Օքրա
Եթե երբևէ մտածել ես սատարել տեղական արտադրությանը, սիրում ես արվեստ ու մի քիչ էլ մրսկան ես, ապա արի քեզ պատմենք հայկական արտադրության բրդյա ծածկոցների՝ «Օքրա» բրենդի մասին։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
Լուսանկարները՝ Հարություն Մալխասյան, Նաստյա Ռազուբաևա
@nasty.rr՝ @usta_k_ustam ապրանքանիշի համար
ԵՐԵՎԱՆ #70 | 2021
«Օքրա» սոցիալական ձեռնարկության առաջխաղացումն իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ֆինանսավորմամբ՝ «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի «ԿՈՎԻԴ-19-ի հաղթահարման ԵՄ Ֆոնդի» շրջանակում և Իմփաքթ Հաբ Երևանի աջակցությամբ։ Ծրագիրն աջակցություն է ստացել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի/Կոլբա լաբի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորվամբ:
Սույն հրատարակությունը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Սույն հրատարակության բովանդակության բացառիկ պատասխանատվությունը կրում է «Օքրա» սոցիալական ձեռնարկությունը և այն ոչ մի կերպ չի կարող արտահայտել Եվրոպական միության տեսակետները:
Հղումներ՝
ochre.am
Ինչպես ստեղծվեց Օքրան
Երկար ժամանակ Հայաստանում և Ռուսաստանում ժամանակակից արվեստի և մշակութային նախաձեռնությունների համար ֆոնդահայթայթման ոլորտներում ունեցած փորձառությունը, ի վերջո, Անուշ Զեյնալյանին, Ալինա Սարաիկինային և Նատալիա Գերասինային ստիպեց միավորվել ու մտածել որևէ յուրահատուկ ու նոր, բայց անկախ նախաձեռնությամբ հանդես գալու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտար լուծել ոչ միայն գեղարվեստական, այլև սոցիալական և կոմերցիոն խնդիրներ։
Այդպես ստեղծվեց «Օքրան»։ Համահիմնադիր Անուշ Զեյնալյանն ասում է, որ իրեն և իր գործընկերուհիներին հատկապես հետաքրքիր էր սոցիալական ձեռնարկատիրության կոնցեպտը։ Այս կոնտեքստում կարևոր էին արվեստն ու արվեստագետներին սատարելու գաղափարը, միևնույն ժամանակ՝ հայաստանյան սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին պատկերացումը։ Դրանից բացի «Օքրայի» թիմին շատ է ոգեշնչում Գյումրին և հենց այդ քաղաքից էլ սկսվել է ամեն բան, քանի որ Հայաստանի արդյունաբերության պատմության ուսումնասիրություններն իրենց հերթին ցույց տվեցին, որ Խորհրդային Միության տեքստիլի ամենամեծ գործարաններից մեկը եղել է հենց Գյումրիում։ Բացի այդ՝ Շիրակը ոչխարաբուծության և բրդյա մանածագործության դարավոր ավանդույթներ ունի։ Մյուս կողմից՝ ոգեշնչման աղբյուր էր Բաուհաուսի և Վխուտեմասի փորձառությունը։ «Օքրան» միավորում և վերաիմաստավորում է արվեստագետներին, ավանդական արհեստները և խորհրդային արդյունաբերական ժառանգությունը։
«Հայաստանում արվեստային խնդիրները հիմնականում հասկանալի էին մեզ համար, սոցիալական խնդիրները՝ նույնպես,– ասում է Անուշը։– Սկսեցինք ուսումնասիրել, թե ինչ խնդիրներ կան բիզնեսի ոլորտում և հասկացանք, որ աշխարհի շատ երկրների տեքստիլի արտադրողներ Հայաստան են ուղարկում հումքն ու ստանում իրենց արտադրանքը Շիրակի և Լոռվա մարզերում գործող տեքստիլի գործարաններից՝ օգտվելով էժան աշխատուժի հնարավորությունից։ Մեզ համար անչափ մտահոգիչ էր, որ Հայաստանը, փաստորեն, սպասարկում է այլ երկրների ընկերությունների գաղափարները»։
