Պատերազմի շաբաթ-կիրակին
Երևանն «ուրիշ» է թվում, երբ վերադառնում ես ճամփորդությունից։ Երևանն անգամ «ուրիշ» էր թվում կարանտինը խիստ պահպանելուց ու երկար ժամանակ տնից դուրս չգալուց հետո։ Երևանը նաև շատ «ուրիշ» է թվում, երբ վերադառնում ես պատերազմից։
Տեքստը՝ Ամալի Խաչատրյանի
Լուսանկարը՝ Անդրեյ Իվանովի
ԵՐԵՎԱՆ #66 | 2021
Զաքարն ուղիղ մեկ ամիս Երևանում չէր եղել. Արցախի սահմանների ամենաթեժ կետերում էր։ Եղբոր՝ Հակոբի հետ կամավորագրվել են Արցախի պաշտպանությանը սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 29-ին երեք օրով վերադարձել են տուն։
Հոկտեմբերի 29-ն Արտյոմի՝ ամուսնուս, ծննդյան օրն էր։ Զաքարն ու Հակոբը նրա ամենամտերիմ ընկերներն են, չնայած Զաքարի հետ իրենց հետաքրքրություններն ավելի ընդհանուր են։ Արտյոմին ճանաչելու օրերից Զաքարենք դարձել են նաև իմ մտերիմները։ Ծնունդի կապակցությամբ Արտյոմին որոշել էինք անակնկալ անել. Զաքարենց գալու լուրը գաղտնի էինք պահում։ Զաքարի ու Արտյոմի անակնկալ հանդիպման վայրը ես էի որոշել՝ Հրապարակի ժամի տակ։ Միլիոնավոր կարևոր հանդիպումներ են եղել Հանրապետության հրապարակի ժամի տակ, եղավ նաև պատերազմից ընկերոջ վերադարձի անսպասելի հանդիպումը։
***
Ոտքի վրա որոշեցինք՝ պետք է նշենք Արտյոմի ծնունդն ու Զաքարենց բարով-խերով վերադարձը։ Մինչև մեզ կմիանան մեր մյուս ընդհանուր ընկերներն ու Հակոբը, հրապարակից սկսում ենք քայլել դեպի Աբովյան փողոց։
— Գնանք, Հյուսիսային պողոտայով անցնենք, մի քիչ քաղաքը տեսնեմ։ Կարոտել եմ,– առաջարկում է Զաքարն ու մերժում Արտյոմի՝ միանգամից մեր տուն գնալու ու լավ ուտել-խմելու առաջարկը։ Նաիրին՝ Զաքարի ընկերուհին, ժպիտով բռնում է Զաքարի ձեռքը, ես էլ՝ Արտյոմի ձեռքը, ու սկսում ենք էքսկուրսիան։
— Զաքար ջան, ինչպես տեսնում ես, ոչ մի բան չի փոխվել Երևանում, ընդամենը մի ամիս է անցել,– ասում եմ ես ու շարունակում,– չնայած քո համար երևի մի քանի տարի…
— Դեռ չեմ կարողանում այս իրականությանը հարմարվել, չեմ հավատում, որ քաղաքում եմ։ Մյուս կողմից էլ չեմ կարողանում լրիվ կտրվել պատերազմից, որովհետև գիտեմ՝ վաղը չէ մյուս օրը հետ ենք գնում,– ասում է Զաքարը։
Իսկ Նաիրին ընդհանրապես չի խոսում. լուռ վայելում է Երևանի կենտրոնում ընկերոջ հետ խաղաղ զբոսանքը, որի մասին երազել է ուղիղ մեկ ամիս՝ ամեն օր ու ամեն ժամ։
— Է՜, ասում ենք չի փոխվել Երևանը։ Նայի՛ր, ժենգյալով հաց պատրաստող ծյոծյաներ են ավելացել քաղաքի տարբեր ծերերում. դու հլը հերթը նայի՛։ Ամեն տեղ դրոշներ են ավելացել ու «Հաղթելու ենք»,– ասում է Արտյոմը, ես էլ շարունակում եմ.
— Շենքերում էլ ավելացել են օդային տագնապի դեպքում պադվալներ գնալու հայտարարություններ։ Չնայած մեր շենքի պադվալի դռան դիմաց միշտ ավտո է կանգնած…
***
Մի ժամ է՝ քայլում ենք Երևանի կենտրոնով։ Ասում-խոսում-ծիծաղում ենք, բայց Զաքարի հայացքը ոչ մի կերպ չի փոխվում։ Այս հայացքն առաջին վայրկյանից եմ բռնել, երբ պինդ գրկեցինք իրար։ Շատ անբացատրելի հայացք է. ոչ տխուր է, ոչ մտքերով, ոչ էլ անտարբեր, ասես, անծայրածիր խորություն լինի աչքերում։
Ինչ պատերազմը սկսել էր, շատ էի մտածում՝ տեսնես հատկապես ինչը կփոխվի այն զինվորների կյանքում, որոնք պատերազմ են տեսնում։ Փաստորեն՝ հայացքն է փոխվում, մտածում եմ ես ու այդ մտքից անհանգստանում, որովհետև այն ոչ մի կերպ չի սազում մեր Զաքարին։ Գուցե կան նման խոր հայացքով մարդիկ, բայց Զաքարի հայացքն ընդհանրապես դրանցից չէր. նա կյանքի կայֆերը հասկացող տղա է։
Ամեն անգամ Զաքարի այս հայացքը բռնելով՝ հիշում եմ պատերազմն ու ինքս ինձ հիշեցնում, որ պետք է տխրել։ Մյուս կողմից էլ այնքան հաճելի ու անհավատալի երեկո է. եթե Զաքարենց ճակատում մի բան պատահած լիներ, նման խախանդ երեկո չէր լինի։
Այս սարսափելի միտքն էլ անընդհատ շրջում է հետներս. չէ՞ որ Զաքարի պատմած պատերազմական բոլոր դրվագներից մենք լուռ հասկանում ենք, որ նրանք պարզապես սովորել են ողջ մնալու ձևերը։ Ինչպես Արտյոմն է բնութագրում՝ Call of Duty խաղի բոլոր լևըլներն անցել են՝ առանց որևէ կյանք կորցնելու։
***
Արդեն խմելու ժամն է մոտենում, առաջարկվում է գնալ Երևանի ամենահին ու քյառթու գարեջրատներից մեկը։ Իրար հետևից միայն ֆրի ու գարեջուր պատվիրելուց հետո Զաքարը ծիծաղելով ասում է.
— Չեք հավատա, բայց էս Երևանին էլ էի կարոտել։
Հիմա մի շուխուռ ենք դրել գարեջրատանը։ Հերթով մեզ են միանում մեր մյուս ընկերները։ Վերջապես գալիս է նաև Հակոբը՝ իր մի քանի ընկերուհիների հետ, որոնց հետ էլ սկսում ենք մեր ակտիվ բանավեճը, թե արդյոք Հակոբին սազում է պատերազմից մնացած թրաշը։
Չեք հավատա, բայց էս Երևանին էլ էի կարոտել։
Մեր քեֆը եթե կողքից մեկը տեսներ, հաստատ կասեր՝ «փոխանակ գնան ռազմաճակա՜տ»։ Դե արի ու բացատրիր, որ մի ամիս ճակատում լինելուց հետո, առանց որևէ քերծվածքի, հենց նոր են հետ եկել։ Նկատում եմ նաև, որ կամաց-կամաց հետ է գալիս Զաքարի հին հայացքը։ Ուրեմն լավ գարեջուր է, ու ևս մեկն եմ պատվիրում։ Այս շուխուռի մեջ վերջապես խոսում է նաև Նաիրին.
— Որ Զաքարը հետս ա, ոնց որ պատերազմը մի քանի օրով դադարեցրած լինեն։ Պատերազմի շաբաթ-կիրակի է. ոչ լուր եմ նայում, ոչ էլ անհանգստանում։
Նաիրին գլուխը դնում է Զաքարի ուսին, իսկ ես պինդ սեղմում եմ Արտյոմի ձեռքը՝ սառնությամբ գիտակցելով, որ Նաիրիի հոգեվիճակը շուտով հնարավոր է ինձ էլ ծանոթ դառնա։