«Ոնց որ այլ մոլորակում հայտնված լինեի».  երևանյան քլաբինգի արշալույսը
Քլաբինգ

«Ոնց որ այլ մոլորակում հայտնված լինեի». երևանյան քլաբինգի արշալույսը

Կասկադի առաջին հարկի համանուն ակումբը, Սպայի տան լեգենդար «Մոնտե-Քրիստոն», «Տոռնադոյի» խփոցիներն ու համբույրները, «Բունկերի» դուռը, որը բացվում էր միայն հատուկ քարտերով. ինչպիսին էր երևանյան ակումբային կյանքը 1990-2000-ականներին։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի, Անի Յավրենցի

 

Լուսանկարները՝ Անձնական արխիվներից
 

#Ռեյվ

Նոնա Իսաջանյան

ԵՐԵՎԱՆ ամսագրի արտ-տնօրեն

 

«Կասկադ»

Ամենաթույն քլաբն էր, մինչև էսօր նման երկրորդը դեռ չկա Հայաստանում։ 90-ականների կեսեր-վերջերն էր. չնայած որ տարիքս էդ ժամանակ, մեղմ ասած, չէր համապատասխանում նման տեղեր գնալուն, ամեն ուրբաթ-շաբաթ էնտեղ տժժում էինք ընկերներով, որովհետև մեկ ա՝ էդ ժամանակ ոչ ոք տարիք չէր էլ հարցնում։ Քլաբը գտնվում էր Կասկադի աս-տիճանների տակ, առաջին հարկ, աջ կողմից։ Ես էլ ապրում էի հարակից շենքերից մեկում. երաժշտության ձայնը արդեն հուշում էր, որ սկսվել ա ու գնալու ժամանակն ա։ 


Էն ժամանակ էս քանակի սեթեր չէին գրվում, բայց վինիլներով արդեն նվագում էին։ Դիջեյներից Կյաժն էր, Տյոմը, Աշոտը, Dale-ը, Սմբատն ու մի քանի հոգի էլ, բոլորին հիմա չեմ հիշի։ Սիրած թրեքեր ունեինք ամբողջ քլաբով՝ անհամբեր սպասում էինք դրանց, որովհետև էն ժամանակ հաճախ նույն բանն էին միացնում. Crystal Method-ի Busy Child-ը, Chemical Brothers-ի Hey Boys, Hey Girl-ը, Prodigy-ի գործերից շատերը, ու ,չգիտեմ ինչի, նաև Rammstein-ի Du hast-ն ու Ich will-ն էր հաճախ լինում և այլն։ 


Բոլոր մեր ծնունդները, Նոր տարիներն ու մյուս միջոցառումները պարտադիր նշվում էր էստեղ։ «Կասկադը» մի մեծ ընտանիքի նման էր, կար ուրիշ մթնոլորտ, ուրիշ մասսա, ուրիշ աշխարհ։ Ընկերներիցս մի քանիսի հետ հենց էդ ժամանակ եմ ծանոթացել։


Շատ ծանր տարանք, երբ փակվեց։

 


«Զելյոնի»

Պոլիտեխնիկում էր՝ չեմ հիշում՝ որ կորպուսի տակ, ներսոտ խորքերում։ Ուներ ցերեկային ու գիշերային կյանք։ 


Մոտավոր նույն ժամանակահատվածում էր թնդում, ինչ «Կասկադը»։ Բայց ստեղ կար տարբերություն. Պոլիտեխում արդեն բոլորը կատարելագործված իրանց պարելու ոճն ունեին, նույնատիպ շարժումներով, շատ ժամանակ կարող ա իրար հետևից կանգնած նույն բանն անեին, նենց տպավորություն էր, որ պարային համույթ ա, բայց էդ ամենն էլեկտրոնայինի տակ։ Մեծամասամբ Prodigy էր հնչում։ Իրականում համարյա բոլոր քլաբերի հուշերը միանման են, որովհետև նույն ձև մի 20 հոգով գնում տժժում էինք։ Էդ գիշերը։ 


Իսկ ցերեկը դպրոցից հետո պարտադիր գնում էինք «Զելյոնի», որ մասնակցենք Չախոյանի ու Արթուրի կազմակերպած հանդիպումներին, որտեղ ներկայացնում էին մի երաժշտի կամ մի խմբի պատմությունը, վերջում էլ տալիս էին երգերի տեքստերը տպված։ Ընտիր օրեր էին, որոնք, համոզված եմ, շատերիս երաժշտական ճաշակի վրա մեծ ազդեցություն են ունեցել։

