Ողջ մնալու արվեստ
Մի օր ՈՄԱ-ի հետ, որի հիմնադիր Վովա Վարդանովը վաղուց էր ասում, որ պատերազմին պետք է նախօրոք պատրաստվել։
Տեքստը՝ Էլեն Բաբալյանի
Լուսանկարները՝ Վահան Ստեփանյանի
ԵՐԵՎԱՆ #66 | 2021
Սովորաբար որևէ երևույթի մասին հոդվածն այդ երևույթի անունով վերնագրելը (ասենք՝ Կլեոպատրայի մասին «Կլեոպատրա»), մեղմ ասած, ոչ լուրջ լրագրողի արարք է համարվում։ Բայց պատերազմի օրերին այցելելով ՈՄԱ-ի պատրաստման դասընթացներին և տեսնելով, թե ինչ ահռելի աշխատանք է տարվում այնտեղ՝ լրագրող Էլեն Բաբալյանը խիզախեց հոդվածի վերևում պարզապես բացել կազմակերպության հապավումը, քանի որ ավելի լավ, միևնույն է, հնարավոր չէ բնութագրել այն, ինչ նա տեսավ այնտեղ։
Չլուծված խնդիր
Ողջ մնալը հարատև խնդիր է ծնունդից ի վեր։ Այդ խնդիրն ունեցել է նախամարդը, ունի հիմա աշխարհի ամենաանվտանգ երկրի՝ Շվեյցարիայի քաղաքացին, այդ խնդիրն ունի մարդ ասունն ու անասունը՝ քայլող, թռչող, սողացող, լողացող։ Բոլոր-բոլորը։ Ու անընդհատ։ Այսու զարմանալի է, որ, ի տարբերություն երկրորդների, մարդ արարածին այդ հմտությունը չեն սովորեցնում, դասավանդում, մայրական կաթի հետ փոխանցում։ Ու աչք փակելով խնդրի վրա՝ այն չի լուծվում։ Փոխարենը ողջ մնալու հավանականությունն է կրճատվում։
Բնական է՝ խաղաղ պայմաններում հանգիստ սուրճը վայելող մարդը գերադասում է ջայլամի պես գլուխը խրել ավազներում ու չտեսնել վտանգը։
Հայաստանը թեև համարվում է ռազմականացված երկիր, «ազգ-բանակ» և այլն, սակայն հիմնականում թղթի վրա է… թղթի վրա էր… քանի դեռ թշնամին չհարձակվեց։ Ու միանգամից սառը ջրից սթափվեցինք, հիշեցինք այն մեկին, ով զգուշացնում էր, որ եթե ամեն հայ չդառնա զինվոր, երկիրը պահել չենք կարողանա։ Չէ, Նժդեհը չէ, թեև նա էլ էր կողմ ազգ-բանակին։ Հետախույզ, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հատուկ նշանակության ջոկատի հետախուզական դիվիզիայի հրամանատար Վլադիմիր Վարդանովը, ով 2014-ին պատերազմով անցած յոթ ընկերների հետ հիմնել էր ՈՄԱ կազմակերպությունը։
Մենք պատերազմի մեջ ենք
Արվեստներից ամենակարևորը պիտի լինի ողջ մնալու արվեստը՝ ՈՄԱ-ն։ Վարդանովն ասում, գրում, պատմում, հորդորում, կրթում, տեղեկացնում էր պատերազմական սխեմաների մասին իր հեղինակած «Հետախույզի օրագիրը» հաղորդաշարի ընթացքում FM106.5 լրատական ռադիոյի եթերներից: Կազմակերպում էր դասընթացներ բոլոր ցանկացողների համար, որոնց թիվը, նախքան 2020-ը, նույնիսկ մոտ չէր բավարարին։ «Մենք պատերազմի մեջ ենք, վտանգ միշտ կա։ Ինչպես ամռանը պատրաստվում ենք ձմռանը, նույն ներուժով ու զգոն պատասխանատվությամբ էլ պարտավոր ենք պատրաստվել պատերազմներին»,– իր եթերներում ու հարցազրույցների ժամանակ հորդորում էր Վարդանովը դաշտում աշխատող գյուղացուն, օֆիսային մենեջերներին, սալոնում կյանքը մսխող գեղեցկուհիներին, երեխաներին, մեծերին, արցախցուն, հայաստանցուն, ու մի քիչ էլ ախալքալաքցիներին ու ծովագյուղցիներին, քանի որ վերջիններս առանց այդ էլ ռազմատենչ են։
Հոկտեմբերի կեսերին Վարդանովի հորդորը հասավ նաև մեզ։ Ու սկսեցինք կարդալ, հետաքրքրվել։ Պարզվեց՝ տասնօրյա վերապատրաստման կուրսերին օրական 150-ից ավելի մարդ էր գալիս։ Շտաբը քսանչորս ժամ բաց է։
Իրական զենքը ծանր է
Նորք-Մարաշ, Արմենակյան 121/7 հասցեում գտնվող «Նաիրի» հյուրանոցի հետնաբակը մարդաշատ էր։ Ահռելի տարածքը բաժանված էր առանձին հատվածների, շատ էին զինվորական համազգեստով տղամարդիկ։ Մուտքի մոտ հրացանն արագ հավաքելու, լիցքավորելու դասն էր, կենտրոնում նստած տղամարդը ծանոթացնում էր զենքից օգտվելու կանոններին, շուրջբոլորը հավաքվածներն ուշիուշով հետևում էին նրա ձեռքերի շարժումներին։ Մի քանի րոպե սառած, ապշած կանգնեցինք. ինչ մեղքս թաքցնեմ, ես կյանքում զենք չէի էլ տեսել։ «Իմ զենքն իմ գրիչն է» կարգախոսը ժամանակավրեպ թվաց։ Պարզվեց՝ իրական զենքը ծանր է, ու մի քիչ էլ անհարմար։ «Աջ կրակ, ձախ կրակ, մարտի...». թիկունքից լսվող հրահանգները ստիպեցին շրջվել։
ՈՄԱ-ում պատրաստություն անցնող երկրորդ խումբը տակտիկական վարժություններ էր անում փայտե մուլյաժ հրացաններով զինված։ Մեզ նույնիսկ չնկատեցին, թվաց՝ անտեսանելի ենք դարձել։ Հեռվում մեկ այլ դասընթաց էր, առանց կտրուկ գործողությունների։ Բուժական գործն էր, առաջին շտապօգնությունը։ Կենտրոնում գետնին կամավոր էր պառկած, որին է՛լ վիրակապեցին, է՛լ շրջեցին ու ոտքերից բռնած տարան, է՛լ այրվածքը բուժեցին, է՛լ տեղափոխեցին պատգարակի վրա։
Պարզվեց՝ իրական զենքը ծանր է, ու մի քիչ էլ անհարմար
Դասընթաց վարողը, որոնց այստեղ «հրահանգիչ» են անվանում, սեղմ ներկայացրեց Բժշկական համալսարանի բուժֆակի առաջին կիսամյակի ծրագիրը՝ վերքերի ճիշտ վիրակապում, կոտրվածքների ու անդամահատության դեպքում գրագետ օգնություն։ «Հավասարությունն ուսերի հետ պահեք… Ոտքերը խաչենք, ուղիղ տանելով տեղ չի հասնի… Հիշեք՝ բուժակից է կախված՝ վիրավորը կհասնի՞ պրոֆեսիոնալ բժշկին, թե ոչ»,– հրահանգիչը պտտվում է թվացյալ վիրավորի գլխավերևում ու ցուցումներ տալիս կուրսանտներին։
Անկյունում մի նիհար, վառվող աչքերով աղջիկ էր կանգնած։ Իրինան էր, արդեն 14 օր հաճախում էր ՈՄԱ-ի կուրսերին. «Սպասում եմ ՊՆ-ն հրամանս տա՝ գնամ, աղջիկ կամավորների համար նրանց թույլտվությունն է պետք։ Ես քաղաքացիական կյանքում դերասանուհի եմ, բայց հիմա դուրս ենք եկել մեր ստերիլ պայմաններից, ուրիշ տարբերակ չունենք»։ Լռում ենք։ Ավելացնում է. «Բայց ՈՄԱ-ն պատերազմի մասին չէ, այլ ապրելու, ողջ մնալու ...»։ Անկյունում կամավորներն անհատական դեղատուփեր են հավաքում զինվորների համար։
Ձեր տեսած կինոները մոռացե՛ք
Նրանք, ովքեր արդեն դասը սովորել են, հիմա քննություն են հանձնում։ Մեկ ուրիշ կետում հավաքվում է կուրսանտների մեկ այլ խումբ. գոյատևման դասի ժամն է։ Ընկեր Արամն ակնոցով է, նոր է իջել Արցախի դիրքերից, աչքերն են վնասվել. «Երեկոյան մութը հենց ընկնում էր, էլ ոչինչ չէի տեսնում, 14 օր մնալուց հետո հետ ուղարկեցին, արդեն բեռ էի դարձել իմ ռազմընկերների համար»։ Վիրավոր աչքն ընկավ հեռախոսիս պատյանին. «Կանաչի այս երանգը շատ եմ սիրում։ Ռազմական է։ Բայց պատերազմ չեմ սիրում, սեպտեմբերին առաջին գնացողների անունները կարդալիս Աստծուն խնդրում էի նույն ցանկը հետդարձին էլ կարդալ»։ Այդ 14 օրերից հիշում է միայն հոսպիտալում պատգարակների վրա չորացած արյունը, որն ամեն առավոտ մաքրում էին սանիտարները։
«Լիպիստոկն է, ծանոթացեք։ Ականորսիչը սովորաբար սրան չի գտնում։ Էդ ձեր տեսած կինոները մոռացե՛ք»
Խումբն արդեն հավաքվել-շրջան կազմած նստել էր գետնին, ինտերվյուն հետաձգվեց։ Արամ Աբաջյանն այսօր պատմելու էր ականների մասին։ Կողքին շարած տուփերից հերթով հանում-ցույց է տալիս. «Լիպիստոկն է, ծանոթացեք։ Մեծապես կիրառվել է Աֆղանական պատերազմում, միսիան ոտքերը կտրելն է, եթե ոչ երկուսը, ապա մեկը՝ հաստատ։ Սա տեսնելիս չենք մոտենում, չենք ուսումնասիրում, շրջանցում ենք։ Ականորսիչը սովորաբար սրան չի գտնում։ Էդ ձեր տեսած կինոները մոռացե՛ք»։
Զգուշորեն տեղադրում է, հանում մյուսը. «Էս ականն էլի նույն միսիան ունի, բայց էս մեկին հետախույզ շները կարողանում են գտնել։ Շատ է հանդիպում դիակների, զինվորական ուսապարկերի, բրոնեժիլետների, զենքերի տակ։ Հիմնականում բաժին է հասնում դիակապտության սիրահարներին, էն, որ դիակի հագից սապոգն ու զրահաբաճկոն են հանում։ Չենք մոտենում թշնամու դիակին, հիշե՛ք։ Ի դեպ, դիակապտության համար քրեական հոդված է նախատեսված»։
Գոյատևման դասը մեզ հետ ուշադիր լսում էր ՈՄԱ-ի շունիկը։ Արցախից է, անունն էլ Քարվաճառ, մի կերպ են փրկել ռումբերից։ Եթե նա կարողանար խոսել, հավանաբար, կասեր, որ Նորքի «Նաիրի» հյուրանոցի հետնաբակում այս պահին պատերազմի հոտ կա, ուղղակի սպեցէֆեկտներն են բացակայում։
Ողջ մնալու ճանապարհը
ՈՄԱ-ն պատերազմի այբուբենն է, գրել-կարդալ կսովորեցնի իրական ռազմադաշտը։ Բայց առանց այս կուրսերի ողջ մնալը բնավ դյուրին չի լինի։ Հայաստանի ամբողջ տարածքով աշխարհազոր ստեղծելու, նրանց սպառազինելու, առաջին բուժօգնությանը ծանոթացնելու, բնակավայրերում ռմբապաստարաններ, թաքնված կրակակետեր կառուցելու, կամուրջներն ու ճանապարհներն ականապատելու ծավալուն գործընթացը վերջապես մեծ թափ է հավաքում։ Այսչափ ու այսպիսի թշնամիներ ունեցող հայ ազգի ողջ մնալու համար այսուհետ կա մեկ ճանապարհ՝ Ազգ-Բանակ-Երկիր-Ամրոց։