Օր 7․ Կարեն Ա․
Ոսկե Ծիրան 2025

Օր 7․ Կարեն Ա․

Լուսանկարիչ Բիայնա Մահարին վավերագրում է Ոսկե Ծիրան 2025-ի ամեն օրը` փառատոնում ներգրավված տարբեր դերակատարների տեսանկյուններից։ Օրինակ՝ փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի։

Տեքստն ու լուսանկարները՝ Բիայնա Մահարու

#ՈսկեԾիրան #Կինո

Կարենի հետ հանդիպում ենք վաղ առավոտյան հյուրանոցներից մեկում, որում տեղակայված են փառատոնի հյուրերը: Միջազգային մրցույթի ժյուրիի անդամների հետ պիտի հանդիպի և լսի նրանց առաջարկներն ու կարծիքները փառատոնի մասին: Պատասխանատու պահ է՝ տալ հարց, որի պատասխանից գուցե գոհ չլինես, բայց արի ու տես, որ ժյուրիի անդամները միաձայն գովում են փոքրիկ (բայց հպարտ) փառատոնի է՛լ ֆիլմերի ընտրանին, է՛լ հրավիրված մասնագետներին, և առհասարակ փառատոնը: Կարենի դեմքի արտահայտությունը գրեթե չի փոխվում, բայց նույնիսկ հեռվից տեսնում եմ, թե ինչպես է մտքում խոր շունչ քաշում: Արդեն 5-րդ տարին է ինչ Կարենը փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: Ինչպես ընդունված է ամերիկյան մեծ կորպորացիաներում՝ փառատոնային իր ճանապարը սկսել է տարիներ առաջ «ամենաներքևից»:

 

 

 

- Մի քանի ֆիլմի համար ռեվյու գրեցի, հավանեցին, մյուս տարի առաջարկեցին ավել գրել, էն մյուսին՝ լինել ֆիլմերի ընտրման հանձնաժողովի անդամ,- այսպես փոքր քայլելով աճելով 2018 թվականին, երբ փառատոնի համահիմնադիր ու ղեկավար Հարություն Խաչատրյանը որոշեց, որ պետք է լինի սերնդափոխություն` Կարենը դարձավ ծրագրերի ղեկավարը, մի քանի տարի անց էլ արդեն՝ գեղարվեստական ղեկավար: Կարենն ասում է նույնիսկ այժմ, երբ արդեն 5 տարի է այս պաշտոնում է, հյուրերը հաճախ զարմանում են երիտասարդ տարիքի վրա: 

 

 

 

 

Վերելքի ամբողջ ճանապարհը տևեց 9 տարի, բայց այսօր էլ Ոսկե ծիրանի մասին խոսելից Կարենի աչքերը վառվում են:

 

- Այս գործն իր մեջ կախարդանք ունի, ամեն տարի կարծես առաջին անգամը լինի, ու դա ուղղակի ձևական բառեր չեն, ստեղ կարծես ռուտինա ուղղակի չկա, ամեն տարի ամեն ինչ ուրիշա նույնիսկ եթե ծրագրերն են  նույնը` բովանդակությունը ամբողջուտյամբ փոխվում է, այնպես որ, եթե շատ մեծ սեր ունես կինոյի հանդեպ` ինքը (այս գործը - խմբ․) երջանկության նման մի բան ա:

 

 

 

 

 

 

Մի քանի օր Ոսկե Ծիրանի շուրջ աշխատելով հասկացել եմ, որ փառատոնի հետ առնչություն ունեցող մարդկանց համար մի շաբաթ մեծ խնդիր է դառնում ոչ միայն ուտելիքը, այլև քունը։ Քանի դեռ համակարգչի դիմաց տեղադրում եմ նախորդ օրվա նյութս, Կարենը հյրաունոցի ֆոյեյում աննկատ քնում է։

 

- Քանի անգամ ես էս քանի օրվա մեջ քնել դրա համար ոչ հատկացված տեղերում, - հարցնում եմ, երբ արթնանում է։ 

 

- Շատ չէ իրականում, մենակ էսօր ու երեկ: Ես տենց լավ գիծ ունեմ, եթե կա տեղ որտեղ կարող եմ արմունկս հենել` կարող եմ քնել, անկախ հարմարությունից կամ ձայներից:

 

Ծիրանում աշխատելու համար այդ գիծը ոչ թե շքեղ մաքսիմում է, ալն անհրաժեշտ մինիմում:

 

 

 

 

 

 

Հյուրանոցից անսպասելիորեն գնում ենք վարսավիրանոց` վերջին պահին հասցնել մազերը կտրել, չէ՞ որ երեկոյան փառատոնի փակման արարողությունն է: Ամենաշարքային ավանդական վարսավիրանոցում մազերի որակի մասին զրույցներն անսպասելիորեն համալրվում են ոսկեծիրանյան ոգով` կազմակերպչական հարցերով անդադար հեռախոսազզանգերով:

 

