Պիքսելների գրոհը
Սթրիթ արտ

Պիքսելների գրոհը

Սիրանուշ Աղաջանյանի խճանկարները՝ Երևանի պատերին։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Հարություն Մալխասյանի, Սիրանուշ Աղաջանյանի արխիվ

 

ԵՐԵՎԱՆ #68 | 2021

#Դիզայն

Սիրանուշ Աղաջանյանը

 

 

«Անծանոթուհին» (արդեն պոկված)

 

«Անծանոթուհին», Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի պատին

Արդեն մոտ երեք տարի շարունակ Երևանի փողոցներում հայտնվում է անսովոր սթրիթ-արտ՝ պիքսելային խճանկարներ. գնդեր, էմոջիներ, գրություններ ու նույնիսկ դիմանկարներ։ ԵՐԵՎԱՆը պարզել է, որ դրանց հեղինակն արվեստագետ Սիրանուշ Աղաջանյանն է ու եղել այն արվեստանոցում, որտեղ ստեղծվում են խճանկարները։

 

Ամեն անգամ խճանկարների կողքով անցնելիս մտածում էի, թե տեսնես ո՞վ է հեղինակը։ Պարզվում է՝ Սիրանուշ Աղաջանյանն է, ում երեք տարի շարունակ հաջողվել է գրեթե աննկատ մնալ։ Սիրանուշի հետ հանդիպեցի իր արվեստանոցում։ Ֆիրդուսի բակում գունավոր սփրեյներով ներկված դարպասները միանգամից տարբերվում են շրջակա միատոնության մեջ։ Դարպասից ներս շատ անհասկանալի հատակագծով մի շինություն կա, որի երկրորդ հարկում էլ նկարչուհու արվեստանոցն է։ Երևանի հերթական արվեստանոցային գողտրիկ անկյուններից է։ Պիտի  ոստովանեմ, որ արվեստանոցի համար այն բավական կոկիկ է դասավորված։ Կենտրոնում դրված ընդարձակ սեղաններին սալիկի փոքրիկ ուղղանկյուն կտորներ են շարված, որոնց կազմած պատկերում արդեն իսկ կարելի է ինչ-որ բան նշմարել։ Դրանց մի մասն էլ դեռ չունի իր հստակ տեղն ու լցված է տարբեր տարաների մեջ։

 

Զապել Եսայանի դիմանկարը


Զապել Եսայանի դիմանկարը համանուն փողոցում

Սիրանուշին վաղուց էի ճանաչում, բայց որպես այս խճանկարների հեղինակի՝ բացահայտեցի շնորհիվ Զապել Եսայանի դիմանկարի, որ վերջերս է հայտնվել հենց նրա անունը կրող փողոցի տներից մեկի պատին։ Այս մեկն իր բնույթով տարբերվում է Սիրանուշի նախորդ աշխատանքներից նրանով, որ նախաձեռնությունը ոչ թե իրենն էր, այլ ռեժիսոր և ակտիվիստ Սեդա Գրիգորյանինը, ով Զապել Եսայանի երեք հիմնական քաղաքներում՝ Փարիզում, Ստամբուլում և Երևանում նրա ստեղծագործություններն ու կյանքը նշանավորող տեսաֆիլմ է ստեղծում և Սիրանուշին առաջարկել էր իր մասնակցությունն ունենալ նախագծում։


Առաջարկն արված էր ու սիրով ընդունված։ Սիրանուշն անցավ գործի ու կարճ ժամանակում ստեղծեց բավական մեծածավալ դիմանկար։ «Ինձ հետաքրքիր էր Զապել Եսայանի կերպարը և նաև այն հանգամանքը, որ խճանկարը փակցնելու եմ ոչ թե Երևանի կենտրոնական փողոցներից մեկում, այլ կորած-մոլորված մի նեղլիկ փողոցում, որի մասին քչերը գիտեն։ Ես ուրախ էի, որ իմ աշխատանքով կվերաիմաստավորվի փողոցը։ Շատ կարևոր է այդ ապակենտրոնացումը»,– ասում է Սիրանուշը։ Ի դեպ՝ իսկապես որ շատ նեղլիկ փողոց է, որն անվանափոխումից առաջ հայտնի էր որպես Նոյեմբերյան փողոց։

 

