PAWS
Ռեյվ

PAWS

Հայաստանի փոքրաթիվ կին դիջեյներից մեկը՝ Անաիս Paws-ը, պատմել է ԵՐԵՎԱՆին, թե ինչու է որոշել նվագել էլեկտրոնային երաժշտություն և ինչպես են մասնագիտությունում վերաբերում կանանց։

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի


Լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի

 

ԵՐԵՎԱՆ #71 | 2021

#Ռեյվ

Երկուսիս համար անսովոր՝ կեսօրին մոտ ժամին ես զրուցում և հետևում էի, թե ինչպես է Անաիսը, նույն ինքը Paws-ը՝ Երևանում հատուկենտ կին (և շատ զիլ) դիջեյներից մեկը, փորձում մտաբերել, թե ինչ ծագման է սրճարանում հնչող երաժշտությունը։ Ամենասկզբում հնչող երաժշտության «հարցերը լուծեցինք», ես էլ ինձնից գոհ երևակայեցի, թե հասկանում եմ՝ ինչի մասին է խոսում Անաիսը։ Այնուհետև սեղանին հայտնվում է խմելու սառը մի բան և սկսվում է զրույցը՝ ամենասկզբից։

 

«Երաժշտությունն ա ընտրել ինձ, ես էլ ժամանակին հասկացել եմ՝ մարկետոլոգի գործը պետք էր փոխարինել երաժշտությամբ, տենց դարձա դիջեյ». տասը տարուց ավել է, ինչ Անաիսը զբաղվում է դիջեյությամբ, սակայն իր պատմությունը սկսվում է շատ ավելի վաղ, երբ մեծանում էր՝ ներկա գտնվելով հոր ռոք խմբի փորձերին՝ հարցուփորձ անելով այս կամ այն երաժշտական գործիքի մասին. «Պապաս ռոք բենդ ուներ՝ փոքրուց էդ միջավայրում եմ մեծացել։ Երբ մեծացա, 16 տարեկանում սկսեցի հորս ու ընկերներին օգնել ինչով որ կարող էի՝  համերգներին էստեղից էնտեղ էի վազվզում, օգնում էի կազմակերպչական հարցերում։ Հետո էս ընթացքում Երևանում էլեկտրոնային երաժշտությունը մոդա ընկավ, ես էլ սկսեցի հետաքրքրվել, շատ ծանոթներ ունեի փարթիներից ու համերգներից՝ հարցուփորձ էի անում ինչը ոնց։ Չնայած  պապան ասում էր՝ էդ նվագելու բան չի, որ ուզում եմ ու մինչև հիմա նույն ձև ա մտածում, բայց ես չլսեցի ու սկսեցի նվագելը»։ 

 

 

Խելքդ հացի հետ ե՞ս կերել

Սկզբնական շրջանում անհասկանալի կոճակները հետաքրքրությամբ ուսումնասիրում է, հարցուփորձ անում, թե որ մեկն ինչի համար է, այնուհետև հայտնվում է մի կետում, որտեղ ինքն ազատորեն միախառնում է տարբեր մշակութային ելևէջները՝ խոսելով ակումբի ջահելների հետ։ 

 

Երբ իր երաժշտությամբ Անաիսը զրուցում է հավաքված ջահելների հետ, հասցնում է հետևել անցուդարձին ու կարճ ժամանակ անց պարզվում է՝ մեկի սիրտն են կոտրել, մեկը եկել է նոր սեր փնտրելու, մեկն էլ աջը քաշած պարում է։

 

Մարդկանց բացահայտելն իր մասնագիտության առավելություններից է, չհաշված մշակութային և երաժշտական նոր ձևերի բացահայտումը, միջոցառումներին ազատ ելքի և մուտքի հնարավորությունը, խմիչքն ու մնացած բաները։ 

 

Հիմա անցած ճանապարհի մասին ավելի հեշտ է խոսում, քան ինքը՝ ճանապարհն է եղել։ Անգամ հիմա Հայաստանում կին դիջեյներին մատների վրա կարելի է հաշվել, ուր մնաց խոսելը 2013-14 թվականների մասին։ Ինքն էլ իր ճանապարհը սկսել է ճիշտ և ճիշտ այդ ժամանակ, երբ ընդամենը մեկ հայտնի կին դիջեյ է եղել՝ Վակցինան (Արուսիկ Մկրտչյան)։ Շատերը մտածել են, թե շուտով հավեսը կհանի ու կանցնի առաջ, սակայն հիմա կեսկատակ ասում է, թե կարգին էլ դիմացել է։ 

 

Չնայած դիմանալն էն խոսքը չի՝ «Հիմա ո՞նց չնայեմ էս մարդկանց ու առանց լարվելու նվագեմ»-ից մինչև «հա, խելքս հացի հետ եմ կերել՝ այ քեզ բան, հետո ինչ, որ կին եմ» ու մեր զրույցը շուտով հասավ այն կետին, որտեղ իր պատմության երկրորդ գլուխն է, թե բա կին ես՝ արի ու դիմացի. «Առաջին անգամ Բուռբոնում եմ նվագել՝ երեք հոգով էինք (մյուս երկուսը տղաներ էին)։ Էստեղ որ պիտի նվագեի՝ ձեռքերս դողում էին, հետո մենակով Կալիումեում նվագեցի ու նորից սկզբի կես ժամն ահավոր անհանգիստ էի, որովհետև բոլորը նայում են քեզ, մեկը թարս ա նայում, մեկը ժպտում ա ու չես հասկանում՝ հավանո՞ւմ են նվագածդ, թե չէ։ Բայց հետո ժամանակի հետ անցավ՝ ավելի ինքնավստահ դարձա, որովհետև շատերն էին ասում, որ գործերս հավանում են»:

 

Աղջիկ երեխեն տղա դիջեյների աշխարհում

Խոսակցությանս այս հատվածում Անաիսի հետ խոսում ենք հավասարը հավասարին՝ կինը կնոջ հետ, որովհետև բա հետո ի՞նչ եղավ-ի պատասխանները կամ գուշակվում են կամ էլ նույն սցենարով գնում․ ամեն ինչ շատ ավելի պարզ է՝ լվացվում ես սառը ջրով, մազերդ ետ սանրում ու կրկին առաջ նետվում։

 

Երբ Անաիսը դեռ նոր էր սկսում նվագել, տարիքով ավելի մեծ և տղամարդ դիջեյների շրջանում խոսակցություններ սկսեցին, թե «էս աղջիկ երեխեն ի՞նչ գործ ունի ստեղ», ինքն էլ դեռ նորեկ էր ու անակնկալի էր գալիս ամեն խոչընդոտից, երբ իրեն աղջիկ լինելու պատճառով չէին ընդունում շատերը․ «Ես դեռ նոր էի սկսել նվագել ու չէի էլ հասկանում ինչը ոնց։ Էս ընթացքում տարիքով տղամարդ դիջեյներ կային, որ անընդհատ հարցնում էին՝ էս երեխեն ո՞վ, ինչի ա եկել ու նվագում, ի՞նչ ա ուզում անի։ Իսկ մյուս կեսն էլ ուղղակի չէին սիրում ինձ, որովհետև իրանց համար անսովոր էր, որ աղջիկը կկարողանա նվագել»։

 

 Սակայն այժմ անկեղծանում է, որ իր կյանքում «խելքը գլխին» որոշումներից մեկը եղել է մյուսներին այլևս չլսելը կամ էլ հաշվի չառնելը, թե ինչպես են սահմանում իր ինքնությունն ու եթե ինքս էլ շատ անկեղծանամ, կասեմ, որ իրեն պետք է լսել ու հետո ճանաչել, որովհետև իր երաժշտությամբ քո ականջին են հասնում այնպիսի տողեր, որոնց կարիքը դու հաստատ ունես՝ «արա այն, ինչ ուզում ես», «դու ազատ ու գեղեցիկ ես»։ 

 

 

 

Անաիսը շարունակում է նկարագրել իր ճանապարհը հայոց ռեյվի ոլորաններում։ Կարճ ժամանակ անց խոսակցությունները վերածվում են քննադատությունների, թե բա՝ «հագածդ տեսե՞լ ես, բա սենց տեսքով կնվագե՞ն»։ Շուտով տոպերին գալիս են փոխարինելու փակ շապիկներն ու շալվարները և այս շրջանի մասին Անաիսը պատմում է խոսքն ընդմիջող ծիծաղով, որովհետև նվագում էր այնպիսի տեսքով, ասես քնից նոր էր արթնացել ու իրեն կարգի բերելու ժամանակ չէր ունեցել. «Ես իսկական դեպրեսիաներ էի տանում։ Անկապ վիճակներով գնում էի նվագելու՝ ջինսերով, խառը մազերով ու զգում էի, թե ոնց են էլի խոսում իմ մասին, թե հիմա էլ աղջկական չեմ հագնվում՝ չեն հավանում։ Մոտավորապես 2013-14 թվականների մասին եմ պատմում, երբ ուզում էի բոլորին հարցնել՝ կկողմնորոշվե՞ք, թե չէ, որովհետև ես էլ չգիտեի՝ ինչ անել»։

 

Սրանք յոթ-ութ տարի առաջվա դեպքերի նկարագրություններն են և մինչև Անաիսը «խելքը գլուխն է հավաքում» ու չի ենթարկվում մյուսների կարծիքներին՝ վերադառնալով շորտերին և տոպերին, սկսվում են «անվերջանալի ֆլիրտների», «սիրախաղեր որսացող երիտասարդների», «մեր սեղանից ձեր սեղան, քուրըս» հյուրասիրությունների, «հա լավ, ինչ ես քեզ թանկացնում» վրդովմունքների ու «վայ, պատահական քեզ կպա, քուրըս» արդարացումների ժամանակները։ 

 

Հետո մենք խոսում ենք նվագելու ընթացքում իր կողքին հավաքված «կախարդական շշերից», որտեղ ինքը դատարկում էր մեծ ու փոքր բաժակներով հյուրասիրված խմիչքները՝ իհարկե ձևացնելով, որ խմել է դրանք։ Այս կախարդական շշերի հետևում կանգնած էին մարդիկ, ովքեր սպասում էին, թե երբ է Անաիսը թողնելու այս գործն ու «գնալու իր գործին» ու մեկ էլ իսկական հիասթափություն՝ ճանապարհորդություններ Եվրոպայով և շատ այլ երկրներով, որտեղից Անաիսը Երևան է բերում նոր ելևէջներ ու նոր երաժշտություն, չնայած հանգամանքին, որ տեղափոխությունների և ճանապարհորդությունների ընթացքում զբաղվել է իր առաջին՝ մարկետոլոգի մասնագիտությամբ և նվագել քիչ երկրներում։ Այնուամենայնիվ սա ժամանակահատված էր, որից հետո այս մարդկանցից շատերը հայտնվեցին ակումբներում, լսեցին իրեն ու մեկ էլ՝ «հերիք չի դեռ նվագում ես, մի հատ էլ զարգացել ես» և շատերը մնացին Անաիսի կյանքում որպես ընկերներ, մյուսներն էլ շարունակեցին հետևել, թե ինչպես է ինքը համառորեն պայքարում։

 

Ցերեկային Երևանի կարոտը

Երբ համավարակը քաղաքում տարածվում է, որոշում է առժամանակ չնվագել և հանգստանալ։ Մի տարի հանգաստանալուց հետո այժմ վերադարձել է իր սովորական կյանքին, որտեղ ամեն բան սկսվում է գիշերով։ Սակայն ավելի վաղ՝ դեռևս 2018-ին, Անաիսն ունեցել է մտքեր՝ հանգստանալու մասնագիտությունից։ Պատճառը շուկայի չափազանց տղամարդակենտրոն լինելն էր և չնայած հանգամանքին, որ Անաիսը շարունակում էր նվագել՝ կրկին բախվում էր կամ խտրական վերաբերմունքի, կամ իր դեմ սեռական բռնության փորձերի։ 

 

Այս շրջանում է, որ տարիների իր փորձի և դժվարությունների մասին շուտով կիսում է իր սոցիալական էջում՝ շարադրելով գրեթե բոլոր բարդությունները, որոնց վրայով այսօր անցնում ենք սահուն՝ սուրճի ամեն ումպի հետ։ Կրկին ամեն բան ամենասկզբից․ նախևառաջ սովորում է նվագելու տեխնիկային, այնուհետև հակառակ սեռի ցանկացած մեկից մասնագիտական խորհրդատվությունը վերածվում է սեռական բռնության փորձերի, շատերի աչքին երևում է որպես «քաղցրիկ»՝ տղամարդ հանդիսատեսի համար և ամենավերջում ՝ «կանայք՝ կանանց համար», ասել է թե՝ աջակցություն է գտնում կանանց շրջանում։

 

 

Այդուհանդերձ՝ ոչ միայն տղամարդկանց մասնագիտություն

Այս տարիների ընթացքում Անաիսը հասցրել է մի քանի փոփոխություն նկատել իր մասնագիտական ոլորտում, այստեղ կանայք արդեն սկսել են գրեթե հավասարվել տղամարդկանց, ավելի շատ դեպքերում կանայք միմյանց ավելի աջակցող են, քան տղամարդիկ, որովհետև ինչպես ինքն է կեսկատակ ասում, տղամարդկանց մեջ չկան այնպիսի թեմաներ, թե ինչ հագնել այդ օրը նվագելիս, կամ ինչպես քսել ստվերաներկը, որ չփչանա։ 

 

Ինքն էլ արդեն տիրապետում է աշխատանքում աղջկական բոլոր թեմաներին և ուղղորդում շրջապատի մյուս աղջիկներին հետևելու իրենց երազանքին, եթե ուզում են դիջեյ դառնալ, կամ էլ ուղղորդում է ակումբ՝ կարգին երաժշտություն լսելու, ինչպես իմ դեպքում, երբ հարցազրույցն ավարտելուց հետո մի քանի ժամ անց կրկին հայտնվեցի երևանյան կարգին մյուզիքի և ջահելների մեջտեղում, որտեղ Անաիսի կողքին կախարդական շշերի պարունակությունն ասում էր, թե բա կին ես՝ արի ու դիմացիր։

 

հավելյալ նյութեր