Ուշադրությո՛ւն, կենսաբանական վտանգ
Մեկուսացում 2020

Ուշադրությո՛ւն, կենսաբանական վտանգ

Մեր թղթակիցը քովիդի թեստ հանձնեց ու շփվեց լաբորատոր ծառայության ղեկավարի հետ։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Բիայնա Մահարու

 

ԵՐԵՎԱՆ #67 | 2021

 

 

#Մեկուսացում2020

Լաբորատոր աշխատանքի դժվարությունների, կորոնավիրուսային կարանտինի, կեղծ բացասականների ու դրականների, նուկլեինաթթուների, ֆերմենտների ու էլի ինչ-որ անհասկանալի բաների մասին թեստավորման ընթացքում զրուցեցինք մասնագիտությամբ ալերգոլոգ-իմունոլոգ, իսկ այժմ նաև Արաբկիր բժշկական համալիրի լաբորատոր ծառայության ղեկավար Սևան Իրիցյանի հետ։

 

Թե ինչպես ես թեստ հանձնեցի

Ինչեր ասես, որ չես անի հանուն Երևան ամսագրի։ Մեծ հերոսություն չի, իհարկե, բայց առաջին անգամ հենց այս հոդվածի համար COVID-19 վարակի ՊՇՌ թեստ հանձնեցի։ Այն, ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր։ Դե լավ, իրականում ոչինչ էլ չեղավ, փոխարենը հնարավորություն ունեցա լինել լաբորատորիայում և մասամբ հետևել ինձնից վերցված նմուշի հետազոտման փուլերին։


Սևանի ու լուսանկարչուհի Բիայնայի հետ հիվանդանոցի հետևի մուտքից մոտեցանք կցակառույց լաբորատորիային, որի դռան ապակուն փակցված «կենսաբանական վտանգ» նշանն ու ապակուց այն կողմ երևացող մանուշակագույն լույսը տեսնելուց մի թեթև անհանգստացա։ Իր չափազանց սպիտակ հանդերձանքի վրայից Սևանը մի երկու տակ ուրիշ սպիտակ բաներ էլ հագավ՝ կարծես ինքն իրեն զսպաշապիկ հագցրեց, երկու տակ էլ ձեռնոցներ, բժշկական գլխարկ ու մի նոր դիմակ դրեց։

 

 


Ապա այդ «շատ հագնված մարդը» քիթ-ըմպանային նմուշ վերցրեց ինձնից։ Մեր մեջ ասած, բավական դիսկոմֆորտ առաջացնող գործողություն էր։ Վերցրեց իմ լորձաթաղանթի էպիթելը, այլ կերպ ասած՝ հյուսվածքը, բջիջիների խումբը, որն էլ հենց պետք է ենթարկվեր ՊՇՌ-ի (պոլիմերազային շղթայական ռեակցիա)։

 

Սևանը երկար փայտիկը ձեռքին պատմում էր, թե բա՝ «Էս ձողիկները պիտի մտցնես քթի ու կոկորդի խոռոչն էնքան ու պտտես էնպես, որ կարողանաս պոկել-վերցնել բջիջները։ Էդ ցավոտ չէ, բայց տհաճ է»,– մինչ ես ախ ու վախ եմ անում, Բիայնան էլ անմահացնում է պրոցեսը, դիմակի տակից խորամանկ ժպիտով ասում է Սևանն ու ավելացնում. «Հա, ինչն է տարօրինակ, որ սովորաբար մենք շատ լավ զգում ենք մեր մարմնի մակերեսները, բայց այ խոռոչների մասին շատ պատկերացում չունենք, որովհետև դրանց քիչ բան է դիպչում ու երբ օտար մարմինը մտնում ու հասնում է գլխիդ ուղիղ կենտրոնը, քեզ թվում է, թե քո ես-ը միանգամից տեղափոխվում է մի ուրիշ տեղ։ Բայց հենց դա է երաշխավորում, որ եթե նույնիսկ մարդը քիթն ու կոկորդը մաքրել է, վերցված նմուշը բավականաչափ հուսալի է ու պարունակում է ճիշտ բջիջները թեստն իրականացնելու համար։ Այլապես կունենանք կեղծ պատասխան։


Իսկ ինչու՞ հենց այդ հատվածը, դե, որովհետև շնչառական վիրուսների դեպքում հաճախ հենց այդտեղ է վիրուս կուտակվում։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ վիրուսն իրականում կա օրգանիզմում, բայց արդեն իջել ու հասել է բրոնխներին կամ թոքերին։ Այդ դեպքում հնարավոր է ստանալ կեղծ պատասխան։ Նման դեպքերի համար կան նմուշառմանայլ մեթոդներ»։


Այս տհաճ գործողությունից հետո, ես կարող էի հանգիստ շունչ քաշել։ Նմուշն արդեն տեղադրված էր այսպես կոչված վիրուսային տրանսպորտային միջավայրի մեջ, որտեղ կան հատուկ լուծույթներ, որոնք բացառում են վիրուսի քայքայումը։ Այսպես, նմուշը տեղափոխվում է բուն ՊՇՌ լաբորատորիա և մակնշվում առնվազն երկու և ավելի իդենտիֆիկացիոն նիշերով։ Այստեղ արդեն իմ նմուշին սպասվում են էքստրակցիան ու ամպլիֆիկացիան երկու տարբեր սենյակներում։ Էքստրակցիայի սենյակում նմուշից առանձնացվում են ենթադրյալ վիրուսի նուկլեինաթթուները։ 

 

 

 

 

Սա, ըստ Սևանի, բավական վտանգավոր ու պատասխանատու փուլ է, քանի որ մեծ է մարդկային գործոնը։ «Շատ բարդ փուլ է, մեծ կենտրոնացում պահանջող, ֆիզիկապես ու մտավոր հոգնեցուցիչ աշխատանք է, որովհետև այդ պաշտպանիչ հանդերձանքով ու դիմակով պիտի ժամերով լարված աշխատես ու հատկապես ամռանը դա պարզապես անտանելի է։ Ընդ որում՝ քեզ ու աշխատանքային հիմնական միջավայրդ բաժանում է ապակի ու միայն ձեռքերդ են կենսաանվտանգության պահարանից ներս գտնվում։ Իհարկե, այն պատրաստելիս հաշվի են առնվել էրգոնոմիկայի կանոնները, բացի այդ՝ ցուցումներին հետևելու դեպքում այն միանգամայն անվտանգ է։ Կարճ ասած՝ այն, ինչ տեղի է ունենում կենսաանվտանգության պահարանում, մնում է կենսաանվտանգության պահարանում»,– ասում է Սևանը։ 


Անջատման փուլից հետո՝ ամպլիֆիկացիայի փուլում, ունենում ենք մաքուր ու անվտանգ նմուշ, որից արդեն պետք չի զգուշանալ. ընդհակառակը՝ արդեն մենք ենք վտանգավոր նմուշի համար՝ դրան ինչ-որ բան չփոխանցելու, չվարակելու տեսանկյունից, այնպես որ այստեղ ևս Սևանը ստիպված էր լինել այդ նույն հանդերձանքով (որքան էլ տարօրինակ թվա՝ լաբորատորիայի աշխատակիցներն անգամ ճիշտ հագնվելու վերապատրաստումներ են անցնում)։ Այս փուլում նմուշի մեջ տարբեր ֆերմենտների ավելացումով տարբեր ռեակցիաներ են տեղի ունենում, որոնց մասին երկար-բարակ չեմ պատմի և արդյունքում հնարավոր է լինում ստանալ պատասխան։


Ապա գալիս է հաջորդ ոչ պակաս պատասխանատու մասը. արդյունքները պետք է գրանցել միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգում։ Այստեղ ևս սխալ թույլ տալ չի կարելի, չէ՞ որ յուրաքանչյուր սխալ մուտքագրված դրական կամ բացասական կարող է ճակատագրական լինել։


Կարանտինը լաբորատորիայում

Թեստավորումից հետո արդեն Սևանի աշխատասենյակում խոսեցինք կարանտինի ու կորոնավիրուսի շրջանում լաբորատոր աշխատանքի մասին։ «Իհարկե, կարանտինային ռեժիմը մեզ վրա էլ անդրադարձավ ու մեր առօրյան էլ փոխեց։ Հեշտ չի աշխատավայրում անընդհատ դիմակ կրելը, անգամ եթե բժիշկ ես ու սովոր դիմակին։ Մենք էլ էինք վախեցած անհայտ վիրուսից։ Անհրաժեշտ էր միշտ ուշադիր լինել հանդերձանքին ու անպայման ախտահանվել։ Դա բերեց նրան, որ սկսեցինք մեկ շաբաթում օգտագործել այնքան ախտահանիչ նյութ, որքան նախկինում մեկ ամսում էինք օգտագործում։ Լաբորատորիան այն տեղը չէ, որտեղ կարելի է խնայել, հետևանքները կարող են շատ ավելի թանկ ու ողբերգական լինել։ Մյուս՝ ամենից շատ ընկճող բանն այն էր, որ վերացան համատեղ ընդմիջումները, քանի որ ուտելիս պետք է հանել դիմակը։ Սա թերևս ամենամեծ փորձությունն էր լաբորատորիայի աշխատակազմի համար։ Երբեմն փորձեր էին լինում խախտելու կանոնները, բայց ապարդյուն»։

 

 


Իսկ իմ հարցին՝ արդյոք կարանտինի ընթացքում այցելուների հոսքին հնարավո՞ր էր դիմանալ, Սևանն անսպասելի պատասխան տվեց. «Կարանտինի ամենասկզբում կտրուկ պակասեց այցելուների քանակը։

 

Մարդիկ վախենում էին գալ հիվանդանոց ու առավել ևս լաբորատորիա։ Նույնիսկ որոշ աշխատակիցներ աշխատանքից ազատվելու մտքեր ունեին՝ վախենալով վարակել ընտանիքի անդամներին։

 

Շատ տարօրինակ ժամանակահատված էր՝ երբեմնի ծանրաբեռնված լաբորատորիայում հանկարծ ամեն բան դատարկվում է ու գրեթե դադարեցվում է աշխատանքը։ Բայց դա երկար չտևեց, մեր հիվանդանոցն առաջիններից էր, որ սկսեց կորոնավիրուսով հիվանդների ընդունել, լաբորատորիան էլ շատ շուտով սկսեց ՊՇՌ թեստերի ընդունումն ու աշխատանքային բուռն գործընթացը նորից վերսկսվեց»։


Սևանը հանկարծ ոգևորվում է խոսելիս կատարված նմուշառումները լաբորատորիա բերելու գործընթացի մասին. «Նման էր թշնամու թիկունք դիվերսիոն խումբ ուղարկելուն. հատուկ հանդերձանք, ոգևորող ու զգուշության կոչեր։ Նաև կար հատուկ մշակված քարտեզ, թե ինչպես գնալ, ինչպես վերցնել նմուշը, ինչ տարայով և անգամ բացառված էր ձեռքից ձեռք փոխանցումը։ Սկզբի շրջանում միասին էինք գնում, չէի ցանկանում լիներ տպավորություն, թե աշխատակցին մենակ ենք թողնում այդ իսկապես բարդ գործում։ Սա հատկապես բավական մեծ հոգեբանական փորձություն էր մեծահասակ աշխատակիցների համար, ովքեր ինչ-որ չափով ռիսկային խմբում են։ Կային աշխատակիցներ, ովքեր վախենում էին, խուսափում, կային և համարձակներ։ 


Հետաքրքիր կերպով բացահայտվում էին մարդկային տեսակները, վախերն ու նախապաշարմունքները։ Թվում է՝ ամեն բան նույնն էր, մենք չէինք վերածվել ինչ-որ երրորդ կարգի վտանգավորության լաբորատորիայի, բայց մեր առօրյայում փոխվել էր գրեթե ամեն բան։ Բարեբախտաբար հաջողվեց խուսափել ներհիվանդանոցային վարակի դեպքերից ու հպարտությամբ կարող եմ ասել, որ չունեցանք աշխատունակության պակաս։ Արդյունքում պարզվեց, որ ամենաանվտանգ տեղը գուցե հենց սա է»։

 


