Ուրվական թատրոն
Արցախ

Ուրվական թատրոն

Ինչպես Արեգ Բալայանն ու «Այբ» դպրոցի ֆոտոխմբակի սաները մեկնեցին Արցախ ու վավերագրեցին տեղի դրամատիկական թատրոնի մշուշոտ ներկան։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝ Այբ դպրոցի f8 լուսանկարչական ակումբի աշակերտներ / Արեգ Բալայան

 

«Այբ» դպրոցի F8 ակումբ՝ Սվետլանա Հարությունյան, Ժաննա Երանոսյան, Դավիթ Զազյան, Արեգ Խաչատրյան, Սաթենիկ Մաղաքյան, Հասմիկ Մկրտչյան, Իննա Մնացականյան, Սիլվի Եղիազարյան, Սևակ Մեսրոպյան, Լիլիթ Մկրտչյան, Ինգա Սերոբյան, Անի Ազնաուրյան, Օֆելյա Շամոյան, Տաթևիկ Ղազարյան, Անի Ազիզյան, Նանե Կաբակյան, Տաթևիկ Ազարյան; ղեկավար՝ Արեգ Բալայան

 

ԵՐԵՎԱՆ #79 | 2023

#Արցախ

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնն ակտիվ թատերաշրջանի մեջ է, մեկնում է շրջագայությունների։ Բայց վերադառնալով Ստեփանակերտ՝ դերասանները Թումանյան փողոցի գեղեցիկ շենքի փոխարեն բարձրանում են Երիտասարդական պալատի երրորդ հարկի փոքրիկ բեմ։ ԵՐԵՎԱՆը զրուցել է թատրոնի նոր գլխավոր բեմադրող ռեժիսոր Վահագն Խաչատրյանի հետ թատրոնի ներկայի մասին, իսկ լուսանկարիչ Արեգ Բալայանը պատայբմել է թատրոնի շենքին նվիրված նախագծի մասին, որն իրականացրել է «Այբ» դպրոցի f8 լուսանկարչական ակումբի աշակերտների հետ։

 

 

Արցախի շրջափակումից մոտ մեկ ամիս առաջ երկու օրով Արցախում էի։ Երկրորդ օրը պիտի մեկնեի իմ պապական Ճարտար քաղաքը, իսկ մինչ այդ ունեի մի ամբողջ օր Ստեփանակերտով միայնակ զվռնելու համար։ Ամբողջ օրը անձրև տեղաց, բայց միևնույն է՝ մոտակա սրճարաններից մեկում մի աման տնական ապուր ուտելուց հետո գնացի իմ սիրելի (սովորաբար արևոտ) քաղաքով պտտվելու։ Այդպես Թումանյան փողոցով մի քիչ բարձրանալուց հետո հասա դրամատիկական թատրոնի հետևի մուտքին։ Ի զարմանս ինձ թատրոնի լույսերը վառ էին։ Ծածկված պատուհանների արանքներով փորձեցի ներս նայել ու նկատեցի մի տղամարդու ուրվագիծ։ Նա միայնակ քայլում էր թատրոնի ճեմասրահում ու նայում պատերին կախված լուսանկարներին։ Երբ մոտեցա թատրոնի հիմնական մուտքին, ցուցանակ տեսա. շենքում լուսանկարիչ Սևակ Ասրյանի աշխատանքների ցուցադրությունն էր, իսկ խորհրդավոր տղամարդը հենց ինքը՝ հեղինակն էր։ 


Ներս մտա, ծանոթացա, Սևակի հետ շրջեցինք թատրոնի ճեմասրահում, նա պատմեց լուսանկարների մասին, որոնք արված էին Արցախի կորսված տարածքներում։ Մի պահ մտանք նաև թատրոնի կիսաքանդ դահլիճը։ Պատմեց, որ թատրոնի պատերի մեջ կան նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու քարերը։ 


Թողնելով Սևակ Ասրյանին թատրոնում՝ շարունակվող անձրևի տակ դուրս եկա։ Մի քանի րոպե շենքին նայեցի, որը այս եղանակին յուրահատուկ խորհրդավոր էր ու քայլեցի առաջ՝ մտքումս պտտելով, թե ինչպես այս հոդվածի ներածության մեջ կպատմեմ այս կարճ, բայց շատ յուրահատուկ դրվագի մասին։

 

Թատրոնին հարակից «Իրեք կռան» աղբյուրը

 

 

Առաջնախաղը

Վահան Խաչատրյանն արդեն տարուց ավել դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն է։ Ասում է՝ թատրոնն ինձ ավելի շատ օգնեց, քան ես իրեն. «Պատերազմից հետո շատերս մեր տեղը չէինք գտնում։ Ջախջախված վիճակ էր և զրո ցանկություն որևէ բան անելու»։


Նա պարբերաբար լինում էր Ստեփանակերտում և հերթական այցի ժամանակ կառավարությունում աշխատող իր ընկերները հարցրին, թե արդյոք ցանկություն կունենա Ստեփանակերտի թատրոնի հետ մի բեմադրություն իրականացնել։ Նա համաձայնեց, և մի քանի ամիս անց Ստեփանակերտի երիտասարդական պալատի բեմում ներկայացվեց «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը՝ Հայոց ցեղասպանության հետևանքների մասին հանրահայտ դրաման։ Այդ ընթացքում տնօրենն առաջարկեց, որ մնա թատրոնում։ Վահագնը մնաց։ Հաջորդ ներկայացումն արդեն մանկական էր, բեմադրվեց «Մատնաչափիկը», բայց հենց առաջնախաղի օրը տեղի ունեցան Խրամորթի դեպքերը։ 


Սահմանին՝ կրակոցներ, թատրոնի դերասաններից մի քանիսն արդեն առաջնագիծ են մեկնել, մարտ ամսին առատ ձյուն է գալիս, գազատար է պայթեցվել, որի արդյունքում հոսանքի ու ջեռուցման խնդիր է առաջացել։ Այդ սպասողական վիճակում, միևնույն է, առաջնախաղը չչեղարկվեց, իսկ դահլիճը լեփ-լեցուն էր։ Ներկայացումը 24 անգամ խաղացին ու կրկին դահլիճը լիքն էր մարդկանցով։

 

 

 

Հանդիպման վայրը՝ թատրոնի շինհրապարակ

Ստեփանակերտի թատրոնը ստեղծվել է 1932 թվականին՝ իր առաջին թատերաշրջանը մեկնարկելով Վաղարշ Վաղարշյանի «Օղակում» պիեսի բեմադրությամբ։ Մոտ երկու տասնամյակ անց սկսվել է թատրոնի շենքի շինարարությունը։ Ասում են՝ այդ ընթացքում քաղաքի կյանքը կենտրոնացել էր թատրոնի շինհրապարակում, շինարարներից բացի գալիս և օգնում էին նաև ուսանողները և շատ այլ քաղաքացիներ։ Ասում են նաև, որ շենքի պատերի մեջ Շուշիի այն ժամանակ դեռ (առաջին անգամ) ավերված Ղազանչեցոցի քարեր էլ են դրվել։ 


Թատրոնն ամեն տարի հանդիսատեսին ներկայացնում էր տարեկան մոտ 10-12 պրեմիերա, ամսական մոտ 70, իսկ մեկ օրվա ընթացքում, դերասանները մեկը մյուսին փոխարինելով, մոտ չորս ներկայացում էին խաղում։ Ներկայացումների գնում էր ամբողջ քաղաքը՝ հագնելով իրենց ամենագեղեցիկ շորերը, ստեփանակերտցիներն ուղևորվում էին դեպի տոմսարկղը։ 


Առաջին պատերազմի տարիներին Ստեփանակերտում մնացած դերասանները նկուղում էին ներկայացումներ խաղում, իսկ 1993 թվականի փետրվարի 6-ին, երբ դեռ ակտիվ պատերազմական գործողություններ էին, թատրոնի լեփ-լեցուն դահլիճում ցուցադրվեց «Աղջիկը փեսացու է փնտրում» կատակերգությունը։

 

Սամվել Եվրեյան. դերասան. «Նախկինում գրեթե ամեն օր ներկայացում ունեինք, տոմսերն անմիջապես սպառվում էին։ Ոստիկաններով էինք խաղում։ Տուն չէինք կարողանում գնալ։ Ինձ մեքենայով էին տուն ուղեկցում, որ երկրպագուհիները չմոտենան»։

 

 

 

Բանակի ու բեմի միջև 

Հերթական, 44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտի թատրոնը հինգ առաջնախաղ է ունեցել։ Առաջինը պատերազմից անմիջապես հետո դերասան Քաջիկ Հարությունյանի բեմադրած «Ալ ծաղիկն» էր, իսկ ԱՄՆ-ից ժամանած դերասանուհի Կարինե Քոչարյանն արցախյան դերասանական կազմի հետ բեմադրեց «Երկնքից ընկավ երեք խնձոր» ներկայացումը՝ Նարինե Աբգարյանի համանուն վեպի բեմականացումը։ Այդ  ներկայացմամբ թատերախումբն ամռանը մեկնեց Եվրոպա՝ հանդես գալով Լիոնում, Բրյուսելում, Քյոլնում ու Վիեննայում։ 


Այս պահին թատերախումբը քսանվեց դերակատար ունի, որոնցից երեքն այժմ դեկրետում են (նրանցից մեկը վեցերորդ երեխային է սպասում)։ Հիմա ևս երկու ներկայացում են բեմադրում, որոնցում ներգրավում են նաև երիտասարդ դերասանների։ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի համալսարանի առաջարկով կուրս են հավաքել։ Ինքը՝ Վահագնը, ուսանողների հետ մի քանի ամիս աշխատել է պրակտիկ ծրագրով, որպեսզի կարողանան շուտ բեմ բարձրանալ և ներգրավվել թատրոնի բեմադրություններում։ 


Թատերախմբի մի մասը, այդ թվում՝ առաջատար դերասանները, թատրոնի գործից զատ նաև այլ աշխատանքով են զբաղվում, հիմնականում մտնում են բանակ, որպեսզի կարողանան իրենց ընտանիքներին ապահովել։

