Օդերով․ «Լայն» բիենալեի ինստալացիաները
Օդ

Օդերով․ «Լայն» բիենալեի ինստալացիաները

Սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 4-ը Երևանում առաջին անգամ անցկացվում է «Լայն» ճարտարապետության շրջիկ բիենալեն: Այն ներառում է քաղաքի տարբեր հանրային տարածքներում տեղադրված ճարտարապետական ինստալացիաներ, որոնք միավորված են բիենալեի այս տարվա թեմայի` օդի շուրջ:

Տեքստը՝ Սոնա Կարապողոսյանի

 

Լուսանկարները՝ «Լայն» բիենալեի, Mark Serry

#Դիզայն #Ճարտարապետություն

Նախագծի համահիմնադիրն ու գեղարվեստական տնօրեն Շանթ Շարոյանը պատմում է, որ նմանատիպ ծրագիր անցնակցնելու գաղափարն ունեցել է դեռևս տարիներ առաջ, երբ ուսանում էր Հարվարդում: «Այդ ընթացքում ծանոթացել էի տարբեր տաղանդավոր ճարտարապետների հետ և շատ էի ցանկանում այդ կապերն ու փորձառությունը բերել Հայաստան: Գաղափարը սկսեց իրականություն դառնալ անցյալ տարի, երբ ֆինանսավորում ստացանք Creative Armenia-ի Artbox-ի կողմից», - ասում է Շանթը: Որպես օրինաչափություն` բիենալեները կենտրոնանում են քաղաքների վրա, սակայն «Լայնը» գաղափարական հենք է դարձնում հանրային տարածքները և յուրաքանչյուր թողարկում, որ տեղի է ունենալու ամեն երկրորդ տարում, կտեղափոխվի Հայաստանի մեկ այլ քաղաք: Մյուս կարևոր բնորոշիչը, որ հիմնարարային է «Լայնի» համար, ինստալացիաների` բացօթյա տարածքներում տեղադրված լինելն ու հանրությանը մաքսիմալ հասանելի լինելն է: «Մենք չէինք ուզում փակ տարածքում ցուցահանդես անել, որտեղ միայն ստեղծագործ մարդիկ են գնում: Մեզ համար կարևոր էր, որ ինստալացիաները տեղադրված լինեն մարդկանց ամենօրվա ճանապարհին և օգնեն նորովի տեսնել այս տարածքները», - պատմում է Շանթը: 

 

Մոտեցումն իր հետ բերելու էր մարտահրավերներ և հավելյալ աշխատանք, քանի որ պետք էր պարբերաբար հավաքել, վերադասավորել, երբեմն անգամ վերափոխել ինստալացիաները: «Բայց ամենից մեծ մարտահրավերը մարդկանց վատատեսությանը բախվելն է: Հայաստանում տարածված մտածելակերպ, միմյանց նկատմամբ անվստահություն կա: Մեզ առաջարկում էին, որ ամեն տաղավարի մոտ մեկ կամավոր նշանակենք, ով ողջ օրը կհետևի, որ որևէ բան չվնասվի: Սակայն դա լրիվ հակասում է մեր գաղափարին. մենք ուզում ենք, որ մարդիկ այդ ինստալացիաներն իրենցը համարեն և օգտագործեն», - շարունակում է Շարոյանը:

 

Նախագծի բաց կանչին դիմել էին 171 նախագծեր 38 երկրներից: Ժյուրիի չորս անդամները բարդ ու մանրակրկիտ աշխատանք էին տարել նախագծերն ուսումնասիրելու,  երկրորդ փուլ անցած արտիստների հետ առանձին հարցազրույցներ անցկացնելու և վերջնական ընտրություն իրականացնելու գործում: «Ընտրություն կատարելը շատ բարդ էր, քանի որ հետաքրքիր շատ նախագծեր կային: Մենք սովորեցինք, որ ընտրելիս պետք է առաջնորդվել գաղափարների` իրականացնելի լինելու պոտենցիալով: Օրինակ` մի նախագիծ կար ներկայացված Լեոն Հիլդագոյի և Ֆելիքս Շուշանի կողմից` «Տարածականացնել աղտոտումը», որ շատ էինք սիրել, բայց գրեթե անհնար էր իրականացնել: Ըստ դրա` մեքենայի արտանետած աղտոտումից փուչիկ էր ստեղծելու և օդ բարձրանալու` օդապարիկի նույն կոնցեպտով», - ասում է Շանթը: 

 

Շատ սիրված, բայց չիրականացված նախագծերը տեղ են գտել «Լայն ծրարում»: Կազմակերպիչները նախատեսում են «Ծրարի» մեկական համար հրապարակել բիենալեի յուրաքանչյուր թողարկմանը կից` այսպիսով հարստացնելով արվեստային գրքերի բազմազանությունը Հայաստան: Առաջին համարը, որ արդեն վաճառվում է, ներառում է 10-11 տեքստեր, որոնք ոչ միայն պատմում են բիենալեի ինստալացիաների մասին, այլ ներառում է հարցազրույցներ, գաղափարներ, ֆոտո էսսե և այլն: «Ծրարում» ընդգրկված են նաև ընտրված ութ նախագծերը, որոնք ողջ սեպտեմբեր ամսին ներկայացված էին երևանցիներին:

 


 

«ՕԴՈՒՄ ՃԱՄԲԱՐԱԾ»