Դավադրության տեսությունների ու ըստ ճաշակի տրվող դեղատոմսերի մասին

«Թե՛ այցելուների ու թե՛ նույնիսկ բժիշկների շրջանում բավական շատ էին քննարկվում տարբեր դավադրության տեսությունները կորոնավիրուսի ծագման ու տարածման հետ կապված։ Ամենաաբսուրդայինը, իհարկե, նմուշառման ընթացքում չիպավորման ու նմուշառման պատճառով հիվանդանալու տեսություններն էին։ Հաճախ էլ հանդիպում են այցելուներ, որոնք սովորական շնչառական վիրուսի ախտանիշներ ունենալով չեն հավատում իրենց բացասական թեստի իսկությանը։ 

 

Ինչևէ, հիմա իհարկե շատ ավելի լուրջ է վերաբերմունքը, քանի որ շատերը  հիվանդացան ու համոզվեցին, որ այս վիրուսը միֆ չէ, մի մասն էլ, ցավոք, հարազատ կորցրեց ու զգաց հիվանդությունն իր ամենավատ դրսևորմամբ։

 

Մյուս կողմից էլ՝ ժամանակի ընթացքում ավելի հմուտ դարձանք։ Համենայն դեպս այդպես էր թվում մինչև պատերազմը։ Այդ ընթացքում մարդկանց կողմից հակահամաճարակային կանոնների անտեսումը շատ շուտով զգացվեց լաբորատորիայում՝ թվերի աճի տեսքով»։


Ինչպես սովորական մարդիկ են տարբեր կերպ վերաբերվում իրավիճակին, այնպես էլ բժիշկները՝ նրանք էլ ի վերջո մեզ պես մարդիկ են։ Սևանը պատմում է, որ կան այնպիսիք, որ ամենաչնչին նշանների դեպքում իսկ փորձում են արագ պարզել՝ արդյոք վարակված են, թե ոչ, բժիշկների մի ուրիշ խումբ էլ ըստ ճաշակի գրված շաբլոնային դեղատոմսեր է գրում, ինչի արդյունքում նկատվեց դեղորայքային ալերգիաների կտրուկ աճը։ Իհարկե, մեծ դեր ունի նաև ինքնաբուժումը։ «2019-ի վերջից և 2020-ի սկզբից մենք հիվանդության մասին ինչ-որ խառը պատկերացում ունենք, անընդհատ փորձում ենք պարզեցնել, ու նաև դա է պատճառը, որ շատերի մոտ կարծրացել են որոշ ախտանշանների մասին պատկերացումներ. օրինակ՝ համի և հոտի կորուստը։ Նմանատիպ կարծրատիպերը ինքնուրույն կայացրած որոշումների ու վատ հետևանքների պատճառ են դառնում։ Այս ամենը մի մեծ ու փոխկապակցված շղթա է»,– ցավով նշում է բժիշկը։

 


Հարցնում եմ՝ հաջողվու՞մ է անջատել հույզերն այս՝ մեր ժամանակներում գուցե ամենակարևոր աշխատանքի ժամանակ։ Մի փոքր մտածելուց հետո Սևանն ասում է. «Երբ աշխատանքի ընթացում որևէ նմուշ ես վերցնում ու պատկերացնում, որ դա գուցե մեկի մայրն է, որ խոցելի խմբում է, մեկի երեխան ում համար անհանգիստ են ողջ ընտանիքով, կամ հենց էդ ինչ-որ մեկը, որ գուցե պիտի այլ երկիր թռչի ու հենց քո աշխատանքից, ամեն նյութը վերցնել-դնելուց է կախված ինքը վաղը կլինի օդանավում, թե ոչ, ակամայից լարվում ու կենտրոնացնում ես ուշադրությունդ՝ գիտակցելով, որ քեզնից իսկապես շատ բան է կախված, իսկ սխալի դեպքում հետևանքները գուցե անդառնալի լինեն։ Քո շտատիվից դուրս եկող ու տարածվող տարբեր ճակատագրի թելեր են, որ քո մի սխալից կարող են խճճվել»։


Սևանին երկար չզբաղեցրինք, քանի որ շուտով նոր երկար փայտիկները պետք է նմուշներ հավաքեին նոր այցելուներից։ Իսկ ես հաջորդ օրը ստացա թեստիս պատասխանը՝ բացասական։

հավելյալ նյութեր