Ոսկե Ծիրան 2024․ պարտադիր նայելիքներ
Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանն առանձնացրել է 8 դիտարժան ֆիլմ, որոնք չարժե բաց թողնել այս տարվա Ոսկե Ծիրանում։
06.07.2024April in France / Ապրիլը Ֆրանսիայում, ռեժիսոր՝ Դավիթ Բոարետտո
Այս տարվա «Ոսկե ծիրանի» ամենաբարի ու սիրտ ջերմացնող վավերագրական մրցութային ֆիլմերից մեկը։ Դավիդ Բոարետտոն ստեղծել է այն քովիդյան և հետքովիդյան ժամանակաշրջանում՝ ճամփորդելով իր 5 տարեկան աղջկա՝ Ապրիլի հետ նախ Լոնդոնից Փարիզ, այնուհետև ուղևորվել Ֆրանսիայի Հարավ-Արևմուտք՝ Լաբաստիդ դ՛Արմանյակ գյուղաքաղաք, հորական տուն։ Այստեղ աղջիկը սկսում է ծանոթանալ իր նախապապի պատմությանը, հանդիպում և ընկերանում ոչ թե հասակակիցների, այլ մեծահասակների հետ, որոնցից ոմանք անգամ ճանաչել են Ապրիլի նախապապին։ Բարդ ու ծանրամարս թվացող թեմաներն Ապրիլի սրամիտ ու հետաքրքրասեր մտքերի և Բոարետտոյի հեռավորություն պահող, մինիմալ միջամտություններով տեսախցիկի շնորհիվ մատուցվում են գրեթե վինտաժային՝ հին ու բարի ֆրանսիական կինոհմայքով. կարծես հրավիրում հանդիսատեսին ֆրանսիական գյուղաքաղաք՝ խոսելու նախնիներից ու կյանքից։
1489, ռեժիսոր՝ Շողակաթ Վարդանյան
Անցած տարվա կարևորագույն հայկական ֆիլմերից մեկը, որն արժանացավ միանգամից երկու կարևոր մրցանակի հեղինակավոր նիդերլանդական IDFA միջազգային վավերագրական կինոփառատոնում՝ դառնալով կինոփառատոնի գլխավոր հաղթողն ու կինոքննադատների ու կինոլրագրողների ասոցիացիայի մրցանակակիրը։
Ֆիլմի հեղինակը՝ Շողակաթ Վարդանյանը, բջջային հեռախոսով պատկերում է 44- օրյա պատերազմի 7-րդ օրը կորած եղբորը՝ Սողոմոնին, քննարկումներ ու զրույցներ վարում ծնողների հետ, վավերագրում իր առօրյան, արխիվացնում որոնումներն ու բառացիորեն հրավիրում հանդիսատեսին իր տուն ու թույլ տալիս դառնալ անձնական (ու ազգային) ողբերգության եթե ոչ անմիջական մասնակիցը, ապա ներկան։
Dahomey / Դահոմե, ռեժիսոր՝ Մատի Դիոպ
Այս տարվա Բեռլինի միջազգային կինոփառատոնի Ոսկե արջի արժանացած վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորն է ֆրանսիա-սենեգալցի Մատի Դիոպը, և որի «Ատլանտիքը» 2019-ին արժանացել էր Կաննի Գրան-պրիի։ «Դահոմեն» պատմում է երկու դար առաջ ֆրանսիացի գաղութարարների կողմից Աֆրիկայից 26 հուշարձանների հափշտակման ու այսօր հայրենիքին վերադարձնելու մասին։ Այսօր հուշարձանները Բենինում են, որը ֆրանսիական օկուպացիայից առաջ կոչվում էր Դահոմե. այստեղ էին իշխում թագավորներ Գեզոն, որի արձանը կշռում է 220 կգ ու Բեհանզինը, ով պատկերված է շնաձկան մարմնով։ Առաջինի օրոք Ֆրանսիայի հետ հարաբերությունները կարծես թե ավելի բարիդրացիական էին, իսկ վերջինս պատերազմում էր Ֆրանսիայի դեմ։
Դիոպի ֆիլմի և բեռլինյան մրցանակի շնորհիվ այսօրվա Բենինն ու երբեմնի Դահոմե թագավորությունը համաշխարհային դոկումենտալ կինոյի օրակարգում են, և ֆիլմը հասել է նաև Երևան։
From Hilde, with love / Հիլդեից՝ սիրով, ռեժիսոր՝ Անդրեաս Դրեզեն
Այս տարվա ակնառու գերմանական ֆիլմերից մեկը, որի հիմքում իրական կենսագրական պատմություն է՝ գերմանուհի հակաֆաշիստ, Դիմադրության շարժման անդամներ Հիլդե Կոպպիի ու ամուսնու՝ Հանս Կոպպիի մասին։ Երկուսն էլ «Կարմիր կապելլա» կազմակերպության անդամներ էին, ակտիվ դիմադրում էին հիտլերյան ռեժիմին, թռուցիկներ բաժանում, սովորում Մորզեի այբուբենը, թաքուն լսում խորհրդային ռադիոկայանները, որպեսզի տեղեկություններ ստանան գերմանացի ռազմագերիների և հարձակումների մասին։
