Օրենսդիր այգի
Օրենսդիր մարմին

Օրենսդիր այգի

Ռուսական կեչիները, ճապոնական սակուրաները, արևադարձային արմավենիներն ու սկյուռիկների սիրելի ընկուզենիները. ուսումնասիրում ենք Ազգային ժողովը շրջապատող այգին։

Տեքստը՝ Օվսաննա Մնացականյան


Լուսանկարները՝ Արաքս Քոչարյան

 

ԵՐԵՎԱՆ #69 | 2021

 

#ՕրենսդիրՄարմին

Ազգային ժողովի ընդհանուր տարածքը 6,7 հեկտար է, դրա կեսից ավելին՝ 4 հեկտարը, զբաղեցնում է խորհրդարանի այգին, որի հատուկ խնամքն ապահովում են 10 այգեպանները: Աշխատանքի բաժանում չկա, բոլորը հավասար են, բոլորը գիտեն յուրաքանչյուր ծառի ու բույսի մասին ամեն ինչ:


Կենտրոնական հատվածում՝ ցայտաղբյուրի մոտ, լացող ուռենին է: Վազգեն պապիկը, որն այգում աշխատում է 1975 թվականից, պատմում է, որ երբ աշխատանքի ընդունվեց, բոլոր ծառերը երիտասարդ էին, հետո իր հետ միասին հասակ են առել: Իսկ ցայտաղբյուրը վերջին տարիներին է տեղադրվել՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

 


Ծառատեսակների շարքում իր յուրահատուկ տեղն ունի Հայաստանի Կարմիր գրքում գրանցված մանուշակագույն հուդայածառը: Չնայած ծառի անսովոր անվանմանն ու դրամատիկ պատմությանը, այն արտասովոր է իր գեղեցկությամբ: Հուդայածառը ծաղկում է մարտի վերջին՝ ավետելով բնության զարթոնքը:


ԱԺ այգում են բարձր ու սլացիկ սեկվոյաներն ու մետաքսե ակացիաները, որի տարածած բույրը զգացվում է ամենուր: Ճեմուղու վերջում Ճապոնիան խորհրդանշող սակուրաներն են: Նրանք ծնվել են ծագող արևի երկրում, հետո, հազարավոր կիլոմետրեր կտրել-անցնելով, հասել են Հայաստան, ընտելացել հայկական կլիմային ու արմատներ գցել հայկական հողում: Ճապոնիայի դեսպանատան աշխատակիցները, ի դեպ, ամեն տարի ծաղկման օրերին այցելում են սակուրաներին ու խնամում. ազգային արժեքների նկատմամբ նախանձելի հոգատարություն։ Թեպետ ճապոնական ծառերն արդեն իրենց առանձնապես միայնակ չեն զգում, ծանոթացել են ռուսական արմատներով կեչիների հետ ու սկսվել է ռուս-ճապոնական ջերմ բարեկամությունը հայ-
կական հողի վրա:

 


Նրանց ընկերությանը հետևում են 70-ամյա հսկայական բարդիները, այգու ամենահին ծառերը, որոնք իրենց համարում են ԱԺ այգու հիմնադիրն ու տերը: Իսկ ձմռանը, երբ ծառերը մերկանում են ու կորցնում գրավչությունը, այգու գեղեցկությունն ապահովվում են ձյան փաթիլներով զարդարված, տարվա բոլոր եղանակներին կանաչ ու թավշյա եղևնիները: Նրանցից ոմանք այնքան բարձրահասակ են, որ մրցակցում են այգու տերերի հետ:

 

Կանաչապատման աշխատանքների ղեկավար Վահան Բաբալարյանն ասում է, որ կարևորը ժամանակին ծառերն էտելն ու բները սպիտակեցնելն է, որն արվում է ոչ միայն վնասատուներից, այլև կեղևն արևահարությունից պաշտպանելու համար:


Ազգային ժողովի այգում կան նաև մրգատու ծառեր: Ծիրանենիները, խնձորենիները, տանձենիներն ու հաստաբուն ընկուզենիները: Բերքն այգեպաններն են հավաքում ու կազմակերպում անակնկալ հյուրասիրություն այգու հյուրերի համար: Իսկ ահա ընկուզենու բերքից առանց որևիցե հրավերի սպասելու օգտվում են այգում անկաշկանդ բնակվող սկյուռիկները: Նրանց չեն կարողանում վախեցնել անգամ այգու մյուս մշտաբնակները՝ կատուները:

 

 


Տարիներ առաջ խորհրդարանի այգում եղել են նաև խաղողի տնկիներ, որոնց տակ, ինչպես աշխատողներն են պատմում, դրված են եղել աթոռներ, որտեղ էլ հաճախ հավաքվել են քննարկելու անցնող օրվա լավ ու վատ կողմերը:


Երևանի ամենագեղեցիկ այգիներից մեկի տեսքն ամբողջացնում են արևադարձային բուսատեսակները, որոնք ամբողջ ձմեռ ջերմոցում խնամքով պահպանվելուց հետո, գարնանը վերադառնում են իրենց դիրքերը: Չկտրվելով մերձարևադարձային բույսերի խնամքից՝ այգեգործ Սիմա Աբգարյանն ասում է, որ դրանք ջերմոցից այգի տեղափոխելու ճիշտ ժամանակն է: Ապա, մաքրելով ագավայի տերևները, ընդգծում՝ ծաղիկները հատուկ հոգատարության կարիք են զգում:

 

 


Չնայած իր տասնամյակների պատմությանն ու խոր արմատներին՝ այգին մշտապես փոփոխվելու ու է՛լ ավելի կանաչելու անդադար ընթացքի մեջ է։ Տնկվող նոր ծառերը շատ արագ են արմատներ գցում՝ դառնալով մեծ ընտանիքի անդամ:

հավելյալ նյութեր