Երբ համագործակցում են գիտությունն ու բիզնեսը․ PMI Science-ի հայաստանյան կենտրոնի փորձը
Բարձր տեխնոլոգիաներ

Երբ համագործակցում են գիտությունն ու բիզնեսը․ PMI Science-ի հայաստանյան կենտրոնի փորձը

Ինչպե՞ս է արհեստական բանականությունը (ԱԲ) կիրառվում գիտահետազոտական կենտրոններում, ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը և ինչպե՞ս են համագործակցում միջազգային կենտրոնները Հայաստանի տարբեր կառույցների հետ։ ԵՐԵՎԱՆ-ը զրուցել է PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գուրգեն Մարդոյանի հետ։

Հարցազրույցը՝ Անի Խաչատրյանի

 

ԵՐԵՎԱՆ #90 | 2025

#Գործընկեր #Գիտություն

Աշխարհում PMI Science գիտահետազոտական կենտրոններ կան Շվեյցարիայում, Իտալիայում, Չինաստանում և Հայաստանում։ Ինչպե՞ս եք համագործակցում մյուս կենտրոնների հետ և ի՞նչ առանձնահատկություններ ունի հայաստանյան կենտրոնը։

 

Մեր հայաստանյան կենտրոնը 3 հիմնական ուղղությամբ է աշխատում՝ մաթեմատիկական գերազանցության կենտրոն, էքսպերիմենտալ ճարտարագիտություն և իննովացիաների կառավարում։ Այս բոլոր ուղղություններով էլ կենտրոնը տարբեր աշխատանքներ է իրականացնում, բայց միաժամանակ համագործակցում մնացած երկրների R&D կենտրոնների հետ։ Այստեղ մենք մշակում ենք գաղափարները, պրոդուկտի նախատիպեր ստեղծում, իսկ որոշակի փուլից հետո արդեն սկսվում են աշխատանքները մյուս կենտրոնների հետ։

 

Էքսպերիմենտալ ճարտարագիտության խումբը զբաղվում է նյութագիտությամբ, օրինակ՝ նյութերի չափման նոր եղանակներ, կամ նոր նյութերի ստացում։ Խմբի գլխավոր աշխատանքը պրոդուկտների նախատիպերի արագացված մշակումն է։ Իսկ արհեստական բանականության մեր թիմը կենտրոնանում է ԱԲ-ի կիրառմամբ աշխատանքների օպտիմալացման, քիչ տվյալներով կանխատեսումների, տարբեր գործառույթների հնարավոր ավտոմատացման վրա, ինչպես նաև բուն պրոդուկտում ԱԲ-ի կիրառությունների հետազոտման և նախատիպերի մշակման վրա։

 

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ PMI Science-ում

 

Բացի մնացած կենտրոնների հետ համագործակցելուց, դուք նաև ակտիվորեն ընդգրկված եք Հայաստանի գիտահետազոտական այլ ծրագրերում, աշխատում եք թե՛ պետական, թե՛ մասնավոր կառույցների հետ։ Որո՞նք են նրանց հետ համագործակցության հիմնական ոլորտները։

 

Պետական կառույցներից աշխատում ենք թե՛ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, թե՛ տարբեր համալսարանների, թե՛ պետական գիտական ինստիտուտների հետ։ Համալսարանների հետ ունենք կրթական ծրագրեր, ինչպես՝ տվյալագիտության և նյութագիտության կրթական ծրագրերը Երևանի պետական համալսարանում։ Մենք նաև ֆինանսավորում ենք գիտական տարբեր հետազոտություններ, իսկ նախարարության հետ ակտիվ երկխոսում ենք, քննարկում ենք Հայաստանում գիտահետազոտական նախաձեռնությունների ավելացման, ոլորտի դրական ու բացասական կողմերի մասին։ Տարբեր գիտական, ինժեներական և ՏՏ ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունների հետ ևս աշխատում ենք։ Անցյալ տարի էլ, դառնալով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ, ամրապնդել ենք մեր կապերը ոլորտի այլ ընկերությունների հետ։

 

Ինչպե՞ս են ընթանում գործընթացները կենտրոնում։ Արդյո՞ք հայաստանյան թիմը ներգրավված է աշխատանքային բոլոր փուլերում։

 

Հայաստանյան կենտրոնը հիմնականում կենտրոնացած է ինովացիոն նախագծերում։ Մինչև պրոդուկտի շուկա հանելը կան մի շարք փուլեր, որոնցում ներգրավված են մեր կենտրոնի տարբեր մասնագետներ․ գաղափարի ծնունդ, նախատիպերի մշակում ու փորձարկում։ Երբ արդեն արտադրանքը դուրս է գալիս շուկա և ապահովվում է հետադարձ կապը, մեր մասնագետներն արձագանքների հիման վրա աշխատում են ապրանքի և դրա տարբեր պարամետրերի լավացման մեթոդների մշակման վրա։ Ամբողջ ընթացքում  մեր մտքում պահում ենք, որ այս ամենը անում ենք զանգվածային արտադրության համար և հաճախորդների նույնիսկ 2%-ի դժգոհությունը նշանակում է, որ հազարավոր մարդկանց համար ապրանքը թերություն ունի, ուստի պետք է աշխատել դրա կատարելագործման վրա։ 

 

Ներգրավելով մեծաքանակ մասնագետների ձեր գիտահետազոտական նախագծերում, համագործակցելով տարբեր կառույցների հետ՝ ինչպե՞ս է կենտրոնը նպաստում Հայաստանում գիտահետազոտական աշխատանքների բարելավմանը։

 

2018-ից ի վեր մեր կենտրոնը մոտ 35 մլն դոլար է ներդրել Հայաստանի գիտահետազոտական ոլորտում՝ նպաստելով թե՛ մեր կենտրոնին հետաքրքիր, թե՛ այլ առաջնահերթություններով ուսումնասիրությունների իրականացմանը։ Մենք նաև կազմակերպում ենք «Հետազոտություն և տեխնոլոգիա» ֆորումը՝ միավորելով համայնքի ներկայացուցիչներին, տարբեր երկրներից հրավիրում ենք այցելելու հետազոտողների, փորձում ենք ամերիկյան համալսարանների և Հայաստանի միջև կապ հաստատել։ Այս ամենից զատ, համագործակցելով Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ պիլոտային ծրագրի շրջանակներում, արտաքին աշխարհի ինովացիաները բերել ենք մեր կենտրոն և հիմա այդ նույն մոդելով մեր մյուս կենտրոններն աշխատում են այլ երկրներում գործող նման ինովացիոն կենտրոնների հետ։ Կարծում եմ՝ մենք բավականին մեծ կշիռ ենք ստեղծել Հայաստանի համար, խրախուսել ենք գիտնականներին մնալ գիտության մեջ, տարբեր հնարավորություններ ենք ստեղծել նրանց համար։

 

 

Վերադառնանք արհեստական բանականությանը։ Ի՞նչ դեր է խաղում տվյալագիտությունը և արհեստական բանականությունը ձեր գործունեության՝ հետազոտությունների, պրոդուկտների ստեղծման մեջ։

 

Եկե՛ք երկու ճյուղի բաժանենք արհեստական բանականության կիրառումը։ Առաջինը հենց պրոդուկտի հետ աշխատանքն է։ Արհեստական բանականության մեր թիմը զբաղվում է նորարարությունների մշակմամբ, արտադրանքում նոր մեթոդների կիրառությամբ։ Երկրորդ ուղղությունն արհեստական բանականության կիրառումն է կազմակերպության մեջ, որովհետև պրոդուկտի մշակման բոլոր փուլերում ահռելի տվյալներ են հավաքվում, որոնք պիտի հասցվեն մեր բոլոր խմբերին՝ աշխատանքը բարելավելու համար։ Այս ուղղությամբ մենք հիմնականում համագործակցում ենք կազմակերպության որակի ապահովման թիմի հետ։ 

 

Կենտրոնում  նաև պարբերաբար հանդիպումներ, սեմինարներ եք անցկացնում ԱԲ-ի մասին, կնշե՞ք՝ ԱԲ-ի ինչ միտումներ կան, որ ձեզ ոգևորում են կամ առանձնապես հետաքրքիր են։ 

 

Քանի որ մենք ԱԲ-ի մեծ թիմ ունենք, ամեն մեկն արհեստական բանականության տարբեր ուղղությունների նորություններին է հետևում։ Ես՝ չլինելով ԱԲ-ի նեղ մասնագետ, քանի որ մասնագիտությամբ ռադիոինժեներ եմ, կարծում եմ, որ բոլոր ոլորտներում պրոդուկտիվության բարձրացման ահռելի մեծ ներուժ կա։ Մեզ նման կազմակերպությունները պետք է ետ չմնան նորագույն տեխնոլոգիաների ադապտացման մեջ։ Սրանք լուրջ հարցեր են, քանի որ աշխարհի զարգացումը բավականին ագրեսիվ է ընթանում և մենք պիտի հասցնենք դրա հետևից։

 

 

Իսկ արհեստական բանականության պատճառով աշխատատեղերը չե՞ն պակասի։

 

Կարծում եմ՝ գործընթացը զուգահեռ կընթանա, որոշ տեղերում աշխատատեղերը կնվազեն, որոշներում՝ կավելանան։ Եթե նախկինում արդյունաբերական հեղափոխությունների միջև կարող էին դարեր անցնել, հիմա դրանց մի քանի տարի է միայն բաժանում։ ԱԲ-ն նորարարությունների ավելացման շարժիչ ուժ կդառնա և ավելի շատ կստեղծի աշխատանքն օպտիմալացնելու տարբերակներ, քան կվերացնի աշխատանքներ։

 

Խոսելով Հայաստանի ներուժի մասին՝ ի՞նչ կասեք՝ ինչ հնարավորություններ ունի մեր երկիրը Ձեր նշած ագրեսիվ զարգացումներից հետ չմնալու համար։

 

Հայաստանում տարբեր գիտական ուղղություններ կան, որոնք երկար ժամանակ զարգացած են եղել և շարունակում են զարգանալ, սակայն ԱԲ-ի ոլորտը համեմատաբար նոր է, և ոչ թե պետք է կենտրոնանալ անցյալի ճեղքվածքը լցնելու վրա, այլ սահուն ներգրավվել վերը հիշատակված ինդուստրիալ կամ տեխնոլոգիական հեղափոխություններում։ Ըստ իս՝ Հայաստանի գոյատևման միակ հնարավորությունը կլինի կոմպլեքս ուղղություններում ներգավվելը, իսկ իմ նշած հեղափոխությունները սկսնակների համար մուտք գործելու, սկսելու ամենաճիշտ տեղն են։ Օրինակ՝ երբ մի քանի ստարտափեր սկսեցին արագորեն աճել էլեկտրոմոբիլների արտադրությամբ։ Եթե էլեկտրաֆիկացման հեղափոխությունը չլիներ, այդքան նոր կազմակերպություններ չէին հայտնվի, որովհետև շատ դժվար է մրցել մոտ 130 տարի ներքին այրման շարժիչներ արտադրող կազմակերպությունների հետ։ Ուստի Հայաստանը պետք է փորձի հիմա ընթացող հոսքի մեջ մտնել, որպեսզի կարողանա թռիչքային զարգացում գրանցել։

 

հավելյալ նյութեր