Անդրեաս Դրեզենի դրաման պատկերում է Երկրորդ համաշխարհային ենթատեքստում հետխորհրդային շրջանի հանդիսատեսի համար մի փոքր անսովոր և գուցե նոր՝ հակաֆաշիստական գերմանական դիտանկյուն՝ գերմանացի զույգի կյանքի և գործունեության մասին։ Եթե տեղափոխվել մռայլ պատերազմական ժամանակաշրջան, ապա միայն սիրով, ինչպես Հիլդե Կոպպին։
Paradise is burning / Դրախտն այրվում է, ռեժիսոր Միկա Գուստաֆսոն
Անցած տարվա ամենահմայիչ, բարի ու ոգեշնչող պատմություններից մեկը շվեդ երիտասարդ ռեժիսոր Միկա Գուստաֆսոնից, որը համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Վենետիկի միջազգային կինոփառատոնում Orizzonti մրցույթում և դրանից հետո ճամփորդեց բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոներով՝ դառնալով 2023-ի դիտարժան կինոդեբյուտներից։
Երեք դեռահաս աղջկա՝ Լաուրային, Միրային ու Ստեֆիին լքում է մայրը, հայրը չկա, իսկ բարեկամները հեռու են և առանձնապես զարմացած չեն աղջիկների մոր հերթական անհետացման կապակցությամբ։ Սակայն ընտանիքով արդեն իսկ հետաքրքված են սոցաշխատողները, որոնք անդադար զանգահարում են տան հեռախոսին, որպեսզի հիշեցնեն գալիք ստուգայցի մասին։ Մեծը՝ Լաուրան, բացի ավագ քրոջ դերից, ստանձնում է նաև ընտանիքի խնդիրները լուծողի, հայթայթիչի ու պաշտպանի դերը՝ զուգահեռ ընկերանալով երիտասարդ կնոջ՝ Հաննայի հետ, որը գուցե օգնի աղջիկներին սոցաշխատողներին խաբելու գործում։
Միկա Գուստաֆսոնի ֆիլմը ոչ միայն քույրության ու ընտանեկան միության, այլ նաև հասունացման մասին է, մանկության, որը թեկուզ և անապահով է, բայց լի խենթ ու պայծառ պահերով. հիանալի ամառային, էսկապիստական պատում փայլուն դերասանական կազմով ու տրամադրող սաունդրեքերով մեծական խնդիրներից փախչելու համար։
Tezeta / Թեզետա, ռեժիսորներ՝ Արամազդ Գալայճեան, Գարեգին Պապոյան
Թեև հայ-եթովպական բարեկամական կապերի մասին պատմությանը հայտնի է դեռևս 5-րդ դարից, իսկ երաժշտագետներին, հավանաբար, Գևորգ և Ներսես Նալբանդյանների անունները, այնուամենայնիվ, այսօրվա հայկական վավերագրական կինոյի կոնտեքստում «Թեզետան» ինքնության թեմայի իր մոտեցմամբ ու դիտանկյունով դիտվում է առնվազն թարմ։ Երաժիշտ Գևորգ Նալբանդյանը Հայոց ցեղասպանությունից հետո մի քանի տասնյակ որբերի հետ եթովպական կայսեր հրավերով հայտնվում է Ադիս Աբեբայում և ստեղծում կայսերական նվագախումբ ու Եթովպիայի առաջին ազգային հիմնը։ Իսկ նրա զարմիկը՝ Ներսեսը, շարունակում է երաժշտական դինաստիայի ավանդույթը, սակայն արդեն ջազում։
«Թեզետան» ներկայացնում է եթովպական ժամանակակից երաժշտության ստեղծման պատմությունը, դրանում հայերի ավանդը և հայերի ու եթովպացիների ոչ այդքան հանրածանոթ, սակայն միանշանակ ավելի լայն քննարկման արժանի ու բեղմնավոր համագործակցությունը, որի հիմքում Նալբանդյանների յուրօրինակ դեպքն է:
Les Balconnetes / Պատշգամբի կանայք, ռեժիսոր՝ Նոեմի Մերլան
