Փակ է․ անսրճարան Երևան
Մեկուսացում 2020

Փակ է․ անսրճարան Երևան

Ինչպես փակվեցին ու մի կերպ դիմացան Երևանի սրճարանները։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ Բիայնա Մահարու

 

ԵՐԵՎԱՆ #67 | 2021

#Մեկուսացում2020

Լոքդաունի ընթացքում հաճախ բարձրացվում էր վերջինիս տնտեսական ազդեցության խնդիրը։ Ուշադրության կենտրոնում սրճարաններն ու նմանատիպ հանրային վայրերն էին։ «Ապերիտիվո» սրճարանի օրինակով ԵՐԵՎԱՆը փորձել է պատկերացնել սրճարանների փորձառությունը քովիդային իրականության մեջ։ Տեքստն ուղեկցվում է լոքդաունի առաջին օրերի լուսանկարներով, երբ Երևանը զրկվեց սրճարաններից։

 

Սոնա, «Ապերիտիվո» սրճարանի մենեջեր

Մարտ ամսի առաջին օրերն էին։ Շուտով պետք է սկսեր սրճարանային ակտիվ սեզոնը, և մենք շատ մեծ սպասումներ ունեինք, ասում էին՝ հեսա արևոտ եղանակ կլինի, ուրախ, զվարթ կաշխատենք։ Սակայն ամսի տասի մոտակայքում պարզ դարձավ, որ մեր պատկերացումները միգուցե և չարդարանան։ Վարակակիրների թիվը շարունակաբար աճում էր, քաղաքը խուճապի մեջ էր։ Առաջին անգամ մեր մտքով անցավ, որ կարող է պետք լինի մի որոշ ժամանակով փակվել, բայց չէինք կարծում, որ դա այդքան երկար կտևի։


Կարանտինի օրերին փակվելուց հետո ակտիվացրինք մեր take away տարբերակը։ Մարդիկ գալիս վերցնում էին իրենց պատվիրած սնունդը, սուրճը կամ թեյը և գնում։

 

Բնականաբար, առաքումներ էինք անում՝ համագործակցելով տարբեր ընկերությունների հետ։ Քաղաքի կենտրոնական մասում մենք ինքներս էինք հասցնում պատվերը մեր «հեռավար հյուրերին» հեծանվով։

 

 

 

 

Որոշ դեպքերում գործում էին զեղչեր, գումարային որոշակի սահման հատելուց հետո նվերներ էինք տալիս, հյուրասիրում էինք թխվածք կամ այլ մի հետաքրքիր բան։ Շատ կարևոր էր փակ լինելով պահպանել կապը մարդկանց հետ։ Ուզում էինք ուրախացնել մարդկանց, բայց դրա հետ մեկտեղ չէինք ուզում կորցնել մեր մշտական հյուրերին։ Փորձում էինք որևէ կերպ գոյատևել մինչև իրավիճակը բարելավվեր։ Այդ ընթացքում պետական աջակցություն ստացանք շուրջ 2 միլիոն 700 հազարի չափով, ինչը մեզ համար շատ մեծ օգնություն էր։


***
Փակման օրը նաև ստիպված եղանք մեր մոտ ունեցած սնունդը բաժանել աշխատողների միջև կամ տալ այլ մարդկանց՝ տարեցների, կարիքավորների։ Չգիտեինք՝ որքան ժամանակ կտևի այս ամենը, և այդ սնունդը կարող էր փչանալ։ Ու երբ որոշվեց, որ սկսում ենք առաքումներ անել, այդ պահին մթերք չունեինք և ստիպված էինք շատ արագ ինքնակազմակերպվել, ծանոթ-գործընկերների միջոցով այս կամ այն ապրանքը գտնել։ Այդ ժամանակ գործընկեր կազմակերպություններն ամեն կերպ փորձում էին օգնել մեզ։


Չի եղել մի պահ, որ մտածենք, թե ստիպված կլինենք փակվել վերջնական։ Մենք գիտեինք, որ եթե մի պահի բացվենք, մենք ունենք մեր հավատարիմ հաճախորդները, ովքեր վստահաբար կգան։ Այդ ընթացքում, երբ սրճարանը չէր գործում, երբեմն գալիս հատուկ անցնում էինք սրճարանի մոտով, տխուր հայացքով նայում էինք դռներից ներս։ Նաև մոտակայքում բնակվող մեր հյուրերին էինք տեսնում, իրենք էլ էին պտտվում սրճարանի մոտ՝ բաց դռներ տեսնելու հույսով։

 

 

 

 

***
Մենք արդեն մեկ ամիս է՝ տանը նստած էինք, չգիտեինք գլուխներս որ պատով տայինք, մեկ էլ հանկարծ մեր տնօրենից նամակ ստացանք.

 

«Երեխեք, բացվո՜ւմ ենք»։ Այդպես վերսկսեցինք մեր աշխատանքը։


Սկզբի մի քանի օրը բավական պասիվ էր, քանի որ մարդիկ դեռ չգիտեին, որ բացվել ենք, բայց հետո ֆեյսբուք, ինստագրամ, ու տենց սկսեցին գալ։ Բայց կար մի խնդիր։ Այս անգամ պետք էր սեղանների միջև ապահովել որոշակի հեռավորություն։ Մեր տարածքը համեմատաբար փոքր է, և արդյունքում՝ սեղանների թիվն ահագին պակասեց, ու բավական շատ այցելուներ կորցրինք, ինչը մեզ համար շատ ցավալի էր։ Կարելի է ասել, մեր աշխատանքի կես չափն էինք կարողանում իրականացնել։ Բացի այդ, մարդիկ վախենում էին, չէին գալիս, շատերը պարզապես ցանկություն չունեին դիմակով ու ձեռնոցով սրճարանում նստել։ Հիմա, երբ մաքսիմալ հանվել են արգելքները, միևնույն է, նույն թափով չենք աշխատում։ Մատուցողները պարտավոր են դիմակներով աշխատել, տարածությունը սեղանների միջև դեռ կա։ Բայց այլևս տարբերակ չունենք։ Պետք է հարմարվենք։

 

 

 


Աշխատանքից ազատումներ չունեցանք ու նույնիսկ այն ամիսը, երբ բոլորս տանն էինք նստած, աշխատավարձ ստացանք։ Գիտեինք, որ իրավիճակը ժամանակավոր է, իսկ թիմի բոլոր անդամները մեկ առ մեկ ընտրված են. չէինք ուզում կորցնել ոչ մեկին։

հավելյալ նյութեր