Ordinary architecture․ «Այստեղ մարդիկ ավելի մեծ դեր ունեն, քան ճարտարապետությունը»
Ճարտարապետության գրադարանի (LFA) համահիմնադիրներ auditoria* նախագծի ղեկավար Ալեքսեյ Լաշկովը և Meganom բյուրոյի ղեկավար Յուրի Գրիգորյանը untitled architecture ստուդիայի համահիմնադիր Բոգդան Պերիչի հետ քննարկում են ճարտարապետության այսպես կոչված ordinary ուղղությունը, որին նվիրված է Միլանի Տրիենալեի՝ LFA-ի կողմից համակարգվող հայկական տաղավարը։
Լուսանկարները՝ Միտյա Լյալինի/LFA
Բոգդան. Ես կուզեի սկսել երկու հարցից։ Առաջինը գլոբալ է՝ ի՞նչ ենք հասկանում ընդհանրապես ասելով ordinary architecture, դա ճարտարապետի՞ արածն է, թե՞ քաղաքային միջավայրի սպոնտան վիճակն է։ Եվ երկրորդը, ավելի կոնկրետը՝ ordinary բառը սովորաբար ասոցացվում է բացասական երևույթների հետ, ինչու՞, ինչպե՞ս փոխենք այդ պատկերացումը։
Յուրի․ Կա երկար ընթացող քննարկում ճարտարապետության և էսթետիկայի մասին։ Հաճախ այդ քննարկումը հասնում է ճարտարապետական երկու դպրոցներին․ մեկը գեղարվեսի դպրոցից է սերում, որտեղ ճարտարպետը նաև նկարիչ է, ընդ որում նորարար նկարիչ։ Եվ իհարկե այդտեղ մեծ տեղ ունի հեղինակային էգոն։ Այդպիսի ճարտարապետությունը ենթադրում է մեծ ռեսուրսներ։ Դրա արդյունքում ստեղծված շենքերը ստեղծում են տեսքի դիկտատուրա, դառնում են լավ վաճառվող ապրանք, մեծ հաշվով։ Մարդիկ դադարում են մտածել, թե ինչ է ներկայացնում իրենից այդ ճարտարապետությունը։ Իսկ դա կապիտալի իշխանություն է։ Երբ ճարտարապետը, ինչպես և քաղաքացիները, դառնում են այս իրավիճակի պատանդը, իշխանություններն օգտվում են դրանից։ Ընդ որում, ինչքան ավելի ռեպրեսիվ ռեժիմ է տիրում, այնքան ավելի մեծ ուշադրություն է դարձվում նման բաներին։
Իսկ երբ խոսում ենք օրդինարիի մասին, մենք խոսում ենք ավելի սովորական բանի մասին՝ ավելի քիչ ռեսուրս պահանջող, ավելի փոքր մասշտաբներ ունեցող։ Գուցե նույնիսկ կապիտալի գաղափարը բացակայում է ի սպառ, բայց դա իհարկե դեռ վերնակուլյարը չէ։ Վերնակուլյարն ամեն դեպքում ենթադրում է մշակութային կոնտեքստ։ Իսկ այն շենքերը, որոնք դուր գալու նպատակ չունեն, այլ պարզապես գոյություն ունեն, դրանք օրդինարի են։ Շատ հետաքրքիր թեմա է, հիմա հաճույքով ուսումնասիրում եմ այդ թեման։ Դա օգնում է քննադատաբար նայել սեփական գործունեության վրա։ Հասկանալ, ինչու է ստացվել այնպես, որ երբ մի բան ուզում են քանդել, ընտրում են, այսպես ասած, «սովորականը», որի տեղում, եթնադրաբար պիտի կառուցվի ոչ սովորական մի բան։ Բայց որպես կանոն նորակառույցը միշտ ավելի վատն է, քան հանուն դրա քանդվածը։ Թեև կարող է ավելի մեծ լինել։
Հիմա ես հարց ունեմ։ Միլանի պոլիտեխնիկականում, որտեղ դուք սովորել եք, ես մի կարճ ժամանակ դասավանդելու փորձ եմ ունեցել։ Ես այն ժամանակ նկատեցի, որ ճարտարապետներն այնտեղ որոշ նախագծերում զբաղեցնում են, այսպես ասենք, օրդինարի դիրք։ Թվում է, թե ստուդիայում ավելի շատ կոլեկտիվ աշխատանք է ընթանում՝ առանց հեղինակային տարրի։ Զարմանալի էր, թվաց թե ես Գեղարվեստի դպրոցից եմ։ Խնդրեցի ուսանողներին ցուցադրել իրենց աշխատանքներից, պարզվեց, որ սեփականը ոչ մեկ չունի, միայն կոլեկտիվ նախագծեր։ Մեկը օդափոխությունն է արել, մյուսը՝ sustainability-ն, և այլն։ Սա տարածվա՞ծ մոտեցում է իտալական ճարտարապետական կրթության մեջ։
Բոգդան. Իտալական կրթությունը շատ արմատացած է սեփական ավանդույթի մեջ։ Միլանում սովորելիս մենք ուսումնասիրում էինք, օրինակ, միլանյան ռացիոնալիզմը՝ Բատոնի, Վենդեր, ճարտարապետությունը, որը ստեղծել է Միլան քաղաքը։ Բայց դա ամենօրյա կյանքի ճարտարապետություն է, ոչ թե էպատաժային նախագծեր։ Այստեղ կարևոր էր հստակեցնել պատշգամբների ամրությունը, ճաղերը, քարերի ընտրությունը, մուտքերը և այլն։ Taschen-ը նույնիսկ առանձին գիրք ունի Միլանի բնակելի շենքերի մուտքներին նվիրված։ Կենցաղային դետալների նկատմամբ ուշադրությունը շատ ազդում է նաև կրթության վրա։ Իտալացիները սովորաբար դիտարկում են ճարտարապետությունը ֆունկցիոնալության ու ռացիոնալիզմի տեսանկյունից և ուսումնասիրում են տեսությունը կոնտեքստի իմաստավորմամբ։ Նույնիսկ կա որոշակի քամահրանք այլ ճարտարապետության նկատմամբ, այն իմաստով, որ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ով է ապրելու շենքում, ու ինչպիսի տեսք կունենա քաղաքը ընդհանրապես, ոչ թե առանձին շենքերով։
Ինչ վերաբերում է կոլեկտիվ աշխատանքին, դա էլ կրթության չափազանց կարևոր մաս է։ Համարվում է, որ պատմության մեջ եղել են շատ խոշոր անհատներ՝ Ռիգոտիի ու Մաջեստրետիի պես, որոնք ստեղծում էին ահռելի ուրբանիստական նախագծեր, բայց որոնց շուրջ ստեղծվել է անառողջ անհատի պաշտամունք։ Իսկ երբ մարդիկ աշխատում են թիմում, նրանք արդեն չեն համարում իրենց բացառիկ ինչ-որ մեկը, որը կարող է ինքնուրույն փոխել քաղաքը։ Այստեղ կա դիալոգ ու այդպես Պոլիտեխնիկը սովորեցնում է, որ ճարտարապետը պետք է սովորի աշխատել տարբեր կոնսուլտանտների հետ, ականջ դնել, ունակ լինել փոխել նախագիծը, նույնիսկ եթե այն արդեն հաջողված է համարում։ Ես կկոչեի դա կասկածի մշակույթ։ Պիտի կարողանաս կասկածես արածիդ վրա։ Չկան ճիշտ ու սխալներ ճարտարապետության մեջ։ Սա շատ է տարբերում միլանյան դպրոցը մյուսներից։
Յուրի․ Միլանը Հյուսիսում է, ու ավելի մոտ է Գերմանիային ու Շվեյցարիային, ոչ թե մնացած Իտալիային։ Այնտեղ ճարտարապետը ոչ թե նկարիչ է, այլ ավելի շատ ինժեներ․․․ Իտալիայում կա՞ որևէ այլ մոտեցում։ Հռոմու՞մ միգուցե։
Բոգդան. Իհարկե։ Վենետիկի UAF-ը, որտեղ ծնվել է Dogma բյուրոն, օրինակ։ Այնտեղ Տաֆուրիի պես մարդիկ են դասավանդել, իսկ Բայերիի պես մարդիկ PhD են պաշտպանել։ Այստեղ ոչ թե տեխնիկական կրթություն են տալիս, այլ սովորեցնում են աշխատել մանիֆեստների հետ։ Կան այլ հետաքրքիր դպրոցներ, Հռոմում, ընդ որում ոչ թե Sapienza-ն ի նկատի ունեմ, այլ առաջին հերթին մասնավոր Roma Tre-ն, որտեղից հետո շատերը տեղափոխվում են Մենդրիզիո։
Իտալիայում կան շատ դպրոցներ, բայց գլոբալ երկու մոտեցում՝ պոլիտեխնիկական (Տուրին, Միլան, Մոդենա և այլն) կամ այն, ինչ ես կոչում եմ մանիֆեստային։ Երկուսն էլ շատ տարբեր են Շվեյցարիայից ու Գերմանիայից։ Իտալիայում երբեք այնքան չեն խորանում դետալների մեջ, որքան Գերմանիայում, օրինակ։ Ամեն դեպքում, այստեղ մնում են ուրբանիստական ազդեցության մակարդակի վրա։ Նույնիսկ Պոլիտեխնիկականում։ Այդպիսով, շատ փոքր հողակտորի վրա՝ Միլանի, Վենետիկի ու Մենդրիզիոյի արանքում գոյատևում է երեք շատ տարբեր ճարտարապետական մոտեցում։ Մենդրիզիոյից է նաև Օլջիատին, Ռաֆայել Զյուբերը, որոնք հետո տեղափոխվեցին Ցյուրիխ։ Դա բոլորովին այլ մոտեցում է։ Օլջիատին Իտալիայում պարզապե չէր կարողանա ոչինչ սարքել, քանի որ նրա ճարտարապետությունը կոնտեքստից դուրս է։ Իտալական դպրոցի համար դա չափազանց պրովոկացիոն է, գրեթե անընդունելի։
Յուրի․ Ալդո Ռոսիի Citta Analoge-ը, մյուս գաղափարները քաղաքների մասին, որոնք ծնվել են Իտալիայում, այդ ամենը մեծ ազդեցություն է թողնում համաշխարհային պրակտիկայի վրա։ Իտալիան շատ կարևոր տեղ ոչ միայն պատմության մեջ, այլև այսօր։ Իսկ եթե խոսենք Հայաստանի մասին։ Դուք վերջերս առաջին անգամ էիք Երևանում, տեսել եք թամանյանական հատակագծի հետքերը․․․ Օրդինարիի կոնտեքստում ի՞նչն է հետաքրքիր։
Բոգդան. Կարծում եմ, օրդինարիի համար բանալի բառ է տիպաբանությունը։ Իտալիան շատ հետաքրքիր է այդ իմաստով։ Այդ ունակությունը՝ տեղափոխվել քաղաքի մասշտաբից ճարտարապետության մասշտաբ և հակառակը, ընդգծում է իտալական դպրոցի ուժը։ Երևանում իհարկե տիպաբանությունը նույնպես չափազանց աչքի ընկնող է՝ ավտոտնակները, բնակելի շենքերը, նույնիսկ ֆասադները։ Չկա երկու միանման պատուհան, նայում ես ու հասկանում ես, որ ամեն շենք բացառիկ է, չնայած, որ հավանաբար տիպային կառուցապատում է։ Օրդինարիի համար ամենակարևոր գաղափարներից է տեսնել գեղեցկությունը նույնիսկ այնտեղ, որտեղ դա չի նախատեսվել։ Ինձ համար դա երևանյան ֆասադներն էին։ Այնտեղ ապրող մարդիկ ավելի մեծ դեր ունեն, քան ճարտարապետությունը։ Դա երևում է ավտոտնակների մեջ նաև։ Դրանք կարող են մի քանի տիպաբանության լինել, բայց բացարձակ տարբեր են՝ նյութն է տարբերվում, նրանց հետևում են տարբեր կերպ։ Նույնն էլ կարելի է ասել տների ու ճակատների մասին։ Ստացվում է, որ Երևանը ամբողջությամբ մի հսկայական փաթթերն է, որից կարելի է զանազան զարդապատկերներ դուրս բերել։ Ընդ որում, մարդիկ են այն ստեղծում, ոչ թե ճարտարապետները։ Այդ իմաստով Երևանը օրդինարիի մանիֆեստ է։ Երևանը կարող է դառնալ յուրահատուկ հայտարարություն։ Շատ հետաքրքիր կլիներ Տրիենալեում խոսել այդ մասին։
Գիտեք, լինում է, որ դիզայնին չափազանց մեծ ուշադրություն են դարձնում, այսպես ասած overdesign է լինում ու կառույցը կորցնում է հոգին։ Երևանում հակառակ վիճակն է․ սպոնտանությունն այնքան շատ է, որ քաղաքի հոգին երևում է պարզապես անզեն աչքով։ Եվրոպայում այդպիսի քաղաքներ չկան։ Իտալիայում դու օրենքով չես կարող նույնիսկ պատուհանի գույնը փոխել, ամեն ինչ պիտի լինի շենքի անձնագրի համաձայն։ Օրենքը օրենք է։ Հետաքրքիր է՝ Երևանում կա՞ ուրբանիստական որևէ կանոնակարգ։
Յուրի․ Կարծում եմ, ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում հանդիպում են Արևելքն ու Արևմուտքը։ Թամանյանը, օրինակ, Պետերբուրգում դասական կրթություն ստացած մարդ էր, այդպես էլ նախագծեց Երևանը որպես ուտոպիստական քաղաք։ Միևնույն ժամանակ ավելի արևելյան տիպի կյանքը՝ սահմանափակ կարգավորմամբ, ինչպես Կահիրեն, օրինակ, սպոնտան, նույնիսկ անարխիկ, գոյատևում է այդ արևմտյան տիպի քաղաքային մարմնի մեջ։ Կարծում եմ, Ալդո Ռոսին կհիանար, եթե տեսներ Կասկադը, օրինակ։
Երբ սկսեցի ավելի հաճախ լինել տարածաշրջանում, հասկացա, թե որտեղից է եկել պատշգամբները ապակեպատելու երևույթը։ Գերմանիայում այդպիսի բան չես հանդիպի, չնայած, որ այնտեղ ավելի ցուրտ է։ Իսկ Թբիլիսիում, օրինակ, կարող են պատշգամբները ծածկել ավտոբուսային դռներով։ Մոսկվան, իր հերթին, մտնում ավտորիտար մաքրման փուլ, վառ օրինակ է գարաժների ու կրպակների վերացումը։ Դա խորհրդանշական ակտ է։ Ճարտարապետները ուրախ են, որ վերջապես կարող են նախագծել պատշգամբներ, իսկ մինչ այդ գծում էիր, իսկ մարդիկ ինչ ուզում անում էին հետները։
Ճարտարապետները հաճախ փորձում են էսթետիզացնել այդ անարխիկ մոտեցումը։ Եվգենիա Ռեպինան ու Սերգեյ Մալախովը մի լավ նախագիծ ունեն, որտեղ չափագրում էին ինքնակառույցները։ Դա էլ, ըստ էության, էսթետիկացումն է այդ տարօրինակ օբյեկտների։ Կարծում եմ, որ օրդինարիի գլխավոր մարտահրավերներից մեկն է ճարտարապետությանը նայել ոչ պրոֆեսիոնալի աչքով, որը մեր համար հիմա գրեթե անհնար է։ Ալեքսանդր Բրոդսկուն կարելի է հիշել՝ տեսնում եմ ոչ պրոֆեսիոնալների ռեակցիան իր արածի հանդեպ, նրանց հիացմունքը այդ էժան նյութերով, մոտեցմամբ։ Նա նույնիսկ չի էսթետիզացնում, ապրում է այդպես։ Պետերբուրգում մի տարօրինակ բնակարան է ձևավորել՝ Ռագինսկու նկարներով զարդարված։ Պետք է տեսնել, դժվար է նկարագրելը․․․ Նա աշխատում է նրանով, ինչ մարդիկ փորձում են չնկատել։ Ասենք, մանր կենդանիների կղանքի քանդակներ ապակու հետևում ու նման բաներ։ Այդ աշխատանքները մասամբ փոխեցին նաև իմ պատկերացումները գեղեցիկի մասին։ Դա կարծես հակապատասխանն էր մոդեռնիզմին, որը սովորեցնում էր, որ ամեն ինչ պիտի լինի կոկիկ ու հաճելի։ Ես հիշում եմ, ինչ սարսափ էի ապրում, երբ իմ ամառանոցային թաղամասում տեսնում էի ծուռումուռ, կիսաջարդ ցանկապատը։ Իսկ Բրոդսկին սովորեցրեց ինձ հանգստանալ, ընդունել ու սիրել այդ ամեն ինչպես որ կա։
Բոգդան. Ուզում էի էլի խոսել հոգու մասին։ Երևի դա շատ փոխկապակցված է սովորականի, կենցաղայինի հետ, այն ամենի, ինչ մարդկանց համար հասկանալի է։ Եվ ինտերիերում, և էքստերիերում, և քաղաքում։ Եթե ճարտարապետության մեջ կա հոգի, ապա այն կարելի է գտնել միայն այս ամենի ուսումնասիրության մեջ։
Յուրի․ Իլյա Ցենցիպերին եմ ուզում մեջբերել, որն ասում էր, որ դիզայնը մարդկանց օտարացնում է։ Բողոքում էր Լոնդոնից, քանի որ ամեն մի անկյուն դիզայնավորված է, չես կարող հանգստանալ դրանից։ Զրուցում էինք Թբիլիսիում ու Իլյան ուրախ էր, որ այնտեղ դիզայնից ազատ տեղերը լիքն են։ Լավ է, որ կան ճարտարապետներ, որոնք կարող են անել այնպես, որ այդ շենքերն օտար չերևան։
Ալեքսեյ․ Իսկ օրդինարին իր մեջ կարո՞ղ է նորարարություն ունենալ։ Եթե այո, ինչպե՞ս կարող է դա արտահայտվել։
Բոգդան. Օրդինարին ըստ էության հենց այն է, ինչով մենք ընկալում ենք նորարարությունը, պարզապես այն ավելի դանդաղ է տեղ հասնում, քան ավելի կետային նորարարությունները։ Որովհետև մենք ընկալում ենք հանրությունը օրդինարիի միջոցով, այլ ոչ թե բացառիկության միջոցով։ Ես տպավորություն ունեմ, որ օրդինարին հենց այն է, որն օգնում է մեզ կերտել նորարարությունը։ Օրդինարիի հետազոտությունը թույլ է տալիս մեզ գիտակցել կոնտեքստը, որում մենք հիմա գտնվում ենք։
Յուրի․ Եթե մենք խոսում ենք նորարարության մասին ոչ թե օրդինարիի ներսում, որովհետև չենք կարող հասկանալ այն, բոլորը տարբեր կերպ են դա հասկանալու, բայց ուսումնասիրությունը ու տեսանկյունը, որը մենք պարբերաբար կցում ենք մեր գործունեությանը, կարծում եմ, նորարար է։ Նույն Ալդո Ռոսին, երբ խոսում էր անալոգիական քաղաքի մասին, հենց դա էր անում։ Այ, կան գարաժներ։ Նույնիսկ մի պահ գաղափար կար գարաժների համաշխարհային միավորում կազմակերպել։ Գարաժը մի փոքր տարածք է, որտեղ կարող են ծնվել մեծ ռոք խմբեր կամ Apple—ի պես ընկերություններ։ Ընդ որում, ենթադրում է հնարավոր ամենափոքր կապիտալի պահանջ։
Իրականում, մենք մինչև վերջ չգիտենք, թե ինչ է օրդինարի ճարտարապետությունը։ Ամպի պես մի բան է, որը համեմատում ես այլ բաների հետ։ Գուցե այսօր դա թանկարժեք շենքերն են ամբողջ աշխարհի, որոնք հիմա դարձել են սովորական։ Ի դեպ, Ալեքսեյ, ըստ ձեզ, կարո՞ղ է արդյոք ճարտարապետը խուսափել ամեն ինչի էսթետիզացումից, բայց մնալ ճարտարապետ ու զարգանալ։ Գիտեմ, որ բարդ հարց է։
Ալեքսեյ․ Երևի թե միակ տարբերակը կլիներ ոչ թե փաթեթավորելը, այլ պազրապես առաջ փոխանցելը։ Ճարտարապետը ոչ թե վերջնական տեսք տվողն է դառնում, այլ ֆուտբոլային լեզվով ասած՝ փոխանցում անողը։ Ճարտարապետներից մեկից մի պատմություն եմ լսել․ դպրոցում կար խնդիր, որ դասամիջոցին ոչ բոլոր երեխաներն էին տեղավորվում միջանցքում։ Հատուկ ճարտարապետական մրցույթ արեցին։ Ու հաղթողները ոչ թե նոր քառակուսի մետրեր ավելացրեցին, այլ փոփոխեցին զանգերի համակարգը, այնպես, որ տարբեր դասարաններ տարբեր ժամերի դուրս գան դասամիջոցի։ Սա լավ օրինակ էր ֆորմային առաջնային տեղ չտալու։