Բարեբախտաբար Մաշտոցի պուրակում տեղի ունեցող քննարկումները տվեցին իրենց պտուղները և հնարավոր եղավ մեծապես խուսափել սադրանքներին տրվելուց։


Տխրեցնող հաղթանակ

Որոշման կասեցման օրը շատ տխրեցինք, չնայած որ հանրությունն անչափ ուրախ էր և ոգևորված։ Շարժման օրերի ընթացքում մտածում էինք՝ խնդիրը տրանսֆորմացնել և լուծել հնարավորինս շատ խնդիրներ՝ օրինակ գազի գնի թանկացման և այլն։ Իսկ որոշման կասեցման օրը պարզ էր, որ քաղաքացիների մեծ մասը գնալու է իր առօրյա գործերին՝ հաղթածի մտքով ու շատ դժվար էր լինելու նրանց նորից մոտիվացնել պայքարելու անարդարության դեմ։


Մեզ և հենց իրենք իրենց աջակցում էին բոլոր այն քաղաքացիները, ովքեր պարզապես վճարում էին 100 դրամ կամ իրենց ծանոթներին հորդորում էին վճարել 100 դրամ։ Բոլորս էինք աջակցում միմյանց և հենց դա անմոռանալի ու չափազանց մեծ էներգիա էր ստեղծում։ Շարժումներն առհասարակ ինքնակրթությամբ զբաղվելու մեծ շարժառիթներ են և այդ իմաստով պետք է ասեմ, որ անչափ շատ բան սովորեցի և մեծ փորձառություն ձեռք բերեցի։ Բնականաբար բարձրացավ իրավագիտակրթության և տեղեկացվածությանս մակարդակը, գիտելիքների մեծ պաշար ձեռք բերեցի՝ տարբեր մարդկանցից սովորելով և ինքնակրթությամբ, իհարկե։ 

 

 

 

ԳՈՀԱՐԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Կրթության ոլորտի փորձագետ

Եթե հանդուրժենք, ավելի վատ կլինի

2013 թվականը ժամանակաշրջան էր, երբ ինձ կհամարեի ուղղակի ակտիվ ուսանող, բայց ոչ ակտիվիստ։ Ինձ համար ակտիվիստ էին իմ ճանաչած այն կանայք, օրինակ, ովքեր արդեն թրծված էին այդ գործում, ինչպես Լենա Նազարյանը։ Ինքս կարծես բողոքի ակցիայի երկրորդ օրվանից եմ միացել շարժմանն ու հետո արդեն առավոտից երեկո եղել քաղաքի տարբեր կանգառներում։ Ինձ նյարդայնացնում էր անարդարությունը։


Երկար ժամանակ է անցել, բայց հիշում եմ գլխումս պտտվող հստակ միտքը. եթե հանդուրժեինք անարդարության այդ ալիքը, կառավարությունը մեր գլխին այլ թանկացումներ կբերի։ Որևէ կերպ չպետք է դիմանայինք և էլեկտրիկ Երևանը եկավ դա ապացուցելու։

 

Պայքար բոլորի համար

Ակցիայի երրորդ օրն էր, ես ապակենտրոնացված գործում էի կանգառներում։ «5» համարի երթուղայինով հասա կենտրոն և իջնելիս վճարեցի 100 դրամ։ Սկզբից վախենում էի վարորդի արձագանքից։ Բայց ուրախացա, որ մի բան էլ իրենք են ոգևորում, թե ապրեք, որ պայքարում ենք։ Հիշում եմ ակցիայի զարգացումը, երբ ինքս գոտեպնդվում էի շշուկներից, թե սակագինը չի բարձրանա։ Մյուս կողմից շոգն ավելի անտանելի էր դառնում ու բարդանում էր աշխատանքը՝ կանգնելու արևի տակ և համոզելու մարդկանց, որ վճարեն 100 դրամ։ Հիմա հստակ հիշում եմ տղամարդկանց, ովքեր, վստահ եմ, որևէ կերպ չէին մասնակցի ակցիային, բայց մեզ համար շշով ջուր էին բերում։ Կարծում եմ, սա այնպիսի պայքար էր, երբ մարդիկ իրոք համախմբված էին։ Դա ինձ դուր էր գալիս։


Այո, ընտանիքիս ֆինանսական վիճակն ինձ թույլ էր տալիս վճարելու 150 դրամ։ Բայց ամեն անգամ կանգառ հասնելիս հստակ գիտակցում ունեի, որ դա ինձ համար չէ, որ անում եմ։ Ես «Երիտասարդականի» կանգառներից մեկում էի, երբ տեղեկացա, որ սակագինը նույնն է մնալու։ Ուրախ էի, որովհետև որևէ դրական ակնկալիք չունեի։ Ստացվեց, որ սա եղավ երիտասարդների առաջին հաղթանակը։ Նույն պահին զանգ ստացա ընկերներիցս մեկից։ Ասաց, որ հպարտանում է մեզնով։ Մի քանի ընկերներով քայլեցինք մինչև Օպերա ու այնտեղ էլ լուսանկարվեցինք։

 


Դու կարող ես փոխել

Չի կարելի ասել, թե «150 դրամի» ակցիայի ժամանակ որևէ վախ և անհանգստություն չունեի, բայց ես կարողացա արդարացիորեն հարթել իմ ուղին՝ դեպի իրավագիտակից քաղաքացի։ Հնարավոր է, որ չեմ հիշում շատ մանրամասներ, սակայն ինձ այս ժամանակաշրջանում գտնում եմ հավատով իմ երազանքի նկատմամբ։ Ես կարող եմ փոխել՝ մտածում էի ամեն անգամ տնից դուրս գալուց։ 


Թող մեծամտություն թվա, բայց 2013 թվականին ես Գոհարիկին կասեի՝ եղիր նույնչափ խիզախ և ուժեղ։ Երբևէ չմտածել, թե Հայաստանում պետք է փոփոխության հասնել բռնի ուժով։ Պետք է հավատալ խաղաղ ճանապարհով փոփոխություններին։ Ես հրաշալի ընկերներ ունեմ և սա լավագույն ժամանակն էր, երբ հասկացա, որ պետք է շարունակել երազել նման ընկերների հետ։

հավելյալ նյութեր