«Օպերային արժանի շինություն»․ ինչպիսի տեսք պետք է ստանար Կասկադը
Կասկադ

«Օպերային արժանի շինություն»․ ինչպիսի տեսք պետք է ստանար Կասկադը

Ինչպե՞ս սկսվեց Կասկադի կառուցումը, ի՞նչը խանգարեց բոլոր նախնական գաղափարների իրականացմանը և ի վերջո ի՞նչ տեսք պիտի ունենար այս նշանավոր, բայց առայժմ անավարտ կառույցը․ ԵՐԵՎԱՆին պատմել է ճարտարապետ Ասլան Մխիթարյանը, որը երկար տարիներ աշխատել է Կասկադի նախագծի վրա՝ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի թիմում:

Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի

 

Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի, Ասլան Մխիթարյանի արխիվ

#Ճարտարապետություն #ՀինԵրևան

Հայերեն մտածող արվեստագետներ

Լավ է, որ Երևանի քաղաքապետարանը հետաքրքրություն է ցուցաբերել Կասկադի նկատամբ և, ի վերջո, ցանկանում է ավարտի բերել կառույցը, որի սկիզբն ու ավարտը բավական հեռացան իրարից: Ոչինչ, աշխարհում շատ կան այդպիսի դեպքեր՝ Սագրադա Ֆամիլիան, Միլանի տաճարը․․․ Բայց ճիշտ կլինի, որ կառույցն ավարտվի այնպիսին, ինչպիսին ի սկզբանե նախատեսվել և նախագծվել է Ջիմ Թորոսյանի, Գրիգոր Խանջյանի, Սարգիս Գյուրզադյանի, Արտաշես Հովսեփյանի, Արա Շիրազի և իմ կողմից: Ես աշխատել եմ հայերեն մտածող արվեստագետների հետ. այդ ժամանակ հարգանք կար բոլոր մասնագետների նկատմամբ, իսկ այսօր՝ բիզնես, շահ,եկամուտ… 

 

 

 

Ես դիպվածով եմ սկսել աշխատել այդ անվանի մարդկանց հետ։ 1971 թիվն էր և ես ընդամենը 23 տարեկան էի: Քանի որ այդ ժամանակ բոլորը զբաղված էին մետրոյի և քաղաքապետարանի շենքերով և բարեկարգումը ավելի թեթև բան էր համարվում, Կասկադի տարածքի բարեկարգման աշխատանքները ինձ հանձնարարեցին: Ավելի ուշ, երբ արդեն 74 տարեկան էի, նորից սկսեցի Կասկադի վրա աշխատել: Ես որքան էլ փորձեցի Ջիմ Թորոսյանի և մյուսների արածի վրա ավելացումներ անել, միևնույն է, եկա այն մտքին, որ չարժե և որ վարպետների կողմից արված առաջին՝ հիմնական գործը ամենաճիշտն ու ամենահարիրն էր: Դա մոտավորապես 15-20.000քմ տարածք է, որը մենք կարող ենք մշակույթով լցնել և ներկայացնել հանրությանը: 

 

Կառուցում

Մենք արդեն Կասկադի համար պատվիրել էինք մետրոյի 3 էսկալատոր, բայց մեզ մերժեցին. ստիպված պատվիրեցինք օֆիսային էսկալատրներ՝ նեղ և երեքի փոխարեն երկուսը տվեցին: 1993 թվին շարժասանդուղքները աշխատեցին, բայց քանի որ 90-ականներին լույս չկար, քաղաքապետարանը հնարավորություն չուներ շարունակել շինարարությունը:

 

1980-ականներին Կարեն Դեմիրճյանն ամեն ամիս գալիս էր Կասկադ՝ ծանոթնալու շինարարության ընթացքին, իսկ ամեն շաբաթ քաղաքապետ Մուրադ Մուրադյանն անձամբ գալիս և շինարարներիե հետ դիսպետչերական ստուգումներ էր անում: 1988-ին մենք շարունակում էինք Կասկադի երկրորդ հատվածի շինարարությունը: Երկրաշարժի պատճառով աշխատանքները գրեթե կանգնեցին, և Կասկադի տնօրինումը Երևանի քաղաքապետարանին հանձնվեց: Այդ ժամանակ Գրիգոր Խանջյանը շարունակում էր «Վարդանանքը» նկարել: Արտաշես Հովսեփյանն անում էր ներսի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը, իսկ Արա Շիրազը շարունակում էր աշխատել արծվի վրա: Այս ամբողջ աշխատանքները կատարվել են նախագծի հետ միաժամանակ. այսինքն՝ և շինարարությունն էր ընթանում և նկարներն էին նկարվում: Դա մի խումբ էր, որը շատ սիրով աշխատում էր ջերմ, մասնագիտական մթնոլորտում՝ նպատակ ունենալով ունենալ հայեցի և միաժամանակ ժամանակակից կառույց: 

 

Կասկադը փրկվեց Գաֆեսճյանի շնորհիվ և 2000-ից ի վեր կատարվեցին ներսի բոլոր աշխատանքները: Իհարկե, Կասկադը կառուցված էր մինչև Գաֆեսճյանը ու թեև նա պատվիրեց, որ կառուցվի երկրորդ հատվածը՝ աստիճաններից վերև մինչև Մոնումենտ, բայց հետո հրաժարվեց: 

 

 

 

 

Ինչ պետք է լիներ

Մեր միտքն այն էր, որ 4-րդ աստիճանահարթակից հետո լինի հարթակ՝ նույն հարթակներից մի փոքր ավելի մեծ, որի վրա կան Հայաստանի 12 մայրաքաղաքները խոհրդանշող սյուներ՝ իրենց զինանշաններով: Եվ երբ Կասկադին նայեինք Օպերայի կամ Թամանյանի արձանի մոտից, կտեսնեինք մի, այսպես ասած, թագ, կանաչ գորգով՝ հասնելով մինչև Օպերա: Այդ կապը պետք է լիներ շարժասանդուղքներով, որպեսզի վերևից՝ Զեյթուն-Քանաքեռից հանգիստ իջնեին, կապվեին Կենրոնի հետ և հակառակը: Սա էր ամբողջ նպատակը, և այն, որ Օպերայի դիմաց կառուցվի նրան մի քիչ արժանի մի շինություն: 

 

Կասկադի ներսում պետք է լիներ ճարարապետության թանգարան-ինստիտուտ, որը կզբաղվեր մեր միջնադարյան եկեղեցական ճարտարապետության ուսումնասիրությամբ և հանրահռչակմամբ: Այսօր 5000-ից ավել հայ ճարտարապետներ ունենք ամբողջ աշխարհում, և այդ ինսիտուտը պետք է  դառնար այնպիսի մի օջախ, որտեղ ճարտարապետական մշակույթը կզարգանար: Օրինակ՝ ներկայացված էին լինելու Պալյանների աշխատանքները, ովքեր 200 տարի շարունակ Իզմիրում պալատաշինությամբ են զբաղվել: Բացի այդ, ներսում սրահներ էր ունենլու ժամանակակից արվեստի թանգարանը, և այլն: Մենք ուզում էինք, որ Կասկադի տարածքում ամենուրեք երաժշտություն հնչեր՝ շարականներ, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Էդվարդ Միրզոյան, ժամանակակից կոմպոզիտորներ... և նախատեսվում էր ունենալ մոտ 500-տեղանոց դահլիճ: Այսինքն՝ Կասկադը նաև թեմատիկ առումով դառնար Օպերային համահունչ մշակութային օջախ: 

 

Մեր նախագիծը հասցվել էր այն աստիճանի, որ 1982 թվականին մի ամիս ցուցադրվել է Մոսկվայի Շյուսովի թանգարանում և անվանի ճարտարապետների կողմից բարձր գնահատանքի է արժանացել: 

 

Ի վերջո, ստացվել է հայեցի աշխարհիկ կառույց, որը հնչում է հայերեն: Իհարկե, երբեմն ասում են, որ 15 աղբյուրը կապված է Սովետական Միության հանրապետությունների հետ, բայց՝  ոչ. մենք պատմական Մեծ Հայքում 15 նահանգ ենք ունեցել: Բացի այդ, Սարգիս Գյուրզադյանի և Ջիմ Թորոսյանի կողմից արվել է նաև վերևի սյան հուշարձանը: Հիմա այդ հուշարձանը շատ տխուր վիճակում է: Ի սկզբանե այն Խորհրդային Միության հաստատման 50-ամյակի առիթով է կանգնեցվել, իհարկե, հիմա այն վերաիմաստավորվել է: Ջիմ Թորոսյանն ուզում էր, որ այդ հուշարձանը ներկայիս 63 մետրից դառնա 75 մետր և սպիտակ գույնի լինի, վրան էլ՝ զանգեր, որ ամեն ժամի հնչելով խորհրդանշեին ապագան: 

 

 

 

Ավարտվի այնպես, ինչպես նախագծվել է

Ընդունված է, որ լավ ճարտարապետը միշտ հարգում է իրենից առաջ արած ուրիշ ճարտարապետի աշխատանքը և նորը դրա հիման վրա է նախագծում: Տարիներ առաջ անգամ Գաֆեսճյանը մրցույթ հայտարարեց և ով մասնակցեց դրան՝ պահել էր արեն արված աշխատանքը: 

 

Քաղաքապետարանի շենքը ես համարում եմ վերջին 30 տարիների լավագույն, հայեցի շինությունը, որը պատիվ է բերում քաղաքին: Երբ 7-8 տարի շարունակ դադարեցվել էր շենքի շինարարություն, կարծիք կար, թե ո՞ւմից ենք պակաս՝ թող վերևում ապակի լինի և այլն… Բայց շատ հաճելի է, որ ի վերջո, կանգնեցին նույն տարբերակին, որը Ջիմ Թորոսյանն էր նախագծել և այսօր ունենք գեղեցիկ շենք, որն արժանի հարևանություն է անում Գինու և կոնյակի գործարանի հետ: 

 

 

 

 

Խորհուրդս է՝ Կասկադն ավարտվի այնպես, ինչպես նախագծվել է: Չնմանվենք Վորոնեժին կամ Տաշկենդին, նմանվենք Գինու և կոնյակի գործարանի, Քաղաքապետարանի շենքերին: Մենք ունենք պատմություն և բավական է այս ու այն կողմ նայենք. ճարտարապետությունը նորաձևություն չէ, որ ամեն տարի ձևն ու գույնը փոխի. ճարտարապետությունը ազգի պամութունն է, ճարտարապետությունը պատմական շերտեր ներկայացնողն է, իսկ մենք հարուստ ու բազմաշերտ պատմություն ունենք:

հավելյալ նյութեր