Օր 5․ Աստղիկ
Լուսանկարիչ Բիայնա Մահարին վավերագրում է Ոսկե Ծիրան 2025-ի ամեն օրը` փառատոնում ներգրավված տարբեր դերակատարների տեսանկյուններից։ Օրինակ՝ կինոդիտող Աստղիկի։
Տեքստն ու լուսանկարները՝ Բիայնա Մահարու
Ամեն տարի ուղիղ մեկ շաբաթ Աստղիկը ունի շատ յուրօրինակ սննդային դիետա՝ սնիկերս, կարկանդակ ու խաչապուրի. այո, ամենաառողջ սննդակարգը չի, բայց միակն է, որ թույլ է տալիս մաքսիմալ քանակությամբ կինոներ դիտել Ոսկե Ծիրանի շրջանակում.
Արդեն 10 տարի է, ինչ ամեն տարի Աստղիկը նույն ժամանակ արձակուրդ է վերցնում, որ կարողանա մասնակցել փառատոնին, կապ չունի, թե որտեղ է աշխատում. ասում է՝ մի անգամ ձմեռն էր հարցազրույցի, ու իմնալով որ օրինական արձակուրդ մինչև ամառ չի ունենա զգուշացրել էր, որ այդ շաբաթը պիտի պարտադիր ազատ օրեր ունենա: Բոլոր բարեկամներն ու ընկերները գիտեն, որ Ծիրանի շաբաթ Աստղիկին կարելի է դիմել միայն, եթե կյանքի և մահվան հարց է, մնացածը կսպասի:
Աստղիկը Վանաձորից է, Ոսկե Ծիրանի հետ սերը եղել է առաջին հայացքից, երբ տեղափոխվեց Երևան և իմացավ, որ այստեղ նման փառատոն կա։ Իրավաբանականում սովորող Աստղիկը պատահաբար կուրսում համախոհ ընկերուհի էր գտել, որի հետ էլ սկսեց գրոհել Ոսկե Ծիրանը։ Ասում է, որ մինչդ դա էլ էր սիրում կինոն, բայց հիմնականում մեյսնթրիմին էր ծանոթ, իսկ Ծիրանը պատուհան բացեց դեպի լրիվ ուրիշ աշխարհ:
Չնայած տոմսերն այն ժամանակ 500 դրամ էին, ուսանողի համար դա էլ էր լուրջ բեռ․ պատմում է, որ կինոթատրոն մտնելու իրենց ձևերն ունեին, առավոտյան գալիս էին թաքուն մտնում դահլիճ և այնտեղ մնում ամբողջ օրը ու իրար հետևից կինոներ նայում:
Այժմ Աստղիկը Վիեննայում է սովորում, թանգարանների ուսումնասիրության բաժնում, մեկնելուց չէր պատկերացնում, որ կինոյի հետ ինչ-որ կերպ հնարավոր կլիներ կապել ուսումը, բայց պարզվեց, որ շատ երկրներում այժմ ընդունված է թանգարանում ունենալ կինոթատրոն և դա մի առանձին աշխարհ է: Ասում է, որ հիմա արդեն սկսել է մտածել, որ ավարտի հավանաբար հենց այդ ուղղությամբ կցանկանա շարունակել` թանգարանների և կինոյի միաձուլման` կինոթանգարանների, կինոարխիվների:
Կինոն Աստղիկի ոչ միայն փառատոնային այլ նաև անձնական կյանքի մի մասն է: Ամուսինը` Սաշան, թեև նույնպես իրավաբան է և ծանոթացել են փառատոնից դուրս, ոչ միայն կիսում է այլ, կարելի է ասել, կրկնապատկում է Աստղիկի ոսկեծիրանյան հակումները: Սաշան Ծիրանի այցելու է 2011 թվականից ու արդեն մի քանի տարի է փառատոնի տարածաշրջանային ծրագրի համադրողներից է: Աստղիկն էլ վերջին մի քանի տարին երբեմն թարգմանում է ամուսնու նյութերը փառատոնային օրաթերթի համար, երբեմն ուրիշ մանր գործեր է անում, երբ դրա կարիքը լինում է․ գրեթե միշտ կամավորական հիմունքներով: Ասում է՝ հիմա ինքն էլ է մի քիչ դարձել փառատոնի մասը:
Քանի միասին քայլում ենք Ոսկե Ծիրանի մետաքսե ճանապարհով` Կինոյի տնից Կինոմոսկվա, Աստղիկը պատմում է իր հիշողությունները նախկին Ծիրաններից, ասում է, որ փառատոնը մի առանձնահատուկ բան էր, որը գրավում էր ամբողջ քաղաքը, բացի դրանից, նշում է, ինքն էլ էր երիտասարդ, հաստատ դա էլ դեր ունի նրանում, որ այն տարիները հիմա շատ ռոմանտիկ են հիշվում: Առանձին քնքշությամբ է խոսում է Midnight wrap up-ների մասին (կինոսիրողների ոչ պաշտոնական կեսգիշերային հանդիպումներ-ամփոփումներ - խմբ․). առաջին տարին շատ էր, տխրել որ չէր կարողանում այցելել, դեռ շատ երիտասարդ էր և ուշ ժամին տուն գալը խնդիր կլիներ։ Հարցը լուծվեց մյուս տարվանից, երբ արդեն մենակ էր ապրում։ Ասում է՝ այդ փոքր սենյակում գիշերային հավաքները շատ մտերմիկ էին:
- Շատերի համար այդքան կարևոր չի կինոգործիչների Հայաստան գալը, ասում են հեն ա՝ կարող ես բացել ինտերվյուն կարդալ, բայց ես էդպես չեմ համարում։ Երբ իրանք գալիս են, մի տեսակ ոնց որ դուրս գաս էդ իզոլացված վիճակից, որում մեր կինոինդուստրիան ա: Հետաքրքիր ա, որ մեծ փառատոներում, - իսկ Աստղիկը եղել է մի քանի փառատոնում, ներառյալ օրինակ Բեռլինալեն, - նույն տպավորությունները չկան. հյուրերը շատ են, բայց դու կարող ա իրանց ուղղակի չտեսնես, իսկ էստեղ՝ փոքր քաղաքում, ամեն ինչ շատ մոտիկ ա.
