Պլանավորման հորիզոնը՝ 30 րոպե
Ռուսաստանից եկող ռելոկացման ալիքի հետ Սանկտ Պետերբուրգից ամերիկյան One Market Data LLC-ի կազմի մեջ մտնող հայաստանյան OMD LLC ընկերության գրասենյակ տեղափոխվեց նրանց գործընկեր Big Data Solutions-ի թիմը։ Ռուսաստանցի հյուրերը պատմել են Երևանում նոր կյանք սկսելու և ոչ շատ հստակ ապագայի մասին։
Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի
Լուսանկարները՝ Բիայնա Մահարու
ԵՐԵՎԱՆ #75 | 2022
Ամերիկյան OneMarketData-ն ծրագրային ապահովման և տվյալների առաջատար մատակարար է ֆինանսական ոլորտի համար: 2007 թվականին բացված OMD LLC-ն հանդիսանում է OneMarketData LLC-ի դուստր ձեռնարկություն։ Շուկայական տվյալների պահպան-ման, վերլուծության և իրադարձությունների համալիր մշակման (CEP) լուծումների առաջատար ընկերություն է: Պետերբուրգյան Big Data Solutions ընկերությունը բացվել է 2016 թվականին և հանդիսանում է OneMarketData LLC-ի զարգացման պաշտոնական բացառիկ գործընկերը։
«Երազ» բիզնես կենտրոն հասանք ճաշի ժամին։ Բարդ, լաբիրինթոս հիշեցնող ճանապարհներով բարձրացանք OMD-ի գրասենյակի երկրորդը հարկը, որտեղ էլ վերանորոգումից հետո նոր-նոր տեղավորվել էին Ռուսաստանից ժամանած մասնագետները։ Պետերբուրգյան թիմի մեծ մասը դեռ չէր վերադարձել ընդմիջումից։ Մեզ ասացին, որ նրանք կամ ճաշում են, կամ ծխում բակի տարածքում, և կարող ենք այդ ընթացքում փորձել զրուցել։ Գնացինք իրենց փնտրելու նույն խառը ճանապարհներով։
Ճաշող ժողովուրդը խնդրեց, որ հետո զրուցենք, իսկ ծխողներին պարզապես չգտանք։ Երբ վերադարձանք վերևի հարկ, մի քանիսն արդեն վերադարձել էին և ականջակալներով միացել իրենց հեռավար հանդիպումներին։ Խանգարելով, ինչպես պարզվեց, պետերբուրգյան թիմի գլխավոր նախագծերի ղեկավար Նատաշային՝ խնդրեցինք, որ մեզ մի որոշ ժամանակ տրամադրեն ու պատմեն իրենց տեղափոխությունից։
Թիմով՝ Երևան
«Մենք թիմում մի կատակ ունենք,- ասում է Նատաշան,- որ ամենահեռու բանը, որը կարող ենք այս պահին պլանավորել, մեր ընդմիջումն է։ Պլանավորման հորիզոնը դարձել է 30 րոպե»։
Երբ որոշում կայացվեց տեղափոխվել, թիմում կային մարդիկ, ովքեր մի կամ երկու ամիս է ինչ միացել էին ընկերությանը, ու քանի որ վերջերս համավարակի պատճառով ամբողջ թիմն աշխատում էր հեռավար ձևաչափով, շատերն իրար նույնիսկ չէին ճանաչում։ Big Data Solutions-ի աշխատակիցների՝ Հայաստան տեղափոխելու որոշումն անհրաժեշտ էր, քանի որ աշխատանքը մեծապես կապված է ամերիկյան շուկայի հետ և հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակն ու Ռուսաստանի վրա ժամ առ ժամ ավելացող պատժամիջոցների թիվը՝ աշխատանքը գնալով անհնար էր դառնալու։
Տեղափոխությունը պարտադրանք չէր, բայց այն մասնագետների հետ, ովքեր չկարողացան տեղափոխվել BDS-ից OMD, ընկերությունը ստիպված եղավ դադարեցնել համագործակցությունը։ Հայաստանն ամենաօպտիմալ տարբերակն էր տեղափոխության համար։ Նախ՝ Երևանում արդեն 15 տարի է, ինչ գործում էր ամերիկյան գրասենյակից ընդամենը մեկ տարի անց բացված երևանյան ընկերությունը։ Բացի այդ, թիմից շատերը նախկինում եղել էին Երևանում աշխատանքային այցերով, շփվել ու աշխատել տեղացի գործընկերների հետ։
Դոբերմանը
Նատաշան Հայաստանում նախկինում եղած աշխատակիցներից է, ով պարբերաբար մեկ ամսով եկել ու ապրել է այստեղ երևանյան գրասենյակի հետ փոխանակման ծրագրով։ Ընկերությունում աշխատում էր շուրջ չորս տարի ու, երբ կանգնեցին տեղափոխման խնդրի առաջ, նրան այդ որոշումն ավելի հեշտ տրվեց, քանի որ հասկանում էր, թե որտեղ է գնում և ինչպիսի մարդկանց մոտ։ Քաղաքը ևս իրեն հոգեհարազատ էր. հասկանում էր ինչ ռիթմով է այն ապրում։ Թեպետ, միևնույն է, սթրեսային իրավիճակ էր։ «Ես մեկնեցի Պիտերից խուճապահար վիճակում։ Հոգեբանորեն դժվար էր, երբ ամեն պահ իրավիճակը փոխվում է,- ասում է նա,- բացի այդ, լավ է ապրել մի երկրում, որտեղ անվտանգ է, գործում են հյուպատոսարանները»։
Տնտեսագետ Ալիան Ղազախստանից Պետերբուրգ էր տեղափոխվել ընդամենը դեկտեմբերին, թիմին միացել էր փետրվարին և ահա մարտին հայտնվել Երևանում։ «Ես ունեի այլընտրանք՝ կորցնել աշխատանք ու մնալ երկրում, որտեղ պարզ չէ՝ ինչպես է զարգանալու աշխատաշուկան, քաղաքական ու տնտեսական վիճակը,- ասում է Ալիան,- բայց ինձ դուր էր գալիս աշխատանքը, թիմը և որոշեցի ամեն դեպքում տեղափոխվել»։
Ալիան նախկինում Հայաստան չէր եկել, բայց ուներ հայ ընկերուհի, ում հետ պարբերաբար կապի մեջ էր։ Դեռ ապրում է հյուրանոցում և ամենայն հավանականությամբ կգնա Ղազախստան ծնողների մոտ, մինչև իր ամուսինը կարողանա գալ Սանկտ Պետերբուրգից և արդեն միասին որոշեն՝ որտեղ բնակություն հաստատել։ Երևանը, ամեն դեպքում, մնում է գլխավոր հավակնորդների թվում։
Պետերբուրգյան թիմում կա շուրջ հիսուն աշխատակից։ Այս պահին նրանցից 22-ն ընտանիքներով, զույգերով ու նույնիսկ ընտանի կենդանիներով տեղափոխվել են Հայաստան։ Ի դեպ, շների և կատուների հարցը բավականին լուրջ է, քանի որ դժվարացնում է վարձակալությամբ բնակարանի որոնումները։ Այդպես ռելոկացվող թիմի անդամներից մեկը Հայաստանի փոխարեն տեղափոխվեց Վրաստան, որտեղ նրան և իր դոբերմանին ավելի հեշտ էր բնակարան գտնել։
Օգնենք, որ չհոգնենք
Տեղափոխության և տեղավորվելու հետ կապված մի շարք հարցեր ընկերությունն իր վրա էր վերցրել։ Երևանյան գրասենյակի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Եվա Բախշինյանի խոսքով՝ ռուսներից շատերը կհիմնավորվեն այստեղ։ «Այս պահին փորձում ենք օգնել կացության իրավունք, բանկային և սոցիալական քարտեր ստանալ»,- պատմում է նա։ Ընկերությունը նաև փորձում է իր հյուսիսից եկած հյուրերին ինտեգրել այստեղի կյանքի մեջ։ Դասընթացներ են կազմակերպում, ավելացրել են նրանց բոլոր թիմային չաթերում, որպեսզի միշտ տեղյակ լինեն միջոցառումներից և իմանան՝ որտեղ ուղղել իրենց հարցերը։ Հարցերը լինում են ամենատարբեր տեսակի, սկսած՝ «ո՞րտեղ մատնահարդարման գնալ», ավարտած՝ «ո՞ր հեռախոսակապից օգտվել»։
Նատաշան պատմում է, որ տեղացիների օգնության հասնող բնավորությունը դեռ նախորդ այցերին է զգացել։ Նա վերջին անգամ Հայաստանում եղել էր հոկտեմբերին իր ընկերոջ հետ։ Թիմային չաթում հարցրել էր, թե ինչպես կարող է մեքենա կազմակերպել, որպեսզի հասնեն Դիլիջան։ Գործընկերները ճշտել էին ժամն ու իրերի քանակը։ Արդյունքում առավոտյան աշխատանքային օրով եկավ իրենց գործընկեր Կարենը և տարավ նրանց Դիլիջան։ «Բաներ կան, որ դեռ չենք հասկանում՝ ինչպես անել, բայց հաշվի առնելով, որ ներքևի հարկում հարյուր հայ է նստած, որոնք ամեն վայրկյան օգնում են, դժվարություններն անհամեմատ քիչ են»,– ասում է Նատաշան։
Նատաշան, Ալիան ու թիմից այլ անդամներ անպայման ուզում են հայերեն սովորել, չնայած դժգոհում են, որ այբուբենը շատ բարդ է։ «Հենց մի պահ մտածում եմ՝ ահա սովորեցի, օրինակ, ինչպես է գրվում և արտասանվում «ք» տառը, պարզվում է, որ այդ տառի ևս մի քանի հնչողություն կա»,– ասում է Նատաշան, ու նայելով ժամին մեզ քաղաքավարի հուշում է, որ ուշանում է իրենց հաջորդ հանդիպումից։
Գործը գործ է, չենք խանգարում, վերադառնում ենք նույն սենյակ, որտեղ մարդկանց թիվը կրկնապատիկ ավելացել է և բոլորը կրկին առցանց հանդիպումների մեջ են։ Ուղևորվում ենք դեպի վերելակ, այն բացվում է և հայկական թիմից երկու հոգու հետ մտնում ենք ներս։ Ծիծաղելով հարցնում են՝ «հը՞, լա՞վն են մեր սլավոն ընկերները»։