«Նարեկ», Տերյան փողոց
 

Ինչու՞ խճանկար և ինչու՞ փողոցում

Խճանկարով Սիրանուշը սկսել է զբաղվել ուսումն ավարտելուց հետո։ Սկզբում դրանք ավանդական խճանկարներ էին թե՛ տեխնիկայի ու թե՛ ոճական առումով։ Ժամանակի ընթացքում Սիրանուշը զարգացրեց ոճն ու ձևավորեց սեփական տեխնիկան։


Լինելով ոչ ավանդական գեղանկարչության ոլորտում՝ Սիրանուշը հաճախ փոխում է նյութը՝ ջրաներկ, կոլաժներ թափոններով, հիմա էլ՝ խճանկար։ Այդուհանդերձ նրա բոլոր շարքերը միշտ փոխկապակցված են։ Դրանք կապված են անձնական ապրումների, ասոցիացիաների ու հիշողության հետ։ Օրերից մի օր Սիրանուշի մոտ ցանկություն առաջացավ արվեստը դուրս հանել փողոց, այն հասանելի ու ընկալելի դարձնել բոլորի համար։ Դե իսկ ի՞նչն է ավելի հասանելի մեր օրերում, քան թվային պատկերը, որը կազմված է պիքսելներից։ 

 

Սիրանուշի արվեստանոցը

 

«Թվային աշխարհի ի հայտ գալով մենք հեռանում ենք նյութից։ Ես ուզում եմ վերադարձնել մարդկանց նյութի զգացողությունը. նյութը զգալը, շոշափելը։ Ահա թե ինչու որոշեցի նյութականացնել պիքսելները, ինչի արդյունքում էլ խճանկարներս իրենց մեջ կրում են հիպերռեալիզմի, մասամբ էլ փոփ արտի տարրեր»,– ասում է Սիրանուշը։ Այսպիսով, նա դասական տեխնիկա է օգտագործում՝ խճանկար, որը սակայն փորձում է ազատել արվեստի վերամբարձ բնորոշումից, փորձում եմ ցույց տալ, որ միայն թանգարաններում չի, որ պիտի արվեստ լինի. «Արվեստը պիտի լինի նաև փողոցում, լինի հասարակ ու հասանելի, վայրկյանների ընթացքում սրընթաց հարաբերվի անցորդների հետ ու հարցեր առաջացնի»։


Կաֆել-մետլախ

Սիրանուշը չի օգտագործում դեկորատիվ կերամիկա ու նախընտրում է շինարարական սալիկները։ Որովհետև դրանք ավելի հասանելի են, այլ կերպ ասած՝ մատչելի. «Ես չեմ գտնում, որ լավ արվեստի գործը պիտի պարտադիր թանկարժեք նյութերով արված լինի։ Այս պահին օգտագործածս նյութերի վրա էլ որոշակի գումար ծախսում եմ, բայց անհամեմատ ավելի քիչ, քան եթե օգտագործեի դեկորատիվ կերամիկա։ Ընդ որում, ես ընտրում եմ ամենատարբեր գնի, ձևի ու որակի սալիկներ, որոնք ինքս էլ կտրատում եմ հատուկ գործիքով ու երբ դրանք արդեն ամբողջական խճանկարի մաս են կազմում՝ այդ օդային հեռանկարի մեջ անգամ «ամենառաբիս» սալիկները՝ քարիկների էֆեկտով, կամ «ծիգռովկա» ասված պրինտով, բոլորովին այլ նշանակություն են ստանում»: Սիրանուշի ընկերներն արդեն գիտեն, որ իր համար նվեր ընտրելիս կարելի է գնալ շինանյութի խանութ ու պարզապես կաֆել-մետլախ գնել:

 

 

«Թալինի բնության հոգին», Թալինի մշակույթի տան պատին

 

Ի՞նչ է պատկերում և ինչու՞

Խճանկարների թեմաները շատ տարբեր են։ Խնդիրը թեման չէ, խնդիրն արվեստը թաքուն ու առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու հանրային տարածքում փակցնելու, սիստեմից դուրս ինքնագլուխ քայլ անելու մեջ է։ Ի տարբերություն սթրիթ-արտի ընդունված սոցիալ-քաղաքական թեմաներին՝ Սիրանուշի խճանկարներում թե՛ ընկերների պորտրետներն ու թե՛ անգամ էմոջիները բավականին անձնական են. «Կարիք կար էդ անձնականը տափակացնելու, պրիմիտիվացնելու։ Ինչ-որ ցինիզմ կա դրա մեջ, երբ էդ անձնականդ հանում ես դուրս ու կպցնում փողոցի պատին, հասանելի դարձնում բոլորին, մի տեսակ հասարակ ես դարձնում»։


Օրենքից դուրս արվեստ

Սիրանուշի համար շատ կարևոր է ճարտարապետությունը, շինություններն ու դրանք չաղավաղելը։ Խճանկարներն արվում են շենքերի այնպիսի հատվածներում, որ չխաթարվի ճարտարապետությունը, պարզապես լինի մի վայրում, որտեղ կա անցուդարձ և որտեղ մարդիկ կարող են նկատել ու մի պահ կանգ առնել խճանկարի մոտ։ 


Ու իմ հարցին, թե արդյոք գործեր փակցնելիս խնդիրներ չի ունեցել ոստիկանության հետ, Սիրանուշը հիշեց «Վստրեչի» կամրջի մոտ իր միակ հանդիպումը ոստիկանին. «Կարանտինի ամենախիստ շրջանն էր, ես էլ գնդեր պատկերող նոր շարք էի սկսել։ Օրը ցերեկով վերցրեցի ու տարա կամրջի մոտ փակցնելու։ Ես գիտեի, որ օրենքից դուրս բան եմ անում։ Մոտեցավ ոստիկանն ու ասաց ինձ այդ մասին։ Ես էլ շատ վստահ ասում էի, թե կարծում եմ, որ իմ գործը շատ սիրուն է ու շատ է սազում այդ պատին։ Հասկանում ե՞ս, էնքան ապուշ բան կա էս ամենի մեջ։ Էդ ապուշություններն իրական կյանքում չեմ կարող անել, իսկ արվեստում անում եմ։ Մեկ-մեկ էլ խնդրում էի ոստիկանին, որ ինձ օգնի, այս կամ այն պարագան փոխանցի, նա էլ անում էր՝ ընթացքում բացատրելով, որ օրենք եմ խախտում, բայց համ էլ խոստանում էր, որ կօգնի ինձ խնդիրներ չունենալ։ Ու ես հասկացա, թե ինչքան անիմաստ են այն օրենքները, որոնց ստիպված ենք ենթարկվել, որովհետև ոստիկանն ասում է՝ չի կարելի ու հետո օգնում է ինձ, ու հետո էդ արգելված գործն էլ մնում է պատին ու մինչ օրս էլ այն չեն պոկել»։


Ի դեպ՝ Սիրանուշի խճանկարներից կան նաև Թալինում, Բյուրականում և Արմավիրում, բայց, ի տարբերություն Երևանի, այդ քաղաքներում խճանկարներն արվել են դպրոցների և մշակույթի տան պատերին՝ այդ ինստիտուցիաների հետ համաձայնությամբ։ 

 

«Սկանդալ», Սարյան փողոց, Հայփոստի գլխամասի պատին

 

«Ֆրեդի», Մկրտչյան փողոց

 

Ափսոսելու մասին

Սիրանուշի խճանկարները տեսնելիս հաճախ մտածում էի, թե հեղինակն արդյոք ինչպե՞ս չի ափսոսում իր այդքան մանրակրկիտ աշխատանքը թողնել փողոցում՝ քաջ գիտակցելով, որ մի օր այն վնասելու են կամ էլ ամբողջությամբ պոկելու։ Իմ այս հարցին Սիրանուշը շատ հստակ պատասխան ուներ. «Ո՛չ, չեմ ափսոսում։ Երբ ես դուրս եմ հանում արվեստս՝ ես արդեն եննթարկվում եմ փողոցի կանոններին։ Եթե ինձ դուր չի եկել, որ ինչ-որ մի պատին չկա պատկեր ու որոշել եմ իմ խճանկարը փակցնել, ինչ-որ մեկին էլ կարող է դուր չգալ, որ այն փակցված է այդ պատին։ Ամեն բան շատ օրինաչափ է։ Արվեստանոցից դուրս գալու պահից այն այլևս իմը չէ՝ հանրությանն է»։

հավելյալ նյութեր