 

Քանդված տունը

Թեև թատերախումբն ակտիվ կյանքով է ապրում, բայց արդեն շուրջ տասը տարի այն տուն չունի. թատրոնի հիմնաշենքը, մեղմ ասած, վատ վիճակում է։ Մինչ շենքի վիճակն օր օրի վատանում է, շենքի վերականգման աշխատանքները նախագծման փուլից այն կողմ չեն գնում։ 


«Ժամանակին շենքի տանիքում խնդիր է առաջացել ու այն տեղում վերանորոգելու փոխարեն թողել են այդ վիճակում ու գնալով խնդիրն ավելի է լրջացել,– պատմում է Վահագն Խաչատրյանը,– բայց այդ կառույցը շատ մեծ արժեք ունի, այնտեղի ակուստիկան, ոճը, փորձասենյակները։ Այնտեղ այնքան կյանք ու մթնոլորտ կա, որ պարզապես ամոթալի է այդ վիճակում թողնել»։


Երիտասարդական պալատի բեմը, որտեղ վերջին տասը տարիների ընթացքում ելույթ է ունենում Ստեփանակերտի դրամատիկականը, բավական փոքր է։ Բայց միևնույն է, թիմն ամեն օր փորձերի է, օր է եղել՝ չեն զգացել, թե ինչպես են այնքան տարվել, որ մինչև գիշերվա երեքը փորձ են արել։


«Գաղթական թատրոն լինելը շատ վատ բան է,– ասում է Վահագնը,– դու տուն ունես, բայց այն քանդված է, իսկ մշակույթը քո երկրի արտացոլանքն է։ Այսպիսի՞ն է մեր արտացոլանքը»։

 

Մարատ Դավթյան՝ դերասան, ռեժիսոր. «Պատահել է՝ ցրտին 4-5 ժամ փորձ ենք արել, այնինչ կարելի էր 30 րոպեում ավարտել։ Ժամանակի մեծ մասը վառարանի մոտ էինք անցկացնում, շատ 

 

Համ կա, համ չկա

Լուսանկարիչ Արեգ Բալայանը նախ երեխա եղած ժամանակ եկել է Ստեփանակերտի թատրոն որպես հանդիսատես։ Արդեն տարիներ հետո, երբ կիսաքանդ թատրոնում Արցախի առաջին արվեստի փառատոնն անցկացվեց, Արեգն այնտեղ ներկայացավ ֆոտո-պերֆորմանսով։ Թատրոնի երիտասարդ դերասանները հին ներկայացումներից դրվագներ էին խաղում, իսկ նա «շարժական» լուսանկարներ էր անում։ «Նախագիծն այն մասին էր, որ թատրոնը համ կա, համ չկա,– պատմում է Արեգ Բալայանը,– շենքը գոյություն ունի, բայց ներսից չկա, ներսում կան մարդիկ, բայց այն դատարկ է»։ 


Այս նախագիծը տեսան «Այբ» դպրոցի f8 լուսանկարչական ակումբի աշակերտները, որը ղեկավարում էր Արեգը։ Եվ ահա, հերթական նախագիծը որոշեցին նվիրել թատրոնի շենքին։ Երեք օրով մեկնեցին Ստեփանակերտ՝ ուսումնասիրելու ու լուսանկարներ անելու։


«Խոնավություն, բորբոսնած պատեր, աստիճաններ… Առավոտից գիշեր նկարում էինք, ես հիմնականում զբաղվում էի դիմանկարներով, իսկ երեխաները նկարում էին շենքի դուրսն ու ներսը»,– պատմում է Արեգը։ Իրենց հետ մի մեքենա տեխնիկա էին վերցրել և ամբողջ ընթացքում աշակերտները նաև սովորում էին օգտվել այդ բոլորից։ Թիմը բաժանվել էր երկու մասի։ Մի մասը գնաց Երիտասարդության պալատ՝ թատրոնի թիմին խոսեցնելու, մյուս մասն էլ գնաց ուսումնասիրելու թատրոնը։ 

 

 


Նախագծի լուսանկարներում դերասաններից ու տեխնիկական անձնակազմից բացի հայտնվեց նաև մի պապիկ, որին ժամանակին պատվավոր հանդիսատեսի կոչում էին տվել։ Երեխաները նրա մասին իմացան թատրոնի թիմի հետ զրույցների ընթացքում ու շատ արագ գտան իր կրպակը, որտեղ նա դանակներ է սրում։ Սկզբում նրան հրավիրեցին թատրոն, իսկ հետո նրա տարածքում էլ նկարեցին։ 


Երբ վերադարձան Երևան, այս ֆոտոպատմությունն ու այլ նախագծերը ներկայացվեցին ցուցահանդեսի ժամանակ։ Ցուցահանդեսի ընթացքում նաև քննարկում անցկացրին մասնագետների ու թատերական գործիչների հետ։ Այս ամենի գլխավոր նպատակը խնդրին ուշադրություն սևեռելն էր, անել հնարավոր ամեն բան, որպեսզի Ստեփանակերտի թատրոնը նորից լինի։
 

հավելյալ նյութեր