Վարսավիրանոցից քայլում ենք Ոսկե Ծիրանի դատարկ գրասենյակ՝ այս օրերին այստեղ շատ մարդ չի լինում, բոլորը վազվզում են քաղաքով և լուծում տարբեր հարցեր: Փառատոնը մեծ օրգանիզմ է և միշտ կա մի բան, որն էնպես չի գնում, ու դրա տակից ստիպված են ամեն օր դուրս գալ կազմակերպիչները: Կարենը պատմում է, որ այս տարի փառատոնի ամենագլխավոր իրադարձությունը` բացումը, պետք է տեղի ունենար Մարզահամերգային համալիրում, բայց Հայաստանը ստացել էր հնարավորություն անցկացնել բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը, որը նույնպես որոշվել էր այնտեղ անել. պարզ է, որ այլ՝ մարզական դահլիճում, բայց բացման հետ զուգահեռ պատի հետևում պետք է գնար Հայաստան- Իռլանդիա խաղը, ու կազմակերպիչները հասկացել էին որ ազգային երկրպագուների ուրախության ձայները շատ յուրահատուկ միջավայր էին դառնալու ամբողջ աշխարհից հավաքված բացման կինոն նայող կինոսերների համար: Բացումից 3 օր առաջ ընդունվեց որոշում տեղափոխել ամեն ինչ Կինոյի տուն: Դեկորացիաները, լույսերը՝ ամենը, ինչ պատրաստած էր Համալիրի համար, ստիպված տեղավորեցին Կինոյի տանը, տեղը նեղ էր, բայց կարծես ամեն ինչ ստացվեց:

 

 

 

 

 

 

Կինոյի Տունը փառատոնի աշխատողներից և կամավորներից շատերի ժամանակավոր տեղակայման կայանն է նաև, ցանկացած սեղան հիշացնող հարթության վրա համակարգչով գործ անող մարդ կա: Հասնում ենք աստեղ դռների բացումից առաջ ծանոթանալու իրավիճակին: Կարենը սկսում է հարց ու փորձ անել, որ հասկանա՝ ինչի հետ էին կապված երեկվա ֆիլմերի ընթացքում լույսի անջատումները, ասում են՝ քաղաքում արդեն սովորական դարձած անջատումներից է, փառատոնի խնդիր չի: Կարենն ասում է՝ պրոբլեմներ շատ են լինում, բայց իր համար ամենացավոտը կինոների ցուցադրման ընթացքում ծագած խնդիրներն են։ Պատմում է որ տարիներ առաջ Ալեքսանդր Սոկուրովի ֆիլմը կտրվել էր կեսից և չէին կարողացել շարունակել, պարզվել էր՝ ժապավենի մի մասը պարզապես տեղ չէր հասել, իսկ ռեժիսորը նստած էր դահլիճում:

 

- Չեմ պատկերացնում՝ ինչ ավելի վատ բան կարա լինի, հա՛մ փառատոնի համար, հա՛մ ֆիլմի հեղինակի, չէ՞ որ այդքան մարդ հավաքվել է իր ֆիլմը նայելու և հուսախաբ է լինում:

 

Գնում ենք գլխավոր դահլիճ՝ հասկանալու ինչպես է ընթանում նախապատրաստությունը, որպեսզի այսօր ոչ մի խնդիր չծագի, իսկ այնտեղից արդեն երեկոյին ընդառաջ զգեստափոխվելու` հյուրանոց։ Ինչի՞ հյուրանոց, հարցնում եմ։ Պարզվում է՝ փառատոնի օրերին այն աստիճանի ժամանակ չկա, որ ղեկավարական կազմով տեղափոխվում են ապրելու մոտիկ հյուրանոց, որպեսզի տուն գնալու և տնից գալու վրա ավելորդ րոպեներ չծախսվեն: 

 

 

 

 

 

 

 

 

 

Հյուրանցից շտապում ենք դահլիճ, որտեղ արդեն հավաքվում են հյուրերը: Նախասրահում իրարանցում է` զլմները նկարում են հյրուրերին, հյուրերը նկարում են իրար, բամբասում են, քննարկում փառատոնյան 7 օրերի իրադարձությունները, դռան հետևում Կարենը թաքուն ստորագրում է հաղթած կինոնկարների սերտիֆիկատները:

 

Երկու ժամ անց․ բոլոր մրցանակները բաժանված են, շնորհակալությունները ասված, բեմում Ոսկե Ծիրանի ամբողջ կազմն է՝ Կարենի և Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ` 22-երորդ, մեզ համար այդքան հարազատ դարձած փառատոնը հայտարարում են փակված:

 

- Տխրո՞ւմ ես, երբ փառատոնը փակվում է,- հարցնում եմ։

 

- Դատարկվում ես մի տեսակ, ինչպես միշտ, երբ ինչ-որ լավ բան վերջանում ա, միգուցե մի տարի ավելի թուլանա էդ զգացողությունը, բայց առայժմ ամեն տարի նույնն ա:

 

 

 

 

 

 

 

 

Բայց դուք մի տխրեք, հուլիսից հետո օգոստոս կգա, ամառվանից հետո աշուն կգա, աշունից հետո` ձմեռ.. դե հասկացաք օրինաչափությունը` ի վերջո ամառ կգա, ու հունիսին մի տեղ ֆեյսբուքում պատահաբար կնկատեք 23-երորդ փառատոնի հայտարարությունը, նոր պաստառը կքննարկեք ընկերների հետ, «էս տարվանը լավն ա, մեկ էլ գիտես որն էի սիրում այ են աթոռներովը», շշուկով կպատմեք, թե ինչ ներքին տեղեկություն ունեք տարվա հյուրերի մասին, նախապես կպլանավորեք այդ օրերին ազատ լինելը, Կարենը և մնացածը կրկին կանցնեն 24 ժամ աշախտելու ռեժիմին, մի տարում կուտակած առողջությունը նորից քամուն կտան մի շաբաթում՝ ինչ-որ սիրուն բանի համար, հանուն այս մարդկային տոնի, հանուն կինոյի:

հավելյալ նյութեր