«Ուսումնասիրել ծանոթության հավելվածները, նշանակում ա ուսումնասիրել մեզ»
Թատրոն

«Ուսումնասիրել ծանոթության հավելվածները, նշանակում ա ուսումնասիրել մեզ»

Անահիտ Ղազարյանը՝ «Ներբեռնում | Վերբեռնում | Սերբեռնում» դոկումենտալ ներկայացման ստեղծման, վիրտուալ ծանոթությունների մեջ խորանալու և նախագծի հետևանքների մասին։ Հաջորդ ներկայացումները կլինեն հունիսի 12-ին, 15-ին ու 16-ին։

 

Լուսանկարները՝ Լիլիթ Միկոյանի

 

#Արվեստ

Ներկայացումը կլինի հունիսի 12-ին, 15-ին ու 16-ին, ժամը՝ 20:30-ին

Բեմադրիչ՝ Նադեժդա Իսրաելյան

Տեքստը՝ Անահիտ Ղազարյանի

Ազդագրի ձևավորում՝ Նունե Խուդավերդյանի

Երաժշտությունը՝ Հայկ Կարոյի

Դերերում՝

Մերի Մարգարյան

Դավիթ Խալաթյան

Դիանա Ռազիել

Վարուժան Մարգարյան

Հատուկ շնորհակալություն Միշա Չարկվիանիին, ում գեղարվեստական խորհուրդներն ու աջակցությունը կարևոր դերակատարում են ունեցել ներկայացման իրականացման գործում։

📍Հակոբ Հակոբյան 3, COWO 12-րդ հարկ (Մերգելյան Ինստիտուտ)

Ներկայացման լեզուն՝ հայերեն

Ներկայացումը կուղեկցվի անգլերեն ենթագրերով։

Տևողությունը՝ 60 րոպե

Տոմսերի արժեքը՝ 4000 դրամ

 

Ամենաշատ խոսվող թեման

Սա հանրային ետնաբեմում քննարկվող ամենաակտուալ թեմաներից մեկն ա, որի մասին փորձել ենք «բեմից» խոսել ու լայն քննարկման ու մտածման նյութ դարձնել։ «Ինչի՞ ա սենց, ինչի՞ չի ստացվում, որտեղի՞ց սկսած ա սխալ գնացել, որտե՞ղ ենք մենք որպես հանրույթ էսքան ձախողել»։ էս ամենաշատը ասվող կամ մտածվող նախադասությունն ա, հատկապես իմ ընկերական միջավայրում, երբ ընկերներով պարզապես հավաքվում ենք միասին ժամանակ անցկացնելու ու խոսակցությունը մեկ էլ ծավալվում, դառնանում ու դառնում ա դեղձի կուտ։ Ու էս հավաք-զրույցներն էին ու լայն ընկերական շրջանակներում պտտվող սիրո անհաջող փորձ-պատմությունները, որ սկսեցին ինձ մտածել տալ մեր՝ որպես հանրույթ սիրելու կարողության կամ անկարողության մասին։ Սերն ու սեքսը գրեթե բոլոր՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց կողմից ամենաշատը խոսվող թեմաններից ա. սեր, ժամադրություն, կանայք, տղամարդիկ, ամուսնացած տղամարդիկ, դավաճանություն, ամուսնալուծություն։ Սիրո տարբեր դրսևորումներն իրար հետ կապված են, իրար պայմանավորում են. մենք ոնց սիրում ենք մեր աշխատանքը, մեր միջավայրը, մեր քաղաքը, մեր կնոջը կամ ամուսնուն, ձևավորում ա հասարակություն, քաղաքական ու սոցիալական կլիմա։ Երբ հասկանում ես, թե ինչքան կեղծ են մեր արժեքները, ինչքան չսեր կա արդեն ձևավորված ամուսնական զույգերի մեջ, ինչքան զուգահեռ կյանքեր ունեն մարդիկ… 

 

 

Վիրտուալ հանրապետություններ

Էս երկակի իրականությունները՝ խոսվող, ցուցադրվող ու ապրվող, սիրելուց վախենալը, սիրել չկարողանալը… էս գիտակցումը էնքան ա մեծացել, էնքան մեծ ու ազդու ա դարձել ինձ համար, սկսել ա ճնշել ինձ, որ ես ուղղակի պարտավորված եմ զգացել/զգում ինչ-որ բան անել դրա հետ, գոնե փորձ անել հասկանալու, թե էդ ի՞նչ հոգեվիճակ, վախեր, ներքին ի՞նչ կարիքներ ունեն մարդիկ, որ անում կամ չեն անում ինչ-որ բան։ Ու քանի որ մեր ֆիզիկական գոյությանը զուգահեռ ամենուր կա նաև մեր վիրտուալ ներկայությունը, պատմելը նկարի ու տեքստի միջով (ինչ եղավ մեր հետ, ուր գնացինք, ինչ կերանք ու խմեցինք), կան հավելվածներ, որոնցից էսօր կախված ա մեր կյանքը՝ սնունդ պատվիրել, տաքսի պատվիրել, շորուկոշիկ պատվիրել ու էս հերթականության մեջ ինքնաբեր ձևով գալիս ա նաև սեր, սեքս պատվիրելը։ 

 

Ծանոթության հավելվածները էն կատարյալ վիրտուլ հանրապետություններն են, որ ամբողջացնում են ժամանակակից մարդու կրքերն ու վախերը։ Ուսումնասիրել ծանոթության հավելվածները, նշանակում ա ուսումնասիրել մեզ, մեզ շրջապատող թվանշային տեխնոլգիաները, ոնց ենք մենք հիմա ապրում, ոնց են օրինակ պատերազմը, գոյությանը սպառնացող վտանգները պայմանավորում մարդկանց հարաբերությունը, պայմանվորում սերն ու սեքսը, ոնց ենք մենք սիրում օնլայն ու օֆլայն։

 

Դոկումենտալ թատրոն

Ծանոթությունների հավելվածների թեման ինձ սկսել ա հուզել/հետաքրքրել դեռ 2018-ից, բայց նույնիսկ էն ժամանակ, երբ գրեցի «Կինդեռ-Թինդեռ» էսսեն, զգացողություն ունեի, որ ինչ-որ բան կիսատ մնաց, որ միայն տեքստի ձևաչափով հնարավոր չի փոխանցել էն, ինչ կուզեի ասել։ 

 

2022 թվականից թատրոնի ռեժիսոր Նադեժդա Իսրաելյանի հետ վրացական Open Space տեսողական և կատարողական արվեստի կենտրոնի հետ ենք համագործակցում ու նրանց South Caucasus Documentary Theater Network-ի մաս ենք։ 2022-ին մասնակցել ենք նրանց դոկումենտալ թատրոնի աշխատարանին, որը վարում էին Վրաստանի երևի այսօրվա լավագույն թատրոնի ռեժիոսներ Դավիթ Խորբալաձեն ու Միշա Չարկվիանին։ Միշան ինչպես մեր նախորդ «Պլանային անջատում» ներկայացման, այնպես էլ «Ներբեռնում | Վերբեռնում | Սերբեռնում» ներկայացման գեղարվեստական խորհրդատուն ա։ Առիթը բաց չեմ թողնի նշելու, թե ինչքան եմ սովորում ու ներշնչվում Միշայից։ 

 

Երբ արդեն պետք ա ընտրեինք այս տարվա ներկայացման թեման, Նադիային առաջարկեցի «Bumble-ի ու Tinder-ի մասին մի բան անել»։ Ինքն էլ մի քիչ դիմադրելուց հետո համաձայնեց։ Դոկումենտալ թատրոնն ու թատրոնն առհասարակ պայմանականություն ա, կյանքը այլ հարթության մեջ վերակառուցելու ու վերապատկերելու փորձ։ Դոկումենտալ թատրոնը դոկումենտի, փաստական նյութի ու գեղարվեստական վերակառուցման խառնուրդ ա, որտեղը իրականության հետ կապը շատ ամուր ա, ծնվում ա իրականությունից, բայց անցնում ա գրողի ու ռեժիսորի գեղարվեստական մտածողության միջով։ Դերասաններն էլ իրանց հերթին ավելացնում են տեքստի ու պատմության իրանց ընկալումն ու մեկնաբանությունը ու դառնում ա շերտավոր տորթ, որը համտեսում ա դիտողը։ 

 

Դոկումենտալ թատրոնում նույնիսկ ներկայացման տարածքն ա դառնում կերպար ու «փաստաթուղթ»։ Մենք խաղում ենք սիրո ու տեխնոլոգիաների կապի մասին ներկայացում հենց Մերգելյան ինստիտուտում, որը դեռ խորհրդային տարիներից համակարգիչների և բարձր հուսալիությամբ հաշվողական համակարգերի ստեղծման կենտրոն ա եղել։ Ներկայացման համար երաժշտություն գրել ա Հայկ Կարոյին, որի հետ երկար զրույցներ ու քննարկումներ ենք ունեցել, թե ինչ հնչողություն պետք ա ունենա ներկայացումը, որն ա ժամանակակից ժամադրության ձայնը։ 

 

Մի խոսքով՝ դոկումենտալ ներկայացում, քանի որ էդ մի մեդիում ա, որը համադրում ա հետազոտությունն ու վավերագրական տեքստը ռեժիսորական լուծումների, դերասանական խաղի, տարածքի ու երաժշտության հետ։ Իսկ մեր այս ներկայացման դեպքում կարևոր մասնակից ա դառնում նաև դիտողը։ 

 

 

Փորձի հավաքագրում

Bumble-ում լինելու իմ փորձառությունն եղել ա ամենասկզբնական հենքը, որից սկսել եմ։ Ու նույնիսկ հավելվածի իմ փոքրիկ կենսագրության մեջ նշել էի, որ էս հարթակում եմ հետազոտելու համար։ Իրականում մինչև Bumble-ը պատրանք ունեի, որ Հայաստանում բոլոր հետաքրքիր մարդկանց ճանաչում եմ, կամ գոնե գիտեմ իրանց գոյության մասին, բայց էդ ընդամենը պատրանք էր։ Կան մարդիկ, ովքեր հետաքրքիր են, բայց մեր շրջանակներից դուրս են ու որոնց երբեք չենք հանդիպում։ 

 

Նախ զրուցել եմ էն բոլոր տղաների հետ, ում հանդիպել եմ. ինչի՞ են էս հարթակում, ի՞նչ են փնտրում, ո՞րն ա իրանց ամենափախած ժամադրությունը և այլն։ Հետո արդեն Նադիայի հետ զրուցել ենք մեր ընկերների ու ընկերների ընկերների հետ։ Դրանից հետո միայն ֆեյսբուքով ու ինստագրամով մարդկանց մեր հետ զրուցելու հրավեր ենք արել, որից հետո լիքը անծանոթ մարդիկ ցանկություն են հայտնել իրանց փորձով կիսվելու։ Զրույցները երբեմն կարող էին տևել մինչև մի քանի ժամ։ 

 

Մարդկանց փորձառությունները, հավելվածում լինելու նպատակները, կարիքները տարբեր են, բայց ընդհանուր էր մի բան՝ ձանձրույթը։ Մարդիկ ձանձրանում են, նոր փորձառությունների կարիք ունեն, գուցե սա էլ հենց էս հավելվածների տված թվացյալ հնարավորությունների ու ժամանակակից անդադար փոխվով աշխարհի թելադրած ռիթմն ա։ Միշտ, անդադար նորի պահանջ, մի վայրկյան առաջվանը էլ նոր չի, էլ հետաքրքիր չի, նոր մարդ, նոր զգացողություններ, կարճ ասած՝ նորի հոսքագիծ, որը կրկնում ա գործարանային արտադրական անշունչ համակարգն ու բթացնում զգայարանները։ Նորի ես ձգտում/փնտրտուքը համընդհանուր հոգեվիճակ ա, որը տարածվում ա կյանքի տարբեր ոլորտներում ու նաև մտնում էմոցիոնալ/զգայական դաշտ։ Էս մի անկշտության ցիկլիկ փակ շղթայի մեջ ա գցում մարդուն, որը նկատելը սկզբում դժվար ա, բայց նկատելուց հետո դուրս գալն էլ հեշտ չի։ Երբ անդադար փորձելը, փորձառություն ունենալը դառնում ա ինքնանպատակ, էդ փորձառածը չի մտածվում ու վերլուծվում, երբ փորձառությունը դառնում ա հաջորդող գործողությունների չկապակցվող շարան, դառնում ա անիմաստ։ Հիմա մենք ուզում ենք մեր ներկայացման միջոցով մտածելու հրավեր անել։

 

