Պատմություն 4. Գոռ
Ոսկե Ծիրան 2026

Պատմություն 4. Գոռ

Լուսանկարիչ Բիայնա Մահարին վավերագրում է Ոսկե Ծիրան 2026-ի անցուդարձը` փառատոնում ներգրավված տարբեր դերակատարների տեսանկյուններից։ Օրինակ՝ դահլիճների պատասխանատու Գոռի։

Տեքստն ու լուսանկարները՝ Բիայնա Մահարու

#ՈսկեԾիրան

Լոս Անջելեսում ծնված Գոռը Հայաստան առաջին անգամ եկել էր 2016 թվականին՝ 16 տարեկանում: Հայրենիք գալուց առաջ կազմել էր հայկական ռեժիսորների երբևէ նկարված բոլոր կինոնկարների ցուցակ` մոտ 600 վերնագիր. ասում է՝ բոլորը դեռ չի նայել, բայց ցուցակը մինչև հիմա պետք է գալիս: 

 

 

 

 

 

Հայաստան առաջին այցերը տուրիստական էին, իսկ 2023-ին Գոռը նորից եկավ հայրենիք, այս անգամ արդեն ոչ թե մենակ, այլ ընկերուհու` Լիլիթի հետ, Birthright Armenia ծրագրով: Ծրագրի սահմաններում պարտադիր կամավորության շրջանակներում Գոռը հայտնվեց Ոսկե Ծիրանում: Լոս Անջելեսում գրեթե 1500 հոգանոց դահլիճով Alex թատրոնում համակարգող աշխատած Գոռին միանգամից փառատոնում առաջարկեցին Կինոյի տան և Մալյանի թատրոնի դահլիճների պատասխանատուի հաստիքը, որը նա զբաղեցնում է արդեն երրորդ տարին: Գոռի աշխատանքն է հետևել, որ բոլոր սեանսները ժամանակին լինեն, որ միկրոֆոնները միանան, կինոներին հետևող հարց ու պատասխանները նորմալ անցնեն, կամավորները իրենց տեղում լինեն: 

 

Աշխատանքային օրը սկսվում է ծրագրերի համակարգողի հետ քննարկումից, թե որ սրահում ինչ ցուցադրություն է լինելու, որին է ռեժիսորը ներկա լինելու, որտեղ է լինելու թարգմանիչ և այլն: Ուշադիր լսում եմ՝ քննարկումը ամբողջությամբ հայերեն է: Երբ նոր էր եկել Հայաստան Գոռը հայերեն գրեթե չէր խոսում, հիմա` առաջին հայացքից կարելի է մտածել, որ երկար-երկար տարիներ է արդեն այստեղ ապրում և այդ ամենը՝ շնորհիվ շփվելու անասելի մեծ ցանկության: 

 

 

 

 

 

Բարձրանում ենք սրահ, այնտեղ ցուցադրության ժամանակ պետք է լինելու հյուրերին տեղավորել: Տաս կամավոր են եկել օգնելու: Գոռը հերթով ծանոթանում է բոլորի հետ, ճշտում անունները, սեղմում ձեռքերը, ու չէ՝ բացարձակ ոչ ձևական, մի քիչ հետո անունները դեռ հիշում է: 

 

- Երեխեքը շատ լավն են, միշտ փորձում եմ ամեն կամավորի հետ խոսել, չէ՞ որ անվճար են աշխատում ու այդքան ժամեր... Հարցնում եմ՝ ոնց են, ինչ կինոներ են նայել, շատերի հետ երրորդ տարին եմ աշխատում, արդեն լավ ճանաչում եմ:

 

Կամավորների շնորհիվ բոլոր հյուրերը ճիշտ շարքերում տեղավորվում են, կինոն սկսվում է․ այս մեկը Գոռը կնայի, բայց նման շռայլություն միշտ չի, որ կարողանում է իրեն թույլ տալ։ Մի անգամ ձայնի խնդիր կա, որ պետք է վազել ստուգել, այլ դեպքում մյուս դահլիճում պետք է սեանսը սկսել, էն մյուս անգամ ուղղակի վազել այ էնտեղ՝ այ էն բանը անելու…

 

Գոռին հարցնում եմ՝ ինչու է երրորդ տարին շարունակ հետ գալիս Ոսկե Ծիրան։

 

- Այնքան տարբեր մարդիկ են գալիս, իսկ իմ ամենասիրելի բանը մարդկանց նայելն է, մեկ-մեկ կողքով անցնելուց ուղղակի մի փոքր բան կարող եմ լսել… Օրինակ՝ նոր մի աղջիկ ցուցադրությունից դուրս գալուց ասեց «վայ ատամս ջարդվել ա»։ Ուզում եմ բոլոր տենց մանր բաները նկատել, սիրում եմ, երբ հնարավորություն եմ ունենում մարդկանց իրական կողմը, կամ երջանիկ կողմը կամ ջղայն կողմը տեսնելու։ Հաճախ ենք Լիլիթի հետ դրա մասին խոսում. ուզում նման բաները մի օր կինոյի մեջ դնել...

 

Երկու տարի Հայաստանում ապրելուց հետո Գոռն ու Լիլիթը կես տարով մեկնել էին ԱՄՆ, բայց երկու օր առաջ, Ոսկե Ծիրանին ընդառաջ, նորից վերադարձել են Երևան: Պլանավորում են մի որոշ ժամանակ այստեղ մնալ: Գոռն ասում է, որ Լոս Անջելեսում ընկերներ չունի, բոլոր ընկերները Երևանում են, նույնիսկ էնտեղ ապրելու ժամանակ առօրյա կապը Հայաստանի ընկերների հետ է պահում: Բացի դրանից, այստեղ ուզում են զարգացնել իրենց յություբյան ալիքը, որը վարում են Լիլիթի հետ միասին: More than pomegranates-ում կինոներ են քննարկում, դերասանների և ռեժիսորների հետ փոքր վիդեոներ են անում, հայ ռեժիսորների մասին շարք ունեն։ Ալիքը ակտիվ հետևորդներ է հավաքում, Գոռն ու Լիլիթն էլ նոր շարքեր ու ֆորմատներ են մտածում: 

 

 

 

 

 

Կինոյով Գոռին վարակել է իր հայ ընկերը, 16-17 տարեկան էին, երբ համոզել էր մի կինոնկար նայել, արդեն չի հիշում, թե որն էր, բայց ասում է, որ նայեց ու էլ չկարողացավ կանգնել: Ասում է, որ Լիլիթի հետ հարաբերությունները ծագել են նույնպես կինոյի շուրջ խոսակցություններով: Այնպես որ, կինոն Գոռի կյանքի անբաժան մասնիկն է: 

 

Մի ֆիլմն ավարտվում է, հետո մյուսը, Գոռը անընդհատ մի հարկից մյուսն է վազում, ինչ-որ հրահանգներ տալիս, ես էլ փորձում եմ հետևից հասցնել նեղ ու երբեմն մութ ետնաբեմերով, մեկ-մեկ ստացվում է, մեկ-մեկ Գոռը ավելի արագ է, չէ՞ որ իր արագությունից հարյուրից ավել մարդու կինոդիտումն են կախված։ 

 

 

 

 

 

 

- Իսկ ո՞րն է քո գործի ամենավատ մասը։

 

- Երբ ինչ-որ բան չեմ իմանում։ Օրինակ՝ ռեժիսորը պետք է գա ու մի մանրուք կա, որ միգուցե ինձ մոռանում են ասել կամ համարել են անկարևոր, բայց եթե ասեին, ամեն ինչ շատ ավելի լավ կգնար… Բայց իրականում... Ես մեկ-մեկ մտածում եմ, որ Ոսկե Ծիրանի դեպքում երբեմն թերությունները փառատոնի ուրախ մասն են. երբեմն գնում ես ուրիշ փառատոնների, որտեղ այդ թերությունները չկան, բայց դրանց հետ միասին անհատականությունն էլ չկա, չէ՞...

 

Դժվար է չհամաձայնվել, մանավանդ երբ ինքդ 23 տարի սիրահարված ես այդ ոչ իդեալական փառատոնին, չէ՞։ 

 

 

 

 

 

հավելյալ նյութեր