 

«Բունկեր»

«Բունկեռի» ժամանակ արդեն նախորդ քլաբերը չկային, բոլոր էլեկտրոնայինի սիրահարները և ոչ միայն՝ տեղափոխվել էին էստեղ։ «Բունկեռն» էլ միանգամից հարազատ թվաց, քանի որ բոլորը մերոնք էին, երաժշտությունն ու մթնոլորտն էլ միշտ լավն էր։


Անսպառ էներգիա ունեինք, օրերը համարյա սկսվում ու ավարտվում էին էստեղ. գնում էինք դասի, արանքում՝ «Բունկեռ», հետո աշխատանքի, հետո «Բունկեռ», հետո տուն ու էլի «Բունկեռ» ու տենց ամեն օր։


Հատուկ թեմատիկ իվենթներ էին լինում՝ Հելոուին և այլն, բոլորը հատուկ պատրաստված գալիս էին։ Միջավայրը միշտ շատ լավն էր, չհաշված նրանց, ովքեր չէին կարողանում ընկալել, որ մարդիկ ուղղակի եկել են պարելու, այլ ոչ թե տղա կամ աղջիկ կպցնելու։ Էդ տիպի դեմքերից խուսափելու համար էր, որ ամեն մարդ չէր կարողանում մտնել, անդամ պիտի լինեիր. քարտեր ունեինք, ու քլաբի դուռը (որը հենց բունկեռի դուռ էր) միայն այդ քարտով էր բացվում։ 


Մի անգամ մարտի 8-ին որոշել էին աղջիկների համար անակնկալ կազմակերպել ու հրավիրել էին տղամարդ ստրիպտիզյորի, որն ամբողջովին պատված էր պզուկներով։ Էդ օրվանից տղամարդկանց ստրիպտիզը կյանքիս ամենազզվելի բաներից ա։


«Բունկեռի» հետ համարյա միաժամանակ «Ռելաքսն» էր, «Աստռալը», «Ատլանտիկը», «Տոռնադոն», «Խամելեոնը», «Տոչկան» և էլի մի քանիսը, բայց շատ չէինք գնում։ Ընթացքում էլի մի քանիսը բացվեցին փակվեցին։ «Բունկեռի» փակվելուց հետո բացվեց One քլաբը, մոտավոր նույն ժամանակ բացվել էր «Կամին»՝ բոլորը միահամուռ տեղափոխվեցին էնտեղ։ Հիմա քլաբեր կամ իվենթների գնալուց հաճախ նույն մարդկանցով իրար հանդիպում ենք, բոլորս մեծացել ենք, բայց էլեկտրոնայինի հանդեպ սերը հավերժ ա։

 

 


Արման Բաբայան (KillNF)

ռեպ կատարող, QA engineer

 

«Տոռնադո»

2000-ականների սկզբներին ամեն շաբաթ ընկերներով գնում էինք «Տոռնադո» տժժալու։


Էն ժամանակ արդեն կային տեղացի լավ դիջեյներ՝ Dale-ը, Play-ը, Չախոյանը, Կյաժն ու էլի շատ ուրիշները։ Բայց համ էլ դրսից էին լավ դեմքեր գալիս։ Պիմենովի օրը հատկապես շատ եմ հիշում՝ փառատոն էր, որտեղ մասնակցում էին համ հայ, համ արտասահմանցի դիջեյները։


Կան առանձին անմոռանալի օրեր, իհարկե։ Օրինակ՝ X-Phobos-ի հերթական նոր թրեքի պրեզենտացիան՝ Born To Be DJ: Դա առաջին հայկական տեխնո խումբն էր, իսկ եղբայրս՝ DJ MAD-ը, իրենց անդամն էր։ 


Լինում էին լրիվ կինոյական դեպքեր։ Մի անգամ պահակներից մեկը նենց խփեց մեկի բերանին, արյունլվիկ էր եղել։ Պատճառը տենց էլ չիմացանք, բայց իրականում դա հետագայի վրա չազդեց, նույն ձևի մարդիկ գնում էին տժժալու։ Մի անգամ էլ պարում էի, մի աղջիկ եկավ ու համբուրեց ինձ, ես էլ ինձ չկորցրեցի ու իրեն համբուրեցի։


Ընդհանրապես, մասսան, աուրան, սաունդը շատ լավն էին։ Էն ժամանակ մի տեսակ ճիշտ տժժ, եթե չասեմ գուլյատ կար, որը հիմա վերացել ա, ամեն ինչ ուրիշ ձև ա, նենց տպավորություն ա, ոնց որ ուղղակի ժամանակ են անցկացնում, չեն ապրում։


Կարեն Միրզոյան

լուսանկարիչ, Միրզոյան գրադարանի հիմնադիր

 

«Մոնտե-Քրիստո» (Մոնտե)

Ես միշտ ասում եմ, որ «Մոնտեն» այդ տարիներին քաղաքի ամենալավ ակումբն էր և առ այսօր Հայաստանում նման վայր գոյություն չունի։ Բոլորը, ովքեր գոնե մեկ անգամ այնտեղ եղել են, կասեն նույնը։


Սարքավորումները վատն էին, երաժշտությունը սկավառակներով էին դնում, բարերում ամենասովորական, ստանդարտ խմիչքներ էին տալիս, մինչդեռ «Կասկադ»-ում վինիլային նվագարկիչներ կային, որոնք այսօր ամենուր են, բայց այդ թվականներին հազվադեպ հանդիպող բան էր, այսինքն՝ նշանակում էր մեծ գումարներ են ծախսել։ Բայց «Մոնտեն» ամենաբնական ու գժական ակումբն էր։ Նախ, բոլորի համար էր։ Մի տեղում հավաքվում էին գեյերը և, օրինակ, այդ ժամանակվա շատ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի թիկնապահները, պարսիկներ, արաբներ, բանկերի տնօրեններ, արվեստագետներ։ «Մոնտե» գնում էին նույնիսկ տրանս մարդիկ։ Այսինքն՝ դա մի վայր էր, ուր 12-ից հետո տղամարդիկ կարող էին գալ կանացի շորերով։ Հիշում եմ, մի անգամ սեփական աչքերով տեսել եմ, թե ինչպես էր մի խոշոր օլիգարխի թիկնապահ նրանցից մեկի գլխին զենք պահել բարի մոտ կանգնած։ Բարեբախտաբար, դրանից էն կողմ չգնաց։ 


Այնտեղ կարելի էր տեսնել բաներ, որոնք երբևէ չէիր պատկերացնի, որ կարող ես տեսնել Հայաստանում։ Դա նաև վտանգավոր էր, քանի որ ամեն օր բավական լուրջ կռիվներ էին տեղի ունենում։ Մի անգամ նույնիսկ, հիշում եմ, դանակահարության դեպք եղավ։


Ուրախությունը սկսվում էր կեսգիշերին։ Մինչ այդ գնում էինք Yum-Yum, հետո տեղափոխվում էինք Ջինսնոց, որտեղ մինչև կեսգիշեր խմելուց հետո գնում էինք «Մոնտե» ուրախանալու։ Մինչև առավոտվա հինգը բոլորը սեղանների վրա պարում էին։ Շատ ուրախ էր անցնում, կար այդ ադրենալինի զգացումը։ 


Երաժշտությունը շատ խառն էր, հիմնականում պոպսա, որպեսզի այս խառը ժողովրդի մեջ բոլորը կարողանային ուրախանալ։ Մարդկանց համար իրականում տարբերություն չկար, թե ինչ երաժշտություն կդնեն, և ամեն օր կարող էին նույն բաները դնել, բայց միևնույն է, նույն ձև ուրախ էր անցնում։ DJ հասկացություն չկար։ Այնտեղ նվագում էր մենեջերներից մեկը, որն իմ բակային ընկերն էր։ Ինքն էլ ինձ անվճար անցկացնում էր և ես շաբաթը երեք-չորս օր այնտեղ էի լինում։ Բոլորն էին այնտեղ։ Շատ տեղեր էլ չկային գնալու և գիշերը միշտ ավարտվում էր «Մոնտեում»։


Վահագն Համալբաշյան

նկարիչ

 

«Սահինյան»

1990-ականների վերջերն էր, ինձանից տարիքով մեծ երկու ընկերներիս հետ առաջին անգամ գնացինք։  Գտնվում էր ոսկու շուկայի հետևը։ Քանի որ սա իմ կյանքի առաջին ակումբն էր, մեջս վախի ու հիացմունքի խառնուրդ էր տիրում։ Մինչ այդ անհասանելի էր թվում նման տեղեր գնալը։ Մի քանի սենյակից էր բաղկացած։ Ընկերներս գարեջուր վերցրին, ես էլ հյութ էի խմում, քանի որ տարիքով փոքր էի ու չէի ուզում տանն ակնհայտ լինի, թե ուր եմ եղել։


