Ոսկե ծիրան 2023. ինչ դիտել
Ոսկե ծիրան

Ոսկե ծիրան 2023. ինչ դիտել

Հուլիսի 9-ից մեկնարկում է 20-րդ հոբելյանական Ոսկե ծիրան կինոփառատոնը։ Կինոքննադատ և մշակութային լրագրող Դիանա Մարտիրոսյանը առանձնացրել է փառատոնի՝ իր կարծիքով պարտադիր դիտվելիք ֆիլմերը։

Փառատոնի ամբողջական ծրագիրը

#ՈսկեԾիրան #Կինո


Հեղինակային կինոյի սիրահարների համար ավանդական դարձած հուլիսյան թեժ օրերն այս անգամ ևս խոստումնալից են՝ աշխարհի տարբեր անկյուններից բերված փառատոնային հիթեր, կենդանի դասականների նոր աշխատանքներ, Բեռլինի և Կաննի հաղթողներ։

 

«Թափված տերևներ», ռեժիսոր՝ Ակի Կաուրիսմյակի (Ֆինլանդիա)

Երևանյան պրեմիրաներ

Գիշերային Հելսինկին, միայնակ մարդկանց, վինտաժային ինտերիերով բարերն ու ռեստորանները լավագույնս գովերգող ֆինլանդացի Ակի Կաուրիսմյակիի նոր ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մայիսին Կաննում և արժանացել երեք մրցանակի։ Հատկանշական է, որ 2017-ին Բեռլինում ռեժիսորի նախավերջին ֆիլմի պրեմիերայի ժամանակ շշուկներ էին պտտվում, որ Կաուրիսմյակին ավարտում է կարիերան, այնպես որ՝ նոր ֆիլմի առկայությունը սկանդինավյան տրագիկոմիկ և սարկաստիկ մելամաղձության սիրահարների համար կրկնակի հաճելի է։

 

 


 

«Լուկա», ռեժիսոր՝ Ջեսիքա Վուդվորթ (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան)

Բացման ֆիլմ, Միջազգային մրցույթ

Ի սկզբանե Վուդվորթը նախատեսել էր ստեղծել ֆիլմ իտալացի գրող Դինո Բուցատիի Il deserto dei Tartari մոտիվներով (համենայն դեպս` այդպես էր տարիներ առաջ պատմել ինձ): Ֆիլմը պետք է նկարահանվեր Հայաստանում, սակայն 2020 թվականին՝ ակնհայտ և օբյեկտիվ պատճառներից ելնելով, իրավիճակը փոխվեց։ Հայաստանը մնաց համաարտադրողներից մեկն ու դերասանական կազմին (որտեղ առկա է, օրինակ՝ Ջերալդին Չափլինը) պարգևեց դերասան Սամվել Թադևոսյանին, որին հանդիսատեսը կտեսնի Երկրորդ Լեյտենանտ Կոնստանտինի դերում։ Խորհրդավոր, սև-սպիտակ վիզուալով լավագույն «բերգմանական» մթնոլորտը հիշեցնող «Լուկան» կարելի է անվանել փիլիսոփայական առակ, հակապատերազմական մանիֆեստ կամ մոգական անապատի ցնորք, որից հետո, կարծես թե, ինչպես տարօրինակ երազից, կստանանք կարևորագույն հարցերի պատասխանները։

 

 


 

«Սամսարա», ռեժիսոր՝ Լոիս Պատինյո (Իսպանիա)

Միջազգային մրցույթ

Ֆիլմ-ճանապարհորդություն դեպի ենթագիտակցության ընդերքները՝ բաժանված երկու մասի։ Առաջինը պատմում է մահամերձ, տարեց կնոջ մասին, որի համար ամեն օր կարդում են «Մեռյալների տիբեթական գիրքը», որպեսզի մահից հետո նրա հոգին կարողանա գտնել ճանապարհ դեպի նոր կյանք։ Եվ մինչ երիտասարդ բուդդիստներն աղոթում են լաոսյան տաճարներում, ուղեկցելով հոգին մի մարմնից մյուսը, ռեժիսորն առաջարկում հանդիսատեսին փակել աչքերը և հետո, բազմաթիվ ձայնային և գունային շերտեր անցնելիս, զգալ և ականատեսը լինել ռեինկարնացիայի իր տեսլականին։ Ֆիլմը փետրվարին ցուցադրվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնում և արժանացել մի շարք կինոքննադատների բարձր գնահատականին (ես անգամ ճանաչում եմ մեկին, ով այն «գլուխգործոց» է անվանել)։

 

 


 

«Կարմիր երկինք», ռեժիսոր՝ Քրիսթիան Փեթցոլդ (Գերմանիա)

Երևանյան պրեմիերաներ

Գերմանական նորագույն կինոյի ամենաբեղմնավոր և սիրված ռեժիսորներից մեկի՝ Քրիսթիան Փեթցոլդի նոր ֆիլմը ևս ցուցադրվեց փետրվարին Բեռլինալեի շրջանակներում։ Ամառային հանգստի ձևաչափը բազմաթիվ ռեժիսորների համար (օրինակ՝ Բերտոլուչիի, Ռոմերի կամ Գուադանյինոյի) հարմար և հաճելի առիթ է հետազոտելու միայնակ մարդկանց էմոցիոնալ (և ոչ միայն) ցանկությունները։ Փեթցոլդի նոր ֆիլմում նույնպես կարելի է տեսնել աշխատանքային պարտականությունների հետևում թաքնվող Լեոնին և Ֆելիքսին, որոնց հավասարակշռված ամառային հանգիստը խաթարում է Նադյան (աղոտ հիշեցնում է Ռոմերի «Կոլեկցիոներուհուն»): Բալթիկ ծովի ափին երբեմն շատ քամոտ է և վտանգավոր, իսկ մոտակա անտառներում կարող են հրդեհներ բռնկվել, որոնք բառացիորեն նկարագրում են գլխավոր հերոսների (առնվազն մեկի) ներաշխարհի անհանգստությունն ու տագնապները։


 


 

«Ավտովթար», ռեժիսոր՝ Դևիդ Քրոնենբերգ (Կանադա, Միացյալ Թագավորություն)

Ծուռ ծիրան ծրագիր

Կանադացի կարևորագույն կինոհեղինակներից ամենաինքնատիպը՝ սարսափի, թրիլերի և տեղ-տեղ սյուրռեալիզմի, տեղ-տեղ էլ միստիկայի ժանրերում, տարիներ առաջ նկարահանել է իր լավագույն ֆիլմերից մեկը՝ «Ավտովթար» էրոտիկ թրիլերը կամ ինչպես այսօր են հաճախ ասում կինոքննադատները՝ բոդի-հորորը։ Նաև ասում են, որ «Ավտովթարը» ոգեշնչել է մեկ այլ՝ այս անգամ ֆրանսիացի կին ռեժիսոր Ժյուլի Դյուկորնոյին ստեղծել իր «Տիտանը» (Կաննի Ոսկե արմավենի 2021)։ Քրոնենբերգի մոտ դրայվն ավելի քիչ է, կան բազմաթիվ սասփեպսային դրվագներ, սառն ինտերիերային և (իհարկե) ավտոմեքենայի սալոնում կատարվող գործողություններ, որոնց մեջ առանցքայինն ու հիմնականը՝ ավտովթարի ժամանակ սեքսուալ բավարարվածություն և  հաճույք ստացող մարդիկ են։

 

 


 

«Անկման անատոմիա», ռեժիսոր՝ Ժյուստին Տրիե

Երևանյան պրեմիերաներ

2021-ի «Տիտանից» ընդամենը երկու տարի անց Կաննի գլխավոր մրցանակը նորից բաժին հասավ ֆրանսիացի կին ռեժիսորի՝ Ժյուստին Տրիեին «Անկման անատոնիա» քրեական դրամա-թրիլերի համար։ Պատմության գլխավոր դերակատարներն ընտանեկան եռյակն է, մայրը, հայրը և որդին, որտեղ մայրը՝ Սանդրան (գերմանական կինոյի աստղ Սանդրա Հյուլերը) գրող է, իսկ  ամուսինը… հայտնաբերվում է գետնին՝ մահացած, անկման արդյունքում։ Սպանություն, դժբախտ պատահար, թե՞ ինքնասպանություն. հանդիսատեսը պարզելու է երկուս ու կես ժամերի ընթացքում՝ ինչպես ֆրանսիական դատարանի նիստերի դահլիճում, այդպես էլ Սանդրայի տանը՝ ննջասենյակից խոհանոց, որտեղ ականատես է լինելու բազմաթիվ ընտանեկան տեսարանների՝ լի երբեմն ժպիտներով ու ծիծաղով, երբեմն էլ ջղաձիգ պարզաբանումների և շիկացած լարվածությամբ։

 

 


 

«Չքնաղ օրեր», ռեժիսոր՝ Վիմ Վենդերս (Ճապոնիա, Գերմանիա)

Երևանյան պրեմիերաներ

Եվս մեկ նորույթ Կաննից, ևս մեկ կարևոր ռեժիսոր, որը համաշխարհային պրեմիերայից հետո արժանացավ Ոսկե արմավենու ճյուղի Լավագույն տղամարդու դերակատարման համար (Կոձի Յակուսե)։ Գերմանացի դասականը, հավանաբար, իր սերնդի ներկայացուցիչների մեջ եզակիներից է, ում հաջողվեց ուրախացնել սինեֆիլներին նոր աշխատանքով (մոտ տասը տարի ռեժիսորը մեծ ու դիտարժան ֆիլմեր չէր նկարել)։ Թեև, ըստ կինոքննադատների, նոր Վենդերսն ավելի շատ նման է հին Վենդերսին, թեև այս անգամ գործողությունները տեղի են ունենում Ճապոնիայում, ճապոնացիների մասնակցությամբ և ճապոներեն։ Պատմությունը Տոկիոյի հանրային զուգարաններում աշխատող հավաքարարի մասին է, ով երջանկության դասեր է տալիս և ներկայացնում հանդիսատեսին կլիշեներից ու կարծրատիպերից հեռու Տոկիո։ Մեծ քաղաքի ուրբանիստիկ դեկորացիաները խեղդում են իրենց մասշտաբներով, սակայն էսկապիզմի էկոլոգիկ և անվնաս ձեռնարկը կիրառելի է բոլոր անհանգիստ և տրտում workaholic-ների համար. հավանությունը տվել է անձամբ Վենդերսը։

 

հավելյալ նյութեր