Օտար ամայի կարանտին
ԵՐԵՎԱՆը զրուցել է տարբեր հավես մարդկանց հետ, որոնք ճակատագրի բերումով կարանտինն անց էին կացնում Հայաստանից դուրս։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
ԵՐԵՎԱՆ #67 | 2021
Արեն Շահնազարյան
Գերմանիա, Դրեզդեն
Արդեն երեք տարուց ավել է, ինչ Գերմանիայում եմ։ Սովորում եմ Դրեզդենի գեղարվեստի ինստիտուտում՝ կերպարվեստի բաժնում։ Օրս հիմնականում անցնում է հենց ինստիտուտում։ Թե՛ արվեստանոցն է այնտեղ, թե՛ դասախոսությունները։ Առօրյայի կարևոր մաս են նաև ուսանողական ընկերներիս հետ հավաքները, որոնք որպես կանոն անցնում են ինստիտուտից ոչ հեռու՝ գետափի այգում, որտեղ հաճախ ենք խարույկ վառում, շփվում ու ժամանակ անցկացնում։ Առօրյայիս մաս են նաև ցուցահանդեսները։
Երբ տարածվեց կորոնավիրուսն ու հայտարարվեց կարանտին՝ ամեն բան փոխվեց։ Սկզբում ահմանափակումները քիչ էին. հավաքները սահմանափակվում էին 50-100 հոգով՝ կախված վայրից։ Բայց վիրուսի զարգացմանը Գերմանիան շատ արագ արձագանքեց ու շուտով փակեցին ժամանցի բոլոր վայրերը։
Բաց էին միայն մթերային խանութները։ Փողոցում քայլել կարելի էր ամենաշատը երկու հոգով։ Նայում էիր պատուհանից դուրս ու տեսնում միայն զույգերի, այն էլ՝ մեկ ու կես մետր միմյանցից հեռու։
Դիմակ կրելու մասին ցուցանակ Դրեզդենում
Պարտադիր դարձավ դիմակ կրելը, ոմանք էլ նույնիսկ առանց աշխատանքի մնացին։ Սա ֆինանսական առումով վատ անդրադարձավ հատկապես դրսից ժամանած ուսանողների վրա։ Ես նաև իմացա, որ այն ազատ արվեստագետները, որոնք իրենց հարկային պատմության միջոցով կարող էին ցույց տալ, որ նախորդ տարի իրենց ապրուստի միջոցը եղել էր իրենց արվեստը, պետությունից ստանում էին 5-10 հազ. եվրո։
Ամեն դեպքում՝ ստեղծագործական առումով պրոդուկտիվ անցավ նաև այդ շրջանը։ Գետափի հավաքները ևս չեղարկվեցին ու էդ բոլոր ընկերներին ստիպված էի մեկ-մեկ տեսնել, իհարկե ամեն բան անում էինք, որ հնարավոր լինի շփվել։ Ամենաշատը տխրել էինք չգնացած ու չկայացած ցուցահանդեսների համար։
Հիմա մի փոքր ավելի լավ է, քանի որ ինստիտուտի պրոֆեսորներն ու ուսանողներն ընդվզեցին ու միայն մեր ինստիտուտը շուտով բացվեց։ Դե՝ մեր դասերն ավելի շատ պրակտիկ պարապմունքների վրա են հիմնված, անհնար էր օնլայն տարբերակով շարունակել։ Արվեստանոցները ևս վերաբացվեցին։ Յուրաքանչյուր 20 քմ-ի վրա մեկ արվեստագետ նկարում է։ Վատ չէ։ Անգամ չեմ էլ հիշում շատ բան էդ շրջանից, մի տեսակ ոնց որ էդ հատվածը կտրված լինի մնացած կյանքից։
Անահիտ Գալստյան
ԱՄՆ, Սանտա Բարբարա
Ես Կալիֆոռնիայի համալսարանի արվեստի ու ճարտարապետության բաժնի phd ուսանող եմ։ Երբ ԱՄՆ-ում էի, հաճախում էի թե՛ առկա սեմինարներին և թե՛ միաժամանակ դասավանդում էի։ Մինչ կորոնավիրուսի սկսվելը իմ առօրյան անցնում էր համալսարանում։ Համալսարանի տարածքում հնարավոր է կազմակերպել ամբողջ օրը, թե՛ սնվելը և թե՛ շփումները։ Ես օվկիանոսին մոտ էի ապրում և շատ ժամանակ էի անցկացնում օվկիանոսի ափին, այդտեղ կարդում էի, զբոսնում կամ գնում էի մոտակա անտառներն արշավի։
Այսպես ապրում էի, մինչև որ մարտ ամսին հայտարարեցին համաճարակի մասին ու անցանք հեռավար ուսուցման։ Չնայած որ ձմեռային քառորդի վերջն էր ու դասեր գրեթե չկային, բայց մի շատ կարևոր մեթոդաբանական սեմինար արվեց զումով ու դա շատ տարօրինակ փորձառություն էր։ Սեմինարի ավարտին նախապես հրավիրված էինք դասախոսներից մեկի տուն, սակայն այդ իրավիճակում բոլորս խուսափում էինք, չգիտեինք ինչ անել։ Աղջիկներից մեկը, ով մի քանի օր առաջ ճամփորդել էր ու եղել մի քանի օդանավակայաններում, եկավ ինձ մոտ, իր գնած գինին դրեց դռանս առջև, ինքը հեռու կանգնեց ու ասաց, որ չի ուզում վտանգել մեզ ու չի գա այդ օրը մեզ հետ։ Դա այդ շրջանում եղած առաջին տարօրինակ ու վախեցնող պահն էր։ Ի վերջո գնացինք դասախոսի մոտ՝ հավատալով, որ վտանգը դեռ մեզ չի հասել։
Իսկ երբ արդեն կարանտին հայտարարվեց, ես արդեն դուրս չէի գալիս տնից։ Ընդամենը երկու անգամ եմ դուրս եկել սնունդ գնելու համար։ Դասընկերներս, իմանալով, որ ռիսկի խմբում եմ, առաջարկել էին իմ փոխարեն շաբաթական գնումներ անել, որպեսզի ես չգնամ խանութ և ինձ վտանգի չենթարկեմ։ Թեև խանութներում կային նաև մեծ հայտարարություններ դռների վրա, որ եթե մարդիկ վախենում են վարակվել, կարող են ցուցակն ու գումարը փոխանցել աշխատակիցներին, որ իրենց փոխարեն կատարեն գնումները։ Համալսարանում էլ քաղաքում մնացած ուսանողներին շաբաթական երկու անգամ մթերքով ու առաջին անհրաժեշտության կենցաղային իրերով փաթեթներ էին բաժանում։
Սանտա Բարբարայի անգործ սրճարանները
Սուպերմարկետների նվեր-քարտեր եմ մի քանի անգամ ստացել, իսկ երբ համակարգիչս փչացավ, գնացի համալսարանից վարձակալելու, ասացին՝ պահի քեզ։ Մեզ ասել էին, որ պետք է դիմակ ու ձեռնոցներ կրել, հեռավորություն պահպանել։ Ես ահագին վախեցած էի, օրական 10 անգամ ախտահանում էի տունս, չնայած որ ախտահանելու բան էլ չկար։
Մեր բնակելի համալիրը բաց միջանցք ունի և բոլորի տները պատուհան ունեն դեպի այդ միջանցք։ Ընկերներիցս մեկը երբեմն գալիս էր այդտեղ, պատուհանի մոտ կանգնում, կանչում ինձ ու այդպես հեռվից-հեռու զրուցում էինք։ Նաև նստում էինք մոտակա խոտածածկ այգում՝ իրարից հեռու ու գրեթե բղավելով զրուցում, շատ ծիծաղելի էր այդ ամենը։ Շփման պակասը լրացնելու համար նաև զում-թեյախմություններ էինք կազմակերպում։
Մարդիկ կանոններն իսկապես լավ էին պահում, զգոն էին, կարգապահ, քաղաքի փողոցները դատարկ էին։ Երևի ինչ-որ առումով բախտս բերել էր, քանի որ ավելի լավ տեղ դժվար էր պատկերացնել կարանտինի մեջ գտնվելու համար։ Տարածքն ու բնությունն էլ էին շատ հարմար այդ առումով. երբ վախերս մի քիչ անցան ու հարմարվեցի իրավիճակին, սկսեցի երբեմն առավոտյան շուտ դուրս գալ լողափ։ Այդ ժամին այնտեղ ոչ ոք չկար, հազիվ մեկ-երկու վազող տատիկ կամ պապիկ կարելի էր հանդիպել։ Նաև վերսկսեցի մոտակա անտառներ արշավների գնալ։
Հուլիսի կեսին Սանտա Բարբարայից մեկնեցի Կոնեկտիկուտ և կարանտինը նույնությամբ շարունակվեց։ Հայտնվեցի ավելի խիտ բնակեցված շրջանում, որտեղ, բարեբախտաբար, շատ խստորեն պահպանվում էին բոլոր կանոնները։ Ես առանց դիմակի մարդ երբեք չեմ հանդիպել։
Ժակ Անդրեասյան
Հունգարիա, Բուդապեշտ
Մասնագիտությամբ արվեստաբան եմ։ 2019-ի սեպտեմբերից Բուդապեշտի համալսարանի հայագիտության ամբիոնի ուսանող եմ: Ուսումը մասնագիտական չէր, բայց հավելյալ կրթության համար լավ գիտելիքներ հավաքեցի, մի քանի երկիր ճամփորդեցի, հասցրի ձեռք բերել այլազգի շատ ընկերներ:
Երկրորդ կիսամյակը դեռ չսկսած՝ կորոնայի մասին լուրը տարածվել էր Հունգարիայում, մեր մեյլերին համալսարանից նամակ եկավ, որ եթե նոր եք այլ երկրից վերադարձել, ապա տանը մնացեք 14 օր, հետո կգաք համալսարան (ես էլ նոր էի վերադարձել Փարիզից)։ Այդպես մի քանի օր էլ մնացինք հանրակացարանում, հետո համալսարան գնացինք ու սկսվեց համավարակի լուրջ տարածումը: Հունգարիայում սկզբում շատ արագ տարածվեց վարակը, դրա համար կառավարությունը շտապ միջոցներ ձեռնարկեց ու արդեն հունիսից կրկին քաղաքային կյանքն իր հունին վերադարձավ և ամսվա մեջ 10-15 մարդ հազիվ էր վարակվում:
Սկզբում, երբ կարանտին հայտարարվեց, Բուդապեշտում սովորող ուսանողներն արագ վերադարձան իրենց բնակավայրեր ու հանրակացարանի 5 հարկում 300 ուսանողներից մնացինք 15-20 ուսանող:
Մի ընտանիքի պես ապրում էինք, շաբաթվա մեջ մեզանից մեկը բոլորիս համար ցուցակ էր գրում առևտրի ու գնում խանութ, երեկոյան կինոդիտումներ էինք կազմակերպում, քննարկումներ, խաղեր էինք խաղում: Հանրակացարանի տնօրինությունը շատ լավ էր հոգ տանում մեր մասին և երկու մեծ սառնարան ուտելիք էր բերել մեզ համար, որպեսզի տարածքից դուրս չգայինք:
Կարանտինում անցկացրած ժամանակն իրոք հիշարժան էր: Դիմակը սկզբում պարտադիր էր, հետո դրսում՝ ըստ ցանկության, իսկ փակ տարածքներում՝ պարտադիր, ճիշտ է՝ չդնելու դեպքում չէին տուգանում, այլ շատ կիրթ խնդրում, որ կրենք դիմակ: Եվ այս տեմպերով երկիրն արագ ոտքի կանգնեց, չնայած նրան, որ կորոնավիրուսի պատճառով մեր թռիչքը երկու անգամ հետաձգվեց:
Ախտահանումը Բուդապեշտի փողոցներում
