Paul-ը Հայաստանում. ֆրանսիական ապրելակերպի արվեստը
Մոտ ապագայում Աբովյան 8 հասցեում գտնվող Երևանի հնագույն շենքերից մեկը հյուրընկալելու է ֆրանսիական հանրահայտ PAUL ցանցի առաջին հայաստանյան սրճարանը։ Այն «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից հայտարարված խոշոր միջազգային նախագծերից է: ԵՐԵՎԱՆ-ը խոսել է նախագիծը Հայաստան բերող և իրագործող «Գալաքսիի» գլխավոր տնօրենի՝ բիզնես գործառնությունների գծով տեղակալ Էլինա Գաբրիելյանի հետ։
Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի
Պատկերները՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի
ԵՐԵՎԱՆ #75 | 2022
Եթե կյանքում առնվազն մեկ անգամ եղել եք PAUL ցանցի որևէ կետում և փորձել այնտեղի համեղագույն, խրթխրթան կրուասանները, խմորեղեններն ու անուշաբույր սուրճը, ուրեմն վստահաբար կիսում եք մեր ոգևորությունը. ցանցը գալիս է Հայաստան՝ իր հետ բերելով հարյուրամյա պատմության ընթացքում ձևավորված լավագույն ավանդույթները և, իհարկե, բաղադրատոմսերը։
Տեղի ու համի պատմությունները
Երևանում PAUL-ի տարածքի ընտրությունը պատահական չէ։ Ի սկզբանե PAUL International ընկերության կողմից կային հստակ սահմանված պահանջներ տարածքի չափերի, մարդկային հոսքի ապահովման և այլ նրբությունների վերաբերյալ։ Իր ժամանակին հայտնի վաճառական, հասարակական գործիչ Բարսեղ Եղիազարյանի՝ 1884 թվականին կառուցված տունն ամբողջությամբ համապատասխանում է Էյֆելյան աշտարակի տարեկից PAUL ցանցի պայմաններին։
Տարածքի դիզայներական ձևավորումն իրականացնում է ֆրանսիական Panetude ընկերությունը, որը PAUL բրենդը ներկայացնող Holder Group-ին պատկանող դիզայներական ստուդիան է և մշակում է ցանցի բոլոր կետերի համապատասխան հայեցակարգերը։ Իսկ տեղայնացումը կատարում է արդեն հայկական Electric Architects նախագծային արվեստանոցը՝ շեշտադրելով շենքի ամբողջականության պահպանումը։
Մեկնարկային փուլում «Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ շենքի պահպանման մասով հետազոտական աշխատանքներ են կատարվել, ներգրավվել են միջազգային մասնագետներ, ուսումնասիրվել են բազմաթիվ արխիվային նյութեր։
Էլինա Գաբրիելյանի կարծիքով հենց այս շենքը մեծ ներուժ ունի՝ Երևանում ստեղծելու տիպիկ փարիզյան սրճարանային մթնոլորտ։ Առայժմ պակասում է միայն կրուասանների բույրը, որը հայտնվելուն պես գրավելու է անցորդներին։
Ի դեպ, երբ PAUL International-ի անձնակազմի մասնագետներից մեկը եկավ Հայաստան ու փորձեց այստեղի կրուասանները, ասաց, որ տեղացիները հարմարեցրել են բաղադրատոմսն իրենց քիմքին՝ մի փոքր կորցնելով «ֆրանսիական առոգանությունը»։ PAUL-ում վերջինս պահպանվելու է. պատրաստվելու են դասական կրուասաններ, որոնք համտեսելով, գուցե պատահական լսեք նաև ակորդեոնի մեղեդին ու այն ձեզ տանի դեպի Սենի ափ։
PAUL-ի առաջին բրենդավորված սրճարանը Լիլում, Ֆրանսիա
Ապագա երևանյան PAUL-ը՝ Աբովյան 8-ում
L'art de vivre à la française
Էլինա Գաբրիելյանի խոսքով՝ «Գալաքսին» սերտորեն համագործակցում է PAUL International-ի թիմի հետ, որպեսզի հայ սպառողին հասցնի ցանցին բնորոշ, առանձնահատուկ ֆրանսիական փորձառությունը։ Երկու կողմն էլ նախագծին մեծ պահանջկոտությամբ են վերաբերվում. հայաստանյան PAUL-ը որակապես չպետք է զիջի աշխարհի շուրջ 46 երկրներում գտնվող մյուս PAUL սրճարաններին, ավելին՝ պետք է գերազանցի։
«Մեր գործընկերները մեծ ուշադրություն են դարձնում ցանկացած մանրուքի։ Առաջին պահանջներից մեկն է՝ պարտադիր ներկայացնել PAUL-ի ընդունված ճաշացանկը,- պատմում է Էլինա Գաբրիելյանը,- նաև կարևոր է, որ պահպանվի որակային մակարդակը, ընտրվի ճիշտ հումք։ Դրա մի մասը, ի դեպ, գնվելու է հենց PAUL International-ից և ներկրվելու է Հայաստան»։
PAUL ցանցի ներկայացուցիչները նաև մեծ կարևորություն են տալիս աշխատակազմի որակավորմանը, պարտադիր պայմաններից է ապագա աշխատակիցների վերապատրաստումը հենց Ֆրանսիայում. նրանք պետք է հենց տեղում «խորասուզվեն» ֆրանսիական ապրելակերպի մշակույթի մեջ։ Այնտեղից թիմն իր հետ կբերի խոհարարական նոր մոտեցումներ, գիտելիքներ ու փիլիսոփայություն, որը PAUL-ի կարևորագույն տարրերից է։
«PAUL-ը միայն հացաբուլկեղենի մասին չէ, այն իր մեջ մի ամբողջ փիլիսոփայություն է կրում,- նշում է Էլինա Գաբրիելյանը,- չէ՞ որ լինելով ընտանեկան բիզնես՝ այն հիմնված է ավանդույթների և արժեքների պահպանման վրա»։
Եվ իրոք, PAUL-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին որպես հացաբուլկեղենի խանութ, այնուհետև դարձել սրճարանային ոլորտի ամենամեծ ցանցերից մեկը։ Ի դեպ, հիմնադիր ընտանիքի արդեն հինգերորդ սերունդը կառավարում է ցանցը՝ անմիջական մասնակցություն ունենալով բոլոր գործընթացներում։
Ապակենտրոնացում և ֆրանսիական խոհանոց
Ի լրումն հայաստանյան PAUL-ում սրճարանային մասի՝ գործելու է նաև ռեստորանային հատված, որտեղ ներկայացված կլինեն ֆրանսիական խոհանոցի նրբաճաշակ ուտեստներ։ Նպատակը՝ համեղ սնունդ մատուցելուց զատ, հայ այցելուին ծանոթացնել նոր խոհանոցի և բոլորովին նոր մոտեցումների հետ։
Ի սկզբանե նախատեսվում էր գործարկել հինգ նման սրճարանային կետ Հայաստանի տարածքում, բայց բանակցությունների ընթացքում ավելացել են մի շարք այլ ձևաչափերի գաղափարներ: Դրանց շնորհիվ PAUL-ը կլինի ոչ միայն Երևանի կենտրոնում, այլ կտարածվի դեպի երկրի այլ քաղաքներ՝ նպաստելով համայնքային զարգացմանը։ Իսկ նոր աշխատատեղերի ստեղծումը իր հերթին կնպաստի Հայաստանում սոցիալական խնդրի լուծմանը։
Էլինա Գաբրիելյանը նշում է, որ ցանկացած նոր նախագծից առաջ «Գալաքսին» ուսումնասիրում է տվյալ ոլորտը՝ փորձելով հասկանալ, թե հատկապես ինչ պահանջարկ կա։
«Առհասարակ, մեր նախագծերը միշտ միտված են շուկայում առկա որևէ բաց լրացնելուն՝ միևնույն ժամանակ վերափոխելով տվյալ ոլորտն արդյունավետ և ինովատիվ լուծումներով. PAUL-ը բացառություն չէր,- ասում է նա։- Սրճարանային ցանցը Հայաստան բերելուց առաջ ուսումնասիրել ենք ոլորտն ու հասկացել՝ բաց կա ցանցային հացաբուլկեղենի խանութ-սրճարանների ոլորտում։ Միջազգային մասնագետները ևս ուսումնասիրություններ կատարեցին, և եկանք վերջնական որոշման՝ PAUL-ը պետք է գա Հայաստան»։