Փախուստ դեպի հեքիաթ
Պատերազմի օրերին հեքիաթագիր Արփի Մաղաքյանն արցախցի երեխաների հետ մի որոշ ժամանակով կտրվել էր ներկայից ու խորասուզվել մեր պատմության մեջ, տեսել դարեր առաջ ապրած Տիգրան արքային ու պարտության մատնել չար վիշապին։
Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի
Լուսանկարները՝ Արփի Մաղաքյանի արխիվից
ԵՐԵՎԱՆ #66 | 2021
Պետք է մի բան անել...
Պետք է մի բան անել։ Պատերազմի առաջին օրերն էին, ու դա միակ միտքն էր, որ գլխումս պտտվում էր։ Նույնիսկ մտքիս դրել էի կամավորագրվել ու մեկնել Արցախ, բայց հետո հասկացա, որ ոչ կրակել գիտեմ, ոչ էլ բավարար պինդ մարդ եմ, որ, օրինակ, կարողանամ մարտի դաշտում վիրակապել։ Անիմաստ էր։
Հենց այդ օրերին ինձ հետ կապվեց Սիրարփի Ադամյանը և հարցրեց՝ արդյոք կուզե՞մ արցախցի երեխաներին հեքիաթ պատմել։ Ես էլ ասացի՝ ինչու չէ։
Ասեց, որ իրենց խանութի ետնաբակում պատրաստվում են հավաքել մի խումբ երեխաների, նրանց նվերներ տալ, ու այդ պահին որոշում էին, թե ինչ ժամանց կարելի է մտածել։ Որոշեցի, որ երեխաներին իմ գրած հեքիաթներից կկարդամ, բայց ընտրեցի ոչ թե արդեն հրապարակված «Երևանյան հեքիաթներ» գրքից, այլ Տիգրան Մեծի մասին իմ նոր գրվող հեքիաթը։
Տիգրան Մեծը մեր պատմության հզոր կերպարներից է, ու երեխաներին այս վիճակում հենց այդ ուժն էր հարկավոր։ Նախնական գաղափարով հեքիաթն ուրախ, հզոր, հետաքրքիր սյուժե ուներ, և դա հենց այն էր, ինչ մեզ պետք էր այս պահին։ Առաջին հանդիպումս սեպտեմբերի 30-ին էր և շարունակվեց։ Հեքիաթ պատմեցի այդ դժվար օրերին Երևանում և Երևանին մոտ քաղաքներում, գյուղերում ապաստանած հարյուրավոր արցախցիների։ Սոցիալական ցանցում գրեցի՝ ում երեխայի տաք բաճկոնը, տաք շալվարը փոքրացել է, տվեք ինձ։ Մեծ պատրաստակա
մությամբ տասնյակ մարդիկ ընտիր որակի, մաքուր ու տաք հագուստներով լցրեցին մեքենայիս բեռնախցիկը, այն անընդհատ վերալցվում էր։ Ես էլ հեքիաթ պատմելուն զուգահեռ կարողացա բազմաթիվ երեխաների տաք հագուստով ապահովել։ Շատ շնորհակալ եմ բոլորից։
Արցախցի հեքիաթագրերը
Հեքիաթի պատմելու ձևն ընթացքում փոփոխեցի։ Սկսեցի մոմ տանել հետս և մոմի լույսի տակ պատմում էի հեքիաթը։ Երեխաներն ուշադիր, աչքերը կլորացրած լսում էին։ Նույնիսկ տատիկներն ու մայրիկներն էին գալիս ու երեխաների նման լսում։ Մեծերը նույնպես այս օրերին հեքիաթի կարիք ունեին, գուցե երեխաներից էլ ավելի շատ։
Հետո հասկացա, որ երեխաներին դուր է գալիս մասնակցել հեքիաթի պրոցեսին, և մեր հանդիպումները վերածվեցին փոքրիկ ներկայացումների։ Դերեր էի բաշխում, ինձ հետ «կախարդական սնդուկով» տարբեր հետաքրքիր իրեր էի տանում, որպեսզի մեր փոքրիկ ներկայացումն ամբողջական լինի։
Քանի որ հեքիաթը դեռ գաղափարային մակարդակում էր ու մի քիչ էլ թղթային սևագրերի տեսքով, այն ամբողջացրինք հենց երեխաների հետ, մեր հանդիպումների ժամանակ։ Նրանց պատմում էի, իսկ վերջում խնդրում, որ ինձ նույնը փոխադրեն արցախյան բարբառով։ Երեխաների պատմածներից հասկանում էի, թե որ մասն առավել հաջող ու հիշվող է, իսկ որը երեխան բաց թողեց, քանի որ նրան հետաքրքիր չէր։ Այդպես իրար պատմելով հեքիաթն ամբողջացավ. արդեն 12 էջանոց հեքիաթ է։
Երբ հրատարակեմ, անպայման կնշեմ, որ այն ամբողջացրել ենք հենց արցախցի երեխաների հետ։ Տիգրան Մեծ արքայի մասին այս հեքիաթը մի ամբողջ շարքի առաջին մասն է։ Հետագայում նաև կլինեն հեքիաթներ Արտավազդ թագավորի, Կիլիկայի և Լոռվա թագավորությունների մասին։ Ի դեպ, չեմ հորինում։ Թույլտվություն եմ ստացել աշխատել Մատենադարանի ընթերցասրահում, ուսումնասիրում եմ առկա նյութերը։
Կոպեկը խոսում է...
Դպրոցում լավ եմ սովորել, բայց պատմությունը չէի սիրում։ Ուսուցիչը միշտ դասից հանում էր ինձ, քանի որ դասարանում կարծիք թելադրող էի և ամբողջ դասարանը հետս սկսում էր չսովորել առարկան։ Պատմության ուսուցչին ասում էի՝ ես ձեր պատմածներին չեմ հավատում։ Ասում էր՝ «Ըստ Խորենացու…»։ Ես էլ ասում էի՝ միգուցե սուտ է գրել Խորենացին։ Կատաղում էր։
Ավելի մեծ տարիքում միշտ զարմանում էի, որ ուսուցչի մտքով չէր անցել մեզ թանգարաններ տանել, ցույց տալ օրինակ՝ հին դարերից մեզ եկած մետաղադրամները։ Կամ ինչո՞ւ չէր ասում, որ Խորենացուց բացի այլ պատմիչներ կան, այլ աղբյուրներ կան՝ հունահռոմեական օրինակ, որոնք ուսումնասիրելով, համեմատելով են ստեղծվում դասագրքերը։ Միգուցե, եթե հետաքրքիր ձևով ինձ ներկայացվեր պատմությունը, ես որոշեի այդ ճանապարհով գնալ։ Ներկայումս շատ եմ հետաքրքրվում պատմությամբ։
Սկսեցի Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնի նմուշներն ուսումնասիրել։ Այնտեղ պահվում են բազմաթիվ մետաղադրամներ, որոնք հատվել են հայոց արքաների, թագուհիների օրոք։ Մտածեցի, որ իմ հեքիաթում հենց այդ կոպեկներից մեկը կլինի պատմող հերոսը։ Մետաղադրամը սկսում է խոսել, պատմում է, թե ինչպես են նրան հատել դրամահատարանում, ինչպես է երազել տեսնել Տիգրան արքային, բայց Վաղինակ անունով մի սուրհանդակ վերցրել և գցել է նրան այլ մետաղադրամների հետ մի քսակի մեջ ու ճանապարհ ընկել դեպի Միջերկրական ծով։
Պատմելու ընթացքում երեխաներին հարցնում եմ՝ ինչպե՞ս պիտի Վաղինակը ճանապարհ ընկներ, մեքենա կա՞ր այդ ժամանակ։ Պատասխանում են՝ ոոոո՜չ։ Հարցնում եմ՝ իսկ ինքնաթի՞ռ, կրկնում են՝ոոոո՜չ։ Հարցնում եմ՝ բա ինչո՞վ պիտի գնար։ Պատասխանում են՝ էշոոո՜վ։
Շատ եմ սիրում երեխաներին, արցախցի երեխաներին՝ հատկապես։ Շատ խորն են, մի տեսակ… մեծ իրենց տարիքից, հասուն, մաքուր ու պինդ։
Հենց պատերազմը վերջանա
Մի քանի անգամ արցախցի երեխաներին տարել եմ մեր մայրաքաղաքում զբոսնելու, ռեստորանում սնվելու։ Նախապես պայմանավորվում էի ռեստորանների սեփականատերերի հետ և շատ համեղ, բայց անվճար սնվում էին երեխաները։ Որքան էլ սիրուն տեղերում էինք լինում, իրենք իրենց տունն էին երազում՝ Արցախ աշխարհը։
Երեխաներից մեկը՝ Ռոդիոնը, մի անգամ ասաց. «Հենց պատերազմը վերջանա, գնալու եմ մեր տան պատերը պաչպչորեմ»։ Այս բառերն ինձ շատ էին հուզել։ Երեխաներին զարմացնում ու նույնիսկ մի քիչ վախեցնում էր Երևանի մեծությունը։ Զարմացնում էր մուրացկանների քանակը, քանի որ Արցախում նման բան չկա։ Զարմանում էին ծխող և վարորդ կանանց տեսնելով։
«Երևանյան հեքիաթները»՝ հիշատակ
Ամերիկայի Կոլորադո նահանգի հայկական դպրոցը գնեց իմ «Երևանյան հեքիաթներ» գրքերից՝ արցախցի երեխաներին նվիրելու համար։ Շնորհիվ այս դպրոցի՝ ես հնարավորություն ստացա երեխաների հետ վերջին հանդիպումներիս ժամանակ գրքեր նվիրել նրանց։ Շատ էին ուրախանում։ Աչիկները փայլում էին, գրկում էին գիրքը, խոստանում, որ կկարդան ու կգրեն ինձ նամակ Արցախից։ Շատ ընտանիքներ վերադարձան Արցախ պատերազմի ավարտից հետո։ Ես էլ ուրախ եմ, որ կարողացել եմ մի փոքրիկ, լուսավոր կետ դառնալ երեխաների երևանյան հուշերում և երևանյան հեքիաթ նվիրել նրանց այս ծանր ու դժվար օրերին։