Փարաջանով ու ARARAT. լեգենդների հարևանությունը
Հրազդանի կիրճի երկու հարևանների՝ Սերգեյ Փարաջանովի ու Երևանի կոնյակի գործարանի ոչ այնքան իրական, բայց միանգամայն հավատալի հանդիպումը ժամանակի, տարածության ու իրականության միջով։
Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի
Կոլաժը՝ Նոնա Իսաջանյանի
ԵՐԵՎԱՆ #86 | 2024
Փարաջանովը, ասում են, կարող էր իր կացության ու արվեստի համար տուն ընտրել Աբովյան փողոցում, բայց պատմական կենտրոնի փոխարեն նախընտրեց գեղատեսիլ կիրճի բերանը։ Ասում են, որ այնքան էր ոգևորված այդ նախագծով, որ պատմում էր բոլորին, թե Հայաստանում իր համար «եռահարկ մարմարե պալատ» են կառուցում։ Իսկ փարաջանովյան կախարդանքի այդ կացարանի դեմ դիմաց՝ կիրճի մյուս կողմում, խոյանում էր Երևանի կոնյակի գործարանի շենքը։
Կոնյակի գործարանում Փարաջանովի այցելությունների մասին որևէ գրավոր վկայություն չունեն։ Բայց, ինչպես հայտնի է, վարպետի կյանքը լի էր հորինվածքներով ու առասպելներով, որոնք երբեմն ավելի շոշափելի ու իրական էին, քան շատ շատերիս իրական կյանքը։ Ու թերևս զարմանալի չէր լինի, եթե մի օր Սերգեյ Փարաջանովը պարզապես վեր կենար ու կտրեր ժամանակի գիծն ու իրականության սահմանները։ Ինչպե՞ս… Պատկերացնենք, որ մի օր՝ առավոտյան, վարպետը դուրս է գալիս բակ, հիանում հասած կարմիր նռների միջով լողացող ձկներով լի շատրվանի (ցավոք, իրականում չկառուցված) մեջ հոսող ջրի խշշոցով, բայց հանկարծ նկատում է, որ տանը բոլորովին սուրճ չունի առավոտը սկսելու համար…
Ի՞նչ են անում երևանցիներն այդպիսի իրավիճակներում։ Ճիշտ է, վերցնում են դատարկ բաժակն ու գնում են հարևանից մի գդալ սուրճ խնդրում, մի երկու բառ էլ փոխանակում են, դեսից դենից խոսում։ Իսկ վարպետի տնից ամենից շատ աչքի ընկնող հարևանը կիրճի հակառակ կողմում վեր խոյացող գործարանն է։
Ու հիմա եկեք պատկերացնենք, թե ինչ զարմանք կապրեին Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցները, երբ դատարկ գավաթը ձեռքին ներս մտներ «Մոռացված նախնիների ստվերների» ու «Նռան գույնի» հեղինակն ու հարցներ՝ մի գդալ սուրճ չե՞ն ունենա… Լավ է, որ արդեն աշխատանքի է եկել «Համերի ասպետը»՝ գործարանի լեգենդար կոնյակագործ Մարգար Սեդրակյանը։ Նա բնավ չէր ընկրկի Փարաջանովի մեծության առաջ, քանի որ գործարանում հնարավոր ամենամեծ հյուրերի համար բազմիցս շրջայցեր է վարել։
Ու մինչ մյուս աշխատակիցները խոհանոցում շփոթված մի լավ, թունդ, հայկական սուրճ կդնեին եփվելու, Սեդրակյանը ձեռքը կդներ Փարաջանովի ուսին ու կտաներ իր հետևից։ Նախ՝ կպատմեր 1953-ին կառուցված այս նոր, հարմարավետ մասնաշենքի մասին։ Փարաջանովը քմծիծաղով կնշեր, որ ուրեմն Ստալինի մահից հետո է եղել, հետաքրքիր զուգադիպում է։ Կյանքում ամեն ինչ տեսած (Ցեղասպանություն, բռնաճնշումներ, փառք, պատերազմ, աքսոր ու վերադարձ բարձունքին) Սեդրակյանը ևս մի զուգադիպում կնշեր՝ ինչպես և Փարաջանովը, նա էլ ձերբակալվել էր թշնամիների մատնությամբ ու մի քանի տարի անցկացրել անազատության մեջ։ Ռեժիսորը կնայեր Համերի ասպետին ու կասեր, որ ահա՝ նրանք երկուսով ապացույցն են, որ կյանքը կարող է շարունակվել նույնիսկ ամենասարսափելի փորձություններից հետո ու գեղեցիկը կարելի է տեսնել նույնիսկ ամենամեծ դաժանություններն ապրելուց հետո…
Այդպես երկար կզրուցեին, վարպետը կպատմեր պատմություններ՝ իրականության ու երևակայության սահմանին, այնպիսիք, որոնց իսկությունը հնարավոր չէ միանգամից ստուգել, բայց որոնք պարզապես պատմվելով արդեն իրականություն են դառնում, սկսում են ապրել իրենց կյանքով։ Հետո, իհարկե, Սեդրակյանը հպարտությամբ կցուցադրեր ARARAT կոնյակների տասնյակ մրցանակները, որոնցից շատերն իր գլուխգործոցների՝ «Դվինի», «Հոբելյանականի», «Երևանի» ու մյուսների համար են ստացվել, կներկայացներ ամենահին շշերն ու դրանց համար Կոջոյանի ու մյուս վարպետների արած պիտակները։ Փարաջանովը տեղնուտեղը կառաջարկեր մի պիտակ էլ իր կողմից, թեև քմծիծաղով կավելացներ, որ դժվար թե վերևներում ընդունեն իր տեսլականը, ինչպես որ տարիներ շարունակ չեն ընդունել կամ աղավաղել են իր սցենարները…
Բայց Սեդրակյանը կգտներ ընկերոջը սփոփելու ճիշտ տարբերակը. քանի որ ժամանակի գիծը վաղուց արդեն ծռմռվել ու խճճվել է, նրանք կհայտնվեին գործարանի ցուցադրությունների դահլիճում, որտեղ 2014 թվականին մեծանուն հյուրերին ներկայացվում էր «Ախթամարի» հատուկ թողարկումը՝ փարաջանովյան «Նռան գույնի» մոտիվներով ձևավորմամբ։ Երկու լեգենդների երկու գլուխգործոցների հանդիպումը ARARAT-ի ներքո։
Իսկ երբ անցնեին տակառների մոտով ու պատմեին «հրեշտակների բաժնի» մասին, երևի տեղում մի փարաջանովյան կինոյի (կամ գոնե գունեղ մի կոլլաժի) սյուժե ծնվեր։ Մի պահ Փարաջանովը կկանգներ, մատով ցույց կտար իր պալատի ուղղությամբ ու կասեր՝ տե՛ս, Մարգար, Հայաստանն ինձ համար ինչ հրաշք է կառուցել։ Եվ իհարկե կհրավիրեր նոր ընկերոջն իրեն հյուր։ Չէ՞ որ հարևաններն այդպես են անում՝ օգնում են իրար ու իրար հյուր գնում։