Օր 4․ Տիգրան
Ոսկե Ծիրան 2025

Օր 4․ Տիգրան

Լուսանկարիչ Բիայնա Մահարին վավերագրում է Ոսկե Ծիրան 2025-ի ամեն օրը` փառատոնում ներգրավված տարբեր դերակատարների տեսանկյուններից։ Օրինակ՝ կինոմեխանիկ Տիգրանի։

Տեքստն ու լուսանկարները՝ Բիայնա Մահարու

#ՈսկեԾիրան #Կինո

Եթե մտնեք Կինոյի տուն, հետո գնաք աջ, հետո ձախ, հետո ուղիղ նեղ անցումով, հետո դռնից ներս, վերև երեք հարկ (թե՞ չորս), հետո աջ (թե՞ ձախ), հետո ուղիղ (թե՞ աջ), կարճ ասած, քայլելով՝ էն մարդու հետևից, որն եկել է ձեզ դիմավորելու, կհայտնվեք կինոթատրոնի սրտում, այնտեղ որտեղ տեղի է ունենում ամբողջ հրաշքը: «Մեչտա»՝ գրված է պրոեկտորի դիմացի ապակին անընդհատ մաքրելու համար հատուկ մոտիկ դրված նյութի վրա, ու թվում է թե այդ անվանումը պատահական չէ:

 

 

 

 

Մեծ պտուտակներով հին սարքերի կողքին արդեն նորերն են՝ մեծ սառեցման և օդափոխության համակարգերով։ Պարզվում է՝ այս տարի փառատոնի շրջանակում (համենայն դեպս այս սրահում) ոչ մի ժապավենով ֆիլմ չի ցուցադրվելու ու կինոները վաղուց այստեղ գալիս են ոչ թե տուփերի, այլ հղումների տեսքով:

 

Հարցնում եմ Տիգրանին՝ ինչում է կայանում իրենց գործը` «Նենց ենք անում, որ ֆիլմը առանց պրոբլեմի հայտնվի էկրանին, ֆայլերի ֆորմատներն են երբեմն սխալ ուղարկում, երբեմն այլ խնդիրներ են լինում, սուբտիտրերն ենք դնում և այլն»։ «Ինչ էլ հանգիստ գործ է, - մտածում եմ,- երևի նկարելու բան էլ չի լինի», բայց միտքս կտրում է Տիգրանի հեռախոսի զանգը: 

 

Օրվա վերջում այդ ձայնից արդեն ես եմ սովորում վեր թռնել, արդեն հասկանում եմ, ամեն զանգ ինչ-որ խնդրի ազդանշան է: Գրեթե ամեն զանգից հետո Տիգրանը շտապ օգնության արագությունով նետվում է երկարաձիգ աստիճաններով ներքև, անհասկանալի լաբիրինթոսների մեջ գտնում ճիշտ սրահը և փորձում հասկանալ՝ օրինակ, ինչու պրոեկտորը չի միանում համակարգչին: 

 

 

 

 

 

Տիգրանը կինոմեխանիկ սկսել է աշխատել հենց այստեղ՝ Կինոյի տանը 2021 թվականից, ասում է մինչև դա կինոյի հետ բացի մեծ սիրուց ուրիշ կապ չի ունեցել։ Բայց ի՜նչ սեր․ մի անգամ նույնիսկ համալսարանում քննության չի գնացել՝ «Վարդի անունի» միակ սեանսը բաց չթողելու համար: 

 

Տիգրանին խնդրում եմ մի քանի րոպե խոսենք, նստում ենք, հարց եմ տալիս, ուղիղ երեսուն վայրկյանից կրկին լսվում է հեռախոսի զանգը ու Տիգրանը վազում է: Այս անգամ խնդիրը մեծ սրահի ձայնի հետ է։ Քիչ- քիչ սենյակում շատանում են մարդիկ, հեռախոսը չի դադարում զնգալ, բոլորը խառնված վազում են այս ու այն կողմ՝ փորձելով հասկանալ՝ ինչում ն է հարցը: Չգիտեմ քանի րոպե անցավ դահլիճում միչև ձայնի շտկվելը, բայց մեր սենյակում մոտ մեկ ու կես տարի՝ հաստատ: 

 

 

 

 

 

Հարցնում եմ Տիգրանին՝ նման իրավիճակներ շա՞տ են լինում։ Ասում է, որ փառատոնի ժամանակ կարող են ամեն օր էլ լինել: Իսկ ո՞նց չխելագարվել։ Տիգրանը ժպտում է և պահարանին ցույց տալիս: Այնտեղ պահած կոնյակը, ասում է, հյրուերի համար է, բայց նման սթրեսային դեպքերում` օգնում է: 

 

Իսկ դեպքերը տարբեր են լինում, երբեմն տեխնիկայի հետ է խնդիր, երբեմն ֆայլերի, պատմում է, որ մի անգամ Ոսկե Ծիրանի ժամանակ, երբ փառատոնի գեղարվեստական ղեակվար Կարեն Ավետիսյանը դահլիճում ֆիլմ էր ներկայացնում, իսկ այն դեռ չէին հասցրել ներբեռնել, ստիպված առաջին շարքից Կարենին հասկացրել են, որ ելույթը լավ երկարացնելու կարիք կա, Կարենն էլ պատվով էր դուրս եկել երկար խոսալու իր առաքելությունից ու կինոն սկսվել էր ժամանակին` կարծես ոչինչ չէր պատահել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մի կարևոր բան, որ հասկացա այսօր` չեք պատկերացնում քանի անգամ դուք կարող էիք չտեսնել ֆիլմը, որը եկել էիք դիտելու, քանի անգամ երեք րոպե ուշ սկսած կինոն կարող էր ուղղակի չսկսվել, ու ոնց մենք չենք պատկերացնում, թե ինչպես են անտեսանելի մարդիկ կուլիսներում ծայրը ծայրին հասցնելով ապահովում ցուցադրությունների ճիշտ ընթացքը, հիմնականում սեփական առողջության ու նյարդերի հաշվին:

 

Տիգրանի զանգերը շարունակվում են ամբողջ օրը, մտքումս Չուկովսկին է․ «Եվ նորից զանգեց իմ հեռախոսը: Այս անգամ խոսում է կոկորդիլոսը..․»

 

 

 

 

 

 

Ժամը 11-ի կողմերը գալիս է պիցցան. հարցնում եմ՝ մի՞շտ են այս ժամին ուտում։ Ծիծաղելով պատասխաում է, որ ոչ, երբեմն ավելի ուշ, ոնց պատահի, երբ ժամանակ եղավ, կամ էլ երբ զգում են որ էլ չեն դիմանում: Այսօր չեմ դիմանում արդեն ես, քանի դեռ հիմնական դահլիճի էկրանին ինչ-որ բան են ստուգում և իրենց հանդիսավոր վախճանն են դիմավորում պիցցայի վերջին փշուրները` զգում եմ իմ տուն գնալու ժամանակն է:

 

 

 

 

- Սրանից հետո երբ դահլիճում մի բան նենց չգնա, ոչ թե մտածելու եմ ինչ վատ աշխատանք է կատարվել, այլ պատկերացնելու եմ՝ ոնց եք հարկերով շնչակտուր վազում ու փորձում լուծել խնդիրը, - խոստանում եմ լրիվ սրտանց, ցտեսություն եմ ասում և հեռանում

հավելյալ նյութեր