Օրոր. բակային ավտոտնակի առեղծվածը
Մեր բակ

Օրոր. բակային ավտոտնակի առեղծվածը

Ինչպես լքված ավտոտնակը դարձավ փոքրիկ ճարտարապետական հրաշք։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ «Օրոր» 

 

Առայժմ «Օրոր» այցելելու համար անհրաժեշտ է  նախ զանգահարել՝ 095 639703:
 

#Ճարտարապետություն

Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի խառը-մառը տիպիկ երևանյան ետնաբակում, ուր մտնում ես ինչպես մի լաբիրինթոս ու կանգ առնում որոշելու աջ գնալ, թե ձախ, խիտ-խիտ շարված ավտոտնակներից վերջինը խիստ տարբերվում է մյուսներից։ ԵՐԵՎԱՆը գնացել է պարզելու այդ փոքրիկ ավտոտնակի «առեղծվածը»։ 

 

Նախ, սա այլևս ավտոտնակ չէ։ Անկեղծ ասած, այն առաջ էլ առանձնապես իր նպատակին չի ծառայել։ Դրա պատճառը հաստաբուն ծառն է, որը վեր է բարձրանում ավտոտնակի գրեթե կենտրոնից։ Նախկինում ծառը կտրելու բազմաթիվ փորձեր են արվել, սակայն այն դեռ կանգուն է։ Ո՞վ կմտածեր, որ մի օր այն այնքան կգրավեր Մոսկվայրից Երևան ժամանած ամուսինների՝ Մարիամ Խաչատուրյանին և Ալեքսանդր Մերեսկինին, որ հենց այս ավտոտնակում էլ կորոշեն կյանքի կոչել իրենց երազանքը՝ «Օրոր» խանութը։  

 


Գաղափարը Մարիամինն էր։ Դեռևս մեկ տարի առաջ էր մտածում Երևանի բակային ավտոտնակներն օգտագործել այլ նպատակով, փոխել դրանք ու դրանց միջոցով փոխել բակերը, այդտեղ ներկայացնել այն, ինչի պակասը կա քաղաքում, ինչը նոր կլինի բայց և էսթետիկ ու տարբերվող։ Իրեն ծանոթ գրեթե բոլոր երևանյան բակերը միատեսակ են․ ավտոտնակները լավագույն դեպքում զբաղեցնում են ավտոլվացման կետեր, մթերքի խանութներ կամ էլ հացի փռեր։ Երկար մտորումներից ծնվեց փոքրիկ խանութի գաղափարը։ Հաստատ էր որոշել, որ այդ խանութը չպետք է նման լինի բակային այլ խանութներին ո՛չ տեսքով և ո՛չ բովանդակությամբ։ 


Այս տարի, համավարակով պայմանավորված, ամուսինները որոշեցին տեղափոխվել Երևան։ Ժամանելուն պես սկսեցին հարմար տարածքի փնտրտուքները։ Վերջապես գտնվեց մեկը, որ չնայած բավական վատ վիճակում էր և վերանորոգման կարիք ուներ, այնուամենայնիվ լավագույն տարբերակն էր։ 

 

   


Ալեքսանդրը ստանձնել է վերանորոգման աշխատանքները և ի վերջո ստեղծել մի տարածք, որը ձևավորվել է սուղ միջոցներով, բայց բավական հետաքրքիր է, կոլորիտային և իսկապես առանձնանում է այն բակի մեջ որտեղ գտնվում է։ Երկու լայն ապակե պատերն այդ փոքրիկ խանութը ընդարձակ ու լուսավոր են դարձնում, ցեմենտը թույլ չի տալիս մոռանալ, որ այնուամենայնիվ  նախկին ավտոտնակում ես, իսկ ներսում աճող ու առաստաղից վեր ձգվող ծառը փոքր-ինչ մոգական է դարձնում տարածքը։ 


Մարիամն էլ զբաղվել է վաճառվելիք տեսականիով։ Կենցաղային իրեր՝ էկո պարագաներ, հագուստ, նկարազարդ կերամիկա և նույնիսկ խաղալիքներ։ Գրեթե ամեն ինչ հեղինակային է և ամեն ինչ առաջին հայացքից հասարակ ու պարզ է թվում, բայց մի կարևոր զգացողություն կա տարածքում․ ոչինչ պատահական չի հայտնվել խանութում, ամեն բան հստակ ու մանրակրկիտ  ընտրված է և այդ բազմազանության մեջ ոչինչ ավելորդ չէ։ Վաճառվող իրերն առայժմ շատ չեն, միայն այն ամենն ինչ բերված է Ռուսաստանից։ Ներկայացված է կերամիկա Gypsy Gypsum-ից (Յուլիա Կապուր), PorFarFor-ից (Լենա Կոզլովա), Oners-ից, ինչպես նաև Լյուդմիլա Բալկիսի և Մարիա Կոլոսովսկայայի աշխատանքներից, KOTOK playthings-ի փայտե զարգացնող խաղալիքներից (ի դեպ՝ այս խաղալիքների վաճառքից գոյացած հասույթի 30%-ը հեղինակները նախատեսել են փոխանցել Հայաստան հիմնադրամին), հագուստ Յուլիա Նիկոլևայից և «Конечно 8»-ից, բաժակներ «110% Генуи»-ից, ինչպես նաև Кирилл «Кто»-ի Ալինա Վինոգրադովայի ստեղծագործությունները։ Կան և այլ իրեր, օրինակ զամբյուղներ, որ ձեռքի աշխատանք են և բերված են Աֆրիկայից։ «Օրորը» բաց է համագործակցության համար և սիրով իր տանիքի տակ կցուցադրի նաև հայ դիզայներների ու նկարիչների աշխատանքներ։ 


Շուտով պատրաստ կլինի խանութի օնլայն տարբերակը, իսկ երկրում համավարակի և ռազմական դրության բարեհաջող ավարտից հետո ամուսինները մտադիր են նման խանութներ ստեղծել նաև այլ բակերում։ Հետաքրքիր է, կգնվե՞ն ներսում աճող ծառերով այլ ավտոտնակներ․․․