Հասկանալու մեծ ցանկություն

Ի սկզբանե չգիտեի՝ ինչ եմ փնտրում։ Ունեի հարցեր, անհանգստություններ, նույնիսկ տագնապներ, թե ո՞նց կարելի ա ապրել Հայաստանում ու սիրելու հնարավորություն ունենալ։ Երբեմն մտածում եմ՝ էս սիրելու/տղաների դարդից մենակ արժի արտագաղթել։ Ունեի հարցեր ու անասելի մեծ ցանկություն հասկանալու։ Ներկայացման վրա աշխատելը ինձ համար թերապևտիկ նշանակություն ունեցավ, անդադար մնալ էդ հարցերի մակարդակում, հարցազրույցների ընթացքում ունենալ հնարավորություն հարցնելու մարդկանց, հասանելիություն ունենալ իրանց մտքերին, լսելու պատասխաններ։ 

 

Բացահայտումներից մեկը երևի մարդկանց մոտ ապրումակցման բացակայությունն ա, մարդուն որպես մարդ ընկալելը, հասկանալը, որ վախեր ու կոմպլեքսներ բոլորն ունեն, որ մարդկանց, երբ ցավացնում ես, ցավում ա։ Թվում ա՝ պարզ բան ա, չէ՞։ Բայց արի ու տես, որ մենք կարծես բթացել ենք։ Կարևոր էր նաև գիտակցելը, որ կա խոսակցության բացակայություն, որ կա իրար հետ խոսալու ու իրար լսելու պատրաստակամության բացակայություն, որ մենք խոսում ենք նույն լեզվով՝ հայերենով, բայց թարգմանության կարիք ունենք։ Մենք՝ տղամարդիկ ու կանայք, ապրում ենք տարբեր իրականություններում ու երբեմն էդ իրականությունները ոչ միայն խիստ տարբերվում են, այլև իրար դիմադրում են, չեն ընդունում։ Ինձ համար մարտահրավերային էր էն, ինչ նկարագրեցի, փոխանցել տեքստի միջոցով։ Հաջողվե՞ց, թե՞ չէ, չգիտեմ։ Ամեն դեպքում՝ փորձել ենք։

 


 

Ներկայացում-թերապիա

Ներկայացումը նման ա զույգերի թերապիայի, երբ հարաբերության մեջ գտնվող մարդիկ իրար ինչ-որ բաներ են ասում, բայց էնքան մոտ ու հարազատ են, որ իրար այլևս լսելու ու ընկալելու ունակ չեն, իսկ հոգեբանի մոտ լինելը զրույցին ավելացնում ա մի երրորդ անձ, գուցե ասենք՝ հեղինակություն, որը փորձում ա մարդուց մարդ գնացող էդ փչացած հեռագրալարերը նորոգել։ Շատերն են ասել, որ ներկայացումից հետո ընկերական խմբերով ժամեր շարունակ քննարկել են ներկայացումը ու հետո դուրս եկել ներկայացման շրջանակից ու քննարկել առհասարակ սիրային հարաբերություններն ու իրար մասին ունեցած մեր պատկերացումներ։ Սա ամենաազդեցիկ արձագանքն էր մեզ համար։ Սա հենց էն էր, ինչ մենք փորձել ենք անել։ 

 

Որոշ մարդիկ սկսել են արտասվել հենց ներկայացման ընթացքում, կամ եղեն են պահեր, երբ նայել եմ հանդիսատեսի դեմքին, ու տեսել, որ գրեթե բոլորն այլայլված են ու ինչ-որ մտավոր գործընթացների մեջ են։ Ծանոթներիցս մեկն ասեց, որ ուժեղ գլխացավ ա սկսել հենց ներկայացման ընթացքում։ Ընկերներիցս մեկն էլ ներկայացումից հետո հուզված գրկել ու ասում էր՝ «Ներսս տակնուվրա ա եղել։ Պետք ա մի հատ նստեմ, մտածեմ ու հասկանամ, թե ոնց պետք ա փոխեմ իր կյանքը»։ 

 

Հետո նաև հետաքրքիր փորձառություն ա Bumble-ով հանդիպած տղաներին հրավիրել ներկայացմանն ու հետևել իրանց ապրումներին։ Հանդիսատեսի արձագանքն իրականում էն սփոփիչ գնահատականն ա, որն ասում ա՝ էն բոլոր դժվարությունները, դերասանների հետ ժամեր տևող քննարկումները, անահամաձայնությունները, անքուն գիշերներն ու մարմնի հոգնածությունը անիմասն չեն։ 

հավելյալ նյութեր