Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հատուկ ցուցադրություն «Մոսկվա» կինոթատրոնում
Լեգենդար հայկական ARARAT կոնյակները և ARARAT թանգարանը ներկայացնում են Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հատուկ ցուցադրությունը։
16.12.2022Դեկտեմբերի 17-ին, ժամը 18:00-ին Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի՝ «Բնություն» ֆիլմի ցուցադրությունը։ Սա լեգենդար ռեժիսորի առաջին աշխատանքն է 27 տարվա ընդմիջումից հետո։
«Բնությունը» ստեղծվել է ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի և գերմանական ZKM Filminstitut-ի պատվերով և ավարտել է հայկական Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի աջակցությամբ։ Այս ֆիլմը Փելեշյանի 1993 թվականին նկարահանված «Կյանքից» հետո արված առաջին կինոաշխատանքն է:
«Բնության» ուշադրության կենտրոնում կրկին մարդու և իր շրջակա միջավայրի անկայուն համակեցությունն է․ թեմա, որը մշտապես ներկա է ռեժիսորի մյուս աշխատանքներում։ Ֆիլմում օգտագործվել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ Տերտերյանի և Տիգրան Համասյանի երաժշտությունը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, Փարիզում, Ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ:
Արտավազդ Փելեշյանը նույնպես ներկա է գտնվելու ցուցադրությանը։