«Փարիզ-Երևան․ Սթրիթ Արտ»
ՆՓԱԿ-ը «Սթրիթ Արտ Փառատոն 2025»-ի շրջանակում, համագործակցելով NLL-ի և Artistik Rezo -ի հետ, ներկայացնում է «Փարիզ-Երևան․ Սթրիթ Արտ» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20 խորհրդանշական հեղինակների 25 բնօրինակ աշխատանքներ՝ ստեղծված արվեստանոցում, ինչպես նաև երեք հայ արվեստագետների կողմից տեղում արված աշխատանքներ։ ԵՐԵՎԱՆը շփվել է միջոցառման կազմակերպիչների հետ։
Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի
Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի
Արտիստներ՝ Բենքսի, Բո, Կլե, Դրան, Էվազե՛Սիր, Ժիլբեր1, Գրի1, Ժաս, Ժակ Վիլլեգլե, Ժոնկ, Քաշինք, Քրակեն, Լոգան Հիքս, Մարիամ Էներգետիկ, Մանկիբերդ, Օկուդա, Օզմո, Պանտոնիո, Ռոմեն Ֆրոկե, Սեթ, Շեփարդ Ֆեյրի, Սիրանուշ Աղաջանյան, Տարոն Մանուկյան։
Համադրողներ՝ Նիկոլա Լոգերո-Լասեր, Արամ Զուրաբյան։
«Սթրիթ Արտ Փառատոն 2025»-ը ՆՓԱԿ-ն իրականացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամաբ և Հայաստանում Ֆրանսիայի ինստիուտի աջակցությամբ:
Սիլվա Չոբանյան, ՆՓԱԿ-ի գործադիր տնօրեն, «Սթրիթ Արտ Փառատոն 2025»-ի պրոդյուսեր
Առաջին հայացքից դժվար է պատկերացնել, թե ինչպես է փողոցում ստեղծված արվեստը տեղափոխվում ցուցասրահ, բայց 21-րդ դարում սթրիթ արտը շատ արագ է զարգանում և հաճախ արտիստները ստեղծում են նաև այնպիսի աշխատանքներ, որոնք հնարավոր է տեղափոխել ցուցասրահ: Այդպիսի քսան տարբեր ազգերի արվեստագետի քսանհինգ բնօրինակ աշխատանքներ են ներկայացված ցուցահանդեսում:
Ամենահինը «Սուրբ Մարտինի փողոցն» է՝ 1975 թվականին է ստեղծվել: Նաև երեք հայ արվեստագետներ են ներկայացված, որոնք հատուկ այս ցուցադրության համար են ստեղծել իրենց աշխատանքները: Իհարկե, Երևանը չի կարող համեմատվել Փարիզի հետ, որտեղ դեռևս 1980-ականներից սկսեց արագ զարգանալ սթրիթ արտը, բայց հայ արտիստներին ցուցադրվելու հնարավորություն տալ և նրանց համար ճանապարհ հարթել կարող ենք, հատկապես, որ մեր սթրիթ արտիստները մեծ պոտենցիալ ունեն:
Սթրիթ արտը բողոք է, ակցիա, հարցադրում, անհամաձայնություն և իշխանությունները միշտ չէ, որ պատրաստ են փողոցում տարածք տրամադրել դրա համար: Ինչ-որ գրված և չգրված օրենքներ կան սթրիթ արտում, որը և արտիստներն են փորձում պահպանել և քաղաքի պատասխանատուները: Օրինակ, ճանապարհային նշանների վրա չի կարելի նկարել, բայց այտեղ կա ներկայացված այդպիսի աշխատանք: Քաղաքային իշխանությունը մի կարճ ժամանակ հանդուրժում է դրա գոյությունը, հետո դրանք չգիտես՝ ուր են անհետանում:
Բայց լինում է նաև արվեստագետների ու իշխանությունների համագործակցություն։ Փարիզում, օրինակ, ապահովում են սթրիթ արտի խնամքը: Մենք էլ այս փառատոնի շրջանակում Ապարանում նախատեսում ենք ստեղծել մուրալ պատ և համագործակցում ենք քաղաքապետարանի հետ: Ապարանում տասնյակից ավելի սթրիթ արտեր կան, որոնք տարիներ առաջ են ստեղծվել, բայց գոյատևել են մինչև հիմա. սա քաղաքացիների և քաղաքային իշխանության դրական մոտեցման մասին է խոսում:
Բենքսի, "Radar Rat"
Մարիամ Ալեքսանան, ՆՓԱԿ-ի կրթական ծագրերի պատասխանաու
Պարզվում է՝ ՆՓԱԿ-ի մասին մեկ նախադասությամբ գրված է ավագ դասարանների պատմության դասագրում՝ երբ և ովքեր են հիմնադրել: Մեզ համար կարևոր էր դուրս գալ այս նախադասությունից և աշակերտներին ցույց տալ, որ ՆՓԱԿ-ը տարեթիվ չէ, սա 30 տարվա պատմությամբ ինստիտուցիա է, որտեղ մարդիկ ստեղծագործում են: Հոկտեմբերի 1-ից շաբաթական երկու օր դպրոցական խմբերի ենք ընդունելու սթրիթ արտի ցուցահանդեսի շրջանակում. մեդիատիվ էքսկուրսիաներ կանցկացնենք, կվերլուծենք ներկայացվածը, կլսենք աշակերտների հույզերը, էմոցիաները: Տարբեր խմբերի համար կանցկացնենք նաև աշխատարաններ, որտեղ մասնակիցները կսովորեն նյութերիի հետ աշխատել:
Մեզ համար կարևոր է ստեղծարար, քննադատական մտածողությամբ անհատի զարգացումը, իսկ մշակույթը և հատկապես ժամանակակից արվեստը ունակ է այդպիսի անհատ կրթել: Ցավալի փաստ է, բայց 2020 թվականի արցախյան պատերզմից հետո, բոլոր քաղաքների փողոցներում և շենքերի պատերի վրա շատացան զոհված տղների դիմանկաները. սա հասարակության հիշողության հետ աշխատելու, սոցիալական ցավը, բողոքը արտահայտելու՝ սթրիթ արտի գործիքերից մեկն է:
Սիրանուշ Աղաջանյան, արվեստագետ
Սթրիթ արտիստը հեղափոխական է. տեքստի, պատկերի և այլ մեդիաների միջոցով նա բարձրացնում է հասարակության խնդիրների, բողոքների ձայնը՝ այդ կերպ դրանք ավելի տեսանելի և ազդեցիկ դարձնելու նպատակով: Հայաստանում սոցիալական, քաղաքական խնդիրները շատ են. արվետսագետն էլ դրանք հայելակում է:
Երևանը հարմար է նկարելու համար: Սթրիթ արտը Հայաստանում սկսվեց 90-ականներից: Մարդիկ սկսեցին խոսել և այդ խոսքը տեքստի ձևով սկսեց հայտնվել քաղաքի պատերի վրա: «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ և քաղաքի անգամ շատ խուլ ծայրամասերում հայտնվեցին տարբեր տեքստեր: 2010-ից հետո արդեն ավելի պատկերային դարձավ սթրիթ արտը:
Ի տարբերություն թանգարանների, ցուցասրահների՝ սթրիթ արտի դեպքում այդքան էլ կարևոր չէ՝ ով է հեղինակը, կարևորը նրա հաղորդագրությունն է: Ինքս էլ սկզբում չէի մակագրում իմ աշխատանքները, որովհետև դրանով մի տեսակ կորում էր անկեղծությունը: Արտիստին միշտ մտահոգում է, որ իր գործերը մի օր ոչնչացվում են, քանի որ դրանք նախ և առաջ հասարակության կողմից հաղորդագրություններ են նույն հասարակության համար, բայց սթրիթ արտիստները միշտ պատրաստ են դրան:
«Ուլտրա կապիտալիզմ» է կոչվում ցուցահանդեսին ներկայացրած իմ աշխատանքը: Հիմա դրա տեքստը Վրաստանում է, իսկ ֆրագմենտը՝ Արամի փողոցի վրա է փակցված: Երկուսը միացրել եմ: Իմ աշխատանքը ուղղված է բոլոր սիստեմներին, որոնք մարդուն ստրկացնում են փողի գրավչության միջոցով և զրկում սեփական որոշում կայացնելու հնարավորությունից: Կապիտալիզմ բառը պայմանական եմ նշել, քանի որ մենք հիմա ապրում ենք կապիտալիստական աշխարհում: