«Այ դու ժուլիկ Մսրամելիք»․ Արամ Պաչյանի հին գրքերի հավաքածուն
Հավաքածու

«Այ դու ժուլիկ Մսրամելիք»․ Արամ Պաչյանի հին գրքերի հավաքածուն

Արձակագիր Արամ Պաչյանը սոցցանցային իր էջերում ներկայացնում է հայ գրականության՝ իր հավաքածուի մեջ եղած քիչ հայտնի կամ պարզապես մոռացված հրատարակությունները։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով Պաչյանը պատմել է իր այս նախաձեռնության մասին։

Հին գրքերը՝ Արամ Պաչյանի ինստագրամում

#Դիզայն

Վաղուց եմ խորացել մեր գրականության մոռացված դարակների մեջ, ոնց որ Օստապ Բենդերն էր ասում՝ դեռ մատաղ հասակից: Սկսվեց Թումանյանի, Աղայանի կախարդանքից: Բայց վերջնական, ես կասեի՝ անշրջելի բեկումը Ամերիկայի գրադարաններում եղավ: Իհարկե, մինչ էդ երկար տարիներ հավաքել էի, արխիվացրել, ինչ-որ բաներ հրապարակել: Բայց Ամերիկայում ահռելի կարոտ զգացի մեր գրակի, մեր գրքերի, մեր ողջ գրարվեստի հանդեպ: Սևեռումս էլ ավելի խստացավ: Ու էս է՝ իմ կարոտի ռեֆլեքսիան էլ իմ արխիվը՝ գրականության, գրական ընթացքի վերածելը դարձավ: Ինչն էլ անում եմ: 

 

 

 

Ղազարոս Աղայան «Հեքիաթներ», Հայպետհրատ, 1959 թ․, նկարազարդումները՝ Լիդա Խանամիրյանի և Նիկողայոս Քոթանջյանի

 

Ներկայացվող գրքերն իմ անձնական արխիվից են, որը գոյացել ու գոյանում է գրադարաններ այցելելուց, բուկինիստականներում դարակները պեղելուց, այլ գրահավաքների հետ գրքեր փոխանակելուց: Երբ հավաքորդ ես՝ ապագա գանձերիդ համար հավաքչության քո քարտեզը, քո թակարդն ես ստեղծում՝ երկար տարիներ: Ու ինքս էլ գրքեր հայթայթելու իմ քարտեզը ունեմ, բայց հաստատ ոչ մեկին ցույց չեմ տա: 

 

Ինչո՞ւ են այս գրքերը մոռացվել․․․ Հիշողությունն ու մոռացումը մեր աչքի առաջ հետաքրքիր ու անողոք կռվի են բռնվել: Իրականում՝ նույն, հավերժական կռիվը, բայց մի հուզիչ տարբերությամբ՝ կռիվը շարունակվում ու թեժանում է թվային քաղաքակրթության ստեղծած տարածքներում: Ինձ թվում է՝ էս գրքերը մեծ հաշվով չեն մոռացվել: Ուղղակի ժամանակի ու պատմության շրջափուլերում վերհիշվելու անհրաժեշտություն երբեմն չի էլ ծագում, իսկ էդ անհրաժեշտության ի հայտ գալը հազար ու մի բանի արդյունք է՝ քաղաքականություն, մշակույթ, տնտեսություն, ու ամենակարևորը՝ հավես՝ հա, հենց հավես – էս լուրջ բառ է: 

 

 

 

 

 

Խաչիկ Դաշտենց՝ «Այ դու ժուլիկ Մսրա Մելիք», Պետհրատ 1940 թ․

Մսրա երկրում կար մի Մելիք

Սասնա երկրում՝ Սասնա Դավիթ:

Մելիքն եկավ կռիվ անի,

Մեր քաջ Դավթին տա սպանի:

Այ դու ժուլիկ,

Մսրա Մելիք

 

 

Հովհաննես Թումանյան «Շունն ու կատուն», «Հայպետհրատի» 1958 թ․՝ Սուրեն Ստեփանյանի նկարազարդումներով

 

Չարենց «Կապկազ թամաշա», 1923 թ., շապիկը Կարո Հալաբյանի | Գուրգեն Մահարի «Չարենց-Նամե», Երևան, 1968 թ., «Հայաստան» հրատարակչություն, կազմի ձևավորումը Կարո Տիրատուրյանի։

 

Զարմանալի գրքանմուշները շատ են։ Թեկուզ Ալազանի «Հայ ֆաշիստները գրական անդաստանում» հոդվածների ժողովածուն, որ լույս է տեսել 1932 թվականին Պետհրատի կողմից։ Հակադաշնակցական, հակաազգայնական պամֆլետ է` երգիծական, ինչո՞ւ չէ, նաև ցինիկ շեշտադրումներով։ Եվ որովհետև մեծ հաշվով գրքի բովանդակությունը շատ է մաշված, ահա, էստեղ ինձ ամենից շատ հետաքրքրողը գրքի անվանաթերթն է` նացիստական կեռխաչի տեսքով։ Ընդամենը մի օրինակ եմ գտել, որում կտրած, վերացրած չէ անվանաթերթը։ Վերացնելու շարժառիթները պարզ են, բայց նկարչական հետաքրքիր ձևավորման հարց կա, քաղաքական տարբեր փուլերում՝ գրքարվեստի էությունը իր ամբողջության (գաղափարական, մշակութային) համատեքստի մեջ տեսնելու հարց: Ու էսպիսի օրինակները քիչ չեն: 

 

Ժամանակը ապշելու բան է: Կան գրքեր, որոնց ամենահետաքրքիր կողմը 60-70 տարի անց արդեն միայն շապիկն է, ֆորզացը, անվանաթերթը, գլխազարդերը: Փորձում եմ կարդալ, հասկանալ ինձ հետաքրքրող գրքերը: Ափսոսում եմ, որ չեմ հասցնելու ծանոթանալ բոլորի հետ, քանի որ ժամանակը չի հերիքելու։

հավելյալ նյութեր