Փարաջանովի նորարարական NFT ժառանգությունը
Բոլոր NFT հավաքողներն այժմ կարող են ձեռք բերել Սերգեյի Փարաջանովի «Վարիացիա խեցիներով Պինտուրիկյոյի և Ռաֆայելի մոտիվներով» աշխատանքը։ ԵՐԵՎԱՆը պատմում է նախագծի մասին։
Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի
Տեսանյութը՝ Sharm Holding
«Վարիացիա խեցիներով Պինտուրիկյոյի և Ռաֆայելի մոտիվներով» կոլաժը կարելի է ձեռք բերել https://parajanovnft.io/ կայքում։
Սերգեյ Փարաջանովի ամենահայտնի աշխատանքներից մեկը՝ «Վարիացիա խեցիներով Պինտուրիկյոյի և Ռաֆայելի մոտիվներով» կոլաժն արդեն հասանելի է ոչ փոխարինելի տոկենի (NFT) ձևաչափով։ Մտահղացման և իրագործման հետևում կանգնած են Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, «Շարմ Հոլդինգը», «Arloopa» լրացված և վիրտուալ իրականության ընկերությունը, Team Telecom Armenia-ն ու AMCG մարքեթինգային ընկերությունը։
Նախաձեռնության հեղինակները հաշվի են առել մեր օրերի նորարարական միտումները, մասնավորապես NFT արվեստի արագ զարգացող շուկան, որը հնարավորություն է տալիս թվայնացնել և առաջ տանել արվեստի յուրահատուկ աշխատանքներ։ Իր արվեստով մշտապես ժամանակից առաջ ընկնող ու ժամանակը կերտող Փարաջանովի աշխատանքները միանգամայն համընկնում են NFT-ի ֆենոմենի հետ։
Նշենք, որ որպես NFT վաճառավում է ոչ թե «Վարիացիա խեցիներով Պինտուրիկյոյի և Ռաֆայելի մոտիվներով» կոլաժի ամբողջական թվային տարբերակը, այլ դրա դետալները, ընդհանուր առմամբ՝ 158 կտոր։ Օրինակ՝ #134 դետալը՝ սիրամարգի մեծ փետուրը ձեռք բերելու համար պետք է վճարել 0․99 էթերեում կամ մոտ 1207 ԱՄՆ դոլար։
Team Telecom Armenia-ի համար, որը մասնակցել է նախագծի մշակման և թվայնացման գործընթացներում, սա հնարավորություն է նպաստելու յուրահատուկ հայկական թվային բովանդակության ստեղծմանն ու տարածմանը։ Ընկերության համահիմնադիր Հայկ Եսայանի խոսքով՝ Փարաջանովի նախագիծն ընկերությանը հետաքրքրեց սոցիալական կորպորատիվ պատասխանատվության տեսանկյունից․ «Այն կմեծացնի արտիստի աշխատանքների հասանելիությունն ամբողջ աշխարհում»։