Օր 2․ Նարե
Լուսանկարիչ Բիայնա Մահարին վավերագրում է Ոսկե Ծիրան 2025-ի ամեն օրը` փառատոնում ներգրավված տարբեր դերակատարների տեսանկյուններից։ Օրինակ՝ կամավոր Նարե Սիրունյանի։
Տեքստն ու լուսանկարները՝ Բիայնա Մահարու
Ոսկե Ծիրանը Նարեի կամավորության առաջին փորձը չի, բայց, ասում է՝ ամենասիրելին է։ Որպես ապացույց՝ ընդամենը 18 տարեկան է, բայց այստեղ վերադառնում է արդեն երրորդ տարին։
Նարեին խնդրում եմ ինձ` ծեր ու սկեպտիկ մեկին, վաճառել կամավորության՝ մեր սերնդին այդքան խորթ գաղափարը։
- Ես անշահախնդիր օգնում եմ են փառատոնին, որի միտքն ու առաքելությունը շատ եմ սիրում, անկախ վարձատրվելուց շատ հաճելի ա գիշերը քնելուց մտածել` ապրես, ի՜նչ լավ բան ես արել էսօր։ Սա իմ տարբերակն ա փառատոնին աջակցելու, ուրիշ բան չեմ կարող անել, օրինակ կինո նկարել չեմ կարող, չնայած մի օր հաստատ կուզեմ, այ կկարողանամ թե չէ՝ դեռ չգիտեմ։
Որոշ ժամանակ անց լսում եմ ինչպես են կամավորներով քննարկում վերջում ստացվող սերտիֆիկատները։ Բռնացրեցի՜, մտածում եմ:
- Իսկ որ ստերտիֆիկատ չտային վերջում, կանեի՞ք կամավորություն։
- Ոսկե Ծիրանին` հաստատ, - առանց մտածելու պատասխանում է Նարեն՝ չընկնելով ծուղակս։
Չնայած կինոյի հանդեպ սիրո և կինոդպրոցում սովորելու փորձ ունենալուն` Նարեն այս տարի ընդունվել է Ճարտարապետական համալսարան, պատմում է, որ ընդունվելու նորությունը իմանալը լրիվ կինոյի դրվագ էր․ նամակը ստացավ, երբ Զեմֆիրայի համերգին Նեմրան երգում էր «Նարե» երգը․․․
Ապագայում էլ կինոյի հետ կապվելու միտքը չի կորցնում: Ասում է, որ պարզապես կրթության որակը Հայաստանում կինոյի դաշտում իրեն չի բավարարում, եթե իրականությունն այլ լիներ` հավանաբար դերասանուհի կդառնար:
Այսօր օդանավակայան պիտի գնանք, հյուրերին դիմավորելը ամենապատասխանատու գործերից է, չէ՞ որ դու ես դառնում երկրից առաջին տպավորությունը: Թղթի վրա տպված անունով կանգնած սպասում ենք. առաջին անգամ իմ կյանքում անունով թուղթն իրոք ֆունկցիոնալ դեր է կատարում, այլ ոչ թե ընկերներին դիմավորելուց տափակ կատակի աղբյուր հանդիսանում:
Ինչպե՞ս հասնել հյուրանոցից Կինոյի տուն, ո՞րտեղ համով բուսակերական ուտելիքներ գտնել, ո՞նց է Երևանում եղանակը․ բոլոր այս և այլ կարևոր հարցերը քննարկվում են օդանավակայանից քաղաք տանող ճանապարհին մեքենայում: Ապա հյուրին ուղեկցում ենք հյուրանոց և գնում հաջորդ առաջադրանքի հետևից:
Այն է` կինոյի ցուցադրումից առաջ տոմսերը ստուգելը։ Քանի դեռ կանգնած ենք դահլիճի դռան մոտ, Նարեն պատմում է՝ ոնց էր նախորդ Ծիրաններից մեկին կամավորներից մեկը Հարություն Խաչատրյանից տոմս հարցրել, ասում է՝ պարոն Խաչատրյանը այնքան էր զարմացել, որ մտածել էր սրամիտ կատակ է:
Կինոյի տանը ցուցադրումների ժամերը քիչ-քիչ մոտենում են ավարտին, կամավորների սեղանին դեռ մոտենում են հատուկենտ հյուրերը՝ իրենց բեյջերի հետևից, երբեմն էլ տարբեր մարդիկ շատ տարօրինակ հարցերով, օրինակ՝ հայտնի դերասաններից մեկին ո՞նց գտնեն, քանի որ հետը ցանկանում են խոսել։
Բայց կամավորների շարքերում քննարկումները այլ են` տեսնես այսօրվա աֆթերփարթիին գնալ կկարողանա՞ն։ ՈՒ պատասխանը կարծես թե դրական է: Բայց, ինչպես ասում են` զանգը ուսուցչի համար է․ կամավորը աֆթերփարթիին էլ կամավոր է, այստեղ էլ փառատոնի մասնակիցները մոտենում են տարբեր հարցերով, բայց գոնե ավելի տոնական` գինու բաժակը ձեռքում. Նարեն արդեն 18 տարեկան է, որը նշանակում է՝ ալկոհոլն էլ արդեն արգելվածների ցուցակից դուրս է, բայց «չեմ խմելու», ասում է, «վաղուց եմ հաց կերել»: «Էս նոր սերունդը էլ են չի», մտածում եմ ես՝ հիշելով իմ ընկերներին 18-ում և պատկերացնելով նրանց այն ժամանակվա արձագանքը անվճար ալկոհոլին հասանելիությանը:
Մի փոքր փառատոնցիների հետ շփվելուց հետո ժամանակն է հեռանալ՝ 00:00-ին շարժվող վերջին մետրոյով դեպի տուն, ուժ հավաքելու, որ վաղը նորից գան թաքուն ապահովելու փառատոնի սահուն ընթացքը։
Ոչ գումարի համար, ոչ սերտիֆիկատի, այլ փառատոնի, որը բոլորինս է, ու որը, ինչպես ասում է Նարեն, ստիպում է հավատալ, որ ամեն ինչ դեռ կորած չի: