Փast perfect
Անցյալ

Փast perfect

Լուսանկարիչ Վահան Ստեփանյանը սկսել է հրապարակել հին լուսանկարների իր անձնական հավաքածուի նմուշները, որոնք հավաքում է արդեն քսան տարի։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով Վահանը բացատրել է, թե որտեղից է պեղում Փast-ի ֆոտոները, ինչ բացառիկ նմուշներ ունի և ինչու է կարևոր հիշել անցյալի մասին։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի

 

Լուսանկարները՝ Փast

#Արվեստ

Որտեղից 

Հավաքում եմ արդեն քսան տարի, ունեմ հինգ հազարից ավելի լուսանկար։ Մի քանի տեղից են գալիս։ Առաջին աղբյուրը տարբեր երկրների հին իրերի շուկաներն ու անտիկվար իրերի խանութներն են։ Որոշ քանակ գալիս է e-bay-ից, բայց ավելի հազվադեպ՝ լավ բաները մինչև ինտերնետ հասնելը ցրվում են։ Բայց ամենակարևոր աղբյուրը Հայաստանի կոլեկցիոներներն ու անհատներն են։ Շատ մարդիկ կան, որոնք պարզապես վաճառում են իրենց ընտանեկան արխիվները, երբ որոշում են ազատվել հնություններից, օրինակ` ֆոտոալբոմները կցում են վաճառվող կահույքի ու, ասենք, տարազների հետ։ Լինում է, որ ծանոթներս, որոնք գիտեն, որ հավաքում եմ, նվիրում են ինձ ինչ-որ նմուշներ։ 

 

 


 

 

Ինչ 

Ունեմ ընտրության երկու հիմնական չափանիշ․ կադրում պիտի լինեն հայեր, կամ լուսանկարիչը պիտի լինի հայ։ Թեպետ առաջինը ավելի կարևոր է, որովհետև երկրորդով արդեն հետազոտություններ անողներ կան, օրինակ` արվեստաբան Վիգեն Գալստյանը վաղուց խորացած է դրա մեջ։ 

 

Բայց կա մի նրբություն։ Քանի որ իմ մասնագիտությունը լուսանկարչությունն է, կադրն էլ ինքնին պիտի հետաքրքիր լինի։ Ֆոտոորակին ուշադրություն դարձնելը բերեց էն ձևաչափին, որը հիմա օգտագործում եմ նախագծի էջում, երբ բացի մարդկանցից, ընդգծում եմ այլ հետաքրքիր դետալներ․ ինչ են հագել, ոնց են նստել, ոնց են պահել իրենց կադրում՝ շատ հետաքրքիր շերտեր են բացվում վաղուց անցած ժամանակների մասին։ 

 

Երբ 

Ամենահետաքրքիրը, երևի, ամենավաղ շրջանն է, 1870-ականները, երբ լուսանկարչությունը նոր հայտնվեց մեր տարածաշրջանում։ Էն ժամանակ լուսանկարվողները պիտի մի քանի վայրկյան բոլորովին անշարժ նստեին, ու էդ կադրերում հստակ զգացվում է դեռ բանից անտեղյակ մարդկանց աչքերում վախը։ Բայց մյուս կողմից, քանի որ հայերը միշտ ցրված են եղել աշխարհով մեկ, մեծ տարբերություն կա նույն տասնամյակում Թիֆլիսում, Ստամբուլում, Թավրիզում ու Երևանում արված ֆոտոների միջև։ Այդպիսով, ավելի կարևոր է դառնում նույնիսկ ոչ թե ժամանակը, այլ տեղը։ 

 

Գուրգեն Մահարի, Վիլյամ Սարոյան, Մարտիրոս Սարյան

 

 

Ունիկալ կադր

Ֆոտոյի գնի արժեքի վրա կարող է մեծապես ազդել բովանդակությունը․ ով է պատկերված, ինչ վիճակում է, ում հետ է, և այլն։ Մի օր եկավ վաճառողներից մեկը, ասեց՝ «Վահան ջան, մի հատ նկար կա, մեջի մարդը շատ ծանոթ ա, բայց չգիտեմ ով ա։ Որպես պատիժ իմ անգրագիտության համար, քեզ կծախեմ սովորական նկարի գնով։ Բայց մի պայմանով․ որ առնես, պիտի ասես՝ ով ա, որ գնամ տուն, փոշմանեմ»։ Ցույց տվեց, միանգամից առա։ Նկարում Գրիգոր Զոհրապն էր։ 

 

Զոհրապի ու ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականների հետ կապված ցանկացած նյութ՝ ֆոտո, փաստաթուղթ, ինչ ուզես, չափազանց մեծ արժեք ունի։ Որովհետև շատ բան վերացվել ու կորսվել է, ու բացի դրանից՝ Ցեղասպանության հետ կապված նյութերը վաղուց կոլեկցիոներների մեծ ուշադրության տակ են։ Ու սա էն լուսանկարն է, որի կիսատ-պռատ տարբերակը բոլորս գիտենք մեր դասագրքերից։ Իսկ ես ունեմ օրիգինալը։

 

 

«Թատերաերաժշտասիրաց խումբ, 1902թ․»

 

Ինչու 

Հանրայնացրեցի, որովհետև ինտերնետում շատ նյութ չկա էս տեսակի։ Ուղղակի հնարավորություն ենք տալիս, որ հայերը մի քիչ ուրիշ տեսանկյունից ծանոթանան հայերի անցյալին։ 

 

Տեսեք, հնարավորության դեպքում մենք՝ ես ու ընկերներս, հավելյալ տեղեկություններ ենք փորձում պեղել ամեն կադրի մաասին։ Մի ֆոտո ունեի, օրինակ, որի վրա գրված էր մենակ «Թատերաերաժշտասիրաց խումբ, 1902թ․»։ Մի կամավոր հետազոտող ունենք, որը կարողացավ պարզել, թե որտեղից է խումբը, ով էր ղեկավարը, և այլն։ Մի կողմից՝ շատ կարևոր է, որ պարզապես հիշենք էդ մարդկանց։ Մյուս կողմից՝ հանրայնացնելուց հետո արդեն մի քանի հոգի ֆոտոները թերթելով գտել են իրենց նախնիներին։ Բացի դրանից, լիքը մարդիկ իրենց ընտանիքի նկարներն են պեղում, հանում, ուսումնասիրում, տեղադրում համացանցում՝ հետաքրքրություն ենք արթնացնում սեփական ընտանեկան արխիվների նկատմամբ։ 

հավելյալ նյութեր