Ի՞նչ կլինի, եթե խաչասերենք Հիչքոքի «Պատուհան դեպի բակը» և Ալմոդովարի վաղ ֆիլմերը (ի դեմս՝ «Կանանց նյարդային պոռթկման եզրին»), դրան ավելացնենք Մարսելի ծովահանգստային տրամադրությունն ու անասելի տապը, որից ֆիլմի հերոսները տանջվում են և #MeToo շարժման հետևանքով աբյուզի մասին բարձրաձայնող կին-կինոգործիչներին։ Այդ հարցին պատասխանել է ռեժիսոր ու դերասանուհի Նոեմի Մերլանն իր երկրորդ ռեժիսորական աշխատանքում՝ «Պատշգամբի կանայք» սև կատակերգությունա-սարսափա-ֆենթեզիում՝ անկանոն ու բոլոր իմաստներով անկարգ ֆիլմում, որի համաշխարհային պրեմիերան ընդամենը մեկ ու կես ամիս առաջ էր՝ Կաննի կեսգիշերային ցուցադրությունների շրջանակում։ Երեք ընկերուհի փրկվում են մարսելյան շոգից ու ընկնում խելահեղ իրադարձությունների շրջապտույտի մեջ՝ միաժամանակ լուծելով անձնական հարցերը, աշխատելով նոր սցենարի վրա ու խախտելով օրենքը։
Եվ այդ պահի տակ գլխապտույտ առաջացնող, զվարճալի, ֆեմինիստական ու ազատատենչ ատրակցիոնում գլխավոր արական դերը բաժին է հասել «Էմիլին Փարիզում» սերիալի աստղ Լուկաս Բրավոյին։
The Beast / Գազանը, ռեժիսոր՝ Բերտրան Բոնելո
Ֆրանսիացի Բերտրան Բոնելոն, որը հայտնի է լայն լսարանին հայտնի է «Սեն Լորան» կենսագրական դրամայով, անցած տարի Վենետիկում ներկայացրեց «Գազանը» գիտաֆանտաստիկ love story-ն՝ Լեա Սեյդուի և Ջորջ ՄաքՔեյի մասնակցությամբ։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում միանգամից մի քանի ժամանակաշրջանում ու երկրում․ 1910-ին հերոսները հանդիպում են փարիզյան սալոնում ու փորձում հիշել իրենց առաջին հանդիպումը՝ Հռոմու՞մ էր, թե՞ Նեապոլում, իրենք էլ վստահ չգիտեն, մեկ էլ կհանդիպեն 100 տարի անց Լոս Անջելեսում և ավելի հեռավոր ապագայում, երբ Գաբրիելը (Սեյդու) կցանկանա օգտվել «ԴՆԹ-ի մաքրման» պրոցեդուրայից։
Բոնելոյի ֆիլմն ու վերնագրում նշվող գազանը, որի հնարավոր գալիքը զգում է Գաբրիելը, կինոքննադատներից ոմանք համեմատել են տագնապի հետ․ ոչ թե հոգեբանական խանգարման, այլ՝ գլոբալ, նախազգուշացնող, ավերիչ։
Հենրի Ջեյմսի «Գազանը թավուտում» նովելից ոգեշնչվելով՝ Բոնելոն հեռացել է օրիգինալից ու տեղափոխվել դեժա վյուի և ներկայիս մասին հիշողության աշխարհ։
+ հետահայաց ցուցադրություն
Sideways / Ճամփեզրին, ռեժիսոր՝ Ալեքսանդր Փեյն
Այս տարվա «Ոսկե ծիրանի» Միջազգային լիամետրաժ մրցույթի նախագահ Ալեքսանդր Փեյնի ռետրոսպեկտիվում քիչ չեն դիտարժան ֆիլմերը, և եթե 2023 թվականի օսկարյան հավակնորդ «Մնացածները» վերջին ամիսներին սինեֆիլների աչքի տակ էր, ապա 2004-ին էկրան բարձրացած «Ճամփեզրին» ժապավենն այդքան էլ հայտնի ֆիլմ չէ, թեև երկու ֆիլմում էլ գլխավոր հերոսներին մարմնավորում է Հոլիվուդի ամենահմայիչ, տաղանդավոր ու թերագնահատված դերասաններից մեկը՝ Փոլ Ջիամատտին։ Նրա հերոսը՝ Մայլզը, հրատարակչի պատասխանին սպասող գրող է և գրականության ուսուցիչ, սակայն գրականությունից ոչ պակաս նրա կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում գինին՝ այստեղ նա իսկական գիտակ է։ Իր վաղեմի ընկեր՝ ժամանակին մի սերիալի աստղ, իսկ այսօր գովազդներ հնչյունավորող Ջեքի հետ Մայլզին սպասում է կալիֆոռնիական ավտոճամփորդություն՝ գինու համտեսի, գոլֆի ու Ջեքի նախահարսանեկան հավաքի պատրվակով։ Ջեքը, թեև սիրում է իր նշանածին՝ հայուհի Քրիսթինին, սակայն պահի տակ տարակուսում ու երկմտում է և պլանավորում իր վերջին նախաամուսնական արկածը, մինչ Մայլզը փորձում է հաղթահարել ամուսնալուծության տրավման։
Երկու ընկերները դրամայի ու կատակերգության, հերթական գինարբուքի ու ընթրիքի արանքում առերեսվում են անձնական ճգնաժամերի, փորձում լուծել դրանք, գնալ ժամադրությունների և սպասել վճռորոշ օրվան՝ Հայ առաքելական եկեղեցում։