«Ոսկե դուբլ».  ֆուտբոլային Արարատի բարձունքը
Արարատ

«Ոսկե դուբլ». ֆուտբոլային Արարատի բարձունքը

Արարատի անունով կոչված երևույթներից հայերի համար ամենամեծ նշանակություն ունեցողներից է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը։ Ավելի ստույգ՝ «Արարատի» 1973 թվականի հաղթարշավը ԽՍՀՄ առաջնության և Գավաթի խաղարկություններում։ Հայկական սպորտի այդ հռչակավոր հաղթանակի մասին է լինելու «Ոսկե դուբլ» խաղարկային ֆիլմը, որն էկրան կբարձրանա այս աշնանը։ ԵՐԵՎԱՆը զրուցել է ֆիլմի սցեարիստ ու «Արարատի» վաղեմի երկրպագու Էդուարդ Այանյանի հետ։

Տեքստը՝ Սոնա Կարապողոսյանի

 

Լուսանկարները՝ Kinopoisk.ru

 

ԵՐԵՎԱՆ #89 | 2025

 

Էդուարդ Այանյան

#Կինո

«Արարատ» Երևան

Ակումբը հիմնադրվել է 1935 թվականի մայիսի 10-ին Վռամշապուհ Մերանգուլյանի գլխավորությամբ։ Մինչև 1963 թվականն ակումբը կոչվել է «Սպարտակ» և «Դինամո», բայց առաջին հաջողությունների հասել է արդեն որպես «Արարատ»։ 1971-ին թիմը արժանանում է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալներին։ Երկու տարի անց թիմի ղեկին է կանգնում Մոսկվայի «Սպարտակի» և ԽՍՀՄ հավաքականի լեգենդար ռմբարկու, այնուհետև հաջողակ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։ 1973-ին երևանյան թիմը հաղթում է և՛ ԽՍՀՄ առաջնությունում, և՛ ԽՍՀՄ Գավաթում՝ երկու դեպքում էլ ձեռնունայն թողնելով ֆավորիտ Կիևի «Դինամոյին»։ 1975-ին երևանցիները երկրորդ անգամ են նվաճել ԽՍՀՄ գավաթը՝ արդեն առանց Սիմոնյանի։

 

 



«Ոսկե դուբլ»

Ֆիլմը հայ-ռուսական համարտադրություն է, որն արտադրել է AP Cinema ընկերությունը (տնօրենը պրոդյուսեր Վալերի Սահարյանն է): Ֆիլմը նաև աջակցություն է ստացել Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից և ստացել է ՌԴ Ազգային ֆիլմի վկայական, որը կանաչ ճանապարհ է բացում կինոթատրոններում լայն ցուցադրության համար: Մտահղացման և սցենարի հեղինակներ՝ Էդուարդ Այանյան, Վալերի Սահարյան։ Ռեժիսորներ՝ Մհեր Մկրտչյան, Ֆյոդոր Լյասս։ Դերերում՝ Եգոր Բերոև, Սոֆյա Դոնիանց, Սերգեյ Շակուրով, Սերգեյ Գազարով, Բաբկեն Չոբանյան, Անահիտ Կիրակոսյան և ուրիշներ։
 

«Արարատն» ու Արարատը

Իմ մանկությունը սկսել է ֆուտբոլից: 70-ականներին հայրս «Արարատի» մեծ երկրպագու էր և ինձ միշտ իր հետ մարզադաշտ էր տանում: Փաստացի մեծացել եմ «Հրազդանի» արևմտյան տրիբունայում: Այն ժամանակ մարդիկ աբոնեմենտով էին ֆուտբոլ գնում, տարիներ շարունակ նույն տեղերում էին նստում, բոլորն իրար ճանաչում ու շփվում էին: Դա մշակույթ էր ու մեր ընտանեկան պատմության մի կարևոր բաղադրիչ։ Հայրս, օրինակ, սեփական հարսանիքից ուշացել է «Արարատի» խաղը նայելու պատճառով…

 

Մեր տանը գոյացել էր մեծ արխիվ՝ թերթեր, հրապարակումներ, լուսանկարներ, նաև միշտ քննարկվում էր, թե ինչ է Արարատը, ինչու է սահմանից այն կողմ և ինչ դեր ունի մեր ժողովրդի կյանքում: Ու մեծանալով նմանատիպ մթնոլորտում՝ այս ամենի ազդեցությունն իմ հետաքրքրությունների ու աշխարհայացքի վրա անխուսափելի էր: 

 

Երբ ֆիլմի պրոդյուսերը՝ Վալերի Սահարյանն առաջարկեց այս թեմայով ֆիլմ նկարահանել, շատ ոգևորվեցի, քանի որ շատ հոգեհարազատ թեմա էր, բայց հնարավոր բարդությունները շատ քաջ գիտակցում էի: Նախապատրաստական փուլում շատ ժամանակ ծախսեցինք հատկապես հանդիպումների վրա, խոսեցինք գրեթե բոլորի հետ, ովքեր դեռ կենդանի էին՝ սկսած մեր լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանից մինչև ֆուտբոլիստներ, նաև թիմի հետ կապված այլ մարդկանց հետ՝ հավաքագրելու նրանց հիշողությունները, որոշակի վերաճշտումներ անելու, որպեսզի ստեղծվող գեղարվեստական մասը չհակասի պատմական իրականությանը: 

 

 

73-ի հրաշքը

Ֆիլմի առանցքային գիծը՝ Նիկիտա Սիմոնյանի՝ Երևան տեղափոխվելն է, երբ հենց այդ տարում «Արարատն» արժանացավ Սովետական Միության գավաթին ու հաղթեց նաև առաջնությունում: Գիտեք, որ ազգային առաջնությունն ու գավաթային մրցաշարերը զուգահեռ են ընթանում, և թիմերը, որոնք հասնում են կիսաեզրափակիչ, եզրափակիչ, ավելի շատ խաղեր են ստիպված անցկացնել, դա ֆիզիկական մեծ ռեսուրս է պահանջում: Միանգամից երկու մրցաշարում հաղթելը շատ պատվաբեր է, ու եթե հաշվի առնենք, որ մինչ 1973 թիվը «Արարատը» չեմպիոն երբեք չի եղել, այդ տարի, իրոք, հրաշք տեղի ունեցավ: Ընդ որում՝ երկու մրցաշարերում էլ «Արարատի» գլխավոր հակառակորդը Կիևի «Դինամոն» էր: Երբ թիմը գրավում է երկու տիտղոսները միաժամանակ, սպորտում դա կոչվում է «ոսկե դուբլ», այդպես է կոչվում նաև մեր ֆիլմը:

 

Մենք սկսեցինք աշխատել 2019-ին, 2020-ի գարնանը ֆիլմի սցենարի առաջին տարբերակն արդեն պատրաստ էր, բայց դրան հաջորդած ողբերգական իրադարձությունները դրդեցին թողնել աշխատանքը որոշ ժամանակով: Երկու տարի անց պրոդյուսերը նորից վերադարձավ թեմային, սկսեցինք մեծ էներգիայով աշխատել, և արդեն այս տարի աշնանը ֆիլմն էկրան կբարձրանա: 
Ֆիլմում մեզ հետաքրքրում էին այն բարդությունները, որ ուներ մարզիչը ֆուտբոլիստների հետ հարաբերություններում: Կային կոնֆլիկտներ. նոր մարզիչ է եկել, որոշ հանգամանքներ խաղացողները հեշտ չէին ընդունում: Նիկիտա Սիմոնյանը ևս դժվար էր ադապտացվում, նա հայ էր, բայց ծնվել էր Աբխազիայում, ապրել էր Մոսկվայում, խաղացել էր Մոսկվայի «Սպարտակում», ապա մարզել էր այդ թիմը: Ու հանկարծ 1973-ին նրան ուղարկել էին Երևան: 

 

 

 

«Հրազդանի» կրակները

Այս բարդ բնավորությունների համատեղման ու հաշտեցման համար բանալի էր պետք, տրամաբանության, դա հոգեբանության ու միասնության հարց էր, որ պետք էր լուծել: Այս գործում մեծ դեր ունեցան երկրպագուները: 1973-ը մեր քաղաքի, երկրի ժողովրդական պատմությունը դարձավ. բոլորը երազում էին նման հաղթանակի մասին՝ ողջ Խորհրդային Միությունում հաստատել, որ լավագույն թիմը մեր «Արարատն» է, ամեն տեղ գրված տեսնել այդ բառը: Ու այդպես էլ եղավ. Մոսկվայում կայացած Գավաթի եզրափակչի ժամանակ հայ երկրպագուներն էլեկտրական լույսեր էին անցկացրել տրիբունա ու լամպերով, լարերով հավաքել էին «Արարատ» գրությունը, իսկ առաջնության վերջին խաղի ժամանակ, որն արդեն Երևանում էր տեղի ունենում և որոշվում էր չեմպիոնության հարցը, բոլոր երկրպագուները վառեցին իրենց տակ փռած թերթերը, որոնք նստարանների փոշուց պաշտպանվելու համար էին, և «Հրազդան» մարզադաշտն ամբողջովին պատվեց կրակով:

 

Ֆուտբոլը զգացմունքային կղզի էր: Այն ժամանակ զգացմունքներ բաց արտահայտելու վայրեր չկային, կար որոշակի կարգուկանոն, չէիր կարող փողոցում գոռգոռալով ման գալ, ցույց անել. մայիսի 1-ին կարմիր դրոշով հրապարակով անցնում էիր ու վերջ: Եթե երեկոյան մարդիկ մի քիչ բարձր էին խոսում, միլիցիան մոտենում էր ու ուղարկում տներով:

