Ոսկե Ծիրան 2026. ուղեցույց
Փառատոն

Ոսկե Ծիրան 2026. ուղեցույց

Ոսկե Ծիրանը մեկնարկում է հուլիսի 12-ին։ ԵՐԵՎԱՆն առանձնացրել է փառատոնի բազմազան ծրագրից 10 բաց չթողնելու ֆիլմ։

Փառատոնի ամբողջական ծրագիրը

#ՈսկեԾիրան #Կինո

«Արտոյի երկիրը» / The Land of Arto

Ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան
Ծրագիր՝ Բացման ֆիլմ / «Արտադրված է Ֆրանսիայում»
Ցուցադրություն՝ հուլիսի 14, 17:00 — Կինոյի տուն, Մեծ դահլիճ

 

 

Թամարա Ստեփանյանի առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմը Հայաստանը բացահայտում է այստեղ առաջին անգամ հայտնված ֆրանսուհու աչքերով։ Կամիլ Կոտենի և Զար Ամիր Էբրահիմիի մասնակցությամբ այս ճանապարհային պատմությունը, որը 2025-ին բացել է Լոկառնոյի կինոփառատոնը, ապա ցուցադրվել ֆրանսիական կինոթատրոններում, այս տարի «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմն է։

 


 

«Վերապրել Շեքսպիրին» / Outliving Shakespeare

Ռեժիսորներ՝ Իննա Սահակյան, Ռուբեն Ղազարյան
Ծրագիր՝ Միջազգային մրցույթ
Ցուցադրություններ՝
հուլիսի 16, 12:30 — «Նաիրի» կինոթատրոն
հուլիսի 17, 21:00 — «Կինոմոսկվա», Կարմիր դահլիճ

 

 

Երևանի ծերանոցի բնակիչները Շեքսպիր են բեմադրում՝ փորձերի ընթացքում վերագտնելով սեփական ձայնը, անցյալն ու համայնքի զգացումը։ Ֆիլմը ծերության մասին պատմում է առանց խղճահարության՝ թատրոնը դարձնելով կյանքի հանդեպ հետաքրքրությունը պահպանելու միջոց։ «Ավրորայի արշալույսը» անիմացիոն վավերագրության հեղինակների վերադարձը։

 


 

«Երազներ» / Dreams

Ռեժիսոր՝ Միշել Ֆրանկո
Ծրագիր՝ Երևանյան պրեմիերաներ
Ցուցադրություններ՝
հուլիսի 14, 20:00 — «Նաիրի» կինոթատրոն
հուլիսի 15, 18:00 — Կինոյի տուն, Մեծ դահլիճ

 

 

Մեքսիկացի երիտասարդ պարողի և հարուստ ամերիկուհու հարաբերությունների միջոցով Միշել Ֆրանկոն ուսումնասիրում է սերը, իշխանությունը, արտոնություններն ու ներգաղթը։ Ֆիլմը դիտելու լրացուցիչ առիթ է այն, որ ժամանակակից մեքսիկական կինոյի առանցքային հեղինակներից Ֆրանկոն այս տարի «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերից է։

 


 

«Ֆյորդ» / Fjord

Ռեժիսոր՝ Քրիստիան Մունջիու
Ծրագիր՝ Երևանյան պրեմիերաներ
Ցուցադրություններ՝
հուլիսի 14, 21:00 — «Կինոմոսկվա», Կարմիր դահլիճ
հուլիսի 18, 22:00 — Կինոյի տուն, Մեծ դահլիճ

 

 

Նորվեգիայի հեռավոր բնակավայրում ապրող ընտանիքը հայտնվում է պետական մարմինների ուշադրության կենտրոնում՝ երեխայի նկատմամբ բռնության մեղադրանքից հետո։ Ռումինական նոր ալիքի կարևոր հեղինակներից մեկը՝ Քրիստիան Մունջիուն, ընտանեկան դրամայի միջոցով բախում է ծնողական իրավունքը, հավատը, մշակութային տարբերություններն ու պետության միջամտությունը։ Արդյունքը՝ վերջին տարիների ամենավիճահարույց «Ոսկե արմավենիներից» մեկը։ Ուրեմն հաստատ պետք է տեսնել սեփական աչքերով։

 


 

«Դառը Սուրբ ծնունդ» / Bitter Christmas

Ռեժիսոր՝ Պեդրո Ալմոդովար
Ծրագիր՝ Երևանյան պրեմիերաներ
Ցուցադրություններ՝
հուլիսի 15, 20:00 — Կինոյի տուն, Մեծ դահլիճ
հուլիսի 16, 20:00 — «Նաիրի» կինոթատրոն

 

 

Պարզապես նոր Ալմոդովար, որտեղ կա այն ամենը, ինչի համար վաղուց սիրում ենք — կամ չենք սիրում — Ալմոդովարին։ Հռչակավոր իսպանացին կրկին միահյուսում է կորուստը, հիշողությունը, ստեղծագործական ճգնաժամն ու կինոյի ներխուժումն իրական կյանք։

