Որտե՞ղ գտնել Երևանը․ Մարկ Գրիգորյանի «Երևան․ քաղաքի կենսագրությունը»
Գիրք

Որտե՞ղ գտնել Երևանը․ Մարկ Գրիգորյանի «Երևան․ քաղաքի կենսագրությունը»

Դպրոցում առաջին դասարանից մեզ սովորեցնում են՝ «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ»։ Երևանն էլ՝ որպես երկրի մայրաքաղաք, նրա սիրտն ու հոգին է։ Բայց մեզնից քանի՞սն են իսկապես փնտրել ու գտել այդ Երևանը։ Մարկ Գրիգորյանի «Երևան․ քաղաքի կենսագրությունը» թաքնված Երևանի քարտեզն ու ուղեցույցն է, որ բացահայտում է մեր սիրելի քաղաքի կյանքի պատմությունը՝ կառուցման ամենասկզբից մինչև 1960-ականներ։

Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի

 

Լուսանկարները՝ Զանգակ գրատան սոցցանցերից

 

#ՀինԵրևան

 

Երևանը տուն ու շենք չէ,
Երևանը մենք ենք

 

…ասում է հեղինակը գրքի բնաբանում, իսկ մենք միացնում ենք Ֆորշի երգերն ու անցնում առաջ։ 

 

Մեր բոլորի կենսագրությունը

«Երևան․ քաղաքի կենսագրությունը», ինչպես կարելի է կռահել անվանումից, զուտ պատմական կամ զուտ ճարտարապետական գիրք չէ։ Սա Երևանի կառուցման պատմությունն է՝ համեմված հեղինակի անձնական հիշողություններով։ Չմոռանանք, որ Մարկ Գրիգորյանը Երևանի գլխավոր ճարտարապետներից մեկի՝ Մարկ Գրիգորյանի թոռն է, և մանկուց տեսել, լսել ու առնչվել է այնպիսի մարդկանց հետ, ովքեր կարևոր նշանակություն են ունեցել Երևանի ճարտարապետական և մշակութային կյանքում։ Բայց նախ՝ գլխավորի մասին։

 

Հեղինակը բազմիցս նշել է, որ իր նպատակը չի եղել գրել Երևանի կառուցման զուտ պատմությունը, որովհետև՝

 

«Դարերի ընթացքում քաղաքի կյանքում կուտակվել են տիպիկ երևանյան սյուժեներ, որոնք այլ տեղ չեն հանդիպի։ Եվ իհարկե, դրանք ավելի շատ են, քան կարելի է ներկայացնել մեկ գրքում։ Առավել ևս, որ դա Հայաստանի մայրաքաղաքի կենսագրությունն է, այլ ոչ թե նրա մասին պատմությունների վերաշարադրանքը, թեև դրանք էլ շատ կլինեն. չէ՞ որ քաղաքի մասին չի կարելի պատմել այնպես, կարծես այն գոյություն է ունեցել առանց մարդկանց»։

 

Չնայած նրան, որ Մարկ Գրիգորյանը գիրքը բաժանել է 3 գլխի («Կարոտի գույները», «Մայրաքաղաքային կենսագրություն», «Շենքերն ունեն իրենց ճակատագրերը»)՝ իմաստային առումով այն բաժանվում է երկու մեծ մասի. առաջինում հեղինակը պատմում է Երևանի կառուցման մասին ժամանակագրորեն, իսկ երկրորդում՝ անդրադառնում կոնկրետ շենքերի կառուցմանը։ Գիրքը, հագեցած նկարներով ու էսքիզներով, հարուստ է նաև տարբեր ժամանակների կոլորիտային պատմություններով ու լեգենդներով, որոնք կենդանություն են տալիս քաղաքին, և առանց որոնց Երևանը Երևան չէր լինի։ Կարճ ասած՝ սա իսկապես Երևան քաղաքի կենսագրությունն է, և հետևաբար՝ մեզնից յուրաքանչյուրինը, ով ապրել և ապրում է Հռոմից 29 տարով մեծ քաղաքում։

 

 