«Օքրան» ստեղծելու դրդապատճառներն այսքանով չեն սահմանափակվում։ Խնդիրը ոչ միայն սոցիալական ու ձեռնարկատիրական է, այլև արվեստային։ «Խնդիր ենք դրել արվեստը մոտ բերել մարդկանց։ Ինչպես մենք, այնպես էլ մեզ հետ համագործակցող արվեստագետները գտնում են, որ արվեստը, արհեստներն ու կիրառական արվեստը պետք է մշտապես շրջապատեն մեզ առօրյա կյանքում»,– նշում է Անուշն ու հավելում, որ «Օքրայի» սոցիալական կոմպոնենտն օգնում է ոչ միայն մանածագործներին, այլև հենց իրենց՝ արվեստագետներին. «Շատ կարևոր է ստեղծել պայմաններ, որտեղ արվեստագետը կարող է ազատ ստեղծագործել և չմտածել ապրուստի մասին, ինչը, ցավոք, Հայաստանում քիչ է հանդիպում։ Հենց այդ պատճառով կարևոր ենք համարում նախագիծը դարձնել եկամտաբեր, ինչը հնարավորություն կտա ստացված միջոցներն ուղղել արվեստային այլ անկախ նախագծերի իրականացմանը»։
Լավագույն հումքը
Հայաստանյան տեքստիլի ոլորտի ուսումնասիրություններն ու փնտրտուքները գործընկերուհիներին տարան դեպի Ամասիայում գործող բրդի գործարանը, որը 2019-ին վերաբացվել է Եվրամիության աջակցությամբ։ Գործարանի բրդի մշակման և արտադրական տեխնիկան շատ մոտ են հնին, դրանք ըստ էության հին տեխնիկայի լրամշակված տարբերակներն են, աշխատում են կիսաավտոմատ ռեժիմով և հետևաբար՝ ստեղծված արտադրանքը ձեռքի աշխատանքի արդյունք է։
Բացի այդ՝ բուրդը հայկական նյութական մշակույթի մաս է, բրդյա իրերը մեծապես օգտագործվել են հայերի կենցաղում։ Նաև կարևոր է, որ բրդի արտադրությունը, ի տարբերություն այլ կենդանական ծագում ունեցող հումքի տեսակների, չի վնասում կենդանիներին, բրդի ստացումը չի վտանգում բնության ու կենդանիների կենսաշրջանը։ Այս ամենի հետ մեկտեղ բրդից ստացվող թելը երկարակյաց է, ունի բարձր առաձգականություն, ծալքեր գրեթե չի առաջացնում, պահպանում է ձևն ու ծառայում է երկար տարիներ:
Արվեստ և ոգեշնչում
«Օքրան» համագործակցում է երեք արվեստագետի հետ, որոնք ստեղծում են ծածկոցների էսքիզները։ Արվեստագետներից մեկն Ալեքսեյ Մանուկյանն է, որի արվեստը մեծապես կապված է Գյումրիի լանդշաֆտի ուսումնասիրության հետ, Գոհար Մարտիրոսյանն էլ, չնայած որ այլևս Գյումրիում չի ապրում, հաճախ է վերադառնում և նույնիսկ դեռահաս տարիքում հաճախ է եղել Գյումրիի տեքստիլի գործարանում և այդ ամենի հետ նոստալգիկ կապ ու զգայունություն կա իր արվեստում։ Սերգեյ Նավասարդյանի հետ աշխատանքում «Օքրային» հատկապես հետաքրքիր էր արվեստագետի գրաֆիկ դիզայնի փորձառությունն ու մոտեցումները։ Անուշը նաև նշում է, որ իրենց հետաքրքիր էր սթրիթ արտի ոլորտում հայտնի Սերգեյի աշխատանքները դրսից բերել ներսի տարածքներ։
«Օքրայի» մասին խոսելիս Ալեքսեյ Մանուկյանը նշում է, որ այն այլ ոլորտի հետ առնչվելու և համագործակցելու հրաշալի հնարավորություն էր և մի նոր տարածք, որտեղ իր փորձը և գիտելիքը կարող է օգտակար լինել կիրակառական արվեստի այս ուղղությունը զարգացնելու համար: «Միայն մի մտահոգություն ունեի. ես միշտ ստեղծագործել եմ ինքնուրույն՝ հիմնվելով իմ ունեցած ռեսուրսի վրա: Իսկ այս դեպքում ես պիտի հաշվի առնեի նաև նախագծի կարիքները և նպատակները: Սակայն այդ տեսակ խնդիրները լուծվեցին նախագծի ընթացքում, որի համար շատ ուրախ եմ»,– նշում է նկարիչն ու հավելում, որ նաև խնդիր կար հասկանալու, թե արդյոք իրատեսակա՞ն է այն, որ հեղինակային ստեղծագործությունները կարող են դառնալ կիրառական արվեստի գործեր: Ալեքսեյին ամենից շատ հետաքրքիր էր հենց այդ կայացման ընթացքը։