Իտալացիներ Ալեսանդրո Պասերոյի և Կառլոտա Օլիոսիի ինստալացիան տեղադրված է Հաղթանակի զբոսայգում և ոգեշնչված է հայկական ավանդական կիսաշրջազգեստների դիզայնից: Զարդարված մետաղադրամներով, որոնք զրնգում են քամուց, ինստալացիան ժամանակակից վրան է, որ ժամանակավոր ապաստան է տալիս` պաշտպանվելու արևից, հանգստանալու և շփվելու, բայց միևնույն ժամանակ վկայում է անկայության և փխրության մասին:

 

 

 


 

 «ԼՈԿՈՒՍ ԱՄՈԵՆՈՒՍ»

Հոլանդական MONADNOCK ստուդիայի կողմից ներկայացված ինստալացիան տեղադրված է մետրոյի Երիտասարդական կայանի ետնաբակում: Քաղաքի ամենաակտիվ կայանի` զարմանալիորեն դատարկ թվացող տարածքն արտիստները զարդարել են շրջանաձև կարմիր ինստալացիայով` ոգեշնչված կայանի ճարտարապետությամբ: Մետաղական ձողերից փչող զովացուցիչ օդի ներքո տեղադրված են աթոռներ և բույսեր` վերածելով տարածքը հավաքատեղիի քաղաքացիների համար: 

 

 


 

«ԴԱԴԱՐԵՑՐՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀՈԳ ՏԱՐ»

Շվեցարացի ճարտարապետ և տեսաբան Շառլոտ Մալտեր-Բարտի կոչ-պաստառը գտնվում է Մոսկովյան 31 հասցեով և փորձում է ուշադրություն հրավիրել քաղաքում ծավալվող անվերջանալի շինարարությանը, որը հաճախ ուղեկցվում է կոռուպցիայով, արդյունահանությամբ, գյուղատնտեսական հողերի և մշակութային ժառանգության ոչնչացմամբ: Ինստալացիան համագործակցություն է «AHA Collective»-ի հետ, որի պատշգամբում ծածանվում է պաստառը:

 

 


 

«ՊԻԿՆԻԿ»

DOMM x CIVIL ARCHITECTURE-ի (ԱՄՆ, Բահրեյն/Քուվեյթ) ինստալացիան առաջարկում է դիտարկել երկինքը որպես համընդհանուր պայման: Արտիստների ձեռքերում դրա արտացոլանքը դառնում է շարժական գոբելեն. քոչվոր հրապարակ, որ բիենալեի ողջ ընթացքում կարող է տեղափոխվել մի հանրային տարածքից մյուսը` դառնալով ուրբան ժեստ, որ շեշտում է Երևանյան երկնքի դյուրափոփոխությունը և թույլ տալիս դրան լինել բիենալեի լիիրավ մասնակից:

 

 


 

«ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ԱՄՊ»

Կարապի լճի վրա է տեղ գտել հայաստանյան snkh ճարտարապետական ստուդիայի սպիտակ ամպը, որը պատասխան է օրեցօր խորացող օդի աղտոտմանը, ինչպես նաև հետպատերազմյան ճգնաժամին, որի միջով դեռևս անցնում է հայ հասարակությունը: Առաջին հայացքին զվարճալի և թեթև ամպը հիշեցնում է նաև յուրաքանչյուրի քաղաքացիական պատասխանատվության մասին. կոդը սքան անելիս էկրանին հայտնվում է ծավալային անիմացիա, որի վերջում գրառում է. «Ամպը զվարճալի է, բայց այն չի կարող կանգնեցնել կլիմայի փոփոխությունը կամ մաքրել օդը: Գործողություն պահանջիր»:

 

 


 

«ՀԱՆԳՈՒՑՎԱԾ ԱՄՊԵՐ»

Նյու Յորքցի ճարտարապետ Սինդի Յինի ինստալացիան ոգեշնչված է հայկական գորգագործության ավանդույթներից: Տեղադրված Վարդանանց այգում` Մետրոյի` Հանրապետության հրապարակի կայանի հարևանությամբ, ինստալացիան փուչիկների հանգույց է, գործվածք, որ դարձել է այլընտրանքային բարձ, որ հարցադրում է անում. «Ինչպե՞ս պահպանել ու զարգացնել նյութական մշակույթը, երբ ապագան օդում է»:

 

 

 


 

«ԱՐԱԳԱԾ՝ ԼԵՌԱՆ ՄԸ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ»

Բրիտանացի Հիլլա Լաուֆերի և Մուրադյան Ստուդիոյի ինստալացիան Երևան է տեղափոխում Արագած լեռը` տեղադրելով այն ՀայԱրտ ժամանակակից արվեստի ներքևի բացօթյա հատվածում: Հիլլա Լաուֆերի` լեռան վրա գործող կարևոր գիտահետազոտական կենտրոննեում արված ուսումնասիրություններն ինստալացիայում ներկայացվում են  տեսանյութերի, գիտական ընթերցումների, հարցազույցների, ինչպես նաև մետաղական քանդակի միջոցով, որ համագործակցություն է արվեստագետ Մանվել Մաթևոսյանի հետ: 

 

 

 


 

«ԿԱՆԳՆԱԾ ՕԴ»

Հավասարակշռության և անկայունության, տոկունության և վաղանցիկության թեմաների շուրջ է ամերիկաբնակ արտիստներ Նարե Ֆիլիփոսյանի, Գիլ Սանշայնի և Ժիչեն Սուի ինստալացիան, որը տեղադրված է Անգլիական այգում: Ոգեշնչված տարբեր վայրերում գտնվող դոլմեններից, ինչպիսիք են` Զորաց քարերը Սիսիանում կամ Սթոունհենջը Մեծ Բրիտանիայում, փչովի մագնելիթային կառույց է, որ տարածքը փորձառելու նոր հնարավորություն է ստեղծում:

 

 


 

հավելյալ նյութեր