Երիտասարդությունը շատ տարբերվող էր նրանցից, ում առօրյայում տեսնում էի։ Մշակութային շոկ էր մոտս՝ էդքա՜ն սիրուն ու ազատ մարդ մի տեղում։ Երաժշտությունը խառն էր՝ համ էլեկտրոնային, համ ռոք, համ ուրիշ ժանրեր։ էն ժամանակ սեթերի արանքում դանդաղ երգեր էին դնում, մինչ այդ չէի տեսել, որ նման ազատ վիճակներ լինեին, աղջիկներն ու տղաները միասին փաթաթված պարեին։ Ոնց որ այլ մոլորակում հայտնված լինեի։


Դուրս գալուց հետո ականջներս մոտ 15 րոպե ոչինչ չէին լսում։ Բայց կարևորն էն էր, որ այդ օրն առաջին անգամ զգացի ինձ ավելի հասունացած-մեծացած։ «Սահինյանը» սկիզբ դրեց հետագա նման տեղեր այցելելու ցանկությանը։ 


Հետո ակումբը որոշ ժամանակով տեղափոխվեց ներկայիս «Ստոպի» տեղը, բայց այդտեղ էլ չեմ գնացել։

 


 


Սոնա Դանիելյան

Vbet.am-ի մարքետինգի բաժնի ղեկավար

 

«Կասկադ»

«Կասկադը» ուրիշ էր։ Ես գնում էի 98 թվականից սկսած, երբ ընդամենը 15 տարեկան էի։ Ժամը 7-8-ից սկսում էին նվագել, բոլորը հավաքվում էին Կասկադի տարածքում մինչև դռները բացեն։ Ինձ հայրիկս բերում թողնում էր ժամը 9-ին ու տանում տուն 11-ին։ Այն ժամանակվա ակումբներն ունեին իրենց մշտական դիջեյները։ Հիմնականը Կյաժն էր, լինում էր Աշոտը, հետո մեկ-մեկ ընկերովի թողում էին, որ Կրետը, Փլեյը, կամ Դեյլը նվագեն։ Ամեն մի դիջեյ ուներ սկավառակների իր փոքր պանակը, որը միշտ իր հետ էր տանում, երբեմն փոխանակվում էին կամ ժամանակավոր տալիս մեկը մյուսին, բայց միշտ իրենց մոտ էին պահում։ «Կասկադի» հիմնադիր Սմբատը, երբ գնում էր արտասահման, անպայման սկավառակներ էր բերում, որոնք ամբողջ քաղաքում չէիր գտնի։ Նաև վինիլ էր բերում ու այս ամենը մեծ ուրախություն էր բոլորի համար։ Կար փլեյեր, ուղղակի երկու սկավառակի վրայի երգերն իրար հետ էին միքսում։


«Կասկադը» ու նմանատիպ մնացած ակումբները մեր դպրոցն էին, որովհետև մարդիկ, ովքեր մեծացան այդ ամենի վրա, առ այսօր էլ ակումբային կյանքում բավական ակտիվ դեմքեր են։ Չախոյան Արամը Հայ FM-ում ուներ հաղորդում, որտեղ որակյալ երաժշտություն էր դնում, մենք այդ բոլորը լսում էինք, ձայնագրում էինք կասետների վրա։ 


Լինում էին շատ կռիվներ, երևի որովհետև ոլորտը նոր էր զարգանում, բացի այդ ալկոհոլի մեծ քանակ կար ու մարդիկ, ովքեր խմել դեռ լավ չգիտեին։ Սովորաբար դրսից եկած մարդկանց հետ էին լինում վեճերը, ովքեր գնում, օրինակ՝ «Բելաջիոյում» լավ հաց էին ուտում ու գալիսմտնում էին ակումբները։ Սկսվում էր՝ «ընկերուհուս թարս նայեցիր», «ուսով մեկին կպար»։ Երբեմն հասնում էր իրար վրա աթոռ շպրտելուն։ Հետո շատ կռիվներ էին լինում պարսիկների հետ։ Այսինքն՝ կռվելն այդ մշակույթի անբաժան մասն էր, հանգիստ էինք վերաբերվում դրան։
Այդ ամենի վրա մեծացած մարդիկ կարծես մեծ ընտանիք լինեին, բոլորն իրար գիտեին, բոլորն իրար մասին հոգ էին տանում, չկար նման բան, որ մեկը գար միայնակ ու բոլորին անծանոթ լիներ։ 

 

«Կասկադից» հետո

2000-ականների սկզբում ամենաակտիվ տեղերն էին «Ռելաքսը», «Աստրալն» ու «ԱլենԷլենը»։ «Աստրալը», կարելի է ասել, վերջին տարբերակն էր։ Այն ակտուալ էր, եթե օրինակ՝ Իլյան հետաքրքիր միջոցառում էր կազմակերպում կամ երբ նվագում էր Արամ Չախոյանը կամ Կյաժը։ Ուրիշ ժամանակ ուղղակի մտնել-դուրս գալու տեղ էր։ Որակն էն չէր, ակումբային մշակույթում կարևոր դեր չուներ, բավական պապսովի տեղ էր։ Ձևական թանկ տեսք, ոսկեգույն դետալներ, վիլյուր ու երաժշտությունն էլ համապատասխանում էր այդ ոճին։ 


«ԱլենԷլեն» գնում էին ավելի փոքր տարիքայինները։ Չնայած ես այդ ժամանակ 17 տարեկան էի, բայց ինձ մեծ էի համարում, որովհետև մեծերի շրջապատից էի։ Ես սկսել էի ակումբներ գնալ դեռ «Կասկադից» ու «Ալեն-Էլենի» պոպսա վիճակին չէի հարմարվում։ Այնտեղի երաժշտությունը նույնիսկ Prodigy չէր։ Այսինքն՝ այնտեղ ոչ թե ակումբ էր, այլ իսկական դիսկո։ Տղաները հիմնականում գալիս էին աղջիկ կապելու, այլ ոչ թե լավ երաժշտության տակ ուրախանալու։ 

 


DJ Serjo

դիջեյ

 

«Տոչկա»

Տոչկայում առաջին անգամ եղա 2000-ականների սկզբներին, երբ ինքս նոր էի սկսում փորձարկումներ անել դիջեյական և երաժշտական ասպարեզում։ Այն ժամանակ Երևանում շատ ակումբներ չկային, բայց բոլոր երաժշտասերները տեղյակ էին քաղաքի լավ տեղերից, ու «Տոչկան» ամենաշրջանառվող անուններից մեկն էր։ Այստեղ հավաքվում էին քաղաքի դիջեյները, ովքեր գիշերվա ուշ ժամերին ջեմմինգ էին անում։ Այսինքն գալով այստեղ՝ դու դառնում էիր այդ միջավայրի մի մասը, տեսնում էիր այդ բոլոր մարդկանց մի տեղում նվագելիս։ 


Շատ ուշ էր փակվում, ու բոլորը գիտեին, որ եթե որևէ տեղում մի բան վերջանում է, կարելի է ավելի ուշ հանդիպել «Տոչկայում»։ Այսինքն միջոցառումներից հետո հավաքատեղին, հանդիպման «կետը» հենց «Տոչկա» ակումբն էր։ Կարծում եմ, որ այդտեղից էլ եկել էր անվանումը։ Այնտեղ գնալուց միշտ գիտեիր, որ ով էլ նվագի այդ վայրկյանին, անելու է դա հաճույքով. որակյալ երաժշտությունն ապահովված է։ 


Սովորաբար մենք այնտեղ հայտնվում էինք ուշ ժամերի, բայց բոլորի նպատակը մեկն էր՝ հավաքվել բոլորով մի տեղում և երաժշտություն վայելել ու բնականաբար նվագել։ Լինում էին առանձին միջոցառումներ, բայց ամեն օր մեկ էլ կարող էր սպոնտան որոշում կայացվեր, որ հիմա այս կամ այն երկու դիջեյներն իրար հետ նվագում են, տեղում լայնափ էր կազմվում ու այս օրը դառնում էր տոն մինչև լույս։ 


«Տոչկան» մեծ ակումբ չէր, ավելի շուտ մտերմիկ հավաքույթների տեղ էր էդ տեսակ երաժշտության սիրահարների, դիջեյների, երաժիշտների ու առհասարակ էդ մշակույթը սիրող մարդկանց համար։

 


Իլյա Մանթառլյան

միջոցառումների կազմակերպիչ

 

«Ռելաքս»

90-ականներին կարելի էր ցերեկվա ժամերին մտնել «Ռելաքս» և այնտեղ շատ մարդ կլիներ։ Ես 16 տարեկան երեխա էի, ամեն տեղ չէ, որ թողնում էին մտնեի, բայց մի անգամ գնացի հենց նույն «Ռելաքս» և աշխատողներին հարցրի՝ ձեզ դիջեյ պետք չի՞։ Ասեցին՝ ոչ, մեկը կա, որ միացնի երաժշտությունը։ Ես էլ ասեցի, որ պատրաստ եմ անվճար դա անել, և նրանք համաձայնեցին։
 

Հետագա տարիներին քաղաքում եղած գրեթե բոլոր ակումբներն իրենց հայտնիության շրջանն են ունեցել ու ես միշտ փորձել եմ ինչով կարող եմ օգտակար լինել։ Ցավոք, Հայաստանում նման վայրերը երկար կյանք չէին ունենում, քանի որ ձայնի բարձրության խնդիր կար, որպեսզի բնակիչներին չխանգարես։ 

 

IBAR

Իմ ամենահետաքրքրիր նախագծերից IBAR-ն է եղել։ 2000-ականների վերջն էր, Վրաստանից նոր էի վերադարձել և այնպես էր ստացվել, որ այնտեղի լավագույն ակումբներից մեկը փակվել էր։ Ես էլ որոշեցի այնտեղի բարմեններին ու գո-գո պարուհիներին հրավիրել Հայաստան։ Շաբաթը մեկ նման պատվիրակություն էր ժամանում և դրանով, կարելի է ասել, մենք շունչ էինք տալիս տեղական ժամանցային ոլորտին, նորույթ էինք բերում։ Այդ շրջանում բոլոր ակումբներում նույն ծրագիրն էր, արդեն մարդկանց հետաքրքությունը սկսում էր կորել։ Այդ առումով IBAR-ը կարողացավ տարբերվել։ Այն իր դիզայնով էլ էր աչքի ընկնում. ամեն ինչը սպիտակ գույների մեջ էր, հետաքրքիր լուսավորությամբ։

 


Առնոս Մարտիրոսյան

լուսանկարիչ

 

«Կամի»

2005 թե 2006 թիվն էր, լավ չեմ հիշում, Էդ ժամանակ քաղաքի ամենապոպուլյար ակումբներից էր, որտեղ միշտ էլեկտրոնային երաժշտություն էր լինում, ես էլ նոր էի վերադարձել Հունգարիայից, որտեղ մի քանի տարի լավագույն ակումբներում տժժում էինք ու «Կամին» դարձավ դրա շարունակությունը Հայաստանում։ Բացման օրվանից գնացել եմ։ Սովորույթ էր դարձել ամեն ուրբաթ լիքը ընկերներով պարտադիր գնալը, մինչև վերջ մնալ տժժալն, իսկ աֆթրպարթին շարունակում էինք իմ արվեստանոցում, որտեղ ունեի բոլոր անհրաժեշտ սարքավորումները՝ այդ թվում վինիլների համար, լավ սաունդ, դիջեյություն էլ մենք էինք անում։ Լինում էր՝ «Կամիի» դիջեյներն էլ էին գալիս մեր հետ։ 


Առանձնահատուկ օրերից էր, երբ Սիրահարների այգում Վարդավառի թեմայով Արա Ասլանյանի հետ ֆոտոների ցուցահանդես արեցինք ու էնտեղից բոլորով տեղափոխվեցինք «Կամի»։ Բացի նրանից, որ լավ երաժշտություն էր միշտ, նաև լավ ծանոթությունների վայր էր, հիմիկվա շատ ընկերներիս հետ հենց էնտեղ եմ ծանոթացել։ 


Ինչպես բոլոր տեղերում, ստեղ էլ ահագին կռիվներ ենք տեսել, որոշ դեպքերում էլ կամա թե ակամա՝ մեր մասնակցությամբ։ Էն ժամանակ համարյա միշտ տենց պահեր լինում էին, երևի երիտասարդ ու տաքարյուն էինք ու միշտ ինչ-որ առիթ լինում էր բորբոքվելու համար։ Չնայած հիմա երիտասարդներն ավելի հանգիստ են ոնց որ։ 
Ափսոս, հետո ակումբի ֆորմատը փոխվեց ու ես էլ չգնացի… Լավ տարիներ էին։

հավելյալ նյութեր