Պատմություն 5. Վարվառա
Լուսանկարիչ Բիայնա Մահարին վավերագրում է Ոսկե Ծիրան 2026-ի անցուդարձը` փառատոնում ներգրավված տարբեր դերակատարների տեսանկյուններից։ Օրինակ՝ միջազգային բաժնի ղեկավար Վարվառայի։
Տեքստն ու լուսանկարները՝ Բիայնա Մահարու
- 2008 թվականն էր, ես 16 տարեկան էի, մայրիկս Ոսկե Ծիրանում էր աշխատում՝ մոնտաժ էր անում։ Այդ տարին պետք է դպրոցն ավարտեի, կինոյի նկատմամբ զրո հետաքրքրություն ունեի։ Քանի որ հեռու էինք ապրում, դասից հետո գալիս էի մամայի գործի տեղ, որ միասին գնանք տուն։ Գալիս նստում էի մայրիկիս կողքը ու ուղղակի սպասում։ Ու մի օր Ծիրանի աշխատակիցներից մեկը մոտեցավ, մի խումբ հրավիրատոմսեր տվեց ու ասեց` «գրի՝ կարգ - տեղ, կարգ - տեղ»։ Ինձ թվում էր՝ ինձ աշխարհի ամենապատասխանատու գործն են վստահել Վերջացրեցի, տարա, տվեցի, ասեց` «դե հիմա տար ստեղ, ստեղ, ստեղ»։ Մինչև այսօր հիշում եմ իմ զգացողությունները ու այդ ճանապարհը, որով հրավիրատոմսեր էինք բաժանում: Այդ օրը եկանք տուն, ասեցի՝ «մամ, ես Թատերական եմ ընդունվում»: Կապ չուներ, որ մի տարի պատրաստվել էի ուրիշ տեղ ընդունվելու համար, պարապել էի ուրիշ առարկաներ, ամեն ինչ արած էր, մի օրում որոշեցի ու ընդունվեցի Թատերականի կինոգիտության ֆակուլտետ: Մյուս տարի իհարկե նորից ետ եկա Ոսկե Ծիրան, հետո նորից... մի քանի դերեր փոխեցի` ենթագրեր էի դնում, թարգմանություններ էի անում.. երեք տարի կամավոր էի, իսկ հետո ընդունեցին աշխատանքի հյուրերի ընդունման բաժին, որտեղ 5 տարի աշխատեցի. 2018-ին մեկնեցի Գերմանիա սովորելու: Պլանն էսպիսին էր` մի տարի պետք է լեզու սովորեի, հետո մագիստրատուրա ընդունվեի: Ամեն ինչ հրաշալի էր գնում, մինչև մի օր Բերլինալեի ժամանակ Գերմանիա չեկավ Հարություն Խաչատրյանը [կինոռեժիսոր, Ոսկե Ծիրանի հիմնադիր - խմբ․], ու ասեց «հետ արի, լիքը լավ բաներ կանենք»։ Երեքով բարում նստած էինք մայրիկիս հետ, մայրիկս ասեց՝ «խնդրում եմ, չգաս»: Հավաքեցի իրերս և վերադարձա Երևան:
Արդեն ինը տարի է, ինչ Վարվառան ի պաշտոնե Ոսկե Ծիրանի միջազգային բաժնի ղեկավարն է, բայց փաստացի բոլորի համար` փառատոնի մայրիկը։





Հարցնում եմ Վարյային՝ չի՞ տխրում արդյոք, որ փառատոնը մի օրից ավարտվում է։
- Չէ, - պատասխանում է, - երջանկանալու եմ, երբ ամեն ինչ վերջանա։
Տեսնելով Վարյայի ու փառատոնի հարաբերությունները, մի քիչ դժվար է հավատալ։ Վարյան պարզաբանում է․
- Առաջ, երբ պատասխանատվությունս այսքան մեծ չէր, երբ փառատոնն ավարտվում էր, ես ընկնում էի խորագույն դեպրեսիայի մեջ, խուրագո՜ւյն։ Մի ամիս տակից դուրս չէի տալիս, ապրում էի այդ օրերի հիշողություններով: Apricot effect, - ասում է Վարյան, տերմին որը ինքն է հորինել, - Ծիրանի ժամանակ միշտ ինչ-որ մարդկանց համար նոր կյանք է սկսվում, մարդիկ սիրահարվում են, անմոռանալի օրեր են անցկացնում… Իմ կյանքի ամենահիշարժան օրերը բոլորը եղել են այդ յոթ օրվա ընթացքում, ընկերներիս հետ, ամուսնուս հետ, որի հետ փառատոնում եմ ծանոթացել։ Հիմա իմ համար արդեն էդպես չի, բայց էս փառատոնին ես պարտական եմ իմ կյանքի ամենասիրուն օրերի համար։ Եթե ինձ հարցնեն ՝քո կյանքում ամենակարևորն ինչն է` ես կասեմ իմ աղջիկը, իմ ընտանիքը ու իմ գործը. ու որ վերջանա, նորից կարոտով սպասելու եմ մյուս փառատոնին, բայց կարոտում եմ արդեն ոչ թե այս օրերը, այլ բավարարվածության զգացողությունը, որ իրոք կարևոր բան ես անում:
- Մի քիչ դեպրեսիվ ստացվեց, - տխրում է, - ուղղակի այս տարի շատ ծանր է, փառատոնը շատ մեծ է ստացվել, առաջին տարին է, երբ երեք տեղում տարբեր դահլիճներ են, ու հյուրերի քանակը գրեթե կրկնակի ավել է սովորականից․ այս տարի 170 հյուր ունենք:
Վարյայի աշխատանքը հյուրերի հետ բանակցություններն ու ֆիլմերի գալը կազմակերպելն է: Փառատոնից առաջ թիմով որոշում են հյուրերի անունների ցուցակ, ապա Վարվառան արդեն մենակ անցնում է գործի` անունների տերերին հայտնաբերելու, համոզելու, Հայաստան բերելու: Ֆիլմերի համար էլ դիստրիբյուտորների հետ է բանակցում, ենթագրումը ու թարգմանությունները կազմակերպում: Հենց դիստրիբյուտորների մասին քննարկումից էլ սկսում ենք օրը: Վարյան հանդիպման է, որտեղ քննարկում են ֆիլմերի դիստրիբուցիայի խնդիրները:
- Այս տարվա ֆիլմերից մեկի տարածաշրջանի դիստրիբյուտորն ուղղակի չէր ուզում այն մեզ տալ, շատ երկար բանակցություններից հետո ի վերջո համաձայնվեցին, բայց այնպիսի գումարով, որ նույնիսկ չեմ ուզում բարձր ասել, մյուսը մեծ գումար պահանջեց անցյալ տարի դուրս եկած ֆիլմի համար, այնքան մեծ, որ ստիպված էի գտնել ֆիլմի հեղինակներին, ուղիղ իրենց հետ խոսել, ու ի վերջո ֆիլմը նույնիսկ անվճար վերցրեցինք։
Շատ բաներ Վարյան չի կարող պատմել, բայց ասում է, որ ֆիլմերը Հայաստան հասցնելը իսկական պայքար է։ Վերջերս էլ ավելացել է նոր խնդիր` տարածաշրջանում ֆիլմերի արդեն գրաքննված տարբերակներն են դիստրիբյուտորներն առաջարկում, բայց Վարյան ամեն ինչ անում է որպեսզի մեր հանդիսատեսը տեսնի ամենալավ կինոները իրենց ամենալավ տեսքով։




Դուրս ենք գալիս հանդիպումից ու վազում հետ գրասենյակ: Վարյայի հեռախոսը անընդհատ զանգում է, երբ չի զանգում` Վարյան արագ-արագ մի մեսենջերից մյուսը թռնելով ինչ-որ բաներ է տպում: Բայց չէ՞ որ Վարյայի բոլոր գործերը պիտի ավարտվեին փառատոնը սկսելուց առաջ։ Զարմանում եմ՝ ինչի ենք վազում, ու ինչի է Վարյան փառատոնի օրերի ամենազբաղված մարդը.
- Դե տեսականորեն պիտի, ու պիտի գնայի կինո նայելու, մարդկանց հետ շփվելու… Բայց փաստացի իմ գործի ամենամեծ ֆենոմենն էն է, որ ես բոլոր հյուրերի հետ ութ ամիս շփվում եմ, հետո գալիս են՝ նույնիսկ երեք բառ իրենց հետ չեմ կարողանում խոսել: Օդանավակայանում ասում եմ «բարև ձեզ, ես Վարվառան եմ», ասում են «Օ՜» ու վերջ, այդքանով սահմանափակվում ենք ու էլ չենք հանդիպում: Բայց բոլորս, ովքեր աշխատում ենք Ոսկե Ծիրանում, փորձում ենք ամեն ինչ անել՝ անկախ նրանից դա մեր աշխատանքի սահմաններում է թե ոչ։ Օրինակ՝ փառատոնի օրերին ես ինֆո կենտրոնն եմ ղեկավարում, տեխնիկական խնդիրներն եմ փորձում հարթել, հինգ րոպեն մեկ մի բան պատահում է։ Իդեալական աշխարհում ես իհարկե ազատ ման կգայի ու ֆիլմեր կնայեի, բայց փոխարենը օրինակ էս տարի ոչ մի միջոցառման չեմ գնացել, քանի որ ուղղակի վախենում եմ դուրս գալ էստեղից ու մի բան սխալ գնա։
Մի բան հաճախ կարող է սխալ գնալ՝ ինչպես փառատոնի ընթացքում, այնպես էլ փառատոնից առաջ, օրինակ այս տարի փառատոնի երկու հեղինակավոր հյուրեր մայիսին չեղարկեցին իրենց այցերը: Վարյան ասում է՝ իր համար ամենավատ սցենարն է, երբ ինչ-որ մեկը չեղարկում է արդեն հաստատված այցը ու պիտի թիմի մյուս անդամներին դա ասի:
Բայց դե չէ՞ որ սա Վարվառայի առաջին ռոդեոն չի, իրավիճակը մարսելուց հետո պատմում է՝ ոնց կարողացավ կենտրոնանալ, 60 հոգանոց ցանկ կազմել, ու մոտ 80 նամակ գրեց այդ օրը, որոնց արդյունքում չեղարկած երկուսի փոխարեն` երեք հեղինակավոր հյուրեր ավելացան:
- Չեմ մոռանա երբ Տակեշի Կիտանոն վերջին պահին գրեց, որ չի կարողանա գալ, բոլորը նստած էին գրասենյակում, ասեցի ու համարյա բոլորը սկսեցին լացել։ Շատ մեղավոր ես քեզ զգում էդ պահին, բայց արդյունքում հավաքեցի ինձ, գրեցի իրեն ու ի վերջո փոշմանեց ու եկավ։ Էդպիսի բան կյանքում չէր եղել:




Առհասարակ հյուրերի գալ չգալը Վարյան ասում է հիմնականում բախտի հարց է, երբեք չգիտես ինչի կարող է մեկը որոշել գալ, ինչի կարող է մյուսը որոշել չգալ, դա միշտ շատ տարբեր իրադարձությունների համընկնում է, հաճախ նաև կապերը մեծ դերեր ունեն:
- Առաջի տարիներին փառատոնը գոյատևել է Ատոմ Էգոյանի ու Ալեն Թերզյանի կապերի շնորհիվ: Ոչ ոք չէր հասկանում՝ ոնց կարող էր մի փոքր երկրում, որտեղ կինո չկա, լիներ նոր ծնված անհասկանալի փառատոն, որտեղ միանգամից Վիմ Վենդերսն էր եկել, Քիարոստամին էր եկել… Հետո քիչ-քիչ այդ ամենը սկսեց ինքնուրույն գլորվել, մարդիկ իմացան Ոսկե Ծիրանի մասին: Հիմա երբ ես ինչ-որ մեկին գրում եմ` համարյա երբեք չի լինում որ չիմանան փառատոնի մասին:
Զանգում է Կարենը, պարզվում է՝ Վարյայի կարիքը կա։ Հեռախոսն անջատում է, գնում ենք Ծաղկունք: Ծաղկունքում գյուղի համանուն ռեստորանում այսօր հավաքվում է ժյուրին՝ ֆիլմերը քննարկելու և երիտասարդ ռեժիսորների հետ հանդիպելու: Վարյան վերջապես եկել է մի միջոցառման, բայց այստեղ նրան առանց հեռախոսի միասին վերցրած հազիվ 10 րոպե կտեսնես, 10 րոպեում ուրախանում է, նույնիսկ մի քիչ պարում, բայց շատ արագ, որ մնացածը հասցնի: Ես արդեն չեմ էլ փորձում հասկանալ՝ ինչն է կազմակերպում, ինչ խնդիրներ է հեռախոսով լուծում, ինչն է տեղում դասավորում, թարթում եմ` Վարվառան չկա, գնացել է կողքի շենք՝ տեսնի՝ ոնց է հանդիպումը ընթանում, նորից եմ թարթում՝ հետ է եկել, Կարենի հետ ինչ-որ բան են քննարկում, մի հատ էլ եմ թարթում՝ գնում ենք Երևան, Վարյան փորձում է հասկանալ՝ վաղվա ցուցահանդեսին ում ու ոնց են կանչելու:




Եվս մեկ հանդիպում, մի քիչ վազվզոց ու տուն գնալու ժամանակն է: Վարյայի ամուսինը՝ Արենը, Ոսկե Ծիրանի բացման և փակման ռեժիսորն է, ասում է՝ ամեն ինչ անում են որպեսզի այդ հարցերով փառատոնում իրար հետ չառնչվեն, պայմանավորվել են, որ միայն անհրաժեշտության դեպքում իրար ֆայլեր են փոխանցելու, ոչ ավելին:
- Երկուսս էլ մեր աշխատանքներում շատ լարված ենք, ու այդ լարվածության մեջ ամենահեշտը մոտիկ մարդուն նեղացնելն է, դրա համար այս տարբերակն ենք ընտրել:
Իսկ Վարյայի աղջիկը` 6 տարեկան Ալիսան, այս տարի առաջին անգամ մասնակցում է փառատոնին, հպարտությամբ է կրում իր կամավորի բեյջը, եկել էր բացմանը, մի քանի անգամ եկել է մայրիկի հետ աշխատանքի, օգնել հրավիրատոմսերի հարցում:




Հարցնում եմ Վարյային՝ արդյոք պատկերացնո՞ւմ է, որ Ոսկե Ծիրանը կարող է մի օր չլինի։
- Միակ հնարավոր սցենարը՝ որ մեր երկրում ամեն ինչ այնքան վատ լինի, որ ֆիզիկապես անհնարին լինի փառատոնը կազմակերպել, ուրիշ ոչինչ չեմ պատկերացնում, ու չեմ պատկերացնում՝ ինչ կարող է լինել իմ կյանքում, որ ես Ոսկե Ծիրանում չլինեմ: Վերջերս մի հաղորդման ժամանակ ինձ ու Կարենին կատակով ասեցին, որ մի օր Ծիրանի 100-ամյակը կնշենք, ու Կարենը պատասխանեց, որ դե մենք այդ ժամանակ էլ չենք լինի, ես ցնցված էի, ո՞նց կարող է լինել Ծիրան, որին մենք չենք լինի։
Վարյան մորաքրոջ տնից վերցնում է Ալիսային, միասին գնում են տուն, ու քանի դեռ նայում եմ՝ ոնց են ձեռքերը բռնած օդում թափ տալով հեռանում, մի բան ինձ հուշում է, որ գիտեմ, թե ով ներկա կլինի Ոսկե Ծիրանի 100-ամյակին:







