Պատմություն 1. Նարեկ
Լուսանկարիչ Բիայնա Մահարին վավերագրում է Ոսկե Ծիրան 2026-ի անցուդարձը` փառատոնում ներգրավված տարբեր դերակատարների տեսանկյուններից։ Օրինակ՝ միջոցառումների կազմակերպիչ Նարեկ Ստեփանյանիի։
Տեքստն ու լուսանկարները՝ Բիայնա Մահարու
Գիտեի՞ք որ Ոսկե Ծիրանի շրջանակում տեղի է ունենում մոտ 45 մեծ ու փոքր միջոցառում, որոնց մասնակցում է մոտ 7000 մարդ։ Ցուցահանդեսներ, հանդիպումներ, ցերեկույթներ ու երեկույթներ և իհարկե փառատոնի բացում և փակում: Բոլոր այդ միջոցառումների հետևում կանգնած է մեծ ու մանրակրկիտ աշխատանք, որը հաճախ չի նկատվում։ Իսկ եթե չի նկատվում, ուրեմն լավ է արվում:
Ոսկեծիրանյան միջոցառումների կազմակերպիչներից է Նարեկը: Քանի որ այս տարի Վարդավառով պայմանավորված՝ բացման արարողությունը տեղափոխվել է փառատոնի երկրորդ օրը, առաջին օրը կանցկացնենք Նարեկի հետ՝ մասնակցելով բացման արարողության վերջին փորձերին: Նարեկն ասում է՝ փորձերը միշտ երեքն են․ ինչքան էլ ամեն ինչ վստահ լինեն որ լավ է, մեկ է՝ երբեք չգիտես ինչ լար կարող է վերջի պահին ուղղակի չմիանալ:




Նարեկի կինոյի սերը եկել է ընտանիքից, թեպետ ասում է նման ասպարեզում աշխատող հայրիկը միշտ հորդորում էր դրանից հեռու մնալ ասելով որ անշնորհակալ գործ է ու քաղաքականությունից էլ վատն է, Նարեկին կյանքը երկար ճանապարհներով պտտելուց հետո նորից հետ է բերել այստեղ:
Նարեկը Ոսկե Ծիրանի հետ է 2019 թվականից, միայն մի անգամ է բաց թողել փառատոնը, երբ մեծ կինոնախագծի պրոդյուսինգով էր զբաղված նույն օրերին: Հիմա էլ մի քանի կինոնկարների վրա է աշխատում. հարցնում եմ՝ ո՞նց է ժամանակ գտել այդքան պրոեկտների մեջ Ծիրանի համար` ասում է «ախր չէ՞ որ Ոսկե Ծիրանը դա կինոյի Նոր տարին է, ախր էստեղ կյանք է»։
Այս փոքր էմոցիոնալ խոստովանությունից դուրս, մնացած ամեն ինչում Նարեկը շատ պրագմատիկ է։ Ասում է, որ իրեն կազմակերպչական գործում շատ է օգնում իր ռազմական անցյալը․ հետախուզական ջոկատի հրամանատար է եղել, երկու կռիվներով է անցել, ասում է՝ մեխանիզմները շատ նման են:
- Ռազմական փորձս ինձ սովորացրել ա չհանձնվել, ինչքան էլ դժվար լինի լուծում միշտ գտնվում ա, որովհետև միշտ պլանավորում եմ մի քանի շերտով. միշտ կա պլան «Բ», պլան «Գ», - ավելացնում է Նարեկը,- դրանք էլ չլինեն՝ դիմացդ մի ամբողջ այբուբեն ա:




Խնդրում եմ Նարեկին պատմել տարբեր տարիների փառատոնյան անհաջողություններից` ժպտում է, ասում է ոչ մի անհաջողություն չի եղել, երբ զարմանում եմ ավելացնում է ` անհաջողությունները նրանք են, որ տեսանելի են եղել մարդկանց համար, իսկ նման բաներ չեն եղել։ Նարեկն ասում է, որ որ անհնարին ոչինչ չկա` իր անձնական կարգախոսն է, սովորաբար կամ ժամանակ է պետք, կամ ֆինանս. երբ երկուսն էլ չկան, մի քիչ իհարկե իրավիճակը բարդանում է, բայց ամեն դեպքում անլուծելի չի դառնում: «Ներսում ծագած խնդիրներին արագ լուծում ենք տալիս»,-ասում է դա իր գործի ամենասիրելի մասն է.




Եղել է, երբ թարգմանիչը բացման մասին մոռացել էր և բացումից մի ժամ առաջ պարզվել էր, որ Աղվերանում հանգստանում է, բայց հավանաբար երկնային ուժերի շնորհիվ այնուամենայնիվ հասցրել է հասնել։ Եղել է դեպք, որ խնդիր էր ծագել բեյջերի կախիչների հետ և ամբողջ թմի արական սեռի ներկայացուցիչներով փառատոնի նախօրեին մինչև առավոտ ամրացնում էին կախիչները, մեկ այլ անգամ պրոյեկտորը չէր բացել փառատոնի բացման կինոն բացումից մի քանի րոպե առաջ․․․ Այսօրն էլ առանց արկածների ճիշտն ասած չի անցնում, բայց դե հո գաղտնիքները չենք բացի։ Խնդիրները վաղը լուծված կլինեն, դրանց մասին ոչ ոք չի իմանա, և հիշողության մեջ կմնա մենակ 23-րդ Ոսկե Ծիրանի շքեղ բացումը՝ իր սիրուն անակնկալներով:












