«Փլան թոյզ». զարգացնող, զարմացնող, զբաղեցնող խաղալիքներ Թայլանդից
Խաղալիքներ

«Փլան թոյզ». զարգացնող, զարմացնող, զբաղեցնող խաղալիքներ Թայլանդից

Երևանում որակյալ, բարձրորակ խաղալիք գտնելը հեշտ գործ չէ: Սա էր պատճառը, որ Խաչիկ Շահզադյանը թայլանդական «Փլան թոյզ» ֆիրմային խաղալիքները ներմուծեց Հայաստան:

Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի

 

Լուսանկարները՝ Plan Toys

 

ԵՐԵՎԱՆ #83 | 2024

#Գործընկեր

«Ամեն ինչ սկսվեց, երբ տարիներ առաջ Հելսինկիում «Փլան թոյզից» մի խաղալիք սուզանավ գնեցի: Այն ժամանակ դեռ երեխաներս խաղալու տարիքում չէին, էնպես որ ավելի շատ ինձ համար էր»,– ասում է Խաչիկը: Սուզանավն այնքան սիրվեց, որ շատ ժամանակ պետք չեկավ, որպեսզի Խաչիկի գլխում հղանա Հայաստան ներմուծման գաղափարը։ 2023-ի աշնանն արդեն 40 տարվա պատմություն ունեցող «Փլան թոյզի» խաղալիքները հասանելի դարձան նաև Հայաստանում: 

 

 

Բնության ու մարդկանց մասին հոգ տանող խաղալիքներ

Խաղալիքներից հաճելի բույր է տարածվում, որովհետև դրանք ամբողջությամբ բնական հումքից են՝ կաուչուկի ծառի փայտից, որից ընկերությունը նաև լատեքս է ստանում: Ընդ որում, ընկերությունն այդ ծառերն աճեցնում է սեփական պլանտացիաներում, իսկ արտադրությունն իրականացվում է առանց մնացորդի. փայտի թափոնները փոշու են վերածում և շատ քիչ սոսինձ խառնելով՝ դարձալ տարբեր խաղալիքներ են պատրաստում: Թանաքը ստանում են սոյայից և գունավորում բնական բաղադրիչներով: Ճիշտ է, խաղալիքների հիմնական նյութը փայտն է, բայց վերջին տասը տարում ընկերությունն օգտագործում է նաև դարձյալ բնական հումքով ստացվող էկոպլաստիկ: Խաղալիքների ամրացնող դետալներն էլ մետաղից են: «Այս խաղալիքները թայլանդցիների՝ բնության հետ ներդաշնակ ապրելու մշակույթի վկայությունն են»,– մի քիչ նախանձելով՝ ասում է Խաչիկ Շահզադյանը:


Խաղալիքներն ունեն որակի բազմաթիվ միջազգային սերտիֆիկատներ (ISO 9001, ISO 14001, OHSAS 18001, SA 8000), դրանք նաև տարբեր անվտանգության միջազգային թեստավորումներ են անցել և ամբողջությամբ համապատասխանում են տուփի վրա նշված տարիքին: Այս ամենը փաստաթղթավորված գտնվում է տուփերի ներսում: Բացի դրանից, խաղալիքներն ունեն մի քանի տասնյակ միջազգային և համաշխարհային մրցանակներ՝ նորարարության, դիզայներական մոտեցումների (օրինակ՝ Harper’s Bazaar-ից), բնապահպանական մոտեցումների օգտագործման, ինչպես նաև կրթական տարրեր օգտագործելու համար։

 

 

 

0-ից 99 (և ավելի) տարեկանների համար

«Փլան թոյզի» խաղալիքների մեծ մասը 0-ից 7 տարեկան երեխաների համար է՝ ինտելեկտ, երևակայություն, մանր մոտորիկան զարգացնող, զվարճալի ժամանց ապահովող, դերային խաղեր և ոչ միայն: Խաղալիքների Better aging կոչվող շարքը 99+ տարիքի «երեխաների» համար է, որոնք օգնում են նաև տարեց մարդկանց մոտ ուշադրության կենտրոնացման և հիշողության խնդիրների կանխարգելմանը: Սրանք ընտանիքով խաղալու խաղեր են, որոնք ի տարբերություն էլեկտրոնային գաջետների՝ կենդանի շփում են ապահովում: Ի դեպ, «Փլան թոյզի» խաղալիքներից խոզուկ-կասսը և դինոզավրը գրասենյակներում կամ տանը մեծերի համար որպես գեղեցիկ դեկոր էլ են ծառայում:

 

Որտեղից գտնել

«Գին-որակ համեմատությամբ «Փլան թոյզը» մրցունակ է խաղալիքի շուկայում, բայց մեր գնորդը չինական անորակ խաղալիք գնողը չէ,– ասում է Խաչիկը և հավելում,– զարմանալի է, թեև մենք տարածաշրջանում երեխաների համար ամենաշատ գումար ծախսող ժողովուրդներից ենք, բայց որակյալ խաղալիք գնելու հարցում դեռ երկմտում ենք»: 


«Փլան թոյզն» ամբողջ աշխարհում վաճառվում է նույն գնով. սա բրենդի գնային քաղաքականությունն է: Հայաստան դրանք ներկրվում են Բելգիայից՝ առաքման համար լրացուցիչ գումար և ժամանակ չծախսելու նպատակով: Երևանում «Փլան թոյզը» վաճառվում է Մալխասյանց 25 հասցեում, ներկայացված է ԱԿԳ խանութների Կոմիտաս և Պարոնյան մասնաճյուղերում. առաջիկայում այն հնարավոր կլինի գտնել նաև խաղալիքների այլ խանութներից, ինչպես նաև plantoys.am կայքից. առաքումն ամբողջ Հայաստանով ապահովված է: Իսկ հունիսի 7-9֊ը «Փլան թոյզին» կարելի է հանդիպել նաև Մանկական աշխարհ EXPO 2024 ցուցահանդեսի ժամանակ, Կիևյան 16 հասցեում։ 

 

 

 

Զարգացնել ճաշակն ու գեղեցիկի նկատմամբ սերը մանկուց

«Խաղալիքների վաճառքն իմ հիմնական եկամուտը չէ. սա իմ հոբբին է, և աշխարհի որ երկրում լինում եմ, առաջինը խաղալիքի շոփինգի եմ գնում»,- ասում է խաղալիքասեր Խաչիկ Շահզադյանն ու խաղալիք ընտրելու սեփական խորհուրդներով կիսվում ծնողների հետ: Շատ կարևոր է, որ մանկուց մարդիկ սովորեն տեսնել, խաղալ ու օգտագործել գեղեցիկ ու ճաշակով իրեր։ Սա վերաբերում է նաև խաղալիքներին։ Չէ՞ որ, երբ մարդ իրեն շրջապատում է գեղեցիկ ու ճաշակով իրերով, ամենայն հավանականությամբ այս միջավայրը կնպաստի նրան, որ նա ապագայում ևս կստեղծի մի գեղեցիկ ու արժեքավոր բան։ «Փլան թոյզ» ընկերության խաղալիքներից շատերն աշխարհում վաճառվում են նաև թանգարաններում՝ որպես գեղեցիկ դեկոր։ Խաչիկը վստահ է, որ խաղալիքը պետք է զարգացնի, զարմացնի, զբաղեցնի երեխային ու երբեք չվնասի՝ ո՛չ հոգեբանական և ո՛չ էլ ֆիզիկական առողջության տեսակետից: 
 

հավելյալ նյութեր