«Օքրային» Ալեքսեյը տրամադրել է 2010-ականների իր մի շրջանի աշխատանքները: Դա «մաքուր» շրջան էր, երբ նկարիչն ազատվեց նկարչական մակերեսի ավելորդություններից՝ թողնելով «մաքուր» գծային հետք, ուղի, ճամփա, արահետ: Բրդյա ծածկոցները գործելու հին տեխնոլոգիան, պարզվեց, պատկեր ստեղծելու տեսանկյունից ունի սուղ հնարավորություններ և Ալեքսեյի աշխատանքները հնարավոր եղան կյանքի կոչել շնորհիվ իր կնոջ՝ Արփինեի, ով արդեն գործված ծածկոցի վրա ասեղնագործեց պատկերը: Այս առումով, սակայն, Ալեքսեյը խնդիր չի տեսնում, ասում է. «Ես ազատությունը ստեղծագործական նյութի մեջ չեմ տեսնում: Այն պրոցեսի մեջ է: Արվեստագետն ունի տարբեր փուլեր, որի ընթացքում նյութը փոփոխվում է կամ ոչ: Իսկ ազատությունը լայն իմաստով արվեստագետի ներքին վիճակն է, որը կամ կա, կամ ոչ»։
Գոհար Մարտիրոսյանն էլ շատ է կարևորում այն հանգամանքը, որ «Օքրան» կարողացավ ընդգծել ու վեր հանել այն, ինչը մի տեսակ թերագնահատված ու աննկատ էր մնում Գյումրիում։ «Այս շարքի համար օգտագործեցի հենց բրդի օրգանիկ գույները, ինձ համար կարևոր էր այդ հղումը մաքուր պահելը։ Կոմպոզիցիոն առումով ստեղծեցի լայն, երկու կամ երեք տարածքներ, որոնք հատվում են ինչ-որ տեղ։ Այդ առումով ոգեշնչված եմ Մարկ Ռոթկոյից, որի արվեստում երկրաչափական տարածքները խոսում են նաև ներքին տարածքների մասին։ Ինձ համար միշտ կարևոր է եղել փորձելը, քիչ խոսելը, բայց ինչ-որ բան ասելը, ինֆորմացիայով չծանրաբեռնելը, ինչը, կարծում եմ, սպառողական մշակույթի մաս է դարձել, և ես փորձում էի իմ գործերում գալ ինչ-որ զրոյական կետի»,– պատմում է Գոհարն ու հավելում, որ «Օքրան» ինչ-որ առումով կոլեկտիվ աշխատանքի արդյունք է և նման է ծածկոցի, որտեղ թելերը միահյուսվում ու ստեղծում են ընդհանուր պատկերը, դա, ըստ Գոհարի, մի փոքր հասարակության մոդել է։
Սերգեյ Նավասարդյանին էլ հատկապես դուր եկավ «Օքրայի» և մասնավորապես Անուշի մոտեցումը նախագծին և այն միտքը, որ արվեստագետներին կարելի է ներգրավել նման արտադրության մեջ։ Ըստ նրա՝ հետաքրքիր էր, թե ինչ կստացվի վերջում, քանի որ ի սկզբանե ինքն էլ չէր պատկերացնում վերջնական արդյունքը։ «Ես սիրում եմ փորձել, էքսպերիմենտներ անել ու «Օքրան» էլ ինքն իրենով էքսպերիմենտալ է։ Այն միանգամայն նոր է ինձ համար։ Ծածկոցների հետ աշխատանքը հետաքրքիր է նրանով, որ դրանք ստեղծվում են հին տեխնիկայով, ձեռագործ են և հենց դա էլ, ըստ իս, «Օքրայի» հիմնական առանձնահատկությունն է։ Բայց այդ տեխնիկան բավական շատ սահմանափակումներ ունի և միշտ չէ, որ այն, ինչ մտածել ես, հնարավոր է իրականացնել նույնությամբ։ Բավական երկար պրոցես է, պետք է հասկանալ ֆորմաները, ընտրել գույները, հղկել այնքան ժամանակ, մինչև որ տեխնիկական սահմանափակումներն ու քո ներքին ազատությունը հնարավորինս մոտեցնես իրար, ինչը բերում է էլ ավելի լավ արդյունքի»,– նշում է Սերգեյը։
Այժմ «Օքրան» ներկայացված է ոչ միայն Հայաստանում, այլև Սանկտ-Պետերբուրգում։ Այդ համագործակցությունն Անուշը շատ կարևոր է համարում հատկապես հայ արվեստագետներին միջազգային հարթակներում տեսանելի դարձնելու տեսանկյունից։