Ոսկե ծիրան 2022․ ևս 7 պարտադիր նայելիք
Ոսկե ծիրան

Ոսկե ծիրան 2022․ ևս 7 պարտադիր նայելիք

Դիանա Մարտիրոսյանի ոսկեծիրանային կինո խորհուրդների նոր չափաբաժինը։

Տեքստը՝ Դիանա Մարտիրոսյանի

 

Ոսկե ծիրան 2022-ի ամբողջական ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ։ 

#ՈսկեԾիրան

19-րդ Ոսկե ծիրանի շրջանակներում, ինչպես և սովորաբար, նոր մրցութային և արտամրցութային ֆիլմերի կողքին կարելի է տեսնել տասնամյակներ առաջ էկրաններ բարձրացած դասական նմուշներ՝ Հետադարձ հայացք, Հարգանքի տուրք կամ այլ՝ հատուկ ցուցադրությունների շարքում, բացի այդ զուգահեռ առկա են «Ծուռ ծիրան» և Acid Cannes-ի «փախած» ֆիլմերով լի ծրագրերը, որոնք դուր կգան «տարօրինակ» և ոչ ավանդական ոճով ստեղծված պատումների սիրահարներին։

 

Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը կարճ նկարագիր-գրախոսականներով պատմում է՝ ինչու պետք չէ բաց չթողնել նման բացառիկ հնարավորությունը և դիտել հին կամ լայն լսարանի համար անծանոթ հեղինակների ավանդական կոմերցիոն ոճից տարբերվող ֆիլմերը, մանավանդ, եթե դրանք բռնացնելու այլ հնարավորություն գուցե այլևս չստեղծվի։

 

«Հիրոսիմա, իմ սեր», ռեժիսոր՝ Ալեն Ռենե (Հարգանքի տուրք)

Ալեն Ռենեն ֆրանսիական դասականներից է, որի վաղ շրջանի ֆիլմացանկը վերագրում են «Նոր ալիքին», իսկ «Հիրոսիմա, իմ սեր»-ն իր առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է, որն իր բացառիկ ռեժիսորական ոճով ու մատուցմամբ դարձավ Ռենեի լավագույններից։ Ճապոնական Հիրոսիմա քաղաքի ողբերգությունը, կորուստն ու այրող ցավը ռեժիսորը հերթագայում է սիրեկանների կրքոտ ու տաք գրկախառնությունների հետ, նուրբ մարդկային հարաբերությունները՝ փխրուն կյանքի, իսկ սիրելիի ցանկալի մարմինն՝ այրվածքներից խեղված մարմնի մասերի։ Եվ ամենակարևորը՝ սերը բուժում է վերքերը՝ թողնելով սպիեր, քանի որ ողբերգությունից հետո փոխվում ես ու գնահատում այն արդեն ավելի խոցելի կարգավիճակից։



 

«Զբոսախնջույք կախ ժայռի մոտ», ռեժիսոր՝ Փիթեր Ուիր (Ծուռ ծիրան)

Ավստրալիացի ամենաբեղմնավոր ու ինքնատիպ ռեժիսորներից մեկը, կենդանի դասական Փիթեր Ուիրը տասնամյակներ առաջ ստեղծել է 20-րդ դարի ամենագեղատեսիլ ֆիլմ-կտավ, ֆիլմ-ցնորք, ֆիլմ-ճամփորդություն, ֆիլմ-երազներից մեկը։ 1900 թվականի փետրվարի 14-ին մասնավոր դպրոցի աշակերտուհիներն իրենց ուսուցչուհու հետ գնում են զբոսախնջույքի, որպեսզի տոնեն Սուրբ Վալենտինի օրը, որտեղ և դառնում են միստիկ իրադարձությունների անմիջական մասնակից։ Ֆիլմն իր նուրբ ռետրո կոստյումներով ու ոսկեգույն երանգներով այնքան մթնոլորտային է, էսթետիկ և վարակիչ իր տագնապային թրթիռով ու անպատասխան հարցերով, որ այն պարզապես անհրաժեշտ է գոնե մեկ անգան վայելել մեծ էկրանին։



 

«Էդիպ արքա», ռեժիսոր՝ Պիեռ Պաոլո Պազոլինի (Հարգանքի տուրք)

Իտալական դասական կինեմատոգրաֆի ամենայուրօրինակ, սադրող ու ինքնատիպ հեղինակներից մեկը, ով չէր վախենում արտահայտվել ոչ միանշանակ և հակասական թեմաների շուրջ՝ անելով դա իրեն բնորոշ հանդգնությամբ։ Պազոլինիի լավագույն ֆիլմերից մեկը՝ «Էդիպ արքան»,  ևս կարելի է դիտել ծիրանյան «Հարգանքի տուրք»  ծրագրի շրջանակներում, գուցե շատերի համար առհասարակ կյանքում առաջին անգամ և այն էլ՝ մեծ էկրանին։ Մանավանդ, եթե դուք ժամանակին չեք կարդացեք Սոֆոկլեսի համանուն ողբերգությունը և չեք լսել «Էդիպյան բարդույթի» մասին՝ Պազոլինին կտեղափոխի ձեզ և՛ անտիկ Հունաստան, և՛ 20-րդ դարի Իտալիա՝ պատմելով ինչպես անտիկ դրամայի, այդպես էլ Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծության գլխավոր կոնցեպտներից մեկի մասին։

 



 

«Մեռյալ տարածություն», ռեժիսորներ՝ Պատրիկ-Մարիո Բեռնար և Պիեռ Տրիվիդիկ (Acid Cannes)

Իսկ եթե դուք դեմ չեք հակասական և տարօրինակ ֆիլմերին, բայց ցանկալի է, որ դրանք նկարված լինեն 21-րդ դարում, ապա կարող եք բացահայտել Կաննի միջազգային կինոփառատոնի Acid Կանն ծրագիրն ու դիտել ֆրանսիական «Մեռյալ տարածություն» ֆանտաստիկ մելոդրաման՝ երիտասարդ տղամարդու մասին, ով օժտված է անտեսանելի դառնալու կարողությամբ։ Գլխավոր դերերից մեկը կատարում է հեղինակային կինեմատոգրաֆի աստղ ֆրանսաբնակ իրանուհի Գոլշիֆթե Ֆարահանին։ 



 

«Տվայտելով կղզում», ռեժիսոր՝ Ալբերտ Սեռա (Երևանյան պրեմիերա)

Կատալոնացի ռեժիսոր, դրամատուրգ, Կաննի «Հատուկ հայացք» մրցութային ծրագրի դափնեկիր Ալբերտ Սեռան Երևանում կներկայացնի իր վերջին՝ այս տարվա Կաննի նոմինանտ, գրեթե եռաժամ «Տվայտելով կղզում» դրաման, ստեղծագործական ճգնաժամի մեջ գտնվող կին գրողի մասին, ով, վերադառնալով հայրենիք, որոշում է որոշ ժամանակ աշխատել դեսպանատանը՝ թարգմանչուհու կարգավիճակում։ Կնոջ, դեսպանի, քաղաքական ցինիզմի և ֆրանսիական կառավարության մասին պատմող դրամատիկ թրիլերը հետաքրքիր է ոչ միայն բովանդակային, այլ նաև վիզուալ՝ գույների խայտաբղետության ու հարավային երկրի էսթետիկայի առումով։ Բացի այդ, Սեռան գլխավոր դերերում ներգրավել է եվրոպական կինոյի աստղեր Բենուա Մաժիմելին և Սերխի Լոպեսին։

 

 

«Երբ քամին հանդարտվի», ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան (Acid Cannes)

Եթե դուք երկու տարի առաջ բաց եք թողել ֆրանս-հայկական արտադրության դրաման՝ արցախյան օդանավակայանի բացման և աշխատանքային այցով ժամանած օտարերկրացի աուդիտորի մասին, ապա կարող եք այդ բացը լրացնել այս ոսկեծիրանյան օրերին։ Ֆիլմի ռեժիսոր և սցենարի համահեղինակ Նորա Մարտիրոսյանի այս ֆիլմը 2020 թվականին ընդգրկված էր Կաննի միջազգային կինոփառատոնի The First Features մրցութային ծրագրում, ինչը բացառիկ հաջողություն է թեև մասամբ, բայց հայկական ֆիլմի համար։ 

 




«Ռաբիյե Քուրնազն ընդդեմ Ջորջ Բուշի», ռեժիսոր՝ Անդրեաս Դրեզեն (Ստեղծվել է Գերմանիայում)

Այս տարվա Բեռլինի միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրի ֆիլմերից «Ռաբիյե Քուրնազն ընդդեմ Ջորջ Բուշի» այն տրագիկոմիկ, տեղ-տեղ զավեշտալի, տեղ-տեղ էլ սենտիմենտալ ֆիլմերից է, որից չկան առանձնապես մեծ սպասելիքներ, սակայն դիտման ժամանակ և վերջում հանդիսատեսի մոտ սովորաբար մնում է բարի, ընտանեկան կապերի և հոգատար մայրական սիրո պես, մի փոքր միամիտ ժպիտ։ Եթե դուք սովորաբար չեք նայում եվրոպական կատակերգություններ և անգամ չեք կարող վերհիշել առնվազն մեկը, այն էլ գերմանական արտադրության՝ կարող եք էքսպերիմենտալ նպատակներով դիտել Անդրեաս Դրեզենի այս թեթև ու կիտչային էլեմենտներով հարուստ ֆիլմը։ Թեև որոշ դրվագներ ու հերոսների վարքագիծն ընդհանուր առմամբ կարող է թվալ կրինժային՝ շատ ու շատ սիտուատիվ կատակներ ձեզ կհիշեցնեն մեր հայկական առօրյան։

 

հավելյալ նյութեր