Պատմություն 3. Բելլա
Ոսկե Ծիրան 2026

Պատմություն 3. Բելլա

Լուսանկարիչ Բիայնա Մահարին վավերագրում է Ոսկե Ծիրան 2026-ի անցուդարձը` փառատոնում ներգրավված տարբեր դերակատարների տեսանկյուններից։ Օրինակ՝ Միջազգային մրցույթի ժյուրիի համակարգող Բելլա Կնյազչյանի։

#ՈսկեԾիրան

- Տոմսերը մոտ երկու ամիս շուտ առնում եմ, ու այդ երկու ամիսը սպասում եմ թռնելու օրվան։

 

Արդեն հինգերորդ տարին է՝ ինչ Բելլան տեղափոխվել է ապրելու Պրահա, բայց դա չի խանգարում ամեն տարի աշխատանքից արձակուրդ վերցնել և գալ արձակուրդին` աշխատելու։ 

 

 

 

 

 

 

Բելլան 2019 թվականից Ոսկե Ծիրանում է, ժյուրիի համակարգող է՝ կազմակերպում է իրեն հատկացված ժյուրիի աշխատանքն ու առօրյան։ 

 

Ո՞րտեղ ենք այսօր ուտելու։

 

Իսկ վաղը ո՞ր ժամին ենք ցուցահանդեսի։

 

Իսկ կարո՞ղ ենք մտնել խանութ։

 

Հյուրանոցիս համարի տեսարանը դուրս չի գալիս։

 

Իսկ ես ժամը քանիսի՞ն եմ ցուցադրության։

 

Ես գլյուտեն չեմ ուտում։

 

Իսկ ես՝ միս։

 

Այս ու միլիոն այլ հարցերի և խնդիրների լուծողը հինգ հոգու համար մի շաբաթով Բելլան է։ Պատմում է, որ սկսած չոր շամպունից մինչև նոր կիթառ` ինչ խնդրանք ասես չի եղել այս տարիների ընթացքում։

 

- Իսկ վաղը կարո՞ղ ենք Գեղարդ գնալ, - հարցնում է ժյուրիի անդամներից մեկը, -  նկարները տեսե՞լ եք։ Ֆանտաստի՜կ տեղ է, - համոզում է մյուսներին։

 

Բելլան գլխով է անում` մի բան կմտածի: 

 

- Մի քիչ ոնց որ մանկապարտեզի վարիչ լինեմ, օրինակ պետք է ժամը 10-ին ժյուրիի անդամը լինի ցուցադրման ու ես իրենց ուղեկցում եմ, հետևում եմ, որ քնած չմնան, տեղը չկորցնեն, բան չմոռանան։

 

Դե բայց այդ գործի ի՞նչն է սիրում՝ կասեք։

 

- Ցանկացած կազմակերպչական գործ սիրում եմ, չեմ նայում դրան որպես ասիստենտություն, շատ է դուրս գալիս պրոբլեմներին լուծումներ տալը,- պատասխանում է ձեզ Բելլան,- հետո շփվում ես ֆանտաստիկ մարդկանց հետ, շատ տարբեր հայացքներ ունեցող, փառատոնին ես մասնակցում, ուրախանում ես… Ուրախանալու շաբաթ է Ոսկե Ծիրանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցնում եմ Բելլային՝ արդյո՞ք փառատոնից դուրս կինոյի հետ կապ ունի:

 

- Ծիրանի մաս դառնալուց հետո արդեն մի քանի պրոեկտների պրոդյուսեր եմ եղել, ուզում եմ դա շարունակել, մի օր էլ կուզեի որպես ռեժիսոր կինո նկարել. միշտ անձնական շփումների ժամանակ ժյուրիների անդամները շատ են գոտեպնդում, ոգեշնչում են երազանքներիս հետևից գնալ:

 

Կինոընտանիքում մեծացած Բելլային փորձել էին կինոյից հեռու պահել, մինչև Ոսկե Ծիրանում աշխատելը փառատոնին գրեթե չէր մասնակցել։

 

- Երբ եկա Ծիրան, ֆիլմերի հանդեպ սերս շատ բացվեց։ Կարենը [փառատոնի ղեկավար Կարեն Ավետիսյանը] օգնեց, ռեժիսորների ցուցակ կազմեցի ու սկսեցի հերթով նայել: Մինչ դա ֆիլմերը իմ համար զվարճանք էին հիմնականում, իսկ դրանից հետո սկսեցի նայել ամեն ինչ հերթով, ուզում էի իմ սեփական կարծիքը կազմել ռեժիսորների մասին: 

 

Մեր սեփական կարծիքը կազմելու՝ Ոսկե Ծիրան փառատոնի Միջազգային մրցույթի ժյուրիի հետ բարձրանում ենք կինոդահլիճ հերթական ֆիլմը դիտելու:

 

Կինոն չի սկսվի մինչև Բելլան նշան չտա մեխանիկին, որ ժյուրիի բոլոր անդամները դահլիճում են: Բելլան ձեռքի բութ մատը վերև է բարձրացնում և լույսերը հանգչում են։ «Գլադիատորի» վրա մեծացած ես մթության մեջ նստած մտածում եմ ` տեսնես ի՞նչ կլիներ, եթե բութ մատը ներքև ցույց տար․․․ 

 

 

 

 

 

 

 

 

 

Կինոյի ավարտից հետո անցնում ենք առանձին սրահ, որտեղ ժյուրին քննարկում է ֆիլմերը։ Քանի դեռ բոլոր անդամները հերթով կիսվում են իրենց կարծիքներով, քննարկում այս կամ այն հատվածը` Բելլան լուռ լսում է։ Հարցնում եմ՝ դժվար չի՞ լռել ու ոչ մի կարծիք չհայտնել։

 

- Իհարկե շատ դժվար է, բայց գիտեմ, որ դրա իրավունքը չունեմ, երբ ընտրությունն անեն վերջնական, այդ ժամանակ հանգիստ կարծիքս կասեմ։ Եթե հարցնեն իհարկե:

 

Այսօր ևս մեկ ֆիլմ պիտի նայենք։ Քանի դեռ ֆիլմը չի սկսվել, իջնում ենք ծխելու ընդմիջման։

 

- Ծիրանից դուրս այսքան չեմ ծխում, - ասում է Բելլան՝ հերթական ծխախոտը վառելով,- օրը մաքսիմում հինգ հատ։ Փառատոնին նախ հաճախ եմ ինչ-որ բանի սպասում, հետո էլ կազմակերպչական հարցերի ընթացքում հնարավոր է ներվերս մի քիչ խախտվեն… Շատ լարված շաբաթ է, համ լարված, համ ամենաերջանիկ. 

 

Ծխելուց հետո` կինո, կինոյից հետո` ծխել, ու լանչի, լանչից հետո ծխել ու հյուրերին տանել կոնյակի գործարան, հետո կարելի է մի հատ… ծխել ու գնալ պատրաստվելու Իբրահիմ Մաալուֆի համերգին, որտեղ Բելլան պետք է ուղեկցի ժյուրիի անդամներից մեկին: 

 

- Այս տարի աշխատանքը համեմատաբար հանգիստ է, կար տարի, որ շատ ծանրաբեռնված էի. հյուրանոցի սենյակ էին ինձ հատկացրել [փառատոնը միշտ ունենում է մի քանի սենյակ, որոնցից օգտվում են տուն գնալու ժամանակ չունեցող փառատոնի աշխատակիցները - խմբգ․], ինչը որ ես սկզբից մտածում էի` անիմաստ է, բայց արդյունքում այդ տարի ոչ միայն տուն չէի հասցնում գնալ, այլ շորերով էի քնում։ Էդպես հասկացա՝ ինչի էր հյուրանոցի համարը պետք: 

 

Մի ժամից, երևանյան խցանումները հաղթահարած` Համալիրում ենք: Համերգը այդքան էլ Բելլայի սրտով չի, բայց դա կապ չունի, որովհետև երաժիշտներից բացի մեկ էլ ինքն է այս դահլիճում, որ համերգի ժամանակ աշխատանքի է: 

 

- Համերգը վերջանա՝ գնանք աֆթերփարթիին հանգիստ նստենք,- երազկոտ ասում է Բելլան: Քանի դեռ ժյուրին նշում է պրոդուկտիվ օրը, Բելլան իրոք հանգստանում է, չէ՞ որ վաղը նոր օր է, ու ամեն ինչ սկսվելու է նորից:

 

 

 

 

 

 

Քանի դեռ հանգստանում ենք, խոսում ենք փառատոնից:

 

- Ես շատ սիրում եմ, որ Ոսկե Ծիրանում չկա հիերարխիա, ես նույնիսկ չգիտեմ իմ անմիջական ղեկավարն ով է համարվում, մենք բոլորս ընկերներ ենք ու ոչ ոք իրեն ավելի բարձր չի դասում մյուսից, ամեն մեկիս գործը կարևոր է, ցանկացած մեկը եթե չլինի` լիքը բան կփլվի, ու մենք միշտ իրար օգնում ենք ինչով կարող ենք, անկախ նրանից՝ դա քո պարտականությունների մեջ մտնում է, թե չէ։ 

 

Փառատոնի փակումից չորս օր անց Բելլան կմեկնի Պրահա: Առաջին ժամանակները էյֆորիայի մեջ կլինի, հետո կգա դատարկության զգացողությունը, հետո քիչ-քիչ ընդունելը, որ ամեն ինչ ավարտված է, իսկ հետո մոտ 9 ամիս` կարոտը, մինչև կգա օրը, երբ նորից կբացի տոմսերի կայքը՝ Պրահա-Երևան-Պրահա, կգնի, ու կսկսի օրերը հաշվել մինչև թռիչք:

 

 

 

 

հավելյալ նյութեր