Հետ ու առաջ ժամանակի մեքենայով

Եվ այսպես, Մարկ Գրիգորյանը Երևանի քարտեզագրումը սկսում է ամենասկզբից. տեղը՝ Շենգավիթ, ժամանակը՝ մեզանից 5500 տարի առաջ։ Այնուհետև՝ ուրարտական ժամանակներից հասնում է միջնադար, միջնադարից՝ Հայաստանի Առաջին Հանրապետություն և վերջում ԽՍՀՄ-ի ստեղծումից մինչև 1960-ականներ։ Բայց այս բոլոր թվագրումների ու տարածքների միջև միշտ ընկած են անուններ ու դեպքեր, որ բանալի բառերի պես ուղղորդում ու կապում են 21-րդ դարի Երևանը ցանկացած այլ ժամանակաշրջանի հետ։ Օրինակ՝ պատմելով Ուրարտուի ժամանակ կառուցված ջրանցքի մասին՝ նրա ջրագիծը կարծես բերում հասցնում է Սարյան-Պուշկին խաչմերուկի սրճարաններ։ Վերջում այս միտքը գլխումդ պտտվում է այնքան, մինչև հաջորդ ուրբաթ երեկո Beatles-ում գարեջրով խմում ես իշխան Ապիրատի կենացը։

 

Խմեցի՞նք, դե, անցնենք առաջ։ 

 

Գրքում յուրաքանչյուր պատմական ակնարկի պարտադիր հաջորդում է որևէ պատմություն, որ ստիպում է ուրիշ աչքերով նայել քաղաքին։ «Երևան․ քաղաքի կենսագրությունը» այս կոնտեքստում ոչ ուղղակի պատմություն է, ոչ էլ անձնավորված քաղաքի կենսագրություն, այլ մի հսկայական հանրագիտարան Երևանի ամեն մի բակի, անկյունի ու քարի մասին։ Կարդում ես ու չես էլ նկատում՝ ինչպես ես հետո փակում գիրքը, գնում Սիրահարների այգի զբոսնելու, բայց այգուն նայելիս տեսնում 18-րդ դարում կառուցված Կոզեռնի պարտեզն ու մատուռը.

 

«18-րդ դարում Կոզեռնի գերեզմանի վրա մատուռ կառուցվեց, որը պահպանվել է մինչև այսօր։ Եվ պատկերացրեք, այնտեղ մարդիկ են ապրում, դա բնակելի տան ննջասենյակ է։ Մատուռի խորանի պատի մի մասը քանդված է, նրա տեղում դուռ է, որը ննջասենյակը կապում է հյուրասենյակ ծառայող միջանցքի հետ. այդտեղ է տան հեռուստացույցը, լրագրասեղանը և երկու բազկաթոռ։ Իսկ ննջասենյակի հատակը տախտակապատ է և ոչ մի շիրիմ չի երևում։ Կոզեռնի հետ միասին այստեղ են թաղված Սյունիքի Կաթողիկոս Մովսես Գ և Մելիքսեթ Վարդապետ Վժանեցին, երկուսն էլ ապրել են 18-րդ դարում։ Մատուռի չորս կողմում «աճել են» բնակելի տներ։ Դրա պատերը դրսից արդեն անհնար է տեսնել»։

 

Պատմության ու ժամանակի մեջ այս անցումերը աննպատակ չեն, քանի որ բացահայտում են մի քանի կարևոր իրողություն։ Նախ՝ դրանք փաստում են, որ մարդիկ ոչինչ չեն մոռանում, մանավանդ, երբ խոսքը անունների մասին է։ Օրինակ՝ Սիլաչի թաղամասն իր անունը ստացել է, քանի որ ժամանակին այնտեղ մահմեդականներ էին բնակվում, որոնք զբաղվում էին ներկարարությամբ։

 

«Այսօր Շիլաչի-Սիլաչին շուկաների ու խանութների թաղամաս է, որն ապրում է շատ ակտիվ առևտրային կյանքով, իսկ ոչ այնքան վաղ անցյալում ներկարարների թաղամաս էր։ «Շիլա» բառը նշանակում է կարմիր։ Այնպես որ, թաղամասի բնակիչները ընդհանուր առմամբ աշխատում էին կարմիր գույնի հետ»։

 

Եվ հետո, այս ու նման իրողությունները ցույց են տալիս, որ մարդիկ իրենց պատմությունը նախ ստեղծում են բառերով ու խոսքով, իսկ դա քաղաքային կյանքի կոլորիտը ձևավորող ամենակարևոր առանձնահատկությունն է։ Խոսքն էլ իր հերթին մի օր դառնում է գիր, ու մտքովդ էլ չի անցնում, որ Աբովյան փողոցի եկեղեցու պատի A+B=SER խոստովանության կողքին գտնում ես միջնադարին թվագրվող գրություններ։

 

Այս տողի վրա մի պահ կանգ ես առնում, ժամանակի մեքենան նորից բերում է հետ։ 

 

Էքզիստենցիալ պաուզա։ 

 

Հեղինակը՝ գրքի ռուսալեզու տարբերակի շնորհանդեսին

 

Հասկանում ես, որ «ԱՅՍ ԳԻՐՔԸ ԼԻՈՎԻՆ ԿՓՈԽԻ ՔՈ ԿՅԱՆՔԸ» խորագրով բեսթսելլերները ոչինչ են «Երևան․ քաղաքի կենսագրության» կողքին, որովհետև կյանքն իսկապես էլ առաջվանը չէ, երբ Տիգրան Մեծով քայլելիս, թվում է, քայլում ես Երևանի Բերդի խրամատներով։ 

 

Տիգրան Մեծով ուղիղ՝ դեպի Երևանի սիրտը

Բոլոր թվականներից, իրադարձություններից ու պատմություններից անդին՝ «Երևան․ քաղաքի կենսագրությունը» գրքում թաքնված է Երևանի՝ որպես իդեալական քաղաքի կարոտի ուտոպիան, որ դեռևս 1920-ականներին ուզում էր կառուցել Թամանյանը, և որտեղ ապրել են Խորհրդային Միության վերջին սերունդները։ Այս իմաստով գիրքը դառում է քաղցր նոստալգիա, հիշողությունների ալբոմ, որտեղից հազիվ լսելի են երևանյան նախկին աշխույժ բակերի ձայները։ Գրքի այս զգացական հատվածներն էլ կենդանություն են տալիս քաղաքին, քանի որ Երևանը բացահայտվում է հեղինակի՝ կարոտով լիքը աչքերով։

 

«Հենց այդ Երևանի մասին է, որ հիշում են նրա նախկին և ներկա բնակիչները, հենց այդ քաղաքում էին «Նաիրի» կինոթատրոնը, «Պոնչիկանոց» մանկական սրճարանը, «Արարատ» չեմպիոնական թիմը և բակային հավաքույթները՝ թթի ծառի տակ»։

 

Իսկ նախկին Երևանը կարոտելու պատճառները շատ են։ Տարիների ընթացքում Երևանը կորցրել է իր նախկին դիմագիծը, և խոսքն ամենևին էլ շենքերի մասին չէ։ Թեև դրանցից շատերը քանդվել են, վերածվել բազմաբնակարան էլիտար շինությունների, բայց ամենից առաջ մարդիկ են հեռացել։ Արտագաղթած քաղաքացիներին մնացել են միայն նախկին Երևանի մասին հիշողությունները, որոնք էլ հեղինակը խնամքով դասավորել է գրքում։

 

«Մենք շատ հաճախ Երևանին ասում ենք ուղղակի Քաղաք, այնպես, կարծես Հայաստանում, գուցե և ամբողջ աշխարհում այլ քաղաքներ չկան։ Այդ սերը շատ երևանցիների ստիպում է ընկերներով հանդիպել ինչ-որ տեղ Գլենդեյլում, օղի խմել ու հիշել, թե ինչպես էին երիտասարդ տարիներին գնում կինո «Նաիրի», ծխում դպրոցական զուգարանում, առանց տոմսի շրջում տրամվայով»։

 

Յուրաքանչյուր գլխի վերջում հանդարտ տխրություն է իջնում. նախկինում Երևանը այլ էր, այստեղ մարդիկ ապրում էին։

 

…և ապրում են մինչև այսօր

Այսօր էլ մարդիկ իջնում են «քաղաք», թեև տրամվայի փոխարեն երթևեկում են մետրոյով, գնում Կասկադ, Կազիրյոկ, Նաբերեժնի, Սարյանի սրճարաններ ու փաբեր։ Ապրում են, քանի որ ժամանակին կյանքը եռացել է Գրանդ Հոթելում, եղել են Պողոս-Պետրոս եկեղեցին, Ղանթարը՝ նույն ինքը Փակ շուկան, այսինքն՝ Երևան Սիթին, և էլի բազմաթիվ շենքեր, որոնց մասին պատմում է Մարկ Գրիգորյանը։ Պատմում է այնպես, որ մտքով հասնում ես ջահել տարիներիդ, կամ գնում մի բաժակ թեյ դնելու ու կարդալու, թե ինչպես դասավորվեց Հանրապետության Հրապարակի ճակատագիրը։ 

 

«Երևան․ քաղաքի կենսագրությունը» իսկական Երևանը գտնելու ճշմարիտ ուղին է։ Եվ սա ամենաուղիղ իմաստով, քանի որ սուպեր շապիկի ծալվող հատվածում Երևանի ունիկալ քարտեզն է։

 

Կարդում, վերջացնում ես գիրքը, քարտեզն անգիր անում, մի պահ շունչ քաշում ու որոշում նորից զբոսնել Երևանով։ Միայն թե վերջում ես նկատում, որ շապիկի պատուհանի շողքը մարդու դիմագիծ է, իսկ գլխումդ դեռ զրնգում է՝ «Երևանը մենք ենք»։

հավելյալ նյութեր