Օր 1․ Արամ
Ոսկե Ծիրան 2025

Օր 1․ Արամ

Լուսանկարիչ Բիայնա Մահարին վավերագրում է Ոսկե Ծիրան 2025-ի ամեն օրը` փառատոնում ներգրավված տարբեր դերակատարների տեսանկյուններից։ Օրինակ՝ փառատոնի լուսանկարիչ Արամ Ներսեսյանի։

Տեքստն ու լուսանկարները՝ Բիայնա Մահարու

#ՈսկեԾիրան #Արվեստ #Կինո

Օդանավակայանից ուղիղ Քեվին Սփեյսիին նկարելու. անցյալ տարվա Ոսկե Ծիրանը Արամի համար ամենա-ամենահիշվողն էր։ Ճամպրուկները մեքենայում մի կերպ տեղավորելուց ու (օդա)նավից պարահանդես շտապելիս, ասում է, միայն մի բան էր մտածում․ ափսո՜ս, որ բացմանը Երևանում չէի։ Նաև՝ ո՞նց կարող էր գնալ հանգստանալու ու մոռանալ ճշտել՝ երբ է փառատոնը:

 

 

 

Այսօր արդեն 22-երորդ փառատոնի բացման արարողությունն է: Նախ՝ պետք է վերցնել բեյջը, որ տարբեր փառատոնային տեղեր մտնելիս խնդիր չլինի, հետո նկարել նախապատրաստական աշխատանքները, կարմիր գորգը (որը այս տարի բնավ կարմիր չէ, բայց դա արդեն ուրիշ պատմություն է) և հանկարծ բաց չթողնել կարևոր հյուրերին ֆիքսելը: Հարցնում եմ՝ այդ կարևորների ցանկն ունի՞։ Ասում է՝ «ինչի՞ համար, բոլորին անգիր գիտեմ»: 

 

 

 

 

Բեյջի հետևից գնալուց առաջ պետք է ճանապարհին մի քանի տեղ փառատոնի գովազդային պաստառները նկարել, իսկ բացումից հետո` բացմանը հետևող փակ հյուրընկալությունը, ու իհարկե բոլոր նրանց, ովքեր ճանապարհներին կբռնացնեն և կխնդրեն նկարել իրենց այստեղ, այնտեղ և այլուր, վերջում էլ կհարցնեն՝ իսկ չի լինի՞ հենց հիմա նկարները ուղարկել, և, այո՛, աչքերովս եմ տեսել՝ երբեմն իրոք ուղարկում է, համարյա տեղում:  

 

Ոսկե Ծիրանը Արամի կյանքի մաս դարձել է շատ վաղուց, ավելի քան 10 տարի առաջ, երբ աշխատում էր ֆիլմարտադրող ընկերությունում։ Այսօր արդեն ինքն է Ոսկե Ծիրանի մաս` մի քանի տարի է ինչ փառատոնի պաշտոնական լուսանկարիչներից մեկն է. ասում է՝ կինո նայել այլևս աշխատելու հետ զուգահեռ չի հասցնում, վերջին կինոն 2020-ին է նայել. չնայած դրան, փառատոնը մնում է ամենասիրելի բաներից։ Իսկ հիմա էլ ավելի հաճելի է նրա մաս լինել, նկարել նկարներ որոնցով հպարտանում ես, տեսնել ոնց է գնահատվում քո աշխատանքը: 

 

 

 

 

 

 

Բացման ֆիլմն այս տարվա Կաննի Ոսկե արմավենին ստացած՝ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահարն» է, բայց Արամը այն չի նայելու․ ցուցադրությունը սկսվելուն պես դուրս ենք գալիս դահլիճից։ Խցիկով ցույց է տալիս Փանահիին գրկած ու օդ բարձրացրած Ամին Նադերիի լուսանկարը, «նայի ոնց եմ բռնացրել». Արամը գոհ է։: 

 

«Ֆիլմը չեմ տեսնի, ափսոս, բայց գոնե հաց կուտենք, որ հետո կարողանանք շարունակել», միամտաբար մտածում եմ ես, բայց դահլիճից դուրս գալուց հետո Արամը միանգամից նստում է ֆոյեի աթոռներից մեկին ու մտնում հեռախոսի մեջ. այսօրվա նկարներն է ուղարկում։ 21-երորդ դարում լուսանկարները նույն վայրկյանին խմբագրություն ուղարկող լուսանկարիչը ալյևս համակարգչով ու լիքը լարերով էն խառը մարդը չի, այլ ուղղակի հեռախոսով սքրոլ անող աթոռին նստած տղան:

 

 

 

 

Կինոյից հետո գնում ենք ֆուրշետին, որտեղ տրամաբանորեն ուտելիք կա, մեջիս հայ կնոջ ինստինկտը ինձնից ուժեղ է՝ «գոնե մի բան կեր», պնդում եմ, բայց Արամը խցիկն արդեն ուսին նետվում է նոր զոհերի փնտրտուքին. ես ասեմ խցիկ` դուք պատկերացրեք երկու հսկայական ծանր օբյեկտիվներով կամեռաներ, միշտ խաչված-կախված իրար վրա, ձեռքում էլ՝ դրոնը: Արամի կողքը ես իմ ու իմ փոքրիկ լուսանկարչական սարքը շատ ոչ պրոֆեսսիոնալ ենք նայվում: Հարցնում եմ՝ չի՞ հոգնում։ «Իհարկե հոգնում եմ, - ասում է,- բայց նկարելուց չեմ զգում, այ երբ գալիս եմ հասնում եմ տուն, նստում եմ ու էլ չեմ կարողանում շարժվել»:

 

Գործը մոտենում է կեսգիշերին, կարծես ժամանակն է ավարտել ու հանգստանա՞լ։ Քնե՞լ․․․ Չէ հա. գնալ օֆիս՝ նկարները մշակելու։ Արամն ասում է որ նկարները նույն օրն է սիրում նայել, որ տեսնի ինչեր է ստացվել, այսօրվա ամենասիրելիները օրինակ Փանահիի դիմանկարներն են: 

 

 

 

 

Արամն իր աշխատանքը շատ է սիրում, ասում է այն տալիս է հնարավորություն հայտնվելու շատ տարբեր վայրերում ու տեսնել բաներ որոնք այլ պայմաններում երբեք չէիր տեսնի: Օրինակ՝ Փանահիին կուլիսներում երբեք չէր հանդիպի այսօր, եթե Ոսկե Ծիրանից անակնկալ հյուրի մասին մի քիչ շուտ պատմած չլինեին: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գիշերվա 3-ին, ասում են, կարելի է առավոտ ասել, այնպես որ առավոտ էր, երբ վերջապես Արամն ասեց «գիտես այ հիմա զգում եմ որ հոգնած եմ», հորանջեց ու սկսեց իրերը հավաքել:

 

Արամ ջան, բայց պիտի մի բան ուտեիր, ախր․․․ 

հավելյալ նյութեր