 

Իսկ «Հրազդան» մարզադաշտում ոչ մի ֆորմալ բան չկար: Տասնյակ հազարավոր տղամարդիկ, բոլորը ծխում էին: Երբ գալիս էիր ֆուտբոլի, հատկապես աշնանային ամիսներին, երբ շուտ էր մթնում, առջևումդ խոյանում էր մթության մեջ լուսավորված «Հրազդան» մարզադաշտի «խառնարանը», որի մեջտեղից ծուխ էր բարձրանում, ասես՝ հրաբուխ լիներ: Այդ միջավայրում մարդիկ ազատ արտահայտվում էին, թե մի բան դուր չէր գալիս, հայհոյում էին, վիճում էին. կատարյալ ազատություն էր, իսկ երբ գոլ էին խփում, մարդիկ իրենց կոկորդները պատռում էին գոռալով: 

 

 

 

Տեսնել սեփական աչքերով

Մեծ տարբերություն կար՝ ֆուտբոլ նայել մարզադաշտում, թե հեռուստացույցով։ Տանը նայելը շատ անհետաքրքիր էր: Բացի այդ, այն ժամանակ գունավոր հեռուստացույցներ չկային, թիմերն էկրանին մոտավորապես էիր ճանաչում: Մեկնաբանն ասում էր, թե որ թիմն ինչ համազգեստով է, որ հասկանաս՝ մոխրագույնը մոտավոր որ գույնն է: Թիմերն էլ համազգեստի այնպիսի գույներ էին ընտրում, որ սև-սպիտակ հեռուստացույցով դիտելիս մարդիկ տարբերեն թիմերն իրարից: 

 

Խաղից առաջ և ընդմիջմանը միշտ մարզադաշտում երաժշտություն էր հնչում, հիմնականում Ռաիսա Մկրտչյան, Ռուբեն Մաթևոսյան, երբեմն Օրբելյանի գործերը և այլն: Ընդմիջման այդ 15 րոպեն տրամադրում էին մանկական ֆուտբոլային դպրոցի սաներին, ովքեր այդ ընթացքում դուրս էին գալիս մարզադաշտ, իսկ մենք մեծ հաճույքով դիտում էինք նրանց խաղը: Մեծերը տրիբունաներից մեկնաբանում, կանխագուշակություններ էին անում՝ «էս մեկը լավ է խաղում, մեծանա՝ հիմնական թիմում կխաղա…»:

 

Ֆուտբոլ գնալը քաղաքային մշակույթ էր. կրկեսից սկսած մինչև «Հրազդան» մարզադաշտը երթևեկությունը փակ էր, ոտքով էինք գնում. տասնյակ հազարավոր մարդիկ թերթերով, արևածաղիկով, ասես՝ քայլերթ լիներ: Ներկայիս քաղաքապետարանի տեղում սեփական տներ էին, իսկ ճանապարհին մանկական հիվանդանոց կար, և երբ գնում էին ֆուտբոլ, մարդիկ դուրս էին գալիս, մեզ ճանապարհում էին: Եթե մերոնք հաղթում էին, հետ գալիս բոլոր շենքերից մեզ էին ողջունում, ասես՝ մենք էինք հաղթել: Կռիվներ, ծեծկռտուքներ չէին լինում. շատ զգացմունքային, բայց նաև շատ ինտելիգենտ երկրպագուներ էին, որ նախևառաջ գնահատում էին լավ ֆուտբոլը, այդ թվում նաև մրցակցի կողմից:

 

 

Վերադարձ 70-ականներ

«Ոսկե դուբլի» նկարահանումները տևեցին մոտ երկու ամիս: Առանձին բարդություն էր նաև այն, որ Հայաստանում չկան վայրեր, որտեղ չի երևում 21-րդ դարը: Երևանն ամբողջովին կորցրել է իր պատմական տեսքը, օրինակ՝ երևանյան բակ նկարելը, որ ունի նույն տեսքը, ինչ 70-ականների բակերը, անհնարին է. ամբողջն ավտոտնակներ են: 

 

Կցանկանայի նշել մի շարք մարդկանց, առանց ում աջակցության ֆիլմը չէր կայանա. Արթուր Ջանիբեկյանը, Էդուարդ Իլոյանը, Ղևոնդ Անդրեասյանը, Արթուր Սողոմոնյանը, Ռաֆայել Մինասբեկյանը, ովքեր օգնեցին խորհուրդներով, ինչպես նաև կադրային, կազմակերպչական աջակցություն ցուցաբերեցին: Ֆուտբոլը թիմային խաղ է, այդպիսին էլ դարձավ ֆիլմի նկարահանումը:
 

հավելյալ նյութեր