Կարանտինի առաջին օրերն էին՝ պատուհանից ցատկաձայներ եմ լսում, գնացի պատշգամբ, տեսնեմ հանրակացարանի բակում «կլաս» են խաղում, իջա, միացա իրենց: Հանրակացարանի ուսանողները շատ տաղանդավոր էին, անկախ նրանից՝ ինչ մասնագիտություն ունեին, յուրաքանչյուրը գոնե մեկ երաժշտական գործիքի տիրապետում էր ու շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ համերգներ էին կազմակերպում, հաճախ ինձ հրավիրում էին ֆուտբոլ խաղալու: Խոհանոցում հաց պատրաստելիս հաճախ էի Կոմիտաս միացնում ու իրենց դա շատ էր դուր գալիս ու սկսում էինք մշակութային զրույցներ ունենալ, ազգային պարերի համեմատություններ անել:
Սոնա Մարտիկյան
Իտալիա, Կիետի
Էրազմուս ծրագրի շրջանակում մոտ մեկ տարի որպես կամավոր աշխատում էի տեղի ՀԿ-ներից մեկում։ Օրս սկսվում էր առավոտյան 8-ին, արթնանում էի, արագ հագնվում, նախ գրասենյակ էի գնում, ճանապարհին էլ արագ սուրճս էի վերցնում։ Սովորաբար լանչին միշտ պիցցա էինք ուտում, տեղով պիցցա ու սուրճ էի դարձել։ Հաճախ ճամփորդում էի Հռոմ՝ ընդամենը 3 ժամ ճանապարհ է Կիետիից։
Կորոնավիրուսի սկսվելուն պես մնացինք փակի տակ։ Խիստ սահմանափակումներ կային։ Թղթիկ կար, որ պետք էր լրացնել, թե ինչ նպատակով ես դուրս եկել, դրսում զինվորականներ էին կանգնում, որոնք հսկում էին ամենը, պարտադիր պետք էր լինել ձեռնոցներով ու դիմակով, միմյանցից մեկ ու կես մետր հեռավորության վրա քայլել։ Շաբաթական մեկ անգամ էինք տնից դուրս գալիս մի քանի ժամով ու փորձում կատարել ամբողջ շաբաթվա գնումները։ Այդ մեկ անգամ դուրս գալը մեզ ուղղակի հյուծում էր, սուպերմարկետի հերթերը շատ երկար էին, ներսում պետք է ամենաշատը երեք հոգի լիներ։ Տրանսպորտն էլ լավ չէր աշխատում։
Երեկոյան ժամը 6-ից հետո էլ չէր կարելի տնից դուրս գալ։ Ամենուրեք ախտահանիչ նյութեր ու սարքեր էին։ Ուրախ կյանքն ավարտվեց։ Ես ապրում էի իմ ծրագրին մասնակցող երկու աղջիկների հետ։ Սկզբում մասնակիցներով երկուսն էինք, ես և մի թուրք աղջիկ, չնայած որ պիտի լինեինք երեքով։ Ծրագրի ղեկավարներն ինձ վստահեցին երրորդ մասնակցի ընտրությունը։ Ես էլ մտածեցի, որ շատ հետաքրքիր կլինի, եթե հանդիպեն հայը, թուրքն ու վրացին։ Նույնիսկ մի քիչ անեկդոտային է հնչում։ Այդպես էլ արեցի, սակայն չէի կարող պատկերացնել գլխիս գալիքը կարանտինի առումով։ Շուտով հայ, թուրք ու վրացի երեք աղջիկ փակված էին նույն տան մեջ։
Դե՝ նույնիսկ ամենահամերաշխ ընտանիքները երկար ժամանակ տանը փակված լինելով սկսում են տարաձայնություններ ունենալ տարբեր մանր կենցաղային հարցերում, ուր մնաց, թե հայը, թուրքն ու վրացին չունենային։
Մեզ համար բավական բարդ շրջան սկսվեց, մեզ տանջում էր թե՛ անորոշությունը կապված վիրուսի տարածման հետ ու թե՛ մեր ներքին անձնային հարաբերությունները։ Եվ մենք հասկացանք, որ որոշ կանոններ է պետք մտցնել մեր առօրյա։ Ձևավորվեցին նաև որոշ անտեսանելի կանոններ, որոնք օգնեցին, որ հանկարծ իրար դեմ չտրամադրվենք։ Շատ նուրբ սահման կար, որ յուրաքանչյուրս մեր տեղում փորձում էինք չհատել։ Երբ տեսնում էինք, որ մեզնից մեկը տխուր է, էմոցիոնալ վատ վիճակում է, մենք շատ արագ թեյ կամ սուրճ էինք պատրաստում, նստում էինք սեղանի շուրջ ու փորձում էինք զրուցել, քննարկել, ու իրականում բոլորս էլ կիսում էինք այդ զգացմունքները, դե քանի որ նույն իրավիճակում էինք։ Այդ սուրճն ու թեյն ազդանշանն էին այն բանի, որ մենք նկատել ենք մեր երրորդ ընկերուհու վատ վիճակն ու ուզում ենք հանել նրան այդ վիճակից։ Արդյունքում մեզ հաջողվեց շատ լավ հարաբերություններ պահպանել։
Կարանտինային դատարկ Հռոմը
Այդ ընթացքում նաև յուրաքանչյուրս մեր ազգային խոհանոցի ուտեստներ էինք փորձում պատրաստել։ Օրերից մի օր թուրք աղջիկը հայտարարեց, որ ցանկանում է տոլմա պատրաստել։ Ես էլ էմոցիաներիս տեղիք չտալով ասեցի, որ կարոտել եմ տոլման ու շատ լավ կլինի, որ պատրաստի։ Վրացին էլ թե՝ «վայ, մենք էլ ունենք տոլմա»։ Շատ տիպիկ իրավիճակ էր։ Մի խոսքով, պատրաստեց, նստեցինք սեղանի շուրջ. դեգուստացիայի պահն էր։ Կերա, հասկացա, որ շատ տարօրինակ համ ունի ու երբեք չի համեմատվի մեր տոլմայի հետ, բայց շարունակեցի լուռ ու մունջ ուտել։ Նկատեցի, որ թուրք աղջկա դեմքն էլ ուտելիս մի տեսակ էր։ Մի քիչ ուտելուց հետո ինքը չդիմացավ ու ասաց. «Ախր, Սոնա ջան, էս իտալական միսը հեչ լավը չի», ու էդպես կսեցինք էլի ամեն բան բարդել էդ իտալացիների վրա։
Լիլիթ Ալթունյան
Ֆրանսիա, Վալանս
Մեկնել էի, որպեսզի վերջացնեի իմ անիմացիոն ֆիլմը, որի անիմացիայի մասը պիտի անեի Վալանս քաղաքում գտնվող Ֆոլիմաժ ստուդիայում։ Մեկնեցի Լիոնով, այդպես էլ հետ վերադարձա Հայաստան։ Ընդհանուր մոտ 4 շաբաթ եղա Վալանսում։ Երբ գնացի, արդեն կար պարետային ժամ ու շատ բան չհասցրի անել։ Առաջին մի քանի աշխատանքային օրվանից հետո էլ սկսվեց երկրորդ՝ աշնանային կարանտինը։
Քանի որ երկրորդն էր, շատ քիչ մարդիկ էին, որ աշխատում էին տնից, բոլորը նախընտրում էին գնալ աշխատանքի։ Իմ աշխատանքն էլ այնպիսին էր, որ պետք է անպայման ստուդիա գնայի։ Գնում էի պարտադիր դիմակով ու այն կարող էի հանել միայն իմ աշխատասեղանի մոտ։ Որոշ ժամանակ անց դա էլ արգելվեց ու դիմակը հանել կարելի էր միայն ուտելիս։ Կառավարության կայքում կար հատուկ ձևաչափ, որը պետք է լրացվեր ամեն անգամ տնից դուրս գալուց առաջ։ Երեկոյան հետ գալուց կրկին պետք էր լրացնել։ Աշխատավայրում փակել էին ուտելու սենյակն ու արգելել միասին ուտելը։ Դրա պատճառով բոլորս դրսում էինք ուտում՝ բաց պատշգամբում։ Սառում էինք, բայց գոնե միասին էինք։
Ապրում էի մի կնոջ հետ, ով հենց այդ տարի էր անցել թոշակի, ամբողջ գարնանն աշխատել էր, քանի որ բժիշկ էր ու որոշել էր վայելել աշունը, ծրագրեր էր մշակել, թե որտեղ կարելի է զբոսնել, հեծանիվ քշել։ Բայց, ավաղ, կարանտինի ընթացքում տնից չպետք է հեռանայիք 5 կիլոմետր շառավղով։ Շաբաթ և կիրակի օրերին, երբ դուրս էինք գալիս զբոսնելու, ինքն իր ձեռքին էր պահում հեռախոսն ու ուշադիր հետևում GPS-ին, որ հանկարծ չխախտենք կանոնը։ Մեկ ժամ արագ քայլում ու ներս էինք գալիս։ Հեռվում երևում էին սարեր, հեծանվային ճանապարհներ, ինքն էլ նոր հեծանիվ էր գնել ու ես էլ կարող էի իր հին հեծանիվը վարել, բայց ստիպված էինք բավարարվել միայն զբոսանքով։
Ինձ համար հետաքրքիր էր այդ քաղաքի բնակիչների վերաբերմունքը դիմակ կրելուն։ Նրանք գտնում էին, որ երբ դիմակ ես կրում, ոչ թե ինքդ քեզ ես պաշտպանում, այլ դիմացինին։ Ու պարտաճանաչորեն անում էին դա։
Հայաստանում այդ շրջանում արդեն ավելի հանգիստ էին սկսել վերաբերվել կորոնավիրուսին։ Իհարկե, պահպանում էին կանոնները, բայց հոգեբանորեն ավելի հեշտ էր։ Երբ գնացի ու տեսա, թե ինչպես են այնտեղ դեռևս տառապում այդ հիվանդության ուրվականից, կարծես բանտում հայտնված լինեի։ Երբ դեռ պարետային ժամ էր, պիտի աշխատանքից հետո արագ մի երկու բան առնեիր ու արագ տուն վազեիր։
Ընկերներով հավաքվել չէր լինում կամ եթե ստացվում էլ էր՝ չափազանց կարճ էր տևում։ Ինձ հետաքրքիր էր, թե ինչպես են բոլորն անհամբեր սպասում Մակրոնի խոսքին։ Նախագահը շատ երկար խոսք ունեցավ ու շատ հանգամանալից բացատրեց բոլորին, թե ինչու է կարևոր երկրորդ անգամ կարանտինի մեջ լինել։ Իրենից հետո մի ուրիշ ծրագիր սկսվեց, որն ամենայն մանրամասնություններով ու շատ մատչելի բացատրում էր ամեն բան։ Այնտեղ համոզված էին, որ այս կարանտինը նրա համար է, որ Սուրբ Ծննդյան տոներին հնարավոր լինի ազատ շփվել հարազատների հետ։ Ու բոլորը պահպանում էին կանոններն ու այդպես էլ եղավ։ Զավեշտալի է, բայց հենց գալուս օրն էլ կարանտինը հանվեց։
Սելինա Ղազարյան
Շվեդիա, Ուփսալա
Ամուսնուս՝ Արինի հետ արդեն երրորդ տարին է, որ գործի բերումով ապրում ենք Շվեդիայի Ուփսալա քաղաքում. ամուսինս ճարտարապետ է, ես՝ դիզայներ։ Միասին ենք աշխատում ու ամեն առավոտ միասին էլ գնում ենք աշխատանքի ու նույն կերպ էլ վերադառնում։ Աշխատանքից հետո հաճախ գնում ենք կամ գնումների, կամ էլ ընկերների հետ հանդիպելու։ Այստեղ շատ են սիրում վիքէնդային ժամանցը։
Փետրվարին արդեն որոշ շշուկներ լսեցինք վիրուսի մասին, բայց այն այնքան հեռու էր թվում Սկանդինավներից։ Վիրուսի մասին ինֆորմացիան ստանում էինք Հայաստանի մեր ընկերներից ու Իրանում բնակվող մեր ծնողներից։ Իրանում բավական լուրջ էին վերաբերվում վիրուսին, մենք էլ այստեղ կարդում էինք ու զարմանում, քանի որ Ուփսալայում բոլորը սովորականի պես արթնանում էին, գնում աշխատանքի ու վայելում վիքենդը։
Ամուսնուս հետ որոշեցինք համենայն դեպս սկսել դիմակ կրել։ Այդ շրջանում այստեղ գտնում էին, որ ամենաճիշտ տարբերակը կոլեկտիվ իմունիտետ ունենալն ու միասին վարակվելն է։ Շվեդիայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր միայն, որ դիմակ պետք է կրեն նրանք, ովքեր հիվանդ են ու այդ շրջանը մեզ համար բավական բարդ էր. մարդիկ թարս էին նայում, զարմանում, խուսափում մեզնից։
Նույնիսկ մայրիկներն իրենց երեխայի ձեռքից քաշում էին, թե՝ արի էս կողմ, չվարակվես, մի տարեց կին էլ ինձ տեսնելով ձեռքերը գլխին դրեց ու վազեց հեռու՝ բացականչելով՝ «վա՜յ վարակվեցի»։ Շատ ծիծաղելի տեսարան էր։
Հունվարին դեպքեր գրանցվեցին նաև այստեղ ու մեզ պես դիմակավորները փողոցներում օր օրի շատացան։ Խանութներում էլ սկսեցին համենայն դեպս հարցնել՝ ջերմություն կա՞։ Շուտով թանկացան ալկոգելն ու բարդացավ զուգարանի թուղթ գնելը։ Ես արդեն այնքան էի ախտահանել ձեռքերս, որ վնասել էի մաշկս ու մտածում էի՝ երանի Շվեդիայում էլ տնից աշխատելու ռեժիմ սահմանվի, իսկ եթե ոչ, պատրաստվում էի ինքս մի բան հորինել ու չգնալ աշխատանքի։ Այդ մտքից մեկ օր անց իմացա, որ բալիկ եմ ունենալու, դե դրանից ավելի լավ պատճառ լինել չէր կարող։ 10 օր անց հաստատվեց նաև տանը մնալու ռեժիմը։ Շատ բան փոխվեց, հղի լինելս ստիպում էր կրկնակի զգոն լինել. ոչ մի խանութ, ոչ մի ռեստորան, միայն երբեմն գնում էի քայլելու ոչ մարդաշատ վայրերում։ Շվեդական կյանքի անբաժան մաս է դրսում մարզվելը՝ բնությունն ու հարթ կանաչ դաշտերը դրան նպաստում էին։ Արինի հետ հաճախ լինում էինք բնության գրկում։ Իմ սիրելի շոփինգն էլ վերածվեց տանջանքի՝ ամեն բան պետք էր մանրամասն ախտահանել գնելուց հետո։ Ամենացավալին այնէր, որ չէինք հանդիպում ընկերներին։
Քանի որ առաջնեկիս էի սպասում, շատ էի երազում, որ ծնողներս կարողանան գալ Շվեդիա, գոնե մայրիկիս կարիքը շատ էի զգում, բայց, ավաղ, փակվեցին միջպետական սահմանները։ Այդ օրերին շատ էի երազում այն ամենը, ինչ պատկերացնում էի, որ կանեմ, երբ հղի լինեմ՝ զբոսանքներ, գեղեցիկ հետաքրքիր զգեստներ, ոչինչ էլ չարեցի, միայն մեկ անգամ օգոստոսին, երբ վարակվածների թվերն ավելի հուսադրող էին, եղանք մի ծովափնյա բացօթյա ռեստորանում։ Ես այդ օրն ապշեցի՝ տեսնելով, թե ինչպես են մարդիկ վայելում ամառը, չնայած որ մնացած աշխարհում կարանտինային խիստ ռեժիմ էր սահմանված, մահացության թվերն էլ մեծ էին։