Պրոգրես էլ, ասում է, կա․ Ռանդեվուների (փառատոնի մեծանուն հյուրերի հետ հանրային հանդիպումներ - խմբ․) հարցերի որակը, ըստ Աստղիկի, շատ է լավացել։ Այ օրինակ մի քանի տարի առաջ Դարեն Արոնոֆսկուն հարցրել՝ ինչպես է ինքը՝ որպես աթեիստ, զգում իրեն առաջին քրիստոնյա երկրում․․․ Հիմա, ասում է, նման հարցեր էլ չեն տալիս:
Աստղիկը դուրս է գալիս այսօրվա վերջին կինոյից, «Երիտասարդ մոր տունը», ասում է Դարդենների իր ամենասիրելի ֆիլմը չդարձավ, բայց լավն էր։ Ավելի է հավանել նախորդը սեանսի ֆիլմը` Քրիստիան Պեթցոլդի «Հայելիներ համար 3»-ը․ Աստղիկի անձնական ցուցակում առայժմ փառատոնում այս տարի տեսած ամենալավ կինոն է: Այսօր ընդհանուր առմաման 2,5 կինո է նայել, ու ոնց որ թե քանակից գոհ չէ, կարող էր և ավելի լինել: Հարցնում եմ՝ ամեն օր այդքան կինո նայելուց չի՞ հոգնում։ Ասում է, որ սովորական կյանքում ամեն օր հաստատ չէր կարողանա, բայց երբ փառատոն է, ամբողջությամբ ընկղվում է այդ աշխարհ:
Վիեննայում ամուսնու հետ կինոթատրոնների աբոնեմենտ են վերցրել, որով կարող են ցանկացած կինո գնալ մի քանի կինոթատրոնում, ու պլանավորում են օգոստոսին մի քանի օր իրենք իրենց համար փառատոն ստեղծել՝ ցուցակ գրել ու մի քանի օր ամբողջ օրը կինո գնալ:
Բայց Աստղիկն ասում է որ փառատոնը մենակ կինոները չեն, այլ մարդիկ են. տեսնում ես հին ծանոթներիդ, լավ ընկերների, որոնց տարվա մեջ տեսնել չես հասցնում. մեկ-մեկ պետք է ընտրես՝ մտնես կինո՞ նայես, թե՞ մնաս խոսես ինչ-որ մեկի հետ, որին պատահաբար տեսել ես։ Ու կինոն միշտ չի, որ ճիշտ ընտությունն է, չէ՞ որ երբեմն կարող ես հանդիպել մեկին, ով խոսակցության կեսից ձեռքիցդ կբռնի ու կտանի ցույց կտա փոքր աղոթատեղի Երևանի ամենակենտրոնում, որի գոյության մասին գաղափար չունեիր, կամ աֆթերփարթիին հանկարծակի հանդիպես հավանածդ ֆիլմի ռեժիսորին ու բոլոր հարցերը ուղղես ուղիղ հեղինակին, էլ ո՞րտեղ կունենաս էդպիսի հնարավորություն։ Ոչ մի տեղ. այդ իսկ պատճառով Կինոմոսկվայից ուղիղ գնում ենք «Իլիկ», որտեղ արդեն գինին է, որտեղ արդեն գարեջուրն է և մնացած բոլոր այդքան ծանոթ դեմքերը:
Ինչպես ասում է հայտնի աֆթերփարթիներին նվիրված ասացվածքը՝ «ինչը՞ կհաղթեր կյանքում հերոսին, թե չլինեին կինոն ու գինին»: