Օր 3․ Հայնուշ
Ոսկե Ծիրան 2025

Օր 3․ Հայնուշ

Լուսանկարիչ Բիայնա Մահարին վավերագրում է Ոսկե Ծիրան 2025-ի ամեն օրը` փառատոնում ներգրավված տարբեր դերակատարների տեսանկյուններից։ Օրինակ՝ Ամիր Նադերիի անձնական օգնական Հայնուշի։

Տեքստն ու լուսանկարները՝ Բիայնա Մահարու

#ՈսկեԾիրան #Կինո

Փորձում եմ պայմանավորվել Հայնուշի հետ, թե երբ ենք առավոտյան հանդիպելու, բոլոր «այս ժամին ո՞րտեղ կլինեք» կամ «իսկ հետո դեպի ու՞ր եք գնալու» տեսակի հարցերին պատասխանում է՝ «չգիտեմ, Նադերին դեռ չի որոշել». այսպիսինն է անձնական օգնականի կյանքը փառատոնում: 

 

22-երորդ Ոսկե Ծիրանը նաև Հայնուշի 22-երորդ Ոսկե Ծիրանն է: Տարիներ առաջ փառատոն եկած որպես թարգմանիչ, այսօր Հայնուշը թարգմանչության հետ զուգահեռ երբեմն իր վրա է վերցնում անձնական օգնականի պարտականությունները, բայց փառատոնի սահմաններից դուրս նա ոչ թարգմանիչ է ոչ էլ օգնական, այլ ռեժիսոռ է, երբեմն էլ՝ պրոդյուսեր։ 

 

 

 

 

1998 թվականին Պարկաստանից Հայաստան տեղափոխված Հայնուշի համար պարսկական մշակույթը առանձնահատուկ հարազատ է, դրա համար հիմնականում նա ուղեկցում է հենց իրանցի կինոգործիչներին: Այս տարի Հայնուշը Ամիր Նադերիի անձանակն օգնականն է, ասում է՝ այս հանդիպմանը շատ վաղուց էր սպասում, «Շրթհարմոնը» Հայնուշի մանկության սիրելի կինոնկարներից է ու պատկերացրեք՝ ինչքան ճակատագրական կարող էր լինել Թեհրանում գտնվող Հայնուշի համար Իրանում սկսված պատերազմը, որի պատճառով նա կարող էր առաջին անգամ բաց թողնել փառատոնը և, փաստորեն, Նադերիի հետ հանդիպումը: 

 

Բայց քարտերը դասավորվեցին այլ կերպ: Պարզվում է Նադերիին էլ մի քանի անգամ արդեն հրավիրել էին փառատոնին, բայց այժմ ԱՄՆ-ում բնակվող ռեժիսորի համար մտահոգիչ է եղել հեռավորությունը։ Լավ է, որ ի վերջո մտափոխվել է՝ ընկերներից մեկի հորդորով ու հիմա, Հայնուշն ասում է, ռեժիսորն այնքան է տպավորված Հայաստանից, որ ուզում է գալ այստեղ ֆիլմ նկարել: Դե, մենք էլ դեմ չենք: 

 

 

 

Օրը սկսում է Նադերիի հետ հանրային հանդիպումից, այստեղ թարգմանչի կարիք չկա և Հայնուշը կուլիսներից պարզապես ժպտալով լսում է հանդիսատեսի կարգավիճակով: Քանի դեռ Նադերին բեմին մեծ եռանդով ու շարժումներով պատմություններ է պատմում, կատակներ է անում բոլորին զվարճացնելով, Հայնուշն ասում է․ «Էնքան հետաքրքիր է, երբ ծանոթանում ես մարդկանց հետ ու տեսնում ես, որ իրենք շատ նման են իրենց կինոներին, այսինքն իրենց արվեստը կեղծ չի»։ 

 

 

 

 

 

Պատմում է, որ Նադիրին հոգում իր ֆիլմերի պես փոքրիկ երեխա է, նույն չարաճճիությամբ և էներգիայով, ասում է, որ նույն կերպ Քիառոստամին էր իր կինոների միանշանակ արտացոլումը: Քիառոստամիին այսօր Հայնուշը դեռ շատ կհիշի, ասում է՝ նա շատ ուրիշ մարդ էր: Պատմում է ինչպես էր ձմեռը գիշերը ժամը երկուսին իր ուսանողների հետ մնում փողոցում, երբ իրենց դասընթացի համար ինչ-որ բաներ էին նկարում, ուղղակի որ իրենց մենակ չթողնի․ «Ես ցրտին չէի դիմանում, մեկ-մեկ մոտիկ սրճարաններում նստում էի, որ մի քիչ տաքանամ, իսկ ինքը իրենց հետ մինչև վերջ մնում էր, թեև հանգիստ կարող էր գնալ հյուրանոց»: 

 

 

 

 

Քիարոստամիին հիշելով շարժվում ենք նրա լուսանկարների ցուցահանդեսի բացմանը Ազգային պատկերասրահում, ու քանի դեռ Ոսկե Ծիրանի համահիմնադիր Հարություն Խաչատրյանն իր հուշերն է պատմում, Հայնուշը ինձ պատմում է՝ ինչպես էր Քիարոստամին ազդվել Խաչատրյանի «Սահմանը» ֆիլմից և ինչպես էր ամեն տեղ խոսում ֆիլմում կովի բոլորովին մարդկային հայացքից: 

 

Քիարոստամին, ասում է, ժամանակին կատակում էր որ Հայնուշն իրանցի ռեժիսորների կոլեկցիա է հավաքում, և եթե հարցին այդպես նայենք` Հայնուշի համար Նադերին` Քիարոստամիի հետ զուգահեռ կոլեկցիայի գլխավոր գանձերն են, չէ՞ որ երկուսի կինոն է սիրել է դեռ մանկուց: 

 

- Չգիտեմ պարսկասկանում օրինակ ես շանս կունենայի՞ շփվել Քիարոստամիի հետ։ Իսկ Ոսկե Ծիրանը ինձ այդ բախտը ընդձեռեց, ու ես իրենցից միշտ շնորհակալ կլինեմ դրա համար։

 

 

 

 

 

Ցուցահանդեսի բացումից շարժվում ենք «Կինոմոսկվա»` հիմա էլ փառատոնի մեկ այլ նշանավոր իրանցի հյուր Ջաֆար Փանահիի ֆիլմը ներկայացնելու: Ներկայացնելուց հետո դահլիճից դուրս գալիս Փանահին շշնջում է, որ մի փոքր այստեղ կմնա՝ տեսնի ձայնի որակը ինչպիսինն է, արդյոք ամեն ինչ նոռմա՞լ է, թե ոչ: Մի քանի րոպե պատի տակ կանգնում սպասում է՝ վստահ լինելու, որ իր հանդիսատեստը որակյալ ձայն է ստանալու: 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես միշտ կարճ նկարագրած երկար օրվա վազվզոցից հետո` աֆթերփարթիի ժամանակն է և այսօր ավանդական հայկական պարացնող երգերի հետ միասին խելացի դիջեյի թեթև ձեռքից կլինեն նաև իրանական ճանաչված երգեր, պարսիկները կպարեն հայկական երաժշտության տակ հայերի հետ, հայերը` պարսկականի, պարսիկների հետ: Մի՞թե սրա համար չէ՞, որ ստեղծվում են փառատոները։

հավելյալ նյութեր