Փարաջանովի արձանները Երևանում, Թբիլիսիում ու Կիևում
Հունվարի 9-ին՝ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի օրը Կինոյի տանը ներկայացվեց ռեժիսորի արձանը՝ Արա Ալեքյանի հեղինակությամբ։ Ահա ինչպիսին են փարաջանովյան այլ հուշարձանները։
12.01.2024
1997 թվականին Կիևի՝ Դովժենկոյի անվան կինոստուդիայի տարածքում բացվեց Սերգեյ Փարաջանովին նվիրված առաջին հուշարձանը (քանդակագործ՝ Բոգդան Մազուր)։ Հենց Ուկրաինայում էր Փարաջանովը սկսել իր ռեժիսորական ուղին ու նկարահանել իր ամենահայտնի գործերից մի քանիսը (մասնավորապես՝ «Մոռացված նախնիների ստվերները»)։
Սերգեյ Փարաջանովը մահացել է 1990 թվականին Երևանում, այստեղ էլ հուղարկավորվել է՝ Կոմիտասի անվան պանթեոնում։ 1999-ին այնտեղ տեղադրվեց քանդակագործ Արա Շիրազի հեղիանակ մահարձանը։
Ամենահայտնի փարաջանովյան արձանը տեղադրված է ռեժիսորի հայրենի Թբիլիսիում։ Քանդակագործ Վաժա Միկաբերիձեն կրկնօրինակել է Փարաջանովի ամենահայտնի լուսանկարներից մեկը՝ լուսանկարիչ Յուրի Մեչիտովի՝ Թբիլիսիի հին թաղերում արված «Թռիչքը»։ 2004 թվականից ի վեր Վրաստանի մայրաքաղաք այցելող ամեն հայ լուսանկարվում է այս արձանի հետ (ցանկալի է՝ նմանակելով ցատկը)։
Փարաջանովի նոր արձանի հեղինակ Արա Ալեքյանը դեռ 2006 թվականին կերտել է ռեժիսորի կիսանդրին՝ իրեն հատուկ կերպով օգտագործելով դրանում մետաղի ջարդոնի կտորներ։
Փարաջանովի փոքր քանդակը՝ ռեժիսորի տուն-թանգարանի բակում։
2024․ 100-ամյակին նվիրված հուշարձանը, քանդակագործ՝ Արա Ալեքյան։