 


 

«Հայրենիք» / Fatherland

Ռեժիսոր՝ Պավել Պավլիկովսկի
Ծրագիր՝ Երևանյան պրեմիերաներ
Ցուցադրություններ՝
հուլիսի 16, 19:30 — Կինոյի տուն, Մեծ դահլիճ
հուլիսի 17, 19:30 — «Նաիրի» կինոթատրոն

 

 

Այս տարվա Կաննի ամենաբարձր գնահատականները ստացած ֆիլմերից մեկը Երևանում անձամբ կներկայացնի ռեժիսոր Պավել Պավլիկովսկին։ Թոմաս Մանի և նրա դստեր՝ Էրիկայի հետպատերազմյան ճանապարհորդությունը միաժամանակ ընտանեկան պատմություն է, Գերմանիայի մասնատված ինքնության դիմանկար և նոր հանդիպում Պավլիկովսկու խիստ ու ճանաչելի կինոլեզվի հետ։ Չափազանց արդիական թեմա նաև մեր օրերի համար։

 


 

«Մեծ պատմություն փոքր քաղաքում»

Ռեժիսոր՝ Գոռ Կիրակոսյան
Ծրագիր՝ Երևանյան պրեմիերաներ
Ցուցադրություն՝ հուլիսի 17, 22:30 — Կինոյի տուն, Մեծ դահլիճ

 

 

Գոռ Կիրակոսյանի 2006 թվականի լիամետրաժ դեբյուտը վերադառնում է մեծ էկրան՝ վերականգնված տեսքով։ Սխալմամբ փոխանակված դիակների շուրջ կառուցված սև կատակերգությունն այսօր հետաքրքիր է ոչ միայն իր անհեթեթ սյուժեով, այլև որպես 2000-ականների Երևանի, նրա լեզվի, դեմքերի և հետխորհրդային իրականության կենդանի պատկեր։ Գուցե անկախության շրջանի լավագույն հայկական կատակերգությունը։

 


 

«Սատանտանգո» / Satantango

Ռեժիսոր՝ Բելա Տար
Ծրագիր՝ Ձոն Բելա Տարին
Ցուցադրություն՝ հուլիսի 18, 21:00 — «Նաիրի» կինոթատրոն

 

 

Յոթ ժամից ավելի կինոթատրոնում նստելը հեշտ մարտահրավեր չէ, բայց Բելա Տարի «Սատանտանգոն» սովորական դիտում չէ, այլ բացառիկ կինոփորձառություն։ Դանդաղ ռիթմով, երկար պլաններով և հիպնոսացնող սև-սպիտակ պատկերով այս մոնումենտալ գործը՝ նկարահանված անցյալ տարի Նոբելյան մրցանակի արժանացած հունգարացի գրող Լասլո Կրասնահորկայի համանուն վեպի հիման վրա, Երևանում ցուցադրվելու է նոր՝ 4K վերականգնված տարբերակով։

 


 

«Մոլեգնություն» / Obsession

Ռեժիսոր՝ Կարի Բարքեր
Ծրագիր՝ «Ծուռ ծիրան»
Ցուցադրություն՝ հուլիսի 12, 22:00 — «Նաիրի» կինոթատրոն

 

 

Այս ֆիլմի մասին 2026-ին խոսում է ամբողջ կինոհանրությունը․ 26-ամյա յութուբ-կատակերգակ Կարի Բարքերը Հոլիվուդի համար միկրոբյուջեով կարողացավ նկարահանել դեբյուտ, որը ցնցեց կինոթատրոնների դրամարկղերն ու կինոկայքերի քննարկման բաժինները։ Երևանում ֆիլմը բացում է «Ծուռ ծիրան» ծրագիրը, որտեղ հավաքված են իսկապես շատ ծուռ և իսկապես ուրիշ ոչ մի բանի չնմանվող կինոնկարներ։

 


 

«Դը Գոլի մարտը» / La Bataille de Gaulle

Ռեժիսոր՝ Անտոնեն Բոդրի
Ծրագիր՝ Երևանյան պրեմիերաներ
Ցուցադրություններ՝
հուլիսի 16, 19:00 — «Կինոմոսկվա», Կարմիր դահլիճ
հուլիսի 18, 18:30 — Կինոյի տուն, Մեծ դահլիճ

 

 

1940 թվական, Ֆրանսիան պարտված է, բայց գեներալ Շառլ դը Գոլը հրաժարվում է ընդունել կապիտուլյացիան և Լոնդոնից սկսում կառուցել Ազատ Ֆրանսիայի շարժումը։ 159 րոպեանոց պատմական էպոսը երկմասանոց մեծ նախագծի առաջին հատվածն է և այս տարի Կաննում ցուցադրվել է պաշտոնական ընտրության արտամրցութային ծրագրում։ Դը Գոլին մարմնավորում է ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը, որը նույնպես փառատոնի պատվավոր հյուրերի թվում է։

հավելյալ նյութեր