Ի՞նչ եղավ Պոլիգրաֆում և ինչու թմրանյութերի խնդիրը չի լուծվի բռնության միջոցով
Ռեյվ

Ի՞նչ եղավ Պոլիգրաֆում և ինչու թմրանյութերի խնդիրը չի լուծվի բռնության միջոցով

Ապրիլի 23-ի գիշերը Պոլիգրաֆ ակումբում ոստիկանության ռեյդի արդյունքում շուրջ 40 մարդ բերման ենթարկվեց, ակումբի դռները կողպվեցին, իսկ հասարակության մեջ բուռն քննարկումներ ծավալվեցին ոստիկանական բռնության, թմրանյութերի տարածման և ակումբային կյանքի մասին։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով, հետաքննող լրագող Սամսոն Մարտիրոսյանը պատմում է այս իրադարձությունների և դրանց հետևանքների մասին։

Տեքստը՝ Սամսոն Մարտիրոսյանի

#Ռեյվ

Եթե էլեկտրոնային երաժշտության սիրահար եք ու գնում եք ռեյվերի, ապա ապրիլի 23-ին հաստատ տեսած կլինեք Շամշյանի կայքի հոդվածը Պոլիգրաֆում ոստիկանության «Ալի Բաբան ու 40…» օպերացիայի մասին։

 

Դասական շամշյանական ոճով գրված հոդվածում (որը, մասնավորապես, ոստիկանների գործողությունները որակել էր որպես «փայլուն և պրոֆեսիոնալ»), ասվում էր, որ ձերբակալվել է 40 անձ, որոնց «մեծ մասի մոտ» հայտնաբերվել էին տարբեր տեսակի թմրամիջոցներ, կասկածելի առարկաներ և սառը զենքեր։ 

 

Ավելի ուշ Պոլիգրաֆը հրապարակեց #DefendDance խորագրով հայտարարությունը (ու օնլայն պետիցիան), ըստ որի` ոստիկանները առանց որևէ իրավական հիմքի, միջոցառման ժամանակ ռեյդ են իրականացրել ակումբում, այցելուներին և ակումբի աշխատակիցներին ենթարկել են հոգեբանական և ֆիզիկական բռնության, խուզարկել են և բռնի ուժով տարել բաժին։ Ռեյդից հետո ակումբը «պլոմբել» էին։

 

Պոլիգրաֆի հայտարարությունը Ինստագրամում

 

Ոստիկանական բռնություն

Մի քանի օր շարունակ Պոլիգրաֆում ոստիկանական բռնությունն ու ռեյդը ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն էր։ Պոլիգրաֆում տեղի ունեցածի մասին իմացան նույնիսկ մարդիկ, որոնք երբեք չէին լսել ակումբի մասին։ Սա զարմանալի չէ, քանի որ ակումբը հրապարակել էր ոստիկանության ներխուժման կադրերը, որոնք մեծ թափով տարածվեցին։ Այդ կադրերը իսկապես շոկային էին շատերիս համար։

 

 

Ավելի շոկային էին ռեյդի ժամանակ ակումբում գտնվող այցելուների և Պոլիգրաֆի աշխատակիցների վկայությունները, որոնք հրապարակվեցին սոցցանցերում (օրինակ, օրինակ)։ 

 

 

Պատմությունները լի են բռնության մասին մանրամասներով։ Ծաղրանք, հոգեբանական ճնշումներ, ֆիզիկական բռնություն, մարդու հոգեկան առողջությունը վնասող և արժանապատվությունը գետնին տվող վարք ոստիկանների կողմից։

 

Վկայությունները կարդալուց այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոստիկանները նպատակ են ունեցել թիրախավորելու տարբերվող արտաքին տեսք ու հագուկապ ունեցող երիտասարդներին, «ամենայուրահատուկ» վերաբերմունքի էին արժանացել հատկապես քվիր անձինք։

 

 

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հրապարակեց դեպքերի վերաբերյալ մի հաղորդագրություն, որի շարադրությունը և կարծես իրար հակասող պարբերությունները պատասխաններ տալու փոխարեն է՛լ ավելի շատ հարցեր էին առաջացնում։ Օրինակ` մի նախադասությունում Քննչականը պնդում է, որ Պոլիգրաֆում «իրացվել են «Մեթամֆետամին», «Էքստազի», «LSD» և այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ», իսկ մյուս պարբերություններից հասկանալի է, որ ակումբի աշխատակիցների մոտից գտել են մարիխուանա և ծխելու պարագաներ։ Իսկ Շամշյանի նշված սառը զենքերի մասին հաղորդագրությունում ընդհանրապես որևէ խոսք չկա։

 

Պոլիգրաֆը նաև տեղեկացրեց, որ ուներ այսպես ասած` մերժված «չուզող», որը իր Ֆեյսբուքը նվիրել էր Պոլիգրաֆի մասին կեղծ տեղեկություններ և բռնության կոչեր տարածելուն՝ նրան մի քանի ամիս առաջ չէին թողել ակումբ, ինչից հետո նա ռումբի կեղծ ահազանգ էր արել, բռնվել էր և դատարանում պարտվել։

 

Պետք է նշել, որ ոստիկանական բռնությունը, կարծես, աճում է։ Միայն վերջին շրջանում ոստիկանները անհամաչափ բռնի ուժ են կիրառել զոհված զինվորների ծնողների հանդեպ, ՊՆ նախկին շենքի բնակիչների հանդեպ, ծեծել են փաստաբանների, վնասազերծելու փոխարեն Հրազդանում սպանել են քաղաքացուն, մի պարեկ Աշտարակում գողություն է արել, մեկն էլ ձերբակալվել է մեթամֆեթամինի վաճառքի կասկածանքով։

 

Բռնության դատապարտում

Ոստիկանության գործողությունները դատապարտեցին շատերը՝ արտիստներ, հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ։ Ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհրդից դուրս եկած Դանիել Իոաննիսյանը գրել էր․ «Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տապալումը շոուներով քողարկելը ոչ մեկին լավ տեղ չի հասցնի։ Առավելևս, երբ դա զուգորդվում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի տոտալ բացակայությամբ»։ 

 

Իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանը գրել էր․«Իրավապահ համակարգում ոչ անմեղության կանխավարկածն ա արժևորվում, ոչ անհամաչափ ուժ և բռնություն կիրառելու որևէ զսպանակ կա, ոչ դրված նպատակի և ընտրված միջոցների ադեկվատության վերաբերյալ որևէ քննություն, ոչ էլ այս ամենի արդյունքում պատասխանատվության ենթարկվելու որևէ միտում»։ 

 

Իսկ քաղհասարակության ՀԿ-ները հայտարարություն էին տարածել։ 

 

Հատկապես աջակցող էր ակումբային միջազգային համայնքը՝ Պոլիգրաֆին սոլիդարություն հայտնեց վրացական հայտնի Բասիանին և Խիդին, մի շարք միջազգային արտիստներ, օրինակ` DVS1-ը, Պոլիգրաֆում դեպքերի մասին գրեցին հայտնի միջազգային DJMAG-ը, RESIDENT ADVISOR-ը և այլն։ Նման միջազգային աջակցությունը խոսում է այն մասին, որ Պոլիգրաֆը մեծ ներդրում է ունեցել Երևանը միջազգային էլեկտրոնային երաժշտության քարտեզի վրա վառ կետ դարձնելու հարցում։

 

Թմրանյութերի դեմ պայքա՞ր, թե՞ իմիտացիա

Պոլիգրաֆի դեպքերի մասին քննարկումներում ոստիկանական բռնությունը արդարացնողների ամենատարածված փաստարկն այն է, որ ոստիկանությունը պայքարում է թմրանյութերի դեմ։

 

«Նառկոպրիտոն են փակել, լավ են արել», «բա հո տորթով չէին գալու ռեյդ անելու» և այլն - վերջին մի շաբաթվա ընթացքում տեսել եմ տասնյակ նման արտահայտություններ և կուզեի անդրադառնալ դրանց։ 

 

Ցանկացած մարդ հարգանքի, արդար վերաբերմունքի, խոշտանգումից զերծ մնալու իրավունք ունի, անհամաչափ ուժի, բռնության կիրառումը և մարդկանց արժանապատվությունը չհարգելը ապօրինի են։

 

Մեր երկրում թմրանյութերի օգտագործումը կտրուկ շատացել է։ Հայաստանում դեռ չեն իրականացվել համապատասխան հետազոտություններ, բայց հաշվի առնելով միջազգային փորձը, կարծում եմ, որ այստեղ որոշիչ դեր են խաղում հետպատերազմական տրավմաները, անվտանգային սպառնալիքները, աղքատությունը, սոցիալական, տնտեսական ու հոգեբանական պատճառները։

 

Դիմակավոր, զինված ոստիկանների միջոցով մարդկանց ահաբեկումն ու վախի մթնոլորտի ստեղծումը կարող են ժամանակավոր արդյունք ունենալ, սակայն դրանք չեն կարող լուծել կախվածության հիմքում ընկած խորքային խնդիրները: 

 

ԱՄՆ-ը մոտ 50 տարի գլոբալ մակարդակով War On Drugs («պատերազմ թմրամիջոցների դեմ») իրականացրեց, ու հիմա էքսպերտային համայնքը փաստում է, որ որևէ դրական արդյունք այս պատերազմը չի տվել՝ թմրանյութերը կամ օգտագործողները ԱՄՆ-ում չեն քչացել, փոխարենը լցվել են բանտերը։

 

Այս խնդիրը համապարփակ է։ Թմրանյութեր օգտագործողներ և կախվածություն ունեցողներ կարող են լինել և՛ քյարթու համայնքներում, և՛ ռեյվի գնացողների մեջ, և՛ հնարավոր է` նույնիսկ ոստիկանների մեջ։ Բայց այս ռեյդի արդյունքում որպես «թմրամոլ» ստիգմատիզացվում են ռեյվեռները։

 

Թմրանյութերը կապված են ժամանցի հետ: Որոշ մարդիկ նախընտրում են թմրանյութերի տակ երաժշտություն վայելել, միշտ այսպես է եղել ու կլինի։ Արդյո՞ք սա նշանակում է, որ բռնի ռեյդերով, մարդու իրավունքները խախտելով ու ակումբ փակելով հարցը կլուծվի։ Եթե ակումբ փակելով հարցը լուծվեր, տարբեր երկրներում ակումբներ չէին լինի, խնդիրն էլ հեշտությամբ կլուծվեր։

 

Թմրանյութերի օգտագործումն և կախվածությունը առաջին հերթին հանրային առողջապահության խնդիր է, որը հնարավոր է լուծել միայն ապացույցների վրա հիմնված բուժման և կանխարգելման ծրագրերի, որոշ դեպքերում նույնիսկ թմրանյութերի ապաքրեականացման միջոցով: Օրինակի համար կարող եք ուսումնասիրել Իսլանդիայում, Պորտուգալիայում և Շվեյցարիայում իրականացված կանխարգելման, բուժման և վնասի նվազեցման ծրագրերը, որոնք դրական արդյունքներ են տվել։ Թմրամիջոցների օգտագործումը վերահսկելու համար բռնության և հարկադրանքի կիրառումը միայն ստեղծում է խարան, խտրականություն և մարգինալացում։

հավելյալ նյութեր