Պատմություն 2. Էլեն
Լուսանկարիչ Բիայնա Մահարին վավերագրում է Ոսկե Ծիրան 2026-ի անցուդարձը` փառատոնում ներգրավված տարբեր դերակատարների տեսանկյուններից։ Օրինակ՝ գլխավոր դիզայներ Էլեն Շահբազյանի։
Տեքստն ու լուսանկարները՝ Բիայնա Մահարու
- Գիտե՞ս ինչքան եմ ման եկել էս կտորը, որ ծայրերը սենց թելերով լինի,- պատմում է Էլենը՝ «Նամուսի» 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին ցուցանակների փոխարեն օգտագործող կտորների ծայրերի թելերը փրթփրթելով։
Ցուցահանդեսի բացումը այսօր է, ավելի ճիշտ՝ հենց հիմա. Էլենը ստուգում է վերջին շտրիխները ու վազում համակարգչի մոտ` ներսում երկու պաստառ է պակասում։ Պլաստիկ պատառաքաղը երկու մատների արանքում տեղավորած՝ մնացած մատներն այնքան արագ են էկրանին պաստառ կերտում, որ հասկանում եմ որ սա Էլենի ուտելը ու աշխատելը համատեղելու առաջին փորձը չի, ու դա զարմանալի չի, չէ՞ որ սա Էլենի..․ պարզ չի որերորդ Ոսկե Ծիրանն է.




- Ես Ծիրան եմ եկել 2012-ին, կամ 2013-ին, կամ 2014-ին.․. Արդեն չեմ հիշում, բայց դպրոցական էի, եկել էի որպես կամավոր: Հետո ընդունվեցի համալսարան, սկսեցի դիզայն սովորել։ Արդեն սովորելուց Ծիրանում գրաֆիկ դիզայնի հաստիք բացվեց և ընկերուհիս առաջարկեց փորձել։
Փորձը դարձավ ոչ թե փորձանք, այլ մի ամբողջ կյանք տևած համագործակցություն: Էլենն ասում է, որ Ոսկե Ծիրան մտնում ես՝ հետո դուրս գալը շատ դժվար է: Այսօր Էլենը փառատոնի դիզայնի բաժնի ղեկավարն է։
- Էն ամենը, ինչ տեսնում եք, որ դուրս է գալիս Ոսկե Ծիրանից` բաններներ, ֆասադներ, սոցհարթակներում պոստեր, բոլորը գալիս է մեր փոքր բաժնից: Ամեն տարի մենք աշխատում ենք մի արվեստագետի հետ, որը թելադրում է այդ տարվա բրենդինգը։ Այս տարի դա Իգոր Գուրովիչն է, միասին մշակել ենք կոնցեպտը, ինքը արել է ձևավորումը, հանձնել մեզ ու մենք արդեն այն հարմարացնել ենք ամբողջ փառատոնին` հրավիրատոմսերից մինչև փողոցային գովազդներ:
Ոսկե Ծիրանի բացումը Երևանի տոնն է, բայց առաջին հերթին այն տոն է փառատոնի կազմակերպիչների համար։ Դե հիմա պատկերացրեք ձեր կյանքի ամենազբաղված աշխատանքային օրը ու որ այդ օրը նաև ձեր համար ամենակարևոր տոներից մեկն է։ Մի ձեռքում համակարգիչ, մյուսում՝ անընդհատ զանգող հեռախոս, ճկույթի վրա կախված տոպրակով, որի մեջ երեկոյան զգեստն է, վազում ենք դիմահարդարման։
- Ի՞նչ եք անելու այսօր, - հարցնում է դիմահարդարողը, - ուղղակի հասկանամ՝ շա՞տ եք շարժվելու, որ իմանամ ինչ դիմահարդարում անեմ,։
Էլենը խորը շունչ է քաշում. գնա ու բացատրի... Հեռախոսը զանգում է, դիմահարդարի մի աչքը բաց պահելու ու դանդաղ թարթելու հորդորների ներքո, Էլենը քննարկում է ցուցահանդեսի հրավիրատոմսերի տեսքը, դիմահարդարին առանց բառեր հուշելով, որ հարդարումը այսօր հնարավորինս դիմացկուն պիտի լինի։
- Մրցանակի տուփը մոռացել են բերել, - շունչ է քաշում էլենը՝ տաքսիում համակարգչի վրա տպագրական ֆայլ հավաքելով։






Մի քանի զանգ տպարաններին, մի քանի զանգ տուփերը տանող բերողներին և ահա մենք Համալիրում ենք: Այստեղ արդեն ամբողջ ուժով վերջին պատրաստություններն են գնում: Պատասխանատու գործ ունենք՝ կարմիր գորգը պիտի կազմապերպենք: Այս տարի կարմիր գորգը յոթ խալիներից է կազմված, ամեն մեկը՝ այս տարվա փառատոնի կարգախոսի առաջին տառերով նկարազարդումով է: Կիզիչ արևի տակ գորգերը փռել, բաժանարարները դասավորել, մուտքը կազմակերպել և վազել այլ հարցեր լուծելու։
Հարցնում եմ Էլենին՝ որն է իր աշխատանքի ամենասիրելի մասը։
- Երբեմն լինում է, որ բոլոր տոմսերը վաճառված են, վերջում բացում ենք դռները և մարդիկ նստում են գետնին ու կինո նայում։ Ամեն տարի ունենում ենք նման ֆիլմեր, ու այ այդ լիքը դահլիճը իմ ամենասիրելի տեսարանն է։
- Երևի որովհետև քո աշխատանքի՝ այսինքն լավ դիզայնի կամ գովազդի արդյունք է։
- Չէ, ուղղակի դա նշանակում է, որ ինչ-որ բան ճիշտ ենք անում, որ ինչ-որ լավ բան ենք անում մեր երկրի համար: Ժամանակին շատ հազվադեպ կտեսնեիր լիքը դահլիճներ փառատոնի ժամանակ, բայց տարեց տարի իրավիճակը փոխվում է:
Զարմանում եմ՝ ինչի է դիզայնի բաժնի ղեկավարը որպես իր գործի լավագույն բան նշում բաներ, որ իր գործի հետ ուղիղ կապ չունեն, Էլենը պատասխանում է․
- Ոսկե Ծիրանում մենք սիրում ենք ասել, որ բոլորս զբաղվում ենք ամեն ինչով: Ոչ մեկ իր գործը չի անում ու կողք քաշվում:
Էլենի հետ պտտվում ենք Համալիրով, վերջին անգամ ուսումնասիրում՝ ամեն ինչ իր տեղո՞ւմ է,թե չէ ու հանկարծ նկատում, որ մի տեղ արված գործից հետո մոռացել են մաքրել։ Մաքրող գտնելու փոխարեն, արդեն զգեստափոխված Էլենը արագ-արագ մաքրում-հավաքում է ահագին շատ աղբը, այս ու այն կողմ հրում իրենից ծանր խանգարող իրերը, ինչ-որ բաներ վերադասավորում. չէ՞ որ հյուրերն էստեղ կլինեն տաս րոպեից ու ի՞նչ կապ կունենա այդ պահին ում պարտականությունն էր դա, եթե գործը արված չէ։




Ժամը գալիս է, դռները բացվում են, քիչ առաջ դասավորած գորգերի վրայով սեթևեթելով Համալիր է ներս մտնում տոնական տրամադրությունը: Էլենը վերցնում է հրավիրատոմսերի մի հաստլիկ տրցակ ու վազում դրանք փոխանցելու մուտքի մոտ սպասող հյուրերին, բոլորին բարևելու, գրկելու, ժպտալու, մեծ ու փոքր հարցեր լուծելու, ու ի վերջո դահլիճի լույսերը հանգցնելուց հետո ուժասպառ անկյունից հետևելու՝ ոնց է 23-րդ անգամ երևանյան կինոտոնը հայտարարվում բացված: Հետո կարելի է թաքուն դուրս սողոսկել դահլիճից, բարից վերցնել խմիչք ու մի բուտերբրոդ ու վայելել մի ժամ հանգիստը, մինչև պետք կլինի գնալ բացման աֆտերփարթիին:








- Իսկ պատկերացրու՝ եթե փառատոնը ավարտվի և Կարենն [փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը] ասի ինչ-ինչ պատճառներով Ոսկե Ծիրան էլ չի լինելու։ Ի՞նչ կանեք։
- Չի կարող տենց բան լինել, - զարմանում է Էլենը,- ո՞նց։
- Դե օրինակ ֆինանսավորում չկա այլևս։
- Եղել է տարի, երբ բյուԷջեն շատ փոքր էր, բայց մեկ է՝ արել ենք։
Մի քանի եթեներով էլ տանջելուց հետո համոզում եմ տարբերակներ դիտարկել, դե միգուցե Կարենը ուղղակի էլ չի ուզում։
- Չէ, չի կարող… Դե… Մենք կանենք ինքներս, - ժպտում է Էլենը։


