Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր բրենդավորումը
Բրենդինգ

Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր բրենդավորումը

Վերջերս Indigo Branding ընկերությունը ներկայացրեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր բրենդավորումը: Ընկերության հիմնադիր և արտ-տնօրեն Արամ Ազարյանի հետ զրույցում փորձել ենք պարզել շուրջ 6 ամիս տևած աշխատանքի ընթացքը, առաջացած բարդություններն ու մարտահրավերները։

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի

 

Լուսանկարները՝ Indigo Branding Agency, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ՖԲ էջ

#Դիզայն

Արամը պատմում է, որ հաճախ հրաժարվել են պետական կառույցների առաջարկներից ու մրցույթներից, քանի որ դրանք կապվել են երկարաժամկետ գործողությունների կամ փաստաթղթային քաշքշուկների հետ, սակայն ինչպես նա է ասում՝ «սա այդ դեպքը չէր»։ «Մենք պատրաստ էինք ցանկացած ճանապարհ անցնել միայն մեկ բանի համար՝ թատրոնի նոր դեմքը լինի այն մակարդակի, որը որպես թիմ մենք պատկերացնում էինք։ Մենք ցանկանում էինք կատարել այնպիսի աշխատանք, որով ոչ միայն կհպարտանանք որպես բրենդինգային գործակալություն, այլև որպես հայ»,- նշում է Արամը։ 

 

 

Նոր բրենդավորման շնորհանդեսը

 

Շուտով աշխատանքային լարված ընթացքն իր արդյունքներն է տալիս և թիմն իր առաջ ունենում է տարբերանշանի շուրջ 20 տարբերակ։ Արամը պատմում է, որ առաջին մարտահրավերը թիմի համար լոգոյի ստեղծման ընթացքն էր, քանի որ սկզբնական  մտահղացումն այն էր, որ լոգոն իր մեջ ներառի նաև շենքի որևէ կտոր։ Սակայն լոգոյում շենքը ներառելու սկզբնական փորձերը ձախողվում են, քանի որ պատկերները բարդ և խճճված էին ստացվում․ «Մենք շատ հագեցած աշխատանքային ընթացք ենք ունեցել Կարեն Դուրգարյանի թիմի հետ։ Որպես թիմ, մեզ համար նախևառաջ կարևոր էր աշխատանքի սկզբնական փուլը՝ մտագրոհը, երբ աչքի առաջ մի քանի գաղափար ենք ունենում։ Մենք լոգոյի մի քանի տարբերակ ունեինք, որոնցից դժվարանում էինք ընտրել մեկը, ապա դրանց գաղափարները մեկտեղելով ստացանք մեկը, որը հիշեցնում է ոչ միայն շենքը, այլև կապված է օպերային երգիչների հետ ու նաև իր կառուցվածքով շատ պարզ է»,- պատմում է Արամը։
 

Օպերայի և բալետի թատրոնի նոր տարբերանշանը հիշեցնում է «Օ» տառը, որն իր հերթին նման է օպերային երգիչների բերանի ձևին՝ երգելու պահին, մյուս կողմից էլ պատկերն հիշեցնում է թամանյանական շենքի հանրահայտ ուրվագիծը՝ պատկերված վերևից։ 

 

Ըստ Արամի, այս փոխակերպումը, որը չնայած պարզ տեսքի իր մեջ մի քանի իմաստներ է պարունակում, շատ կարևոր է, քանի որ այլապես դժվար մտապահվող կարգախոսը կամ անհասկանալի տարբերանշանը միայն խանգարելու էին թատրոնին՝ միջազգային հեղինակավոր բեմերում ներկայանալու։ 

 

 

«Ցանկացած մրցունակ բրենդավորում ստանալու գործում կարևոր է նախապատրաստական փուլում մանրակրկիտ ուսումնասիրություն կատարելու գործոնը՝ տեղական ու միջազգային շուկաներում «մրցակիցների» ուժեղ և թույլ կողմերի գնահատումը, բնագավառին բնորոշ խնդիրների վերծանումը։ Օպերայի նախագծի պարագայում ևս, երկար ուսումնասիրել ենք միջազգային փորձը։  Հատկապես մեզ գրավել էր Սիդնեյի օպերայի հաջողված նախագիծը և մեր բրենդավորումն իրականացնելիս արել ենք ամենը, որ միջազգային հաջողված բրենդերի կողքին կառույցի մրցունակ վիզուալ ինքնություն ստանանք»,- պատմում է Արամը։ 
 

Indigo Branding-ում համոզված են, որ ցանկացած բրենդինգի հաջողությունը կապված է ինչպես արտաքին, այնպես էլ «ներքին» փոփոխությունների հետ։ Այս մասին խոսելիս Արամը հիշում է, որ իրենց առաջարկած նորարար փոփոխությունները կառույցի աշխատակազմը ոգևորությամբ է ընդունել․ սա խոսում է «փոփոխության գնալու» մշակույթի զարգացման մասին։ Գուցե նախագծի հաջողություններից մեկն էլ այս հանգամանքն է։

 

 

«Այսօր հայաստանյան շատ կազմակերպություններ կորպորատիվ ոճի ստեղծմանը կամ փոփոխությանը գնում են ոչ միայն դրա անհրաժեշտութունը գիտակցած, այլև իրենց ապագա բրենդի  վերաբերյալ պատկերացումների ու գործիքակազմի առումով շատ հասուն,  ի տարբերություն մեկ տասնամյակ առաջվա։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում շատերը սկսել են գիտակցել ռեբրենգինգի կարևորությունը և հաճախ իրենք են ձեռնամուխ լինում՝ մեզ դիմելու և գնալու փոփոխությունների։ Այս տեսանկյունից Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փորձը կարող է բերել վստահության նոր մշակույթի ձևավորման»,- նշում է Արամը։ 

հավելյալ նյութեր