«Օրմէ». ճամփորդության շարունակություն
Ճամփորդ-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը պատմում է, թե ինչպես և ինչու հիմնադրեց «Օրմէ» զարդերի բրենդը, որն արտացոլում է իր սերը դեպի ճանապարհորդությունները, պատմությունն ու Հայաստանը։
Տեքստը և լուսանկարները՝ Լիլիթ Խաչատուրյանի
Հիշում եմ՝ Դիլիջանի երկրագիտական թանգարանում էի, որտեղ տեսա ուրարտական ժամանակաշրջանի մի զարդ։ Այնքան հավանեցի, որ մտքիցս դուրս չէր գալիս, երազում էի՝ մեկը ինձ դրանից նվիրի: Նվիրող չեղավ, բայց ես չհանձվեցի, որոշեցի ինքս պատրաստել։ Շատ դժվար էր, որովհետև սկզբում պետք էր հասկանալ՝ ինչպես է աշխատում ներքին խոհանոցը, գտնել ճիշտ մարդկանց։ Օրինակ՝ մի զարդի պատրաստման համար չորս տարբեր արծաթագործներ կարող էին չորս՝ բացարձակ տարբեր գին առաջարկել։ Մի կերպ ընտելացա ու շատ ուրախ եմ, որ չհանձնվեցի։
Հիմա ավելի շատ զբոսշարջիկներն են հետաքրքրվում: Նրանց համար սա ճամփորդության շարունակությունն է, Հայաստանի ու հայոց պատմության մի փոքր մասնիկ, հուշ։ Կանցնեն տարիներ, նրանք վիշապաքարով շղթան կկախեն վզից կամ կկրեն օձագլուխ թևնոցն ու կհիշեն Հայաստանը։ Ի դեպ, արդեն մի քանի հոգուց լսել եմ, որ գրեթե ֆիզիկապես յուրահատուկ էներգիա են զգում այս զարդերից։ Կարծում եմ՝ հիմքում դրված պատմությունը հենց այնպես չի կարող լինել։ Գուցե նաև բոլոր զարդերի վրա առկա փոքր գրվածքն է օգնում․ «Օրմէ» բառը օտարների կողմից Հայոց երկրի հնագույն անվանումներից մեկն է։
Ամեն նոր զարդի ընտրությունը չափազանց սուբյեկտիվ է արվում․ պատրաստում եմ այն, ինչը ինքս հաճույքով կկրեի։ Մոտ ապագայում այդ նույն սկզբունքով կպատրաստվեն զարդեր ըստ մեր հնագույն ժայռապատկերների ու Գորիսի իմ սիրելի Հնգադեմ կուռքի։ Գուցե մի օր այնքան մեծ ծավալների հասնի գործը, որ այլ, այսպես ասած, ավելի պրոֆեսիոնալ մոտեցմամբ աշխատեմ։ Իսկ առայժմ ունենք այս մի քանի սիրուններին, որոնք պատրաստվում են, երբ ստանում ենք պատվերը ու յոթ օրում հասցնում պատվիրատուին։
«Օրմէն» դարձավ իմ ճանապարհորդական կյանքի մի մասը, որը չի դադարում, քանի որ ես շարունակում եմ